Տառապանքի կենացը

Կիսվել:

-Դու չափն անցնում ես։ Ինչպե՞ս կարող ես ինձ մեղադրել մի բանում, որն իմ մտքի ծայրով անցկացնել չէի կարող․․․

-Դու ինձ չհասկացար, իմ ասելիքն այլ էր։

-Մի՛ փորձիր թաքնվել բառերի թիկունքում։ Ինչ կարևոր է, թե ինչ բառ ընտրեցիր։ Դու էլ գիտես, որ ասացիր այն, ինչը ես հասկացա․․․

-Ո՞ւր մնաց կեսխոսքիցը․․․ Անգամ չես լսում, որովհետև էլի էնտեղ ես՝ էն ցուրտ քաղաքի տաք հեռուներում․․․

-Նո՛ւյն էժանագին խանդը, նո՛ւյն անգիր արած անհամ տեքստը՝ արդեն քանի տարի․․․ Վե՛րջ։ Զուր խոսակցություն։ Կապի մեջ․․․

 

***

 

Դռան փակվելուց հետո գրադարակից հանում է հոպոպավոր մատյանն ու վերցնում գրիչը։ Գրառում է այն դիպվածը, որ պիտի պատմեր, ու պիտի մի կուշտ ծիծաղեին, ինչպես լինում է սովորաբար։ Հետո պիտի որոշեին, թե ով է կենացներն ապահովելու։

Եվ քանի որ լսող չունի, գրեթե բարձրաձայն, ինքն իրեն է պատմում դիպվածը, այն, որ ատամնաբուժարանի բուժքրոջ հիշեցումից հետո էլ փողոց դուրս եկավ բախիլներով, ձյուն-ձմեռնոցով։

-Տիկին Սոնա, դրանք սղում են ձյան վրա, տեսեք՝ չմոռանաք հանել,- սղալու մասին զգուշացրեց նաև բժիշկ Անդրանիկը․ նա իր կենսուրախ բնավորությամբ կարողացել էր հասնել նրան, որ Սոնան այլևս առաջվա նման կյանքի կեսը գնալու պես չէր բաց անում ատամնաբուժարանի դուռը, իսկ էն տաշող սարքի ձայնից էլ ձեռքերն ինքնաբերաբար չէին խփում առանց այդ էլ լարվածության մեջ աշխատող բժշկի ձեռքերին ու փորին: Ավելին, մինչև կսկսեր «սև գործը», մի քանի մասնագիտական անեկդոտներ էր հրամցնում «դոկտըրը», համով-հոտով, իրեն հատուկ զուսպ լրջությամբ, այնպես որ շուրջը եղողների քրքիջն անզուսպ էր դառնում ու երկարատև․․․

Երբ հասել էր կանգառ ու յանդեքս գօու-ն էր ստուգում, թե երբ է գալու իրեն տուն հասցնող համարը, հանկարծ նկատեց, որ կողքին կանգնած կանայք, 4-5 հոգի, իրեն են նայում, ուզում են ինչ-որ բան ասել ու չեն ասում։ Հետո նրանցից մեկը, ապա՝ մյուսը, թե՝

-Ընկերուհի ջան, զգույշ կլինեք, հանկարծ չընկնեք։

-Հա՛, դրանք ահավոր սղում են, զգո՛ւյշ եղեք․․․

-Մի անգամ էնպես եմ ընկե՜լ․․․ Փողոցում չէ, հիվանդանոցի միջանցքում․ անտեր հատակը սառած էր, ես էլ․․․

Ու նայում են իր ոտքերին։

Ինքն էլ է նայում ու նոր միայն նկատում, որ այդպես էլ մոռացել է հանել բախիլները․․․

Վերարկուն և ավելորդ կիլոգրամները ոչ մի կերպ հնարավորություն չեն տալիս նորմալ կռանալու՝ չհաշված ձեռքի տոպրակն ու պայուսակը, որոնք, չգիտի էլ թե՝ ինչպես պահի մեկ ձեռքով։ Մտքում հայհոյում է իրեն, իր կիլոգրամներին, ամեն առավոտ էն մի պատառ թխվածքին  (առանց որի կարծես օրը հնարավոր չէ սկսել): 

Գենետիկան է հիշում նորից, իրենից ավելի գեր քույրերին ու եղբորը։ Սուտ մխիթարությունը, որ սուրճը առանց քաղցրի է խմում ու անպայման կիտրոնի հյութով՝ դա էլ է հիշում, և այն է՝ կհասնի իր քաղցրակերությունը արդարացնելու հերթական չքմեղությանը, երբ․․․

Մեկ էլ իրեն է մոտենում տղամարդը, որին մինչ այդ չէր էլ նկատել։

Ընդհանրապես որևէ մեկին չէր նկատել․ մի կողմից՝ ատամի ցավն ու բոլորին լարվածության մեջ պահող քաղաքական լրահոսը, մյուս կողմից՝ ընդամենը մեկ օր առաջվա անհեթեթ առճակատումը սիրելիի հետ, ինչը, թեև հերթականը լինելով, մեկ է՝ տվայտում-քամում էր կենսաուժը․․․

Ամենը մտքերի մեջ էին ընկղմել իրեն․․․

Տղամարդը, թե՝

-Ոտքը կբարձրացնե՞ք մի փոքր։

Ու երբ բախիլներից մեկն արդեն անծանոթի ձեռքին էր․

-Հիմա՝ մյուսը․․․

Արագ մեկնում է ձեռքը, որ տղամարդուց վերցնի դրանք։ Վերջինս թե՝

-Ես կնետեմ, մի անհանգստացեք․․․

Բառեր է ուզում ասել, շնորհակալության, բայց ինչ-որ չի ստացվում։ Նման վերաբերմունք  ո՞վ կպատկերացներ․․․  Քիչ է թե հանեց, տարավ նետեց աղբարկղը, հետո լուռ կանգնել էր մի քիչ հեռու իրենից, ասես ոչինչ էլ չէր արել։ Իսկ ինքը փորձում էր որևէ նման արարք հիշել, նախկինում եղած, ու չէր հիշում ոչ մի դրվագ․․․

Նայեց տղամարդուն։

Հիմա նոր տեսավ նրան։

Կենցաղային տոպրակը թևատակին, նիհար, բարձրահասակ, մի երկու օր առաջ սափրված, սև կիսաբաճկոնով, թավ հայկական հոնքերով, արծվաքիթ, թաղի պատիվը պահող տղերքից, որ լինում են, ու հաստատ, հաստա՛տ հոգնած, մտահոգ․․․

Ուրիշ բան չնկատեց։

Ի՞նչ խոսք ընտրեր՝ «շնորհակալությո՞ւն», «ապրե՞ք, թե՞ ապրես», «Աստված քեզ հետ, երիտասա՞րդ, թե՞ ախպեր ջան»․․․

Այդպես էլ չէր հասկանում՝ ինչն ընտրի, որ հարմար լինի․․․

Մեկ էլ ասելիքն ինքն իրեն եկավ՝ չեմ մոռանա․․․

Մենակ թե՝ հետո չէր հիշում՝ բարձրաձայն ասվե՞ց, թե՞ մտքում, բայց հիշում էր, որ անչափ անուշ հնչերանգով ասաց, քրոջական ջերմ սիրով ու երախտագիտությամբ ասաց․․․

Նայեց նրա աչքերի մեջ ու ժպտաց։

Տղամարդն էլ․․․

Ժպտաց ու շրջվեց՝ մտքում ինքն իրեն ասելով՝ դու իմ հերթական պատումի հերթական հերոսն ես լինելու․․․

Այսքանը միայն․․․

 

***

Երբ մեկ օր անց դարձյալ ատամնաբուժարանում էր, մինչև բժիշկ Անդրանիկը գործիքներն ու ձեռքերը կախտահաներ, Սոնան պատմեց նրան այդ դիպվածը։ Վերջում էլ թե՝ էսօր բախիլ չեմ հագել, որ նորից դրանցով փողոց դուրս չգամ։

Անդրանիկն էլ, որ հումորի անսպառ պաշար ունի, անմիջապես վրա բերեց՝

-Չէ՛, հաստատ գործ չունեք, տիկի՛ն Սոնա։ Ի՛նչ իմանաք՝ էն մարդը հիմա կանգառում լինի՞ - չլինի՞,  որ հանի Ձեր բախիլները․․․․

Ինքը երբ ծիծաղում է, աչքերից արցունքներ են թափվում։

Հայրն էլ էր այդպես ծիծաղում։

Չէր հանգստանում, իսկ Անդրանիկը, ասեղը պատրաստ, սպասում էր, թե երբ պիտի Սոնան խաղաղվեր, որ ցավազրկումն աներ ու սկսեր փորփրելը․․․

 

***

Մտքում վերջին լսած աուդիոգիրքն է։ Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը»։

Անգիր էր արել մի հատված, այնքան որ լսել էր․․․

 

«Ի վերջո, այդ մարդիկ հոգնեցին անպտուղ աշխատանքից, և նրանց դեմքերին հայտնվեց տառապանք,  այդ մարդիկ հռչակեցին, որ տառապանքը գեղեցկություն է, քանզի տառապանքն է սոսկ իմաստն ամենայնի․․․ Նրանք օրհներգեցին տառապանքը իրենց երգերում։»

 

Իսկ ինչ են ի՛ր գրածները․․․

Ով կարդաց՝  քննադատեց՝ աշխարհի ցավը ասես քեզ են տվել, ապրիր, էլի՛, մի անգամ ես աշխարհ եկել, որքան կարելի է․․․

Որպեսզի խուսափի երկարուձիգ խրատականներից, ասված պահին գլխով դրական նշան էր անում, նաև ավելացնում՝ ճիշտ ես, վերջ, փակեցինք․․․

Բայց հո ասելո՞վ չէ․․․

Էլի մի հատված դուրս չէր գալիս գլխից․ որքան շատ բան է ասվել իր փոխարեն մի կյանք առաջ, երկու կյանք առաջ, երեք կյանք առաջ․․․ 

 

«Ավաղ, ես միշտ սիրել եմ վիշտը և ողբը, բայց՝ երբ ի՛նձ էին դիպչում դրանք, իսկ ուրիշների համար ես լալիս էի՝ խղճալով։ Ես նրանց էի կարկառում ձեռքերն իմ՝ հուսաբեկ նզովելով ու մեղադրելով իմ անձը։»

 

Փոքրուց հա լսում էր՝ մարդուն տրվում է այնքան, որքան կարող է տանել։

Իր դեպքում բացառությո՞ւն է եղել։

Մի այնպիսի փունջ է տրվել, որի միջից ամեն մի հատը մի կյանքի կհերիքեր հաստատ, ու, որ նեղն ընկած պահին սեղմեր մատները, ցավեցնելու չափ, թե՝ ո՛ր մեղքիս համար․․․

Հիմա մեղքերի ու ցավի այդ փունջը գրկած՝ օրեր է մթնեցնում ու լուսացնում․․․

Եկել-կանգնել է վերջի դիմաց։ Ուզածն ի՞նչ է, որ դրա դիմաց է՛լ այսքան թանկ է վճարում։ Էլ ի՞նչ պիտի չտրվեր կամ խլվեր իր չունեցածից․․․

 

***

Մինչև բանալին փականի մեջ պտտեցնելը՝ պիտի կարողանա երջանիկ կնոջ դեմք նկարել։ Պիտի մոռանա, որ ամբողջ ինն օր հազարումի տեքստ է հորինել, մատը տարել է համարին ու մի կողմ քաշել, հնարավոր բոլոր սիրահետումների ու կապերի մասին պատումներ է բացառել, անգամ մելոդրամաներ է նայել, թե՝ որևէ տեղում իր պատմության հանգուցալուծումը կգտնի․․․

Վերջը եկել հասել է նույն ինքնախարազանմանը՝ ով լիներ, որ դուռը չշրխկացներ, ո՞նց է հնարավոր դիմանալ ինքն իրեն մոռացած ու աշխարհի դարդով տապակվող իր նման մեկին․ մարդ է, գալիս է, որ ազատվի իրեն պատածից, իբր իրենը քիչ է, դու էլ բռնում ու գլխին քոնն ես փաթաթում․․․

Մեղավոր ես միա՛յն դու, հե՛նց դու․․․

Ուրեմն՝ սարքիր էդ ժպիտը, բառեր գտիր հարմար, մինչ կբացես դուռը․․․

Ու որերորդ անգամ․․․

 

***

          Ամբողջ կյանքում խրատեց մորը, որ իբր ազատի նրան անվերջ մեղքի զգացումից։ Ու որքա՛ն խիստ էին բառերը, ի՛նչ վերջակետված էին նախադասությունները։ Չէր թողնում՝ մայրը մի բան ասեր․ վրա էր տալիս, թե՝ հերիք եղավ, աշխարհի մեղքը ուսերիցդ վայր գցիր, մեղք ես, կյանքդ պրծավ, բան չհասկացար․․․

          Հիմա էդ խոսքերը հանում են հոգին, ու պրծում չունի․․․

          Ախր դեռ մի քանի ժամ առաջ վստահ էր, որ ինքը բնավ մեղավոր չէ։

Ի՜նչ փոխվեց, ի՜նչ պատահեց, երբ դռան թակոցը լսվեց․․․

Ինչո՞ւ հանկարծ որդը կրծեց սիրտը, անգամ չեղած բաներ սկսեց վերագրել ինքն իրեն, մինչև կորցրեց եղածի ու չեղածի սահմանը։

Ամբողջ ինն օր գրած-ջնջած, անգիր արած-սրբագրած տեքստը մեկ վայրկյանում հօդս ցնդեց։ Ի՜նչ հարաբերությունների ճշտում, ի՜նչ պարտքուպահանջ, ի՜նչ՝ բոլոր վեճերի մեղավորը հենց դո՛ւ ես․․․

 

***

-Դու հիմա կասես՝ փիսոյություն է արածս, բայց մոտիկ լինելդ զգալուց արդեն գետինը փախչում է ոտքերիս տակից։ Նույնաբույր, նույնահամ իմ կարոտ, մոռացնել ես տալիս ամենքին ու ամեն բան։ Անբառ մոտեցիր, անձայն մոտեցիր, թող ծաղկեմ էլի սեր-ափերիդ մեջ, որ իմն են միայն աշխարհից թաքուն, փակ դռների հետևում․․․

-Ինչի՞ համար է այս լիրիկան։

-Ներիր, էլ չեմ ասի, էլ չի կրկնվի։ Գիտեմ՝ մեղավոր եմ, գիտեմ՝ հոգնեցնում եմ․․․

-Քեզ հազար եմ ասել՝ մի՛ արդարանա, մի՛ ներիր, գոռա՛, նախատի՛ր, թող որ ինքս քեզանից ներում հայցեմ, իսկ դու մի՛ խեղճանա։ Համառիր, պոչ խաղացրու, իբր չես էլ ուզում խոսել, այնպես արա, որ ես մտածեմ, թե բնավ, բնավ չես անհանգստացել ու չես էլ սպասել, ու որ լրիվ մեկ է եղել գալս-չգալս, լինել-չլինելս․․․

-Ախր չես թողնում՝ խոսեմ․․․

Խոսելն էլ պիտի այն լիներ, որ պիտի պատմեր, թե դռան թակոցը լսելուց հետո միայն փոխեց ասելիքը, թե չէ որոշել էր ասել, որ․․․

-Վե՛րջ։ Զուր խոսակցություն։ Թերթեցինք։

-Սո՞ւրճ, թե՞ հյութ․․․

-Հողաթափերս․․․

-Ասացիր՝ չխեղճանաս։ Ուրեմն՝ ոչ սուրճ, ոչ հյութ, ոչ էլ անգամ բանաստեղծություն։ Մինչև կբերեմ, դու կենաց մտածիր․․․

-Ա՛յ դա ուրիշ բան։ Թե չէ՝ մեղավո՜ր եմ, էլ չե՜մ ասի․․․ Ի դեպ, չես մոռացել, չէ՞, որ էսօր կենացներ ասելու հերթը քոնն է․․․

Ու առաջին բանը, որ եկավ Սոնայի մտքին, արդեն քանի օր ուղեղում պտտվող «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքի՝ անգիր արած հատվածն էր․․․

-Դե, որ հիշեցնում ես՝ իմ հերթն է, ուրեմն, արի խմենք տառապանքի՛ կենացը․ «Տառապանքը գեղեցկություն է, քանզի տառապանքն է սոսկ իմաստն ամենայնի․․․»։

 

16․01․2026

Գեղեցիկ Մարգարյան 

 

 

 

Դիտումներ: 230

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։