Սև կակաչներ
Հողի վրա ծիլեր էին երևում, կանաչում էր։ Սովորական կիրակի օր էր, գարուն, ես՝ յոթ կամ ութ տարեկան:
Հիշում եմ, որ օդն այնքան թարմ էր, որ շնչելիս թվում էր թե օդի հետ ջրի սառը կաթիլներն եմ կլանում։ Պապական տան բակում էի, տատիս ու պապիս հետ։ Կիրակին գերեզման գնալու օրն էր, որը վաղուց արդեն սովորական դարձած հերթական կիրակիներից մեկն էր։ Տատս շտապում էր, ծաղիկներ պետք է ցաներ գերեզմանոցում, այն ժամանակ՝ դեռ միակ հանգուցյալ որդու մոտ, պապս՝ ծխում էր, անդադար ծխում...
-Տատի, իսկ ի՞նչ ծաղիկ պետք է ցանես, - հարցրի ես:
-Քո սիրած կակաչներից բալա, բայց սև գույնի:
-Սև՞, -հարցրի, քանի որ երբեք չէի լսել, որ աշխարհում նման գույն ունեցող կակաչներ կան:
-Պետերբուգից են բերել, ասում են հրաշք գեղեցկություն ունի, թող ծաղկի, քիչ են ապրում …
Հետո կապեց սև գլխաշորը, վերցրեց տոպրակի մեջ դրված սոխուկները, ձեռքս բռնեց, ու մենք երկուսով քայլեցինք դեպի գերեզմանոց։ Ինձ համար դա սովորական էր դարձել, նույնիսկ տատիս մենակ չթողնելու ներքին պարտավորություն։
Կակաչի սոխուկները տնկեցինք, հողը խոնավ էր, մաքրեցինք նոր աճող մոլախոտերը, և վերադարձանք տուն: Հանկարծ տատս հիշեց, ու ասաց, որ ինձ համար Պետերբուրգից գուաշ էլ են ուղարկել, որոնք այնքան գույնզգույն էին, որ ես մոռացա կակաչի սև գույնի մասին, ու այդ գուաշով սկսեցի նկարել իմ պատկերացրած Պետերբուրգը՝ կարմիր ծաղիկներով ու կապույտ երկնքով, բայց տեղ-տեղ թաքուն երևացող սև գույնի կակաչներով, քաղաքն ինձ համար նույնիսկ հոտ ուներ, որը գուաշի էր։
Քսանինը տարեկան էի, նոյեմբեր ամիսն էր, Աստերիա հյուրանոցի պատուհանից նայում էի Ֆոնտանկա գետի եզերքով տարածվող գեղեցիկ ու հավասար շենքերին, երևում էր նաև Սանկտ Պետերբուրգի կապույտ երկինքը՝ ճիշտ նույն գույնի, որը ես նկարել էի ութ տարեկանում:
Հյուրանոցի միջանցքից կնոջ ձայն լսվեց, մեկը լացակումաց բղավոցով շրխկացրեց դուռն ու դուրս եկավ, քիչ անց նա երևաց պատուհանից՝ հյուրանոցից էր դուրս գալիս: Քայլվածքն արագ էր, մոտեցավ գետին, կռացավ ու կախվեց փողոցն ու գետն առանձնացնող երկաթե պարիսպներից, մի պահ թվաց, թե ուզում է նետվել գետը, ու այդ պահին արագ հագնելով վերարկուս վազեցի դուրս: Երբ հասա տեղ, նա դեռ կախված էր, աչքերից առատ արցունքներ էին կաթում ու ընկնում գետի մեջ։
Մոտենալով փորձեցի հարցնել, կարո՞ղ եմ օգնել ինչ-որ բանով, ի պատասխան նա նայեց ինձ ու ասաց.
-Հազիվ թե:
-Ես Ասպրամն եմ ասացի, իսկ դո՞ւք:
-Անունս Օլգա է, բայց ձեր անունը հազիվ թե հիշեմ:
-Ոչինչ, դա կարևոր չէ, կցանկանա՞ք մի քիչ քայլենք:
-Եթե ժամանակ ունեք,-ասաց Օլգան:
Մենք սկսեցինք քայլել, ու նա ինձ պատմեց, որ ամուսինը իրեն գժի տեղ է դնում, ասելով, որ անիմաստ խանդի տեսարաններ է սարքում:
-Ախ, այդ Աննան, ես նրան իմ տուն էի ընդունում, ես նրան իմ հագուստն էի տալիս որ հագնի, ո՞վ կմտածեր, որ մի օր էլ իմ ամուսնուն կտանի ինձնից, բայց դու հասկանո՞ւմ ես, չէ՞ դու հասկանո՞ւմ ես…
Լացակումաց պատմում էր Օլգան, որն այնքան գեղեցիկ աչքեր ուներ, որ լացելուց ավելի էին կանաչել ու նմանվել մալաքիտի:
Ես լսում էի նրա պատմությունը, և մտածում, թե՝ որքա՜ն նման են մարդկանց ճակատագրերը, աշխարհի ամենատարբեր երկրների ամենատարբեր տներում:
Մենք քայլելով հասանք Չերնիշևի կամրջի մոտ, որտեղ երբեք նախկինում չէի եղել:
Օլգան մաքրեց արցունքներն և ասաց.
-Ես այդ սրիկայից վաղուց կհեռանայի, եթե մնալու տեղ ունենայի, ես ոչինչ չունեմ, իսկ նա ամեն ինչ իր անունով է գնել, մենք նույնիսկ զագս չունենք, հինգ տարի է միասին ենք ապրում, ես արդուկում եմ նրա շորերը, ես պատրաստում եմ ամենահամեղ կերակուրները, որը նա երբևէ կերել է, որովհետև մայրը վառած խոզի մսից այն կողմ ոչինչ չի կարողանում պատրաստել, ես հանուն իրեն աշխատանքս եմ թողել Մոսկվայում և եկել Պիտեր...
Իսկ թե ինչո՞ւ չի պատրաստվում Մոսկվա վերադառնալ, այդ հարցին նա պատասխանեց.
-Մորս հետ ապրել չեմ կարող, հասկանո՞ւմ ես, չե՛մ կարող…
Օլգան մի պահ գլուխը կախեց, հետո բարձրացրեց, ու ասաց.
-Ինձ որդեգրել են, ես չգիտեմ, թե ո՞վ է իմ մայրը, ամբողջ կյանքում ես նրան եմ որոնել, բայց դեռ չեմ գտել, ասում են, որ նա այստեղ է ապրում, և ես զգում եմ, որ նա այստեղ է ապրում, բայց գտնել չի ստացվում:
-Գիտե՞ս, իմ հայ ընկերուհի, որ մեկ ու կես ժամ է ինչ իմ ընկերուհին ես, - Ժպտաց ու շարունակեց.
-Ես չգիտեմ, որտե՞ղ եմ սխալվել, և ինչո՞ւ է իմ կյանքում ամեն ինչ այսքան կիսատ, ես իսկապես չգիտեմ, բայց երբ նայում եմ բացվող ու փակվող կամուրջներին, ինձ միշտ թվում է, որ եթե բացվելու ընթացքում կարողանամ թռնել մեկից մյուսի վրա, ես կգտնեմ իմ ճանապարհը, բայց ես ինձ միշտ զգում եմ առանձնացող ու կիսատ կամուրջներից մեկը, որը երբեք ամուր կպած չէ իր շարունակությանը...
Օլգան ինքն իր ասածի վրա երկար ծիծաղեց, ու շարունակեց.
-Ես գիտեմ, կմտածես, թե ինչո՞ւ ենք հիմա մենք հյուրանոցում, որովհետև նա ամեն վեճի ժամանակ իմ երեսով է տալիս, որ դա իր տունն է, ես էլ վերջին գումարովս եկել եմ հյուրանոց, բայց նա էլի եկավ իմ հետևից, չգիտեմ ինչու, ինքն էլ չի հասկանում թե ինչու, իսկ դու ի՞նչ ես կորցրել այստեղ, -հարցրեց ինձ:
-Դեռ ութ տարեկանից երազել եմ գալ ասյտեղ,- ասացի և հարցրի՝ արդյո՞ք Պիտերում սև կակաչներ կան։ Օլգան մի պահ մտածեց, ու պատասխանեց.
-Գիտես, քաղաքում չեմ տեսել, դրանք հազվագյուտ տեսակ են համարվում, բայց ամեն տարի Ելագինի կղզում կակաչների մեծ փառատոն է անցկացվում, ես եղել եմ այնտեղ, և հենց այնտեղ եմ տեսել, իսկ դու տեսե՞լ ես երբևէ սև կակաչ, և ինչո՞ւ է դա քեզ հետաքրքիր:
-Ուզում եմ հետս Հայաստան տանել,- ժպտացի, և ոչինչ չպատմեցի նրան, բայց հոգուս խորքում ես գիտեի, որ փնտրում եմ այդ սև կակաչները իրենց հողում, որոնք ինձ հետ կնվիրեն տատիս…
-Չեմ կարծում, որ հիմա կգտնես, -ասաց Օլգան։
Այդ օրը Օլգայի հետ մենք շատ շրջեցինք, Նևսկի պողոտան ոտքով անցնելուց հետո մենք նավով անցանք Նևայով, նա ինձ ծանոթացրեց գիշերային մութ ու փայլփլուն Պիտերի հետ, որը ես շատ անգամներ տեսել էի իմ երազներում:
Ես խանութից գուաշ գնեցի, որը նույն հոտն ուներ ինչ քսանմեկ տարի առաջ։ Օլգայի հետ մենք պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ առավոտյան և գնալ Էրմիտաժ, բայց հաջորդ առավոտյան ես նրան կորցրեցի։ Համարի դուռը փակ էր, ես այնտեղ մնացի ևս երեք օր, բայց Օլգան գնացել էր, նա իսկապես նման էր իր նկարագրած կիսատ կամրջին, որը հաստատուն ու ամբողջական երբեք չի լինում:
Գարուն էր, ես երեսուն տարեկան էի։ Մենակ էի, մաքրում էի գերեզմանատան մոլախոտերը, որտեղ տատս հավերժ բնակություն էր հաստատել իր երեխաների մոտ: Առավոտ էր, հողը խոնավ էր։ Մեկ տարի առաջ ես կրկին եկել էի նրանց մոտ, և պատմել, որ գնացել էի Պետերբուրգ։ Մաքրում էի խոնավ ու կիսականաչ հողը, և մտածում, տեսնես ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ այսքան արագ, ինչո՞ւ …
Մի պահ գլուխս բարձրացրի և նայեցի ձախ.
Սև կակաչներից մեկը ծաղկել էր…
Ասպրամ Սարատիկյան
Դիտումներ: 315
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։