Սարոյանի հետ

Կիսվել:

1978 թիվն էր…

Սարոյանի վերջին այցելությունն էր Հայաստան… Բայց որ դա վերջինն էր լինելու, դեռ ոչ ոք չգիտեր։ Գուցե միայն Հրանտը Մաթեւոսյանը գիտեր, որովհետեւ օդակայանից վերադարձի ճանապարհին մեքենայի մեջ արտասանում էր Չարենցի տողերը․ «Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի...»։

Եվ այսպես 78 թիվն էր, հոկտեմբերի վերջն էր․․․

Հարեւանուհուս՝ Կառայենց տանը նստած զրուցում էինք։ Ինչ-որ մեկը հեռախոսով նրան հայտնեց, որ Սարոյանի 70-ամյակն են նշելու։ Մեջ ընկա․

-Հարցրու՝ որտե՞ղ։

Պատասխանը՝ «Կինոյի տանը»։

-Հարցրու՝ ո՞ր ժամին։

Պատասխանը՝ «Չես հասցնի, ժամը 7-ին է»։

7-ից 15 րոպե էր պակաս․․․

-Դե լավ, ես թռա։

Երրորդ մասում էի ապրում․․․

Կինոյի տան բակը լիքն էր․․․ բա ներսո՞ւմ ինչ էր կատարվում։ Արդեն հասկացաք, որ ներս մտա։ Պարզվեց՝ ներս մտնելն այնքան էլ դժվար չէր, որովհետեւ ինքը՝ Սարոյանն էր խնդրել, որ դռները բաց թողնեն։

Միջոցառման վերջում էլ, երբ սկսեց խոսել, ասաց․

-Ես դրսում կանգնած մարդկանց համար եմ խոսում (նա մշտապես այնքան բարձր էր խոսում, որ հարեւան փողոցում էլ էր լսվում)։

Ուրեմն, մի պահ ինձ թվաց, թե Կինոյի տան դահլիճը նմանվել էր Թումանյանի «Աղավնու վանքին»․ ժողովուրդը լցվում էր, լցվում, իսկ ներսում արդեն աղավնիներ էին դառնում։ Ես էլ քիչ հետո մի աղավնի դարձած պիտի թռչեի երկնքում, բայց այդ մասին դեռ չգիտեի։

Շտապում եմ պատմել մեր ծանոթության մասին, բայց չեմ կարող չպատմել, թե ինչ էր կատարվում բեմում։ Սարոյանի կողքին մեր գրողներն էին՝ Հրանտը, Սերոն, Լեւոն Մկրտչյանը, Զորի Բալայանը, Մանուկ Մնացականյանը եւ էլի շատերը․․․ Երգեցին Ռուբենն ու Հովհաննես Բադալյանը, արտասանեց Վոլոդյա Աբաջյանը, նվագեց Ջիվանը, Հայրիկ Մուրադյանը երգեց «Գութանի երգը», որը պաշտում էր Սարոյանը։ Երբ խոսեց Հրանտը, ամբողջովին լսողություն էր դարձել Սարոյանը, իսկ հուզմունքից ավելի կակազող Հրանտի խոսքը չէր շփոթեցնում նրան։

Դե հերիք է, էլ չեմ դիմանում, պատմեմ՝ ինչպես ծանոթացանք։ Մի երեք ժամ տեւած երեկոյից հետո Սարոյանին տարան, ինչպես պարզվեց, կինոմիության նախագահ Կարեն Քալանթարի սենյակը։ Նետվեցի այնտեղ։ Հասկանալի է՝ նույն «Աղավնու վանքն» էլ այստեղ էր։ Հանկարծ մեկը ձեռքս բռնեց, ճանաչեցի․ սփյուռքահայության հետ կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանն էր։

-Դու Նուբարը չե՞ս, արի, արի, երեկ ֆիլմը տեսել է՝ «Նահապետը», չի հավատում, որ պրոֆեսիոնալ դերասանուհի ես։

Տարավ կանգնեցրեց Սարոյանի առջեւ։ Ներկաներն անմիջապես շրջապատեցին մեզ։

-Վարպետ, կճանչնա՞ս ով է։

-Կճանչնամ։

-Ո՞վ է։

-Շուշանիկը։

-Ի՞նչ Շուշանիկ, Նուբարն է, Նահապետի Նուբարն է։

-Հա,շատ հավնեցա։ Դու ո՞ւր սորվիր այդպես խաղալ։ Փրոֆեսիոնա՞լ ես։ Ես կըսեմ, որ դուն բնածին ես։ Չե՞ս հասկնար՝ ինչ կըսեմ քեզի։

Իսկ ես պապանձված՝ ոչ մի բառ չէի արտասանում։

Ոտքերս մի պահ գետնից կտրվեցին, «վերացա»։

Հանկարծ հիշեցի, որ երկու տարի առաջ՝ 76-ին, դարձյալ եկել էր Հայաստան եւ Սունդուկյանի անվան թատրոնում դիտում էր «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։ Ներկայացման ավարտին հանդիսատեսը խռնվել էր պարտերում՝ Սարոյանի շուրջը, հնարավոր չէր մոտենալ նրան։ Ինձ հաջողվեց գոնե մի քիչ հեռվից տեսնել նրան, ապշեցի, թե ինչ գեղեցիկ մեղրագույն աչքեր ուներ եւ էլի նույն սվիտերը հագին՝ եղնիկները վրան։ Բեմ հրավիրեցին նրան, եւ բեմից դիմելով Աճեմյանին՝ ասաց․

-Ես պզտիկ բան մը գրած էի, դուն շա՜տ էիր մեծցրած,- համեստորեն ասաց Սարոյանը։

Սթափվեցի Սարոյանի հարցից.

-Դուն սորվա՞ծ ես։

Ես չեմ պատասխանում։ Հարցը նորից կրկնեց, իսկ ես մոռացել էի խոսելը, միայն զգում էի, որ ուզում եմ գրկել նրան։ Մի քիչ առաջ թեքվեցի եւ համբուրեցի ուսը։ Զայրացավ, սաստիկ զայրացավ․

-Աման, դերասանուհի է,- ասաց ու հեռացավ։

Ես էլ հեռացա, մի կողմ քաշվեցի, մի պատի տակ կանգնած՝ հեռվից փորձում էի որսալ նրա արտասանած ամեն մի բառը, որը Սարոյանի դեպքում այնքան էլ դժվար չէր։ Ձայնն ասես ամպրոպ լիներ։

Մեկ էլ թեյի բաժակը ձեռքին մոտեցավ ինձ եւ այնքան ջերմ, ասես չէր էլ խրտնել ինձնից, հարցրեց․

-Դուն մենա՞կ եկեր ես հոս։

-Այո։

-Ինչպե՞ս եկար, օթո ունի՞ս։

Ի՞նչ պիտի պատասխանեի նրան, նա չգիտեր, որ Հայաստանում առանց օթոյի գժեր են ապրում։

-Դուն էլի սինեմայի մեջ պիտի նկարվի՞ս։

-Մալյանի ֆիլմերում անպայման կնկարվեմ,- պատասխանեցի։

-Հա, ազնիվ, մաքուր պատասխան,- ասաց եւ շատ անուշ ժպտալով՝ հեռացավ։

Քիչ հետո մոտեցավ Համազասպյանը եւ ասաց, որ հաջորդ օրը ժամը 10-ին լինեմ «Արմենիա» հյուրանոցի դիմաց։ Ես թռչում էի տուն, բայց չեմ հիշում՝ աղավնի՞ էի դարձել, թե արծիվ։

Դրսում արդեն ժողովրդի օղակը մի վայրկյան չէր լքում Սարոյանին։ Հեռվից ձայնը լսվում էր․

-Վաղը ինձի Փարաջանովի «Սայաթ-Նովան» ցույց կուտաք, որ ես համեմատեմ «Մոռացված նախնիներու» հետ։

Միայն իր հոգու, խղճի հետ ներդաշնակ մարդը կարող էր այդքան բարձր խոսել եւ այդքան շատ խոսել եւ ամեն անգամ գրողներին չէր մոռանում հիշեցնել․ «Հենց որ շատ խոսեմ, թեւքս կքաշեք»։

Հաջորդ առավոտ ծաղկեփնջով կանգնած էի հյուրանոցի առջեւ։ Համազասպյանը դիմավորեց ինձ եւ ուղեկցեց Սարոյանի մոտ։ Այնտեղ էր Զորի Բալայանը, որին «Լիտերատուրնայա գազետայի» հոդվածներից գիտեի։ Սարոյանը լոգասենյակից դուրս եկավ, չգիտեի՝ ուր դնել ծաղիկները, զգում էի, որ անընդհատ խուսափում է վարդերը վերցնելուց։ Մեզ լուսանկարեցին եւ հենց այդ վարդերի փունջն էլ ձեռքիս։

 

Saroyan

 

Լուսանկարվելուց հարցրեց, թե՝ «Վարդգեսը շատո՞նց կճանչնաս», ես էլ պատասխանեցի․ «Երեկ եմ անձամբ ճանաչել»։ Այնքան ուրախացավ, այնպես բարձր ծիծաղեց․․․ հետո պիտի իմանայի, որ մեզ լուսանկարողը հայտնի լուսանկարիչ Պողոս Պողոսյանն էր։ Պարզվեց, որ Սարոյանին տանում էին Գառնի-Գեղարդ ման տալու եւ ինձ էլ որոշել էին հետները տանել։ Արդեն պատրաստվում էինք համարից դուրս գալ, սակայն ծաղիկներն այդպես էլ ձեռքիս մնացին։ Համազասպյանը չդիմացավ․

-Վարպետ, այս ծաղիկները վերցրու, քեզ համար է բերել աղջիկը։

-Չէ, չեմ կրնար վերցնել, ե՞ս պետք է իրեն տամ, թե՞ ինքն ինձի,- պատասխանեց Սարոյանը։

Մի ջրաման գտան, վարդերը դրեցին մեջը։ Հյուրանոցի առջեւում սպասում էր մեքենան։ Ինձ առաջարկեցին նստել, բայց հրաժարվեցի՝ ասելով, որ փորձի եմ Դրամատիկական թատրոնում։ Համազասպյանն ասաց, որ հիմա կկապվեն թատրոնի ղեկավարության հետ եւ կխնդրեն ազատել ինձ փորձից, բայց ես համառորեն եւ հիմարաբար հրաժարվեցի ինձ ընձեռած երջանկությունից՝ չհավատալով, որ այս ամենը երազ չէ։ Հրաժեշտ տվեցի եւ հեռացա։ Ամեն օր վազում էի Գրողների միություն՝ Լեւոնի մոտ Մկրտչյան (ԳՄ քարտուղար), հարցուփորձ անելու, թե այդ պահին որտեղ է Սարոյանը։ Լեւոնն էլ թե՝ «Զանգահարիր, խոսիր հետը»։ Ես էլ՝ «Մի՞թե ինձ կարելի է»։

Տվեց հյուրանոցի հեռախոսի համարը, երեկոյան՝ դարձյալ Կառայենց տնից, զանգահարեցի։ Հեռախոսի մեջ Սարոյանի ձայնը լսվեց։ Նույն հրաշալի, բարձր, բամբ, որոտ, կայծակ, շանթ, անձրեւ ձայնը․․․

-Բարեւ ձեզ։

-Բարեւ ձեզի։

-Ես Սոֆիկն եմ՝ «Նահապետ» ֆիլմի։

-Նուբա՞րն ես։

-Հա։

-Շնորհակալություն քո պատմական դերի համար, շատ ուրախ եմ։ Ո՞ւր ես հիմա։

-Տանն եմ, մեր տանն եմ։ Շատ եմ ուզում ձեզ նորից տեսնել։

-Իսկ ես էլ շատ կուզիմ, որ դու իմ տունն ըլլայիր։

Լռություն․․․

Ի՞նչ, ի՞նչ ասաց, գուցե ինձ թվա՞ց, գուցե սխա՞լ լսեցի․․․ ինչո՞ւ է այսքան երկար լռում։

Տարիներ հետո հանկարծ մտածեցի, որ Սարոյանի հեռախոսը լսվում էր։

-Վաղը գնո՞ւմ եք։

-Հա, հիմա իրերս պիտի հավաքեմ․ այսքանը չեմ կրնար տանել, մնացածն իրենք պիտի ղրկեն, յանի թե պիտի ղրկեն, հա, հա (ծիծաղում է)։ Պիտի գնամ կոմիտե, քո բարեկամ Համազասպյանի քով, կրնաս գալ ժամը 4-ին․․․ Չէ, մի արի․․․ Պետքը չէ․․․ Աստծո կամքն ալ ադ է։

-Կարելի՞ է վաղը գամ Ձեզ ճանապարհելու։

-Օ՜, շատ անուշ բան է։ Շնորհակալություն քեզի, որ զանգեր ես, գալ անգամ որ գամ, քեզի պիտի փնտրեմ։

Հետո պատմեց, որ երեկոյան հրավիրված է մեծ ճաշկերույթի՝ իր պատվին եւ որ ինքը չի ուզում գնալ, բայց մտածում է, որ իրեն ճիշտ չեն «հասկնար»։

Հրավիրեց օդակայան՝ իրեն ճանապարհելու, մի օրից պիտի գնար արդեն։ Նոյեմբերի 7-ն էր։ Առավոտ շատ շուտ, ժամը 7-ին, մի քանի նուռ ձեռքիս՝ մտա դեպուտատական սենյակ, որտեղ նստած էին մեր գրողներն ու արվեստագետները, որոնց «ընտրել» էր Սարոյանը եւ որոնք «ընտրել» էին Սարոյանին։ Հրանտն էր Մաթեւոսյան, Ռազմիկը՝ Դավոյան, Մանուկ Մնացականյանը, Հակոբ Հակոբյանը, Տիգրան Մանսուրյանը, Զորի Բալայանը, որն ինձ շատ խիստ դիտողություն արեց թե դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։ «Տղաները» թույլ չտվեցին, որ Զորին շատ բարկանա (պիտի ասեմ, որ Զորիին հետո շատ սիրեցի)։ Ինչպես միշտ՝ Սարոյանը դուրս եկավ լոգասենյակից, գնացել էր լվացվելու կամ ինչպես ինքն էր ասում․ «Գնամ մռթներս սրբեմ»։ Տեսավ ինձ, մոտեցավ, հարցրեց, թե ինչպե՞ս տեղ հասա. «Օթոյո՞վ եկար, օթո ունի՞ս»։

-Թռչունի թեւերով եկավ, այ այսպես,- եւ ձեռքերը թափահարելով՝ իմ փոխարեն պատասխանեց Հրանտը։

Ասեմ, որ Սարոյանն ամեն անգամ Երեւանից թռչում էր Օդեսա, այնտեղի օպերային թատրոնում մի քանի օր ներկայացումներ էր նայում, հետո նավով գնում էր Ֆրանսիա՝ Փարիզի իր տուն, հետո նոր արդեն Ամերիկա՝ Ֆրեզնո։ Ինքնաթիռի մոտ վերջին ողջագուրումներն էին, հերթը հասավ ինձ, գրկեց եւ ասաց․

-Շնորհակալություն քեզի, կուզիմ քեզի ուրիշ ֆիլմերի մեջ տեսնիմ․․․

Այդպես էլ չիմացա, իմ տարած երեք նուռը Սարոյանն իր հետ տարա՞վ, թե՞ ոչ…

 

 

Սոֆիկ Սարգսյան

Լուսանկարները՝ Պողոս Պողոսյանի

 

 

Դիտումներ: 159

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։