Ձյունը

08:10 07.10.2026 · Գրական · Վիլյամ Սարոյան
Կիսվել:

1928 թվականին ես ստիպված եղա Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք գնալ` դա երեք հազար մղոն ճանապարհ է, բայց եթե որևէ տեղ պատմվածքում կամ պիեսում պատահել է, որ խոսեմ այդ քաղաքների միջև ընկած հեռավորության մասին, ես միշտ գրել եմ «երեք հազար երեք հարյուր երեսուներեք մղոն» թիվը, որովհետև ես սիրում եմ առանձնահատուկ և ցայտուն թվերը` այդպես է և մարդկանց դեպքում: Երեք հազարը չունի այն «փոքր-ինչը», որ տարբերում է Ռիխտերի պես մեծ դաշնակահարին, ասենք, իմ զարմիկ Հուսիկի պես գեշ դաշնակահարից, ով առհասարակ փաստաբան է: «Երեք հազարը» տաղտկալի է թե՛ հնչում, և թե՛ երևում, բայց չէ՞ որ այդքան ճամփա գնալն ամենևին էլ տաղտկալի չէ: Եվ ո՞վ կարող է ճշգրիտ ասել, թե որքան ճամփա է նա կտրել Սան Ֆրանցիսկոյից մինչև Նյու Յորք: Կարող է պատահել, որ դա սոսկ պարապ զրույց է, և եթե մենք նույնպես տրամադրվել ենք խոսքուզրույցի, ապա ես կամենում եմ դա անել իմ եղանակով:   

       

Երբ ես ասացի, որ ես ստիպված եղա Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք գնալ, դուք կարող էիք պատկերացնել, որ ինձ ուղարկել էին ինչ-որ կարևոր հանձնարարությամբ: Ամենևին էլ ոչ: Ես նույնիսկ ավտոբուսի փող չունեի, իսկ տոմսն այն օրերին երեսունութ դոլար արժեր, բայց հորս փոքր եղբայր Միհրանն ինձ այդ գումարը պարտքով տվեց: Ճիշտն ասած, նա ինձ երկու հարյուր դոլար տվեց, բայց ավտոբուսի կանգառում ինչ-որ բան խառնել էին և ճամպրուկս Նյու Յորքի փոխարեն ուղարկել էին Նոր Օռլեան, իսկ ճամպրուկիս մեջ այն սվիտերն էր, որի մեջ Լյուսի տատս կարել էր ամբողջ կանխիկ գումարս:

 

Կանզասում ավտոբուսը ջրափոսն ընկավ ու կողքի վրա թեքվեց, մի տեղ էլ խոզի վրայով անցավ, իսկ մի այլ տեղ էլ աղյուսներով բարձած սայլակի բախվեց, և ամեն անգամ մենք երկար լռվում էինք: Ուղևորներն ավտոբուսից դուրս էին գալիս, դեպի ավտոբուսն էին փութում ավարաները: Մարդիկ ծանոթանում էին, հասցեներ էին փոխանակում, իրադարձությունն ասես հավերժորեն մտերմացրել էր նրանց, և պահի վեհությունը գիտակցելով, նրանք համարյա թե աղոթում էին միմյանց համար: Ես ժամանակ առ ժամանակ շտապեցնում էի վարորդին. «Դե, դե Մաքս, բա ե՞րբ ենք Նյու Յորք հասնելու»: Իսկ նա էլ հավատացնում էր, թե շուտով, որ ոչ մի տեղ չի կորչի այդ Նյու Յորքը: Իսկ ես էլ բավական շուտ հասկացա, թե ինչ տխմարություն եմ արել, թողնելով օջախս ու մորս պատրաստած ուտեստները:

 

Իսկ երբ մենք Նյու Յորք հասանք, ավտոբուսը մեզ մոտեցրեց հինգերորդ ավենյուի վրա գտնվող «Ուլդորֆ Աստորիա-հոթելի» մոտի կանգառին` մի քանի տարի անց հոթելը պիտի քանդեին՝ տեղ ազատելով «Էմփայր սթեյթ-բիլդինգի» համար: Այդ երկնաքերով բարձրանալիս, մենք զգում էինք, թե ինչպես է մեր շուրջ ընկրկում տարածությունը: Բայց մենք մի այլ բան էլ էինք զգում` բարձրացիր դե թեկուզ ամենաբարձր տեղը, վերևում դեռևս ուզածիդ չափ ազատ տեղ է մնում: Եվ ես միշտ բավարարվում էի պարզապես վեր նայելով: Ես երբեք չեմ նախանձել թռչուններին, ինձ անբախտ չեմ զգացել այն բանի համար, որ ինձ տրված չէ ձեռքերս թափահարել և երկինք խոյանալ: Ես մեծ հաճույքով քայլում էի երկրով, իսկ ավելի ճիշտ, մայթով, որովհետև Նյու Յորքում այլ տեղ չեն քայլում:

 

Անցավ մի քանի օր, և ես քսան տարեկան դարձա: Ես ինձ խաբված ու շվարած էի զգում, և ի հավելումն դրա՝ բացարձակապես անփող էի, քանի որ ճամպրուկս դեռ չէին գտել: Միայն երկու շաբաթ հետո ես պարզեցի, որ այն սխալմամբ Նոր Օռլեան են ուղարկել: Այդ ընթացքում ես հասցրի ճանաչել Նյու Յորքը, նրա շատ ու շատ տեղաբնակներից լավ: Ես շատ տեղեր իմացա, ուր պետք չէր մուտքի համար վճարել, և ամենից առաջ Հինգերորդ ավենյուի և 42-րդ փողոցի անկյունի վրա գտնվող գրադարանը, որը ինձ համար փոխարինեց հարազատ տունը: Նյու Յորք ժամանելուս երկրորդ օրը ես Փոստի և հեռագրի ընկերությունում աշխատանքի ընդունվեցի, որը հետագայում կուլ գնաց Արևմտյան միացյալ հեռագրային ընկերությանը: Ամեն առավոտ ժամը վեցին ես բացում էի Ուորեն Սթրիթի վրա գտնվող իմ շրջանային գրասենյակը, ժամը երեքին ազատ էի, և սկսում էի ճամփորդել, եթե կարելի է այդպես արտահայտվել, Նյու Յորք քաղաքով մեկ: Ես այն ոտնատակ էի տալիս, չափում էի անցուղիներով ու էսկադաներով, ավտոբուսներով և տրամվայներով (հետո տրամվայի գծերը հանեցին, վերացրին նաև էսկադան):

 

Ինչո՞ւ ես եկա Նյու Յորք:

Որովհետև ես ներգաղթյալ էի, իսկ բոլոր գաղթականները գնում են Նյու Յորք, հայրս Նյու Յորք էր գնացել, ինչո՞ւ ես պետք է բացառություն կազմեմ: Եվ մեկ էլ ես գնում էի այնտեղ, որպեսզի գտնեմ իմ ոճը: Ավտոբուսային ոդիսականն ինձ զգացնել տվեց երկրի թափը, Նյու Յորքը զգացնել տվեց մեծ քաղաքի թափը, նրա քաղաքացիների կյանքը: Ճիշտ նույնպիսի կյանք էր, ինչ որ և Ֆրեզնոյում, միայն թե Նյու Յորքում նոյեմբերին հանկարծ ձյուն տեղաց:

 

Ես մեր ցրիչ Փիթեր Բոֆրերին ասացի.

-Ա՜յ սա ոճ է, Փիթ, իսկական ոճ, այս ձյունը` ամենակատարյալ ոճն է, ես նմանատիպ բան չեմ տեսել, և եթե ես երբևէ սովորեմ գրել այնպես, ինչպես այս ձյունն է տեղում, ապա ես կհասնեմ թե փառքի, թե հարստության:

 

-Դու այդ մասին լռիր, - նկատեց Փիթեր Բոֆրերը,- թե չէ քեզ կենտրոնական հոգեբուժարան կխցկեն:

 

Փիթեր Բոֆրերը կենտրոնական հոգեբուժարանում մեկ ու կես տարի էր անցկացրել, ինչ-որ տխմարների հավաքածու նրան գիժ էր ճանաչել: Փիթերն ինձ էլ էր գիժ համարում, բայց չէր ուզում, որ ես կենտրոնական հոգեբուժարան ընկնեմ, և այդ պատճառով անընդհատ շշնջում էր, թե ինչպես դրանից խուսափել: Ես սիրում էի զրուցել նրա հետ, որովհետև նա ոչ մի անհեթեթություն չէր տեսնում այն բանում, որ ես ինձ գրող էի համարում: Նա լոկ մի բանի համար էր տագնապում, որ ինձ խելագար չճանաչեն:

 

Առավոտյան գրասենյակ գալով, նա ժպտալով հայտարարում էր.

 

-Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ճիշտ չէ՞: Երկուսիս մոտ էլ ամեն ինչ կարգին է, այդպես չէ՞: Թող ինչ ուզում է դուրս տան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, և կենտրոնական հոգեբուժարանում մենք անելիք չունենք, ճիշտ չէ՞:

 

Մենք լավ մտերմացանք: Ես ուզում էի գրել: Փիթն ուզում էր գժանոցից հեռու մնալ:

 

Ամեն օր Նյու Յորքը ոտնատակ տալով, ես գնում էի հանրային գրադարան, պատվիրում էի մի վեց-յոթ մտովի ընտրյալ գրքեր, և նստում ու հերթով կարդում էի դրանք: Եթե գրադարանում հավաքված գրքերի հեղինակները տիրապետել են գրողական գաղտնիքներին, ապա դրանց պիտի տիրապետեմ և ես:

 

Առաջին իսկ աշխատածս փողերով ես մի փոքրիկ գրամեքենա գնեցի և գրեցի «Կապիկների ինտելեկտը» էսսեն` ինքս իմ մասին, իսկ ավելի ճիշտ, Փիթեր Բոֆրերի և իմ մասին: Իսկ եթե անկեղծ խոսենք, ապա Նյու Յորքի բոլոր բնակիչների մասին: Բավական հետաքրքրական բան ստացվեց, թեպետ դա ստուգելն անհնար է, քանի որ «Բրուքլինցի» ամսագիրը, ուր ես այն ուղարկել էի, նույնիսկ չմտածեց էլ այն վերադարձնել: Ահա ձեզ և մի գլուխգործոց, որ կորավ Մոռացության գետում:

 

Դուք քսան տարեկան եք, տնից երեք հազար երեք հարյուր երեսուներեք մղոն հեռու, դուք գրող եք, որ ոչ փառքի է հասել և ոչ էլ փող ունի, և անընդհատ ձյուն է տեղում, և վեց միլիոնանոց ժողովրդին մայթերի վրա ձյունը կեղտակոլոլ էր անում, երազելով մի գավաթ սուրճի մասին, այդ պահին ինչպե՞ս կանգ չառնես ու չմտածես: Եվ դուք մտածում եք. «Եթե այսպես շարունակվի, ես երբեք ոչ փառք կտեսնեմ, ոչ էլ հարստություն: Ես քսան տարեկան եմ: Ես արդեն երեք ու կես ամիս Նյու Յորքում եմ, և որպես գրող՝ դեռ փառքի չեմ հասել: Մի երկու շաբաթից վրա կհասնի 1929-ը թիվը, և ի՞նչ օգուտ դրանից, եթե ես բացարձակ զրո եմ»:

 

Ահա այդպես ես կանգ առնում և մտածում էի, տասը-տասնհինգ րոպեն մեկ, փառքի և հարստության մասին: Եվ դրա հետ մեկտեղ՝ մոռացել էի իմ 43-րդ փողոցի վրա գտնվող նոր սենյակի գազայրիչը փակել: Այսինքն՝ փակելը փակել էի, բայց սխալ, որովհետև նախկինում գազայրիչների հետ գործ չէի ունեցել: Ես կրակը մարեցի, իսկ պտուտակը նախկին դիրքին բերեցի: Եվ պառկեցի քնելու: Արթնացա սարսափելի հոտից: Գազի հոտ էր փչում: Ես այն է` ծխախոտն էի ձեռքս առնում, բայց ժամանակին մտափոխվեցի: Ելա միջանցք, որպեսզի տանտիրուհուն գտնեմ` թող սովորեցնի, ինչպես դրա հետ վարվել: Տանտիրուհին փակեց գազը, ես հագնվեցի, գնացի Ուորեն-սթրիթի վրայի իմ գրասենյակը և պառկեցի սեղանի վրա` քունս առնելու: Ես դեռ քնած էի, երբ ժամը վեցին հայտնվեց Փիթեր Բոֆրերը: Նա թմբկահարեց պատուհանը, ես դուռը բացեցի, ու նա ասաց.

 

-Եթե ինձ հարցնեն, արդյո՞ք դու քնել ես սեղանի վրա, ես կասեմ, որ գիժն իրենք են:

 

Նա շշուկով էր խոսում և շուրջբոլորն էր աչք ածում, որպեսզի ոչ ոք ականջ չդնի:

 

-Այն, որ դու սեղանի վրա էիր քնել, դեռ չի նշանակում, որ դու գիժ ես, բայց, եթե որևէ մեկը հարցնի, մենք երկուսս էլ կասենք, որ դու տանն ես քնել, քո անկողնում: Իսկ դու, մեր մեջ ասած, ինչո՞ւ էիր սեղանի վրա քնել:

 

Ես նրան պատմեցի գազայրիչի մասին: Ընդ որում, 1928 թվականն էր, և այնպիսի սենյակներ, ինչպիսին իմն էր, Նյու Յորքում մատների վրա կարելի էր հաշվել` ամենուր արդեն էլեկտրականություն կար:

 

-Ոչ մեկին մի պատմիր,- շշնջում էր Փիթը: -Իմ առիթով անհոգ կաց: Ես ոչ մեկին չեմ պատմի: Թող միայն փորձեն մեզ կենտրոնական հոգեբուժարան խցկել:

 

Մեզ, իհարկե, ոչ մի տեղ էլ չխցկեցին: Ես ու Փիթն աշխատում էինք ընդհանուր ֆոնի վրա չզանազանվել: 1928 թվականին Նյու Յորքում ապշեցուցիչ մարդիկ էին հայտնվում: Ես, օրինակ, Փիթեր Բոֆրերը… Դե, վեց միլիոնից յուրաքանչյուրը, ում ուզում եք վերցրեք: Խնդիրն այն էր, որ գտնեիր նրանց և քեզնից գլուխ հանեիր:

 

Ի դեպ, մի գաղտնիք ես այդպես էլ չլուծեցի` ձյան ոճը:

 

Ես գրում էի անգլերեն հայ մշակների լեզվով: Գեշ էր ստացվում, բայց ես համառ էի, և, ի վերջո, հրատարակիչները, հուսահատվելով, հանձնվեցին և կամաց-կամաց սկսեցին տպագրել իմ գրածները:

 

 

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

Դիտումներ: 255

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։