Սա Տիբեթն է
Անսիրտ մարդիկ չեն հասկանում, որ ես այդքան հոգատարությամբ եւ խոնարհությամբ նվիրված եմ մի զբաղմունքի, որը նրանք ինձ արժանի չեն համարում: Այդ գործը գուցե չի համապատասխանում իմ կրթական մակարդակին, ոչ էլ այն եղել է օրորոցում երգած իմ բազմաթիվ երգերից որեւէ մեկի թեման, բայց ես հաճույքով եմ զբաղվում դրանով, եւ այն ինձ ապրուստով է ապահովում. ես մարդկանց ասում եմ, թե որտեղ են նրանք: Իմ սերնդակիցներին, որոնք երեկոյան իրենց հայրենի կայարանում նստում են գնացքներ, որոնք նրանց հասցնում են հեռավոր շրջաններ, ապա գիշերն արթնանում են մեր կայարանում` շփոթված նայելով խավարին եւ չիմանալով, թե արդյոք շրջանցել են իրենց նպատակակետը, թե դեռ մոտենում են դրան կամ գուցե հասել են իրենց ցանկալի կետին (քանի որ մեր քաղաքը բազմաթիվ տեսարժան վայրեր ունի եւ գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների), տեղեկացնում եմ, թե որտեղ են իրենք: Հենց ժամանում է գնացքը, ես միացնում եմ բարձրախոսը, շոգեքարշի անիվները դադարում են պտտվել, եւ ես դողալով խոսում եմ գիշերվա ընթացքում. «Սա Տիբեթն է, դուք Տիբեթում եք: Տիբուրտիուսի դամբարանն այցելել ցանկացող զբոսաշրջիկները պետք է իջնեն այստեղ»: Հետո կանգառներից արձագանքը վերադառնում է իմ խցիկ. մթության մեջ լսվում է մի մռայլ ձայն, որը կասկածելի է թվում, չնայած ասում է ակնհայտ ճշմարտությունը:
Այնուհետեւ ոմանք ճամպրուկներով շտապում են դեպի աղոտ լուսավորված կառամատույց, քանի որ իրենց նպատակակետը Տիբեթն էր. ես տեսնում եմ, թե նրանք ինչպես են իջնում աստիճաններով, կրկին հայտնվում առաջին կանգառում եւ իրենց տոմսերը հանձնում արգելապատնեշի մոտ կանգնած քնկոտ պաշտոնյային: Հազվադեպ է պատահում, որ գիշերը գալիս են գործարար հակումներ ունեցող մարդիկ, ճանապարհորդներ, որոնք մտադիր են Տիբեթի կապարի հանքերում բավարարել իրենց ընկերությունների կարիքները: Զբոսաշրջիկներին ավելի շատ գրավում է Տիբուրտիուսի` հռոմեացի երիտասարդի դամբարանը, որը 1800 տարի առաջ ինքնասպան է եղել տիբեթցի գեղեցկուհու պատճառով: «Նա դեռ պատանի էր»,- գրված է նրա տապանաքարին, որով կարելի էր հիանալ մեր հայրենական թանգարանում, «բայց սերը նրան հաղթեց»: Նա այստեղ էր եկել Հռոմից` իր հոր համար արճիճ գնելու, որը բանակի մատակարարն էր:
Իհարկե, ես պարտավոր չէի հինգ համալսարան ավարտել եւ դոկտորի երկու կոչման արժանանալ, որպեսզի գիշերը մթության մեջ ասեի. «Սա Տիբեթն է: Դուք Տիբեթում եք»: Եվ, այնուհանդերձ, իմ աշխատանքն ինձ գոհացնում է: Ես իմ խոսքն ասում եմ ցածրաձայն, որպեսզի քնածները չարթնանան, իսկ արթուններն այն բաց չթողնեն, դյութիչ ձայնով եմ խոսում, որպեսզի նիրհողները խորհեն եւ մտածեն, թե արդյոք Տիբեթ հասնելն իրենց նպատակը չէր:
Առավոտյան, երբ ուշ եմ արթնանում եւ նայում պատուհանից դուրս, տեսնում եմ գիշերն իմ ձայնով հրապուրված զբոսաշրջիկներին, որոնք թափառում են մեր փոքրիկ քաղաքում`զինված այն գրքույկներով, որոնք մեր տուրիստական գրասենյակը շռայլ տարածում է ամբողջ աշխարհով մեկ: Նախաճաշին նրանք արդեն կարդացել էին, որ Տիբեթը (լատիներեն` Tiburtinum) դարերի ընթացքում քայքայվել է եւ ստացել ներկա տեսքը, եւ հիմա նրանք գնում են հայրենական պատմության թանգարան, որտեղ հիանում են 1800 տարի առաջ հռոմեացի Վերթերի համար կանգնեցված տապանաքարով: Կարմրավուն ավազաքարին փորագրված է մի պատանու դիմանկար, որն ապարդյուն ձեռքերը պարզում է մի աղջկա ուղղությամբ: «Նա դեռ պատանի էր, բայց սերը հաղթեց նրան»: Նրա երիտասարդ տարիքի մասին են վկայում նաեւ գերեզմանում հայտնաբերված առարկաները` փղոսկրի գույնի գործվածքից պատրաստված արձանիկներ, երկու փիղ, ձի եւ մեկ գամփռ, որոնք, ինչպես պնդում է Բրուսլերն իր «Տիբուրտիուսի գերեզմանի մասին տեսություն» -ում, ինչ-որ կերպ ծառայել են շախմատային խաղին: Սակայն ես կասկածում եմ այս տեսությանը. վստահ եմ, որ Տիբուրտիուսը պարզապես խաղում էր այս իրերով: Փղոսկրե փոքրիկ իրերն այնպիսին են, ինչպես որ մենք ստանում ենք որպես նվեր, երբ գնում ենք կես ֆունտ մարգարին. դրանք ծառայում էին նույն նպատակին, երեխաները խաղում էին դրանցով:
Թերեւս պարտավորված կլինեի այստեղ հիշատակել մեր հայրենական գրող Ֆոլկեր Ֆոլկերսենի հիանալի ստեղծագործությունը, վեպը`«Տիբուրտիուս. հռոմեական ճակատագիր, որն ավարտվեց մեր քաղաքում» վերնագրով: Այնուամենայնիվ, ես Ֆոլկերսենի գործը համարում եմ մոլորեցնող, քանի որ այն բխում է խաղալիքի նպատակի մասին Բրուսլերի տեսությունից: Այստեղ ես պետք է վերջապես խոստովանեմ. ունեմ Տիբուրտիուսի դամբարանում գտնվող բնօրինակ արձանիկները: Ես դրանք գողացել եմ թանգարանից եւ փոխարինել նրանցով, որոնք անվճար նվեր եմ ստանում կես ֆունտ մարգարին գնելիս: Երկու փիղ, մեկ ձի եւ մեկ գամփռ. նրանք սպիտակ են, ինչպես Տիբուրտիուսի կենդանիները, ունեն նույն չափսը, նույն քաշը, եւ ինչն ինձ համար ամենակարեւորն է, ծառայում են նույն նպատակին:
Աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ են գալիս` հիանալու Տիբուրտիուսի դամբարանով եւ նրա խաղալիքով: Անգլոսաքսոնական աշխարհի սպասասրահներնում կախված են պաստառներ`«Եկեք Տիբեթ» կոչով, եւ երբ գիշերը ես հայտարարում եմ. «Ահա’ Տիբեթը: Դուք Տիբեթում եք: Զբոսաշրջիկները, որոնք ցանկանում են այցելել Տիբուրտիուսի դամբարանը, պետք է իջնեն այստեղ…», այդ ժամանակ գնացքներից դուրս են նետվում մեր այն սերնդակիցները, որոնք իրենց հայրենական կայարաններում տրվել են մեր պաստառի գայթակղությանը: Անշուշտ, նրանք տեսնում են ավազաքարե սալիկը, որի պատմական իսկությունը կասկածից վեր է: Դուք տեսնում եք մի հռոմեացի երիտասարդի հուզիչ դիմանկարը, որը սիրով տարված, խեղդվեց կապարի հանքահորում: Եվ այնժամ զբոսաշրջիկների աչքերը սահում են կենդանիների վրայով` երկու փիղ, մեկ ձի եւ մեկ գամփռ. հենց նրանց միջոցով կարելի էր ուսանել աշխարհի իմաստությունը, բայց նրանք դա չեն անում: Տեղացի եւ օտարեկրացի հուզված կանայք վարդերի փունջ են դնում այդ տղայի գերեզմանին, գրվում են բանաստեղծություններ. նույնիսկ իմ կենդանիները` ձին եւ գամփռը (ես ստիպված էի երկու ֆունտ մարգարին օգտագործել դրանք ձեռք բերելու համար) արդեն դարձել են քնարական զեղումների թեմա: «Խաղի թեստ. ինչպես ենք խաղում գամփռով եւ ձիով…». ոչ անհայտ բանաստեղծի բանաստեղծությունից հնչում է այս տողը: Իսկ ահա այստեղ, կարմիր թավշի վրա, հաստ ապակու տակ, հայրենական պատմության թանգարանում տեսնում ենք անվճար նվեր «Klüsshenners Eigelb-Margarine» ընկերությունից. դա մարգարինի օգտագործման իմ ապացույցն է: Հաճախ, նախքան կեսօրվա հերթափոխին գնալը, մեկ րոպե ես անց եմ կացնում հայրենական պատմության թանգարան այցելելով եւ դրանք դիտելով. նրանք բնական տեսք ունեն, դեղնավուն են եւ չեն տարբերվում իմ դարակում դրվածներից, քանի որ բնօրինակները նետել եմ «Klüsshenners Margarine»-ն գնելիս ձեռք բերածների հետ եւ ապարդյուն փորձում եմ դրանք նորից գտնել:
Մտածկոտ գնում եմ աշխատանքի, գլխարկս կախում եմ կեռիկից, հանում եմ պիջակս, հացս դնում եմ դարակում, պատրաստում եմ սիգարետի թղթերս, ծխամորճը, թերթը, եւ երբ գալիս է գնացքը, ասում եմ այն ասույթը, որը պարտավոր եմ արտաբերել: «Սա Տիբեթն է: Դուք Տիբեթում եք: Տիբուրտիուսի դամբարանն այցելել ցանկացող զբոսաշրջիկները պետք է իջնեն այստեղ…»: Ես դա ասում եմ մեղմորեն, որպեսզի քնածները չարթնանան, արթունները չլսեն ինձ, ձայնիս մեջ շատ թախանձանք եմ ավելացնում, որպեսզի քնածները խորհեն, թե արդյոք Տիբեթն իրենց նպատակակետը չէր:
Եվ ես չեմ հասկանում, թե ինչու են այս զբաղմունքն ինձ անարժան համարում…
1953
1. Սուրբ Տիբուրտիուսը 3-րդ դարի քրիստոնյա նահատակ եւ սուրբ է, որն առավել հայտնի է Սուրբ Կեցիլիայի (Սուրբ Սեսիլիա) եւ նրա եղբոր` Վալերիանի (Valerian) հետ կապված ավանդություններով: Նա հռոմեացի ազնվական էր, որը քրիստոնյա էր դարձել, հրաժարվել էր զոհաբերել հեթանոսական աստվածներին եւ նահատակվել էր (հնարավոր է`ապրիլի 14-ին կամ օգոստոսի 11-ին):
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
Դիտումներ: 144
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։