Ռազմիկ Դավոյանը Լոնդոնի Southbank Centre մշակութային կենտրոնի Պոեզիայի ազգային գրադարանում
Դեկտեմբերի 2-ին Լոնդոնի «Southbank Centre» մշակութային կենտրոնի Պոեզիայի ազգային գրադարանում (National Poetry Library) տեղի կունենա «Special Edition: A Razmik Davoyan Celebration» խորագրով գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին։
Առաջին հայացքից սա կարող է հերթական գրական միջոցառման հայտարարություն թվալ, սակայն իրականում հայ գրականության միջազգային ներկայության տեսանկյունից այն կարևոր իրադարձություն է։
«Southbank Centre»-ը Եվրոպայի ամենամեծ արվեստի կենտրոնն է, Լոնդոնի մշակութային կյանքի առանցքային հաստատություններից մեկը։ Ավելի քան 44 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս համալիրը գտնվում է Թեմզա գետի հարավային ափին (South Bank)։ Այն տարեկան ընդունում է շուրջ չորս միլիոն այցելու և իրականացնում ավելի քան չորս հազար բազմաբնույթ մշակութային ծրագիր՝ համերգներ, փառատոներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ և այլն։
Այս ընդարձակ համալիրի կենտրոնական կառույցներից է հանրահայտ «Royal Festival Hall» համերգասրահը, որը համաշխարհային կատարողական արվեստի նշանավոր հարթակներից է։ Տարիների ընթացքում այստեղ հանդես են եկել և շարունակում են հանդես գալ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ ու արվեստագետներ՝ Մարիա Կալլասից, Իգոր Ստրավինսկուց և Արամ Խաչատրյանից մինչև Ֆրենկ Սինատրա, Ռեյ Չարլզ, Դեյվիդ Բոուի և շատ ուրիշներ։ «Royal Festival Hall»-ը նաև Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Ֆիլհարմոնիա» նվագախմբի հիմնական համերգային հարթակն է։
Այս համալիրի կարևոր բաղադրիչներից է Պոեզիայի ազգային գրադարանը, որն առանձնահատուկ տեղ ունի ոչ միայն բրիտանական, այլև միջազգային գրական կյանքում։ 1953 թվականին Արվեստի խորհրդի (Arts Council) նախաձեռնությամբ հիմնադրված գրադարանի հավաքածուն այսօր ընդգրկում է ավելի քան երկու հարյուր հազար միավոր նյութ՝ բանաստեղծական ժողովածուներ, պարբերականներ, ձայնագրություններ և այլ արխիվային նյութեր։ Սա աշխարհում այսօր գոյություն ունեցող ժամանակակից պոեզիայի ամենամեծ հանրային հավաքածուն է։
Առհասարակ գրադարանի միջոցառումները հաճախ նվիրվում են մի քանի բանաստեղծների կամ ընդգրկում տարբեր հեղինակների ստեղծագործություններ, մինչդեռ Ռազմիկ Դավոյանին մեկ ամբողջ երեկո է նվիրվել, ինչը հայ գրողի նկատմամբ հարգանքի և գնահատանքի արտահայտություն է և կարևոր հնարավորություն՝ նրա ստեղծագործությունները ավելի ընդգրկուն ներկայացնելու համար։
Այսպիսով, բանաստեղծի անունն ու ստեղծագործությունը ներկայացված են նաև «Southbank Centre»-ի պաշտոնական տեղեկատվական հարթակներում՝ որպես կենտրոնի գրական ծրագրի ամբողջական միավոր։
Անշուշտ, այս իրադարձությունը մեկ օրվա կամ մեկ նախաձեռնության արդյունք չէ։ Այն տասնամյակների աշխատանքի շարունակությունն է։ Ռազմիկ Դավոյանը ճանաչելի է դարձել և սիրվել է բրիտանական գրական շրջանակներում, քանի որ տարիներ շարունակ նրա ստեղծագործությունները ներկայացվել են Միացյալ Թագավորությունում՝ առանձին հրատարակությունների, գրական ընթերցումների, անթոլոգիաների, հարցազրույցների և այլ մշակութային նախաձեռնությունների միջոցով։

Դավոյանի ստեղծագործություններին անդրադարձել են բազմաթիվ օտարազգի գրողներ, բանաստեղծներ և գրականագետներ։ Նրանց թվում՝ ռուս գրականագետներ և գրողներ Ալեքսանդր Դիմշիցը, Յոսիֆ Գրինբերգը, Վադիմ Կոժինովը, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Եկատերինա Երմակովան, չեխ գրականագետներ Կամիլ Խրոբակը և Լադիսլավ Կրեհլան, լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը, բրիտանացի գրողներ Ուիլյամ Հերբերտը, Իան Փոփլը, Փոլ Մակդոնալդը, դանիացի գրող Թաբիշ Խայրը և ուրիշներ։
Դեռ նախորդ դարի յոթանասունականների սկզբից Դավոյանը լայնորեն թարգմանվել և հրատարակվել է Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում։
Ունի Մոսկվայում հրատարակված 4 ժողովածու, որոնցից առաջինը՝ «Ձմռան փաթիլ-գարնան ծաղիկ» (Зимняя снежинка - весенний цветок) մանկական գիրքը հրատարակվել է 1979 թվականին՝ 450,000 օրինակով և ամբողջությամբ սպառվել երկու շաբաթվա ընթացքում, իսկ ծավալով, թե՛ թարգմանիչների թվով ամենաընդգրկունը, 1988 թվականին հրատարակված «Ոսկե ցանց» (Золотая сеть) ժողովածուն է, որի առաջաբանի հեղինակը Ռոբերտ Ռոժդեստվենսկին է։
1980-ականներին Ռազմիկ Դավոյանի պոեզիայի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են դրսևորել չեխ հրատարակիչները։ 1982-ին, Պրահայում հրատարակվող «Համաշխարհային Գրականություն» (Světová literatura) հանդեսում հրատարակվել են՝ «Ռեքվիեմ»-ից 7 ամբողջական հատվածներ՝ Լյուդեկ Կուբիշտայի և Վասլավ Չերնիի թարգմանությամբ, և մի ծավալուն հոդված՝ Կամիլ Խրոբակի հեղինակությամբ, իսկ 1986-ին, չեխական «Օդեոն» հրատարակչատունը հրատարակել է համաշխարհային գրականության ծավալուն անթոլոգիա (Almanach světové literatury), որտեղ Մարկեսի, Ափդայքի, Մոնտալեի, Մորավիայի, Մեժելայտիսի և ուրիշների կողքին, մեր տարածաշրջանից ներկայացված միակ հեղինակը Ռազմիկ Դավոյանն է։ 1989 թ․, նույն «Օդեոն» հրատարակչությունը հրատարակել է Ռազմիկ Դավոյանի «Մագաղաթե լեռներ» (Pergamenová hora) խորագրով բանաստեղծությունների ժողովածուն՝ Լադիսլավ Կրեհլայի առաջաբանով։
2010 թ․ Միացյալ Թագավորությունում «Arc Publications» հրատարակչատունը, «Երևելի բանաստեղծներ» մատենաշարով, Արմինե Թամրազյանի թարգմանությամբ և Ուիլիամ Հերբերտի առաջաբանով հրատարակեց Դավոյանի առաջին ժողովածուն՝ «Հանդերի շշուկներն ու հևքը» (Whispers and Breath of the Meadows)։
2016-ին նույն հրատարակչատանը լույս տեսած «Ռեքվիեմ»-ը, դարձյալ Արմինե Թամրազիանի թարգմանությամբ, առայժմ միակ օտարալեզու հատորն է, որն ամբողջությամբ նվիրված է պոեմին։
Միջազգային գրական խոշոր իրադարձություն էր նաև 2012-ին Լոնդոնում «Poetry Parnassus» (Բանաստեղծական Պառնաս) փառատոնին Դավոյանի մասնակցությունը, որի ընթացքում նա ելույթ ունեցավ երկու նոբելյան մրցանակակիր բանաստեղծների՝ Վոլե Սոյինկայի և Շեյմուս Հինիի կողքին։ Այդ առիթով Բրիտանական «The Times» օրաթերթը 2012 թվականի հունիսի 16-ի համարում հրատարակեց Ռազմիկ Դավոյանի հարցազրույցը և «Եսենին» բանաստեղծությունը։
Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ «Arc Publications» հրատարակչության կայքէջում տեղադրված հիշատակի խոսքերից այս հատվածը լավագույնս է ներկայացնում օտարների կողմից բանաստեղծ Դավոյանի ընկալումը․
«…Ռազմիկի պոեզիայի միջոցով մենք շփվեցինք մի մշակույթի հետ, որն այնքան տարբեր է մերից, ծանոթացանք մի պատմության հետ, որի մասին դեռևս հազվադեպ է խոսվում Հայաստանից դուրս։ Ռազմիկի պոեզիան մոնումենտալ է (ասես հյուսված լինի Հայաստանի ժայռերից, ինչպես նրա բազմաթիվ հնամյա եկեղեցիները), բայց միևնույն ժամանակ անձնական է ու մտերիմ, ուղիղ է ու միաժամանակ խորհրդավոր և արձագանքում է մի ինքնատիպ հայկական ձայնով։ Նրա «Ռեքվիեմ»-ը ինչ-որ չափով պատասխան/մտորում է 1915 թ. Հայոց ցեղասպանության շուրջ, բայց շատ հեռու է դառնությունից ու բողոքից։ Փոխարենը այստեղ կա մեծ իմաստություն և հույս ապագայի նկատմամբ...»։
Դեկտեմբերի 2-ի երեկոյի ընթացքում Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունները կներկայացնի Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյան-Դավոյանը, իսկ դրանց անգլերեն թարգմանությունները կընթերցի բրիտանացի դերասանուհի և բեմադրիչ Սեդա Ուայթը։ Երեկոյի ընթացքում կցուցադրվեն նաև կոմպոզիտոր և երաժիշտ Վահան Արծրունու՝ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծած երաժշտական շարքից կատարումների տեսագրություններ։
Երբ հայ բանաստեղծի ստեղծագործությունը հանդիպում է օտարալեզու հանդիսատեսին այնպիսի հեղինակավոր մշակութային հաստատությունում, ինչպիսին Լոնդոնի «Southbank Centre»-ի Պոեզիայի ազգային գրադարանն է, այդ հանդիպումը ձեռք է բերում նաև խորհրդանշական նշանակություն։
Ռազմիկ Դավոյանին նվիրված այս երեկոն ոչ միայն նրա ստեղծագործական ժառանգությունը ներկայացնելու, այլև հայ գրականությունը միջազգային մշակութային երկխոսության մեջ տեսանելի դարձնելու կարևոր հնարավորություն է։ Այն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ռազմիկ Դավոյանը համաշխարհային գրականության հետ երկխոսության լիիրավ մասնակից է։
Արմինե Թամրազյան-Դավոյան
Դիտումներ: 103
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։