«Քեզնից Չիլո դուրս չեկավ, տղա՛ ջան»
Առավոտյան դպրոց գնալուց առաջ պարտադիր պետք է լսեր ռադիոյի «Պիոներական լուսաբաց» հաղորդումը։ Ոչ թե որ շա՜տ հետաքրքիր էր, այլ որովհետև այդ հաղորդումը վարողներից մեկը Ռուզանն էր: Նրա հետ ծանոթացել էր ամռանը Ղրիմի «Արտեկ» պիոներական ճամբարում։ Նույն ջոկատում էին, ու ինքը հենց էդտեղ էլ սիրահարվել էր Ռուզանին։ Եվ երբ ռադիոյով առավոտյան հնչում էր նրա ձայնը, պայուսակը ձեռքին քարանում էր ու, ինչքան էլ ծնողները շտապացնեին, մեկ է, չէր շարժվում։
-Մի՛ րոպե, էս էլ լսեմ, հետաքրքիր ա, - ասում էր և շարունակում ըմբոշխնել Ռուզանի ձայնը։
Երկու տարի անց՝ արդեն ութերորդ դասարանում, հայերենի դասին պիտի շարադրություն գրեին` «Տարվա իմ սիրած եղանակը» վերնագրով։ Ուսուցչուհին թեման նախօրոք էր ասել, և ով ոնց կարող էր՝ տանը պատրաստվել էր:
Գրավորները հանձնելուց հետո սկսեցին իրար հարցուփորձ անել.
-Դու հինչ ե՞ս գրել:
-Աշուն:
-Պա դո՞ւ:
-Գարուն:
Մի խոսքով՝ պարզվեց, որ դասարանի կեսը աշուն է գրել, կեսը՝ գարուն, և միայն ինքը՝ ամառ…
-Ըը՜,- ասացին դասընկերներն ու մանավանդ դասընկերուհիները, - ա՜, ամառվա մասին իբր թե հի՞նչ կա, է՜, գրելու, որ գրել ես…
Իրենք ճիշտ էին. գարունը և աշունը հեշտ էր նկարագրել. «Ծառերը ծաղկում են, առվակները քչքչում են, չվող թռչունները վերադառնում են։ Կոլտնտեսականները դաշտ ու այգի են դուրս եկել՝ գարնանային աշխատանքների։ Մանուկների սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գարնան մասին գրել է…» (գարուն):
«Այգիներում բերքն է հասունացել, առվակները քչքչում են, չվող թռչունները չվում են տաք երկրներ։ Կոլտնտեսականները դաշտ ու այգի են դուրս եկել՝ առատ բերք ու բարիք ամբարելու։ Իմ սիրելի բանաստեղծ Վահան Տերյանը աշնան մասին գրել է…» (աշուն):
Իսկ ինքը գրել էր պատմություն էն մասին, թե ինչպես Ղրիմի «Արտեկ» պիոներական ճամբարում, լողափին, ամառային շոգ օրով սիրահարվեց Ռուզանին…
Իհարկե, գլուխգործոց չէր, բայց օրիգինալ էր, չկային շաբլոն նկարագրություններ, առվակների քչքչոցներ ու ծիտիկների ծլվլոցներ… Անգամ ծովի ալիքների խայտանքն ու էլի նման ջրիկ նկարագրություններ չկային: Մի խոսքով, պատանու անկեղծ պատմվածք էր՝ առաջին սիրահարության մասին։ Սիրահարություն աղջկան ու ամռանը…
Հաջորդ դասին ուսուցչուհին հայտարարեց գնահատականները։
Ինքը չորս էր ստացել…
Ընդ որում՝ ուսուցչուհին իր գրավորը պահել էր ամենավերջում, որ նաև մեկնաբանի.
-Չի՛ կարող 12 տարեկան տղան այդպիսի զգացմունքներ ունենալ, - ասաց ուսուցչուհին ու կարդաց մի երկու տող…
Ծիտիկների ծլվլոցը ճշգրիտ նկարագրած և, բնականաբար, հինգ ստացած դասընկերները երջանիկ էին, բայց նաև ուզում էին կարդալ իր շարադրությունը՝ տեսնեին էդ ի՞նչ զգացմունքների մասին է խոսքը… Մի քանիսին տվեց կարդալու… Մի երկուսը հետո ուզեցին նաև Ռուզանի լուսանկարը տեսնել…
Ինքն ու Ռուզանը «Արտեկից» հետո նամակագրական կապ էին պահպանում։ Է՜հ, էդ թղթով նամակները։ Տեսնես որտե՞ղ են, պահպանվե՞լ են։ Ինչի՞ մասին էին գրում։
Նամակագրությունն ընդհատվեց 10-րդ դասարանի սկզբներին՝ աշնանը։ Դե, պատրաստվում էին ընդունվելու՝ Ռուզանը բանասիրական, ինքը՝ տնտեսագիտական, շեղվելու ժամանակ չէր մնում։ Ընդհատվեց նաև էն պատճառով, որ Ռուզանը վերջին նամակում գրել էր. «Քո գրելու նյութը կարծես ավարտվում է, հա՞...»։ Ինքը մի կարճ պատասխան գրեց՝ վերջում ավելացնելով. «Դու ճիշտ ես, իմ գրելու նյութը ավարտվել է»։
Էս վերջին նամակը փոստարկղ գցելիս էր, որ մտածեց. «Ի՜նչ լավ կլիներ՝ փոշտի յաշիկի վրա մի կնոպկա լիներ՝ սեղմեիր, նամակդ՝ վըըը՜զ, գնար ու հասներ նրան»։ Երեսուն տարի հետո սա կհիշի ու կհասկանա, որ ինտերնետ է երազել դեռ էն տարիներին։
Ուսանող դարձավ, տեղափոխվեց Երևան։ Շատ էր ուզում գոնե մի անգամ զանգել Ռուզանին, ի՞նչ իմանաս, գուցե ստացվի հանդիպել։ Չէր համարձակվում։ Չգիտեր՝ ի՞նչ պիտի խոսի։
Ռուզանենց հասցեն գիտեր։ Դե չորս տարի նամակ էր գրել, ո՞նց չիմանար։ Էդ կողմերում հայտնվելիս անպայման անցնում էր Ռուզանենց նեղլիկ փողոցով, նրանց տան մոտով՝ հույսով, որ իբր պատահաբար կհանդիպեն։ Չհանդիպեցին։
Առաջին կուրսն ավարտելու ժամանակ էր՝ մայիսի վերջին։ Արդեն ինն ամիս Երևանում էր ու մի քիչ համարձակություն էր ձեռք բերել, զանգեց։
Հուզվեց, լարվեց, կարկամեց, աչքերը ջրակալեցին՝ հենց լսեց Ռուզանի ձայնը։ Չգիտեր՝ ի՞նչ ասի։ Մենակ կարողացավ ասել, թե ով է զանգում ու երեք անգամ՝ «Չեք հիշո՞ւմ, չեք հիշո՞ւմ, չեք հիշո՞ւմ»։ Ռուզանը սկզբում զարմացած, ապա ծիծաղելով ասաց՝ «Ո՞նց չեմ հիշում, հիշում եմ, հիշում»։ Զրույցը չէր ստացվում, չգիտեր ինչ ասի։ Պահը փրկեց աղջիկը՝ առաջարկելով հանդիպել։ Պայմանավորվեցին հանդիպել հաջորդ օրը՝ «Առագաստ» սրճարանում։
Անհամբերությունից կես ժամ շուտ էր եկել։ Մի գավաթ սուրճ վերցրեց։ Կողքի սեղանի մոտ նստած ջահել պոետները, որոնց դեմքերը ծանոթ էին «Գարունից», զրուցում էին Սլավիկ Չիլոյանի՝ Չիլոյի[1] մասին, և մեկը նորից պատմում էր Չիլոյի զոհվելու պատմությունը[2]։ Ինքը դա էլի էր լսել։
Չիլոյի «RONDO» բանաստեղծությունը («… ու գնում ենք գլխիկոր, գլխի, գլխի, գլխիկոր») անգիր էր արել, որ ապագա բանասեր Ռուզանին իր արևին զարմացնի։
Դեռ ահագին ժամանակ կար, սուրճը կիսատ թողեց, ելավ, որ վերջապես ուշադիր նայի, թե որտեղից ուր է ընկել Չիլոն ու մահացել։ Մոտեցավ աստիճաններին, որ սրճարանի վերանդայից իջնում էին առաջին հարկ։ Մի քայլ էլ չէր գցել, մեկ էլ ոտքը սայթաքեց, ու էդ ոլորապտույտ աստիճաններով գլորվեց ներքև։ Գլուխն արնոտվել էր, ոտքը սարսափելի ցավում էր։ Մարդիկ խառնվեցին իրար, սրճարանից զանգեցին «Շտապ օգնություն»…
***
Ռուզանը դասից հետո անշտապ քայլում էր դեպի «Առագաստ»։ Հեռվից տեսավ «Շտապ օգնության» հեռացող մեքենան։
«Առագաստը» միշտ լիքն էր լինում, մանավանդ էդ ժամերին տեղ գտնելը դժվար էր։ Բարեբախտաբար, հենց մտավ սրճարան, հավաքարարը մի սեղանին մնացած սուրճի բաժակը վերցրեց, խոնավ լաթը սեղանի վրայով մի քանի անգամ տարավ-բերեց ու ասաց՝ «Ազատ է, աղջի՛կ ջան, նստիր»։
Նստեց՝ հայացքով ուսումնասիրելով մարդաշատ սրճարանը։ Առաջին հարկից բարձրացավ մեկն ու նստելով կողքի սեղանի մոտ՝ ընկերներին ասաց.
-Համարյա բան չէր եղել ջահելին, մի քիչ գլուխն էր քերծվել։ Տարան հիվանդանոց։ Ասա՝ ա՛յ ջահել, ո՞ւր էիր գնում։ Ասա՝ քեզանից Չիլո դուրս կգա՞, որ գնացիր ու ընկար, -սեղանակիցները ծիծաղեցին։
-Ով որ առավոտ իննից նստած ա, սեղանները ազատեք, - գլուխը պատուհանիկից դուրս հանելով գոռաց սրճարանի աշխատակցուհին։
…Ռուզանը նայեց ժամացույցին։ Պայմանավորված ժամից արդեն կես ժամ անցել էր։ «Երևի համարձակությունը չհերիքեց գա», -մտածեց՝ հիշելով երեկվա հեռախոսազրույցը և արտեկյան ընկերոջ հուզված ու կերկերուն ձայնը։
Տեղից ելավ ու քայլեց դեպի Դրամատիկական թատրոնի տոմսարկղ. ընկերուհուն խոստացել էր ծանոթ տոմսավաճառի օգնությամբ «Հերոստրատի»[3] երկու տոմսի ճար անել։
Մեսրոպ Հարությունյան
[1] Բանաստեղծ, թարգմանիչ Սլավիկ Չիլոյանը ընկերական և բոհեմական շրջապատում առավել հայտնի էր Չիլո անունով։
[2] Սլավիկ Չիլոյանը ողբերգաբար մահացել է 1975 թվականին՝ «Առագաստ» սրճարանի երկրորդ հարկից ցած ընկնելու հետևանքով։ Այժմ զոհվելու վայրում տեղադրված է Չիլոյանի հարթաքանդակը։
[3] Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին» տրագիկոմեդիան Երևանի դրամատիկական թատրոնում բեմադրվել է 1976 թվականին և շռնադալից հաջողություն ունեցել։ Բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի, գլխավոր դերում՝ Վլադիմիր Մսրյան։ Ներկայացման տոմս համարյա չէր ճարվում, ու միշտ անշլագ էր։
Դիտումներ: 145
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։