Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
(ամառ, 1918)
Անշուշտ, ճիշտ են նրանք, որոնք պատերազմը համարում են նախնադարյան եւ բնական վիճակ: Քանի որ մարդը կենդանի է, նա ապրում է պայքարի միջոցով, ապրում է ուրիշների հաշվին, վախենում եւ ատում է ուրիշներին: Հետեւաբար, կյանքը պատերազմ է:
«Խաղաղության» սահմանումը շատ ավելի դժվար է: Խաղաղությունը ո’չ դրախտային վիճակ է, ո’չ էլ համաձայնագրով կարգավորվող համակեցության ձեւ: Խաղաղությունը մի բան է, որի մասին մենք չգիտենք, մի բան, որը մենք միայն փնտրում եւ զգում ենք: Խաղաղությունն իդեալ է: Դա անասելի բարդ, փխրուն եւ սպառնալիքով հղի մի բան է. ընդամենը մեկ շունչը բավական է այն ոչնչացնելու համար: Նույնիսկ միմյանցից կախված երկու մարդու` իրական խաղաղության մեջ ապրելն ավելի հազվադեպ հանդիպող երեւույթ է եւ դժվար, քան որեւէ այլ բարոյական կամ մտավոր նվաճում:
Այնուամենայնիվ, խաղաղությունը, որպես մտածողություն ու ցանկություն, որպես նպատակ ու իդեալ, շատ հին է: Հազարամյակներ շարունակ գոյություն է ունեցել հզոր, հիմնարար պատվիրանը`«Մի’ սպանիր»: Փաստը, որ մարդն ընդունակ է նման բառերի, նման հսկայական պահանջների, նրան ավելի շատ է բնութագրում, քան որեւէ այլ հատկանիշ. այն նրան առանձնացնում է կենդանուց, թվում է` բաժանում է նաեւ «բնությունից»:
Երբ մենք լսում ենք այդպիսի հզոր խոսքեր, զգում ենք, որ մարդը կենդանի չէ. նա ամենեւին էլ ծնված եւ ավարտված քարացած էակ չէ, ոչ յուրահատուկ ու միանշանակ մի բան, այլ ինչ-որ մեկը, որն ընթացքում դառնում է փորձ, կանխազգացում, ցատկ եւ ուժեղ ձգտում բնության նոր ձեւերի եւ հնարավորությունների նկատմամբ:
«Մի’ սպանիր» պատվիրանն առաջին անգամ արտասանելիս թվում էր ամենահրեշավոր մասշտաբի պահանջ: Այն գրեթե հոմանիշ էր «Մի’ շնչիր» պահանջին: Այն թվում էր անհնար, խելագար եւ կործանարար: Այնուամենայնիվ, այս պատվիրանը դարեր շարունակ մնացել է անսասան, այսօր էլ նույնքան արժեք ունի, որքան` նախկինում, ստեղծել է օրենքներ, տեսակետներ, բարոյական ուսմունքներ, պտուղ է տվել, ցնցել ու հերկել մարդկային կյանքը, ինչպես այլ սակավաթիվ բառեր:
«Մի’ սպանիր» պատվիրանն ուսանելի «ալտրուիզմի» կոշտ պատվիրան չէ: Ալտրուիզմը բնությունից չի սկզբնավորվում: Եվ «Մի’ սպանիր»-ը չի նշանակում «Մի’ վնասիր ուրիշին»: Այն ասում է. «Դու չպետք է գողանաս ուրիշից, դու չպետք է վնասես ինքդ քեզ»: Մյուս մարդն անծանոթ չէ, հեռավոր, անհայտ կամ մեկուսացված մեկը չէ: Աշխարհում ամեն ինչ, հազարավոր «ուրիշներ» ինձ համար գոյություն ունեն միայն այնքանով, որքանով որ ես տեսնում եմ նրանց, զգում եմ եւ հարաբերվում նրանց հետ: Իմ կյանքը բաղկացած է բացառապես իմ եւ աշխարհի`«ուրիշների» միջեւ եղած հարաբերություններից:
Այն ճանաչելը, զգալը, այս բարդ ճշմարտության փնտրտուքը եղել է մարդկության մինչև օրս անցած ուղին: Լինում էին առաջընթացներ եւ նահանջներ: Ծնվեցին պայծառ գաղափարներ, որոնցից հետո մենք ստեղծեցինք մութ օրենքներ եւ խղճի խոռոչներ: Եղան տարօրինակ բաներ, ինչպիսիք էին, օրինակ, Գնոզիսը եւ Ալքիմիան. դրանք, որոշ մարդկանց կարծիքով, հիմարություն էին, մինչդեռ մարդկության ճանաչողության ճանապարհին բարձրագույն գագաթներն էին: Եվ ալքիմիայից, որը դեպի ամենամաքուր միստիցիզմ եւ «Մի’ սպանիր»-ը կյանքի կոչելու ուղին էր, մենք ժպտացել եւ մտածված կերպով ստեղծել ենք տեխնիկական գիտություն, որը պայթուցիկներ եւ թույներ է արտադրում: Որտե՞ղ է առաջընթացը: Որտե՞ղ է նահանջը: Երկուսն էլ չկան:
Այդ տարիների մեծ պատերազմը ցույց է տալիս նաեւ պատմության երկու կողմերը` հաճախ արտացոլելով առաջընթացը, հաճախ էլ` հետընթացը: Սպանության անմարդկային մասշտաբները եւ դաժան տեխնիկան շատ նման էին նահանջի, իրականում դրանք ծաղր էին առաջընթացի եւ ինտելեկտի ցանկացած փորձի նկատմամբ: Այնուամենայնիվ, պատերազմի հասունացրած որոշ նոր կարիքներ, պատկերացումներ եւ ձգտումներ մենք ընկալում ենք գրեթե որպես առաջընթաց: Մի լրագրող կարծում էր, որ կարող է անտեսել այդ բոլոր հոգեբանական հարցերը` դրանք անվանելով «ներքին աղմուկ», բայց մի՞թե այդ մարդը խաբկանքի մեջ չէր: Մի՞թե նա իր կոպիտ խոսքերով, ի վերջո, չմերժեց հենց այն, ինչը դարաշրջանի ամենակենսունակը, ամենանուրբը, ամենաէականը եւ ներհատուկն էր:
Ամեն դեպքում բացարձակ սխալ էր պատերազմի ժամանակ հաճախ լսվող կարծիքը, որ այս պատերազմն` իր մասշտաբներով եւ հրեշավոր, հսկա մեխանիզմով, ի վիճակի էր ապագա սերունդներին պատերազմով սարսափեցնել: Սարսափը կրթության միջոց չէ: Նրանք, որոնք վայելք են ստանում սպանությունից, ոչ մի պատերազմից ցավ չեն ապրի: Նույնիսկ պատերազմի պատճառած նյութական վնասի ըմբռնումը ոչ մի օգուտ չի տա: Մարդկանց գործողությունները հազիվ թե մեկ հարյուրերորդական մասով հիմնված լինեն ռացիոնալ նկատառումների վրա: Կարելի է լիովին համոզված լինել որեւէ գործողության անհեթեթության մեջ եւ միաժամանակ գործել եռանդուն ձեւով: Ամեն կրքոտ մարդ այդպես է վարվում:
Հենց այդ պատճառով էլ ես պացիֆիստ չեմ, ինչպես կարծում են իմ շատ ընկերներ եւ թշնամիներ: Ես հավատում եմ, որ համաշխարհային խաղաղության կարելի է հասնել բանական ճանապարհով` բարոյախոսության, կազմակերպվածության եւ քարոզչության միջոցով. նույնքան թերահավատ եմ, որ իմաստության քարը կարելի է հայտնաբերել քիմիկոսների կոնգրեսներ հրավիրելու միջոցով:
Բայց ո՞րտեղից կարող է մի օր իրական խաղաղություն հաստատվել երկրի վրա: Ո’չ պատվիրանների , ո’չ էլ նյութական փորձառության միջոցով հնարավոր չէ հասնել դրան: Ինչպես մարդկության բոլոր առաջընթացները, այն սկսվում է իմացությունից: Բայց ամբողջ իմացությունը, եթե այն հասկանում ենք որպես կենսունակ եւ ոչ թե ակադեմիական ինչ-որ բան, ունի մեկ թեմա: Այն ճանաչվում է հազարավոր անգամներ եւ հրապարակվում է հազարավոր տարբեր ձեւերով, բայց այն միշտ միայն մեկ ճշմարտություն է պարունակում: Դա մեր ներսում, մեզնից յուրաքանչյուրի մեջ, իմ եւ քո մեջ, կյանքի գաղտնի մոգության, գաղտնի աստվածայինի ճանաչողությունն է, որը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր մեջ: Դա ամենախորը կետից ցանկացած ժամի բոլոր հակադիր զույգերը վերացնելու, յուրաքանչյուր սպիտակը սեւի, չարը`բարու, ամբողջ գիշերը` ցերեկվա վերածելու հնարավորության գիտակցումն է: Հնդիկը դրան ասում է «աթման», չինացին` «տաո», քրիստոնյան`«շնորհք»:
Այնտեղ, որտեղ գոյություն ունի բարձրագույն գիտելիքը (ինչպես Հիսուսի, Բուդդայի, Պլատոնի, Լաո Ցզիի մոտ), հատվում է մի շեմ, որից հետո սկսվում են հրաշքները: Այնտեղ դադարում են պատերազմն ու թշնամանքը: Դուք կարող եք այդ մասին կարդալ Նոր Կտակարանում եւ Գոթամայի ելույթներում, եւ ով ցանկանում է` կարող է ծիծաղել դրա վրա, այն անվանել «ներքին իրարանցում»: Նրանց համար, որոնք այդ ամենը վերապրում են, թշնամին դառնում է եղբայր, մահը`ծնունդ, անարգանքը` պատիվ, դժբախտությունը` ճակատագիր: Երկրի վրա ամեն գործ դրսեւորվում է երկու ձեւով` մեկ անգամ որպես «այս աշխարհից», մյուս անգամ` որպես «ոչ այս աշխարհից»: Սակայն «այս աշխարհը» նշանակում է այն, ինչը «մեզնից դուրս» է: Այն, ինչը մեզնից դուրս է, կարող է դառնալ թշնամի, վտանգ, վախ եւ մահ: Օրը սկսվում է այն փորձառությամբ, որ այս ամբողջ «երեւույթը» ոչ միայն մեր ընկալման առարկան է, այլեւ` մեր հոգու ստեղծագործությունը` ներքին արտահայտման, եսի մեջ ծվարած աշխարհի վերափոխմամբ:
Ես խոսում եմ ակնհայտի մասին: Ինչպես յուրաքանչյուր զոհված զինվոր սխալի հավերժ կրկնությունն է, այնպես էլ ճշմարտությունը` հազարավոր ձեւերով, պետք է կրկնվի հավերժ ու նորից:
Սավաթհի-Գոթամա-Բուդդայի ժամանակներում Կոսալայի մայրաքաղաքը, այժմ ընդգրկված է Օուդ նահանգի կազմում, որն էլ իր հերթին մաս է կազմում Ութթար Պրադեշին` Գանգեսի պտղատու հարթավայրում:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
Դիտումներ: 230
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։