Օրիորդ Հրաչիկը
2026 թ. հունվարի 19-ին, Թեհրանում կյանքից հեռացավ իրանահայ բազմավաստակ խմբավար և ուսուցիչ Հրաչուհի Մակարյանը։ Ավելի քան երեսունամյա գործունեության ընթացքում նա հիմնադրել և ղեկավարել է մանկական ու պատանեկան երգչախմբեր, դասավանդել է Թեհրանի տարբեր դպրոցներում և ազգային մանկապարտեզում։ Եղել է նաև դաշնամուրի ճանաչված ուսուցչուհի։
1970 թվականին ստեղծել է Իրանի առաջին մանկապատանեկան «Անի» երգչախումբը։ Դա առաջին մանկական երգչախումբն էր, որը պարբերաբար հրավիրվում էր կատարելու Թեհրանի օպերային դահլիճում բեմադրվող ամենատարբեր օպերաների մանկական տեսարանները։ Հրաչուհի Մակարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ առաջին անգամ Թեհրանում բեմադրվել է «Չարի վերջը» օպերան։

Հետագայում, երբ «Անի» երգչախումբն աշխատում էր Հայ Մշակութային Արարատ Կազմակերպության հարկի տակ, Հրաչուհի Մակարյանի ղեկավարությամբ, «Չարի Վերջը» օպերան ձայնագրվեց և թողարկվեց ամբողջական ձայներիզով։ Այդ նույն տարիներին թողարկվեց նաև մանկական երգերի մի ձայներիզ՝ համապատասխան գրքույկով։ Սակայն, կատարողական ժառանգությունից բացի, Հրաչուհի Մակարյանի թողած անուրանալի ժառանգությունն են նրա կրթած ու դաստիարակած բազմաթիվ երաժիշտները, որոնք այսօր Իրանում և աշխարհի տարբեր երկրներում շարունակում են հնչեցնել հայ երգը։ Նրա երկարամյա մանկավարժական և խմբավարական գործունեությունը մի ամբողջ սերնդի համար դարձավ հայ երաժշտության հետ հաղորդակցվելու, այն սիրելու և փոխանցելու ճանապարհ։
***
Կան մարդիկ, որոնց ազդեցութիւնը կեանքիդ վրայ այնքան խորն է, որ ուղեկցում է քեզ ամբողջ կեանքում։ Շատերիս համար այդպիսի դերակատարութիւն ունեցաւ Հրաչուհի Մակարեանը, մեր «օրիորդ Հրաչիկը»։
Հինգ տարեկան եմ։ Անգամ դպրոց չեմ յաճախում։ Ծնողներս որոշել են, որ «Անի» երգչախմբի փորձին պիտի գնանք։ Այն օրերին, նորաստեղծ այդ երգչախումբը Իրանի միակ մանկապատանեկան երգչախումբն էր։
Չե՛մ ուզում։ Լացում ու տագնապում եմ։ Չե՛մ ուզում։ Նորից եմ լացում։ Երեկոյեան, միեւնոյնն է՝ գնում ենք։
Թեհրանի Հայ Կաթողիկէ եկեղեցու նկուղային յարկում գտնւող «Աղաջանեան» սրահին կից փոքրիկ մի սենեակ է: Չեմ ուզում մտնել ներս։ Յուզւած եմ ու լուռ։
Օրիորդ Հրաչուհին նստած է դաշնամուրի մօտ։ Մեզ տեսնելով՝ վեր է կենում եւ դիմաւորում է։ Իսկ ես անգամ չեմ համաձայնում, որ ձայնս ու լսողութիւնս ստուգի։
-Ոչինչ, - ասում է օրիորդ Հրաչուհին, - թող նստի, լսի։
Ու ես լուռ նստում եմ։
Մի քանի շաբաթ այդպէս, կատարեալ լռութեամբ, բայց պարտաճանաչ կերպով, մասնակցում եմ երգչախմբի փորձերին։ Մտքովս անգամ չի անցնում, որ այս լուռ մասնակցութիւնը կեանքիս կարեւոր բաղադրիչներից մէկի սկիզբն է։
Եւ մի օր, Օրֆեան նւագարաններով վարժութիւնների ժամանակ, ինձ մի «եռանկիւն» է տալիս ու ասում.
-Առաջին տակտի վրայ կը զարկես։
Ես արդէն չափն ու տակտը հասկանում եմ նաեւ դաշնամուրի պարապմունքներից եւ մեծագոյն հաճոյք եմ ստանում այդ վարժութիւնից։ Սկսում եմ զգալ բոլորի հետ միասին մէկ երաժշտական միաւոր դառնալու մոգական ուժը։
Յաջորդ փորձին, օրիորդ Հրաչուհին ասում է, որ այլեւս չեմ կարող լուռ մնալ փորձերի ընթացքում։ Կամ պիտի երգեմ, կամ չգնամ փորձերին։
Եւ սկսում եմ երգել։
Շուտով երգում եմ ամենուր՝ տանը, դպրոցում, դրսում։ Նոյնիսկ Իրանի ազգային հեռուստատեսութեամբ երգում եմ Կոմիտասի «Կաքաւի երգը»՝ հէնց իր՝ օրիորդ Հրաչուհու նւագակցութեամբ։

Այսպէս, մէկուկէս տասնամեակ անդամակցում եմ «Անի» երգչախմբին։ Յիշում եմ պետականօրէն բեմադրւող օպերաներին մեր երգչախմբի մասնակցութիւնը՝ «Լա Բոհեմ», «Կարմէն», «Տուրանդոտ»։ Յիշում եմ «Չարի վերջը» օպերայի բեմադրութիւնները, ձայնագրման ստուդիայում ամիսների տքնաջան աշխատանքը եւ բազմաթիւ, բազմաթիւ համերգները։ Բայց բոլորից առաւել, յիշողութեանս մէջ դաջւած են երգչախմբի շաբաթական փորձերը՝ բծախնդիր ու հետեւողական աշխատանքը։
Իննսունականների սկիզբն է։ Ուսանում եմ Լոնդոնում։ Ուզում եմ նաև երգել։ Կեանքս առանց երգի չեմ պատկերացնում։
Տասնիններորդ դարի հանրայայտ կոմպոզիտոր Շարլ Գունոյի հիմնադրած «Royal Choral Society» երգչախումբն ընդունելութիւն է յայտարարել։ Այս երգչախումբը ժամանակին ղեկավարել են Ջուզեպպէ Վերդին և Անտոնին Դւորժակը՝ իրենց իսկ ստեղծագործութիւնների առաջին կատարումներով։ Դիմում եմ՝ մասնակցելու ընդունելութեան քննութեանը։ Պիտի երգեմ մէկ երգ եւ երաժշտական տեսութեան հիմունքների ու սոլֆէջիոյի ստուգում անցնեմ։
«Անի» երգչախմբում ստացած գիտելիքի ու փորձի շնորհիւ յաղթահարում եմ քննութիւնը։
Չորս տարի այդ երգչախմբում երգում եմ՝ շատերին ծանօթ դիրիժորների ու սիմֆոնիկ նւագախմբերի հետ։
Անչափելի, անգնահատելի մի նւէր, «Անի» երգչախմբից ու Հրաչուհի Մակարեանից։
Իսկ երբ արդէն հաստատւում եմ Հայրենիքում, ամէն եկեղեցի մտնելիս՝ ինձնից անկախ սկսում եմ երգել այն նոյն հոգեւոր երգերը, որոնք մանկուց երգել եմ «Անի» երգչախմբում։ Դրանք աւելին են, քան յիշողութիւն։ Այսօր էլ, եկեղեցի մտնելիս, յաճախ աղօթքս վերածւում է երգի…
***
Մեր վերջին հանդիպումն իրենց տանն էր՝ առաջին հանդիպումից աւելի քան կէս դար յետոյ։
Մտնում եմ ներս։ Այդ տանը յաճախ եմ եղել, բայց ոչ վերջին տարիներին։ Սենեակի պատին մեծադիր մի լուսանկար է փակցւած։ Նկատում եմ, որ Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում ութսունականներին տեղի ունեցած համերգներից մէկն է։
Յիշում եմ այդ համերգը։
Այն տարիներին «Անի» երգչախումբը բոլորիս համար մի մեծ ու հարազատ ընտանիք էր։ Արցունքներս մի կերպ կուլ եմ տալիս ու նստում եմ նրա կողքին։

Շատ է ծերացել, հազիւ է քայլում։ Զրուցում ենք երկար։ Հեռանալիս խոստանում եմ, որ յաջորդ գալուս անպայման նորից կայցելեմ իրեն։
Յաջորդ այցը այդպէս էլ տեղի չի ունենում...
Ուզում եմ «օրիորդ Հրաչիկին» միշտ յիշել, ինչպէս իրենց տանը փակցւած մեծադիր լուսանկարում՝ երիտասարդ, առողջ, բեմի վրայ կանգնած՝ իր սիրելի երգչախմբի կողքին՝ խոնարհ, առանց հաւակնութիւնների, անաղմուկ ու անխոնջ իր կերպարով։
27. 08. 2026, Երեւան
Արմինէ Թամրազեան-Դաւոյեան
Դիտումներ: 165
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։