Մորգան Ֆրիման. «Ես եղա 20 քաղաքներում՝ փորձելով գտնել հավատի մասին գլխավոր հարցերի պատասխանները»

Կիսվել:

Մենք բոլորս ճշմարտության փնտրտուքի մեջ ենք

 

Հինգ տարի առաջ «National Geographic» հեռուստաալիքի եթերում տեղի ունեցավ «Մորգան Ֆրիման. Պատմություններ Աստծո մասին» վավերագրական ֆիլմաշարի նորամուտը, որում դերասանը փորձում է հասկանալ տարբեր ազգերի կրոնական ավանդույթները: Պրեմիերայի նախօրեին Ֆրիմանը «HELLO» ամսագրին պատմել է, թե Ինչպե՞ս է հղացել այդ նախագծի գաղափարը և հավատի մասին ինչ հարցերի պատասխաններ է նա փնտրել:

 

Ամենահարգված և ազդեցիկ դերասաններից մեկը («Օսկար»-ի չորս նոմինացիա և մեկ մրցանակ 2005 թ.-ին տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում՝ «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմի համար) հոլիվուդյան երկնակամարում իր ուրույն տեղն ունի: Նա ասես աղմկոտ հոլիվուդյան տոհմի ավագագույնն ու ամենաիմաստունն է, և շատ նոր աստղեր նրա կողքին երեխա  են թվում: Այդ խիստ և ըմբռնող հայացքը, կնճիռների ակոսներով դեմքը, թավ, խորունկ բասը, որը թվում է թե ներթափանցում է հոգուդ խորքը: Ֆրիմանը կարող էր հոգևորական լինել, եթե նա չընտրեր այլընտրանքային առաքելությունը՝ դերասանությունը: Մայրը մաքրուհի էր, հայրը՝ սափրիչ. Մորգանը լավ գիտեր ինչ արժե չամիչի ֆունտը մի չքավոր սևամորթ տղայի համար՝ նախկին ստրկատիրական Ամերիկայի Հարավից:

 

Ավելի լավ ճակատագրի արժանանալու համար նրան օգնեց դերասանության հանդեպ սերը, որով նա հրապուրվեց դպրոցական ինքնագործունեության խմբակում: Բայց դեպի Հոլիվուդ ճանապարհը երկար էր: Կարիերան հեշտ չէր ստացվում, ինչ-որ տեղ՝ նաև ցավալի: Ստիպված էր աշխատել որպես գրագիր և հասարակական միջոցառումների ժամանակ՝ նեգրական պարային խմբի կազմում, ծաղրածուի հանդերձանքով զվարճացնել «սպիտակ» հանդիսատեսին, և ինը տարի անգործ մնալ: Միայն 50-ից հետո երկար սպասված հաջողությունը հասավ Ֆրիմանին՝ մեծ դերը «Փողոցային տղան» ֆիլմում, որի համար նա առաջադրվեց «Օսկարի»: Այդ ժամանակից ի վեր հաջողությունը չի դավաճանել նրան: «Միսս Դեյզիի վարորդը», «Անհաղթը», «Միլիոն դոլարանոց աղջիկը» և, իհարկե, «Փախուստ Շոուշենկից» (IMDb կայքում ճանաչվել է որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների գլխավոր ֆիլմ) Ֆրիմանի դերերը կինոյում կարելի է երկար թվարկել:

 

«National Geographic» հեռուստալիքը սկսեց «Մորգան ֆրիման. Պատմություններ Աստծո մասին» բազմասերիանոց վավերագրական ֆիլմը, որում դերասանը փորձում է հասկանալ տարբեր ազգերի կրոնական ավանդույթները: Տեղափոխվելով մի սրբազան վայրից մյուսը՝ Հնդկաստանի սուրբ Բոդhի ծառից դեպի Իսրայելի Արտասուքի պատ, հնդկացի մայաների տաճարից մինչև Վատիկան. Ֆրիմանը փնտրում է հավերժական հարցերի պատասխաններ: Ի՞նչ է Աստված, Կա՞ արդյոք կյանք մահից հետո, ո՞րն է չարի բնույթը, և ճի՞շտ է, որ աշխարհի վերջի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները սկսել են իրականանալ: Ֆրիմանն անձնական դրդապատճառներ ունի. անցյալ տարի նրա թոռնուհին սպանվեց իր հոգեպես անհավասարակշիռ ընկերոջ կողմից: Բայց  հարցազրույցում Մորգան Ֆրիմանն ասում է, որ փորձում է անաչառ լինել:

 

Զրուցավար -Մորգան, ինչպե՞ս ծագեց այս ֆիլմի գաղափարը:

 

Մորգան Ֆրիման -Դա տեղի ունեցավ մոտ վեց տարի առաջ, երբ մենք Լորի Մաքրիրիի հետ (Revelations Entertainment-ի համահիմնադիրը, որը թողարկել է ֆիլմը - խմբ.) եղանք Ստամբուլում: Մենք այցելեցինք Սուրբ Սոֆիայի տաճար: Դա քրիստոնեական տաճար էր, որը 1453 թվականին մզկիթ դարձավ: Այժմ այն ​​թանգարան է: Մենք ընդհանրապես չգիտեինք այս տաճարի պատմությունը և շատ զարմացանք, թե ինչու այն մզկիթի տեսք ունի, բայց ներսից ​​զարդարված է աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով: Զբոսավարը մեզ բացատրեց, որ աստվածաշնչյան պատմության իրադարձությունները և իսլամի պատմությունը միահյուսված են, և որ իսլամը, հուդայականությունը և քրիստոնեությունը շատ ընդհանրություններ ունեն: Այդ ժամանակ Լորիի և Ջեյմս Յանգերի (Revelations Entertainment-ի տնօրեն - խմբ.) մոտ մտահղացում առաջացավ կրոնի պատմության մասին վավերագրական ֆիլմաշար անել: Նրանք Լորիի հետ  որոշեցին, որ ես ոչ միայն պետք է կարդամ կադրից դուրս տեքստը, այլև դառնամ նկարահանումների անմիջական մասնակից:

 

Զ. -Ինչպիսի՞ն է ձեր անձնական վերաբերմունքը կրոնի նկատմամբ:

 

Մ.Ֆ. -Ինձ համար Աստված մեծ առեղծված է: Ամբողջ կյանքիս ընթացքում փորձում եմ գտնել այս հարցի պատասխանը, բայց մինչև օրս չեմ գտել: Գալիս է կյանքի մի շրջան, երբ ինքդ քեզ հարցնում ես. «Ինչո՞ւ եմ ես այստեղ, ո՞րն է իմ առաքելությունը, որտեղի՞ց ենք մենք»: Այս հարցերն անընդհատ հնչում են իմ մեջ: Գիտությունը գտել է շատ հարցերի պատասխաններ, որոնք դարեր շարունակ գրավել են մարդկությանը, բայց ամենակարևորը՝ կյանքի ծագման պատմությունը, անըմբռնելի է մնացել: Երբ ես Վատիկանում էի, ինձ հաջողվեց զրուցել Պապական գիտությունների ակադեմիայի և Պապական հասարակական գիտությունների ակադեմիայի կանցլեր Մարսելո Սանչես Սորոնդոյի հետ: Մենք քննարկում էինք Մեծ պայթյունի տեսությունը՝ որպես երկրի վրա կյանքի ծագման վարկածներից մեկը: Նրա միտքն ինձ շատ հետաքրքիր թվաց: Նա ասաց. «Եթե կյանքը սկսվել է Մեծ պայթյունի շնորհիվ, ապա ինչ-որ բան պետք է որ լիներ պայթյունից առաջ»:

 

Զ. -Ֆիլմի վրա աշխատանքի ո՞ր պահերն են հատկապես տպավորվել:

 

Մ.Ֆ. -Ջոել Օսթինի եկեղեցում ես ապրեցի զգացողություն, որը նախկինում  չեմ զգացել որևէ տեղ: Տեսնելով Ջոելին, ինքս ինձ ասացի. «Այս տղան իսկական է»: (Ջոել Օսթինը կոմերցիոն առումով  ամերիկյան ամենահաջողակ հեռուստաքարոզիչներից է:) Բայց գիտեք, ես ուրիշ դրվագներ էլ եմ հիշում: Օրինակ, թե ինչպես էինք լաստանավում Հնդկաստանի Գանգես գետ երկայնքով: Շատ հետաքրքիր էր հետևել Գանգեսի ափին տեղի ունեցող ծեսերին. Դիակիզումներ, հուղարկավորման լվացման արարողություններ և անմիջապես՝ հարևանությամբ... սպիտակեղենի լվացում: Պարադոքսալ հարևանություն: Ես հաճույքով զբոսնում էի հնդկական քաղաքների նեղ փողոցներով, հետևում էի առևտրականներին, պաշտամունքի սպասավորներին: Այնտեղ սերտ կապի մեջ են միստիկն ու կենցաղայինը:

 

Զ. -Այս ֆիլմի օգնությամբ լուծե՞լ եք ձեր ներքին հարցերը:

 

Մ.Ֆ. -Ես ձգտել եմ չծանրաբեռնել ֆիլմն անձնական շարժառիթներով: Ընդհակառակը, ինձ համար առավելագույն չափով կարևոր էր անաչառ մնալ: Ես այս ֆիլմում եմ, ոչ այն բանի համար, որ իմ գաղափարներն ու պատկերացումները պարտադրեմ հանդիսատեսին, որովհետև այս պատմությունն իմ մասին չէ: Սրանք մեր «Պատմություններն են Աստծո մասին»: Չեմ կարծում, որ ճիշտ կլիներ, որ ես անընդհատ մեջ ընկնեի իմ մտքերով, զգացմունքներով ու գաղափարներով:

 

Զ. -Ի՞նչն է ձեզ ամենից շատ զարմացրել ֆիլմի վրա աշխատելիս:

 

Մ.Ֆ. -Ամենից շատ ինձ զարմացրեց այն, թե որքան շատ տարբեր մարդիկ են տալիս ճիշտ նույն հարցերը, ինչ-որ ես: Պարզվեց, որ բոլորս ուզում ենք նույն բանը իմանալ: Մենք բոլորս ճշմարտության փնտրտուքի մեջ ենք: Դա ինձ համար հայտնություն էր:

 

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի

Դիտումներ: 9

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։