Մեկ օր առանց Հայաստանի

Կիսվել:

Սահմանի վրա վրացի մաքսավորն ինձ հարցնում է. «Որերո՞րդ անգամն եք մեր երկիր գալիս»: Ես նրան ասում եմ, որ չեմ հաշվել ու Վրաստանում ևս հաստատ չեն հաշվել, քանի որ դա բոլորովին կարևոր չէ, իսկ նա աչքերիս մեջ է նայում բազմիմաստ, իմ թեթևամտությունը մեծահոգաբար հանդուրժող կորովամիտ հայացքով, խփում է իր կնիքն իմ անձնագրին, և երբ ես մի քայլ եմ կատարում դեպի առաջ, հանկարծ մի կարճ, շատ կարճ ակնթնարթ գիտակցության բռնկումը բացում է իմ կուրացած աչքերը, ես ինձ Նեյլ Արմսթրոնգ եմ երևակայում ու միայն ի սկզբանե եղած համեստությունս թույլ չի տալիս կրկնել նրա խոսքերը. «Մի փոքր քայլ մարդու, բայց մի հսկայական ցատկ` ողջ մարդկության համար»:

Մեկ ժամ հետո մի անշուք ցուցանակ ավետում է, որ մենք արդեն Թբիլիսի քաղաքում ենք: Բայց ես նրան կասեմ Թիֆլիս, քանի որ ամեն բան պիտի կոչվի իր անունով: Ես այստեղ ոչ զբոսաշրջիկ եմ, ոչ կենվոր, ոչ ճանապարհորդ: Պարզապես եկել եմ, որովհետև պետք էր գնալ մի տեղ, ու ես գնացի Թիֆլիս:

 

* * *

Նրանք, ովքեր սիրում են ամենուր հայկականության հետքեր որոնել, Թիֆլիսում իրենց կզգան, ինչպես ձուկը ջրում: Թիֆլիսը դրանից նեղվում է: Տեղի հայերը փորձում են արդարացումներ գտնել այդ սրտնեղանքի համար, որ մենք մեզ վատ չզգանք: Բայց մենք առանձնապես տրտմություն չենք ապրում: Փոխադարձ սիրո առևտուր չկա:

Մետեխի ժայռերի մոտից մինչև Ադամյանի թատրոնի վերանորոգվող շենքը, Փարաջանովի թռչող արձանի մերձակայքից մինչև փլուզվող Կարմիր ավետարան եկեղեցու տխրությունը, Սոլոլակ թաղամասի տների պատերին ու սուրբ Շուշանիկի լեգենդի մեջ կգտնեք ձեր որոնածը, բայց մխիթարանք չեք գտնի:

Մայթին կանգնած անծանոթ մի տղամարդ ձայն է տալիս մեկ ուրիշ տղամարդու. «Աշոտ, մոտդ մանր կա՞…»: Ու այլևս էական չի՝ Աշոտը մանր ուներ, թե՞ ոչ: Մենք մոտիկ ենք, բոլորիս մոտ մի քիչ մանր կգտնվի, և մեր ժպիտի մեջ, որով լսում ենք Աշոտին ու մյուսին, ավելին կա, ոչ մանր, այլ շատ մեծ, ամենքին բաժին հասնող: Թիֆլիսին էլ կհերիքի:

 

* * *

Հովհաննես Թումանյանի տանը Էդիտան պատմում է գրողի մասին: Գիտի մեր սիրո չափը, բայց ուզում է, որ ավելին լինի: Երբեմն խաղում է, երբեմն սեթևեթում է, երբեմն մոռանում է, որ մենք սոսկ այցելու ենք: Ներսինը մերն է, դրսինը մերը չէ: Դրա համար երկար ենք մնում: Թումանյանի պատշգամբից այն կողմ անձրևը փորձում է ինչ-որ հետքեր լվանալ…

Իսկ հետո Խոջիվանքի պանթեոն ենք գնում:

Այն ժամանակ, երբ Թիֆլիսում այնքան հայ գրող, գրականագետ ու գրականամերձ անձ կար, որ Թումանյանը հիմնեց Կովկասի հայ գրողների ընկերակցությունը, Երևանում նույնիսկ մի խեղճուկրակ պոետ չկար, որ Զանգվի ջրերի միջից դուրս քաշեր վատ ոտանավորներ, որովհետև լավերը գրվում էին միայն Թիֆլիսում: Հիմա նրանք այստեղ պառկած են կողք-կողքի՝ այդ մեծ ննջեցյալները, օտարի տանը շարված են նրանց շիրմաքարերը, և այդ քարերին այցի են գալիս միայն հայաստանցիները:

Ծանր է այստեղի լռությունը: Բազմախոս է: Քարերի վրա վերքեր կան ու այդ վերքերը ցավ են տալիս նաև մեզ: Մահն ամեն բանից ազատում է: Բայց մահը կարոտից չի ազատում:

 

* * *

Գիքորի ժամանակներից մինչև հիմա «Էստի համեցեք»-ը Թիֆլիսում պահպանվել է: Ամեն քայլափոխի՝ մանրավաճառի փոքրիկ կրպակից մինչև բարձրակարգ ռեստորան, դրսում կանգնած աշխատակիցները փողոցի անցորդներին «Էստի համեցեք» են անում իրենց հարկի տակ: Չի զգացվում, թե դա արդյունավետ միջոց է (կամ գուցե մե՞նք չենք նկատում): Բոլոր դեպքերում, ինչ-որ բան վաճառելու, ծառայություններ մատուցելու մղումների համար կաշկանդումներ գրեթե չկան: 

Եկեղեցու բակում երշիկ են վաճառում (շատ բան էի տեսել, բայց այս մեկը՝ ոչ): Աստիճանների մոտ նստած մուրացկան տատիկը անիծում է երեք լեզուներով՝ վրացերեն, հայերեն, ռուսերեն:

Որ կողմը քայլես՝ Ուկրաինայի դրոշներ են: Երբեմն ավելի հաճախ, քան վրացական դրոշները: Սրճարանի ներսում հանգանակություն է Ուկրաինայի համար, պատերին՝ հայհոյական գրառումներ՝ ի սեր Ուկրաինայի և հասկանալի է, թե ում հասցեագրված: Թիֆլիսի համար Կիևի կարևորությունը հիպերբոլիկ ծավալներ է ընդունել:

 

* * *

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում մեծ բազմություն է հավաքվել: Օտար-ծանոթ: Միասին լինելը ջնջել է անծանոթության սահմանները: Ասում-խոսում են հազար տարվա մտերիմների պես: Զբոսավար Մարինեն ծննդով Ալավերդիից է: Հիմա Թիֆլիսում է ապրում: Ասում է՝ պատուհանը որ բացում էի, դիմացս Լալվարն էր:

Անին հարցնում է.

-Որտե՞ղ էր ձեր տունը:

-Կենցաղի շենք մոտ…

-Իսկ մեր տունը՝ 1-ի 7-ում:

-Մերն էլ՝ 1-ի 4-ն է,- ծիծաղով զրույցին է միանում Էլիզան:

Թիֆլիսում իրար հանդիպած երեք հայ նույն փողոցից են: Ու չեն զարմանում: Հայաստանս՝ մի փողոցի չափ հայրենիք: Մի տուն այս կողմ, մի տուն այն կողմ, բայց նույն հորիզոնին նայող: Մի բակի չափ երկիր՝ մի տիեզերքի չափ երազանքով բեռնված…

 

* * *

Ուշ գիշերին նստում ենք հյուրանոցի բակում: Լևոնը գարեջուր է բերում: Արմանը կիթառով երգում է Երևանի մասին: Բոլորը ձայնակցում են: Հյուրանոցի օտար կենվորները դժգոհ հայացքներով փակում են պատուհանները: Բայց մենք դեռ մի քիչ էլ կլինենք անկարգ ու խանգարիչ: Գարեջուրն իրենցն է, երգը՝ մերը: Ու դրա մեջ փոխադարձ հաշտություն կա…

Առավոտյան նախաճաշում ենք տեղում: Հյուրանոցի ճաշարանի մատուցողը ձեռքերն է սրբում գոգնոցի վրա.

-Էրեխեք ջան, ախր իսկի բան չկերաք:

Հայ մայրիկ է:

 

* * *

Մենք օտարի տուն ենք գնում, որ վերադարձից հետո քեզ ավելի սիրենք, իմ տուն, իմ Երկիր: Նրանցը տեսնում ենք, որ քոնը հիշենք: Նայում ենք Քուռի հազարալիք հորձանքին ու գիտենք, որ չենք փոխի քո աղբյուրի մի բուռ ջրի հետ: Դիտում ենք նրանց 77 մետր բարձրությամբ Սուրբ Երրորդության տաճարը ու մտքում խենթանում ենք քո պուճուր Կարմրավորի համար:

Ընդամենը մեկ օր ու մի գիշեր առանց քեզ էինք, բայց մի՞թե մենք մի վայրկյան մնացինք առանց քեզ: Երբեք:

 

 

Հովիկ Չարխչյան

Դիտումներ: 328

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։