Մեղավորների ցուցակը

Կիսվել:

«Նիչը», «ծիտը» և պապայի գործը

 

 

Մի օր էլ որոշեցի, որ ես պիտի յութուբի իմ ալիքը ստեղծեմ։

Հայրիկն ու մայրիկը քմծիծաղեցին, լուջ չընդունեցին։

Պետք է ասեմ, որ հենց հեռախոս էր ընկնում ձեռքս, մեծերից թաքուն նայում էի իմ հասակակից յութուբյան վլոգերներին, որոնց ծնողներն օգնում էին իրենց զավակներին տեսանյութեր նկարել, իրենց իսկ գրած ու կատարած երգերն էի լսում... Հետո, երբ մի քանի անգամ փորձեցի ինքս տեսանյութ ձայնագրեմ, ծնողներս հասկացան, որ ինչ-որ բան պիտի անեն։ Երեկոյան իմ սենյակ եկավ հայրիկն ու ասաց.

-Նի՛չ, պատկերացրու, որ դու բեմ ես բարձրացել։ Հիմա թե՛ բեմում ես, թե՛ յութուբում, թե՛ իմ ու մայրիկի առջև՝ էական չէ, պիտի ներկայանաս, ասես թե ո՞վ ես, ինչո՞վ և ինչպե՞ս կարող ես հետաքրքրել հանդիսատեսին։ Փորձե՞նք։

-Փորձենք,- ոգևորված ասացի ես։ Մտածեցի, թե հայրիկը երևի որոշել է յութուբի վլոգերների ծնողների պես ինձ օգնել։

Հիմա ներկայացնեմ, թե ինչ ստացվեց իմ առաջին ձայնագրություններից.

«Բարև ձեզ, այսօր մենք կպատրաստենք ձվածեղ։ Վերցնում ենք, սառնարանից երկու... Վա՜յ... Ձուն ջարդվեց... Էս սառնարանի դուռը...»։

Մինչ ուզում էի սառնարանից նոր ձու հանել, որ նկարելիս անզգուշաբար չջարդեմ (ինձ միշտ նախատում են, որ ես անփույթ ու թափթփված եմ), հայրիկն ասաց.

-Ստո՛պ, Նիչ։ Դու ո՞վ ես։ Պատկերացրու, որ դո՛ւ ես նայում ձուն պատահաբար ջարդող այդ անհայտ աղջկան, որն անգամ իր անունը չասաց։ Դա էլ քիչ չի՝ ձվածեղ անել է սովորեցնում, երբ դեռ ինքը ձվածեղ անել չգիտի, միայն տեսել է, թե մայրիկը ոնց է պատրաստում։

-Բայց տեսել եմ, ձևն էլ գիտեմ։

-Իսկ գազը միացնելը... Քեզ կարելի՞ է։

-Չէ՛... Չի՛ կարելի։ Լավ, ուրիշ բան կնկարեմ։

«Բարև ձեզ, ես Նիչն եմ։ Իմ աշխարհ գալուն շատ են սպասել ոչ միայն մայրիկն ու հայրիկը, այլև մեր բոլոր ազգականները, այդ պատճառով էլ երես են տվել ու հիմա մի քիչ երես առած եմ ու մի քիչ կամակոր... Բայց մի քիչ... Անընդհատ ուզում եմ, որ խանութից ինձ համար ինչ-որ բան գնեն՝ հյութ, չիփս... Մինչև մանկապարտեզ գնալս, ես ավելի կամակոր ու երեսառած էի։ Շատ էի խռովում հայրիկից, որ իմ հետ խաղալու փոխարեն նստում էր համակարգչի առաջ ու վեր չէր կենում, ասում էր՝ «գործ եմ անում»։ Հիմա ես արդեն դպրոց եմ գնում, երրորդ դասարան եմ։ Իսկ հայրիկն էլի կամ ամբողջ օրը համակարգչի առաջ է անց կացնում, կամ մեքենա է քշում... Առաջվա նման էլ «ծիտիկ» չի անում...»։

-Նի՛չ,- ասաց մայրիկը,- դու վստա՞հ ես, որ բոլորը գիտեն, թե ինչ է «ծիտիկը»։

-Հա՛, գիտե՛ն։

-Չէ՛, տե՛ս, քո դասարանցիները գիտեն, քո դպրոցի այն աշակերտները, որ տեսել են՝ գիտեն, բա մնացա՞ծը...

-Մնացածը... Կնկարենք, որ տեսնեն ու իմանան։

-Ո՞նց կնկարեք։

-Ոնց որ առաջին դասարանում էր, երբ ես դասերից հետո սպասում էի պապային ու դպրոցի ընդհանուր մուտքի երեք աստիճանը չէի իջնում, որ վերևից իրեն շուտ տեսնեմ։ Հետո բակի երեխաներն այնքան շատ էին, որ վախենում էի, որ եթե վերևում չլինեմ՝ պապան ինձ չի գտնի։ Իսկ երեխաները հա՜ իջնում էին, ինձ հրում էին, որ անցնեն, հետո աստիճանների եզրին էի կանգնել, որ չհրեն։ Հետո պապան ինձ տեսավ, ասաց որ չիջնեմ ցած, հենց աստիճանների եզրից գրկեց, բարձրացրեց ու դրեց ուսին։ Ես ինձ ձգեցի ու պապան գերանի պես ինձ ուսին դրած տանում էր, իսկ ես ծիտիկի թևերի նման ձեռքերս թափահարում ու ասում էի՝ «ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ...»։ Հետո մենք ամեն օր ծի՜վ-ծի՜վ անելով էինք դպրոցից տուն գալիս։ Հետո «ծիտիկի» պատճառով մեր դասարանի Աննայի հետ կռվեցի, որովհետև իմ պապային թիթիզ ասեց, ասեց՝ երեխուն դպրոց տանել-բերելը մամայի գործ ա։ Բայց հետո իր պապան էլ էր իրեն դպրոցից տուն տանում, բայց մեկ-մեկ, և առանց «ծիտիկ» անելու։

-Բա, հիմա ո՞նց ես «ծիտիկը» նկարելու, արդեն այնքան թեթև չես, որ հորդ ուսին թառած նորից «ծիվ» անես... Իսկ ես քո դժբախտ դեմքին արդեն կարոտել եմ, միգուցե նկարենք, թե ո՞նց ես դժբախտ ու տառապալից դեմքով ջութակ նվագում։

-Չէ, անընդհատ սխալներ եմ անում, սիրուն չի ստացվի...

-Իմ խելոք աղջիկ, ցույց տալու համար ինչ-որ բան նկարելուց առաջ պիտի կարողանաս դա անել, կարողանալու համար՝ պիտի տքնաջան սովորես, որ կարողանաս նաև սովորեցնել։

-Իսկ ինձ մոտ ի՞նչն է ամենալավը ստացվում։

-Հորդ գործից կտրելն ու հետդ խաղալ տալը։ Ոչ մի կերպ չես ուզում հասկանալ, որ եթե տանն է, դա դեռ չի նշանակում, որ գործի չի։ Նրա գործն է այդպիսին՝ կամ գրասեղանի մոտ է, կամ համակարգչի առջև...

«Բարև ձեզ, ես Նիչն եմ։ Ուզում եմ ձեզ համար կարդալ հայրիկիս գրած մի բանաստեղծություն։ Բայց առանց իրեն ասելու եմ կարդալու։ Երևի չի նեղանա։ Ուղղակի համակարգչի էկրանին էր, ես մտա, որ բան ասեմ, ու տեսա, որ սենյակում չի, իսկ էկրանին սա էր.

 

Մեղր էր սարքում մի մեղու

ծաղիկների մեջ դեղին։

Հայրիկն ասաց՝ «եկ այս կողմ,

մեղր է սարքում, անտեղի

գործից նրան մի՛ շեղիր»։

 

-Հայրիկ,  չար է այս մեղուն,

Բզզում-տզզում է ճերմակ

Թերթերի մեջ ծաղիկի։

Երեկ պապը քնել էր

ծաղիկների մեջ դեղին,

տզզաց, եկավ ու նստեց

պապի ճերմակած բեղին։

Պապը ամբողջ իրիկուն

ոչ ջուր խմեց, ոչ էլ թան,

գնաց, եկավ՝ մրթմրթաց,

ուռած շուրթով մտավ քուն։

 

Հուսով եմ, որ չի բարկանա, ախր առանց իրեն հարցնելու եմ ձեզ համար կարդում»։

 

 

Մեղավորների ցուցակը

 

 

-Հը, Նիչ, էսօր ի՞նչ ես ստացել։

Ձայն չի հանում, մի տեսակ իրեն նման չի. չի՛ պարծենում կամ փորձում թեման շեղել... Նույնիսկ չխնդրեց տանել քաղաքից դուրս, որ մեքենա վարի։

-Պապ, մենք ընկերուհիներով ամենաշատը տիկին Տիրուհուն, ընկեր Ապրեսյանին ու ընկեր Համբարձումյանին չենք սիրում։

Անսպասելի խոստովանություն էր, սովորաբար նման հարցերը մոր հետ է քննարկում։

-Բայց ընկեր Ապրեսյանը չորրորդ դասարանից հետո ձեզ դաս չի տալիս, իսկ տիկին Տիրուհին ո՞վ է։

-Էն, որ միջոցառումներ էր կազմակերպում հերոս Արման Մանուկյանի մասին։

«Նույն ինքը՝ Արման Մանուկյանի ակտիվ, «պատ ծակող», լավ կապեր ունեցող, գործունյա, բայց սպանված հայացքով որդեկորույս մայրը»,- մտածեցի՝ ակամա հիշելով դասարանական միջոցառումներն ու դրանց նախապատրաստական փորձերը։ Ուսերս թոթվեցի։ Ուսման և դպրոցական գործերից ես միայն մասամբ եմ տեղյակ, պատահաբար լսած զրույցներից, երբ մայրն ինչ-որ բան է քննարկում ծնողներից որևէ մեկի հետ։ Հասանք տուն։ Ես գնացի աշխատասենյակ, ինքը՝ խոհանոց, մոր մոտ։

-Մամ, էսօր Գագիկն էլի լաց եղավ։

-Ինչո՞ւ։

-Ընկեր Համբարձումյանն ուզում էր ծանոթանալ նոր դասարանի հետ, կանգնացնում ու հարցնում էր, թե ովքեր են ծնողները, հայրիկն ո՞վ է, ի՞նչ է աշխատում, մայրիկն ով է։ Գագիկն իր պապայի մասին հարցին չպատասխանեց։ Ընկեր Հայրապետյանը պահանջեց պատասխանել։ Գագիկն էլ լաց եղավ ու դասարանից դուրս գնաց։ Հետո մենք ընկեր Հայրապետյանին ամեն ինչ պատմեցինք... Սենց բան կլինի՞։ Սկզբում ընկեր Ապրեսյանն էր տիկին Տիրուհու մոտ «աչոկ» հավաքում, հիմա էլ ընկեր Հայրապետյանը։

-Նիչ, մեծերի զրույցները թաքուն լսելն ու լսածը տեղին-անտեղի կրկնելը լավ բան չի։ Գնա պարապելու։

Նիչը լռեց։ Գնաց ջութակ պարապելու, բայց զգացվում էր, որ չի պարապելու, գալու է «բան հարցնելու»։ Իրեն երկար սպասել չտվեց, ոտնաձայները եկան հասան աշխատասենյակիս դռանը։

-Պապ,- ասաց դռների մեջ կանգնած,- մի բան հարցնե՞մ։

-Ասա։

-Արման Մանուկյանն իրո՞ք հերոս է։

-Հա, բալ, հերոս է, Գագիկի հայրիկն էլ է հերոս, բոլոր զինվորներն էլ հերոս են, նրանք իրենց կյանքն են զոհել, որ մենք ազատ ապրենք։

-Բա ինչո՞ւ էր ընկեր Ապրեսյանը տիկին Տիրուհու մոտ ուզում ստիպի, որ Գագիկն ասի, որ Արման Մանուկյանն այնպիսի հերոս է, ինչպես Մոնթեն էր, ը՜-ը՜-ը՜... Արաբն էր... Չէր կարո՞ղ ասել, որ Արման Մանուկյանն ու քո պապան այնպիսի հերոսներ են, ինչպես... Հենց էդ ժամանակ Գագիկն առաջին անգամ լաց եղավ։

-Արաբ չի, Արաբո է։ Եվ ինչ, ասե՞ց, որ Արման Մանուկյանը հերոս է։

-Չէ՛, չասե՛ց։ Ընկեր Ապրեսյանը ստիպում էր, որ ասի, բայց չասեց: Հետո ընկեր Ապրեսյանը Արման Մանուկյանի նկարով թղթից «ստիկերներ» էր տվել, որ բոլորը կպցնեն, բայց Գագիկը չէր կպցրել։ Ընկեր Ապրեսյանը բարկացավ, սկսեց գոռալ։ Էնքան վատ վիճակ էր, որ տիկին Տիրուհին էլ միջամտեց, ասաց․ «Բայց ես սա՛ չէի խնդրել անել, միայն գրքեր բաժանելն էլ հերիք էր»։ Իսկ ընկեր Ապրեսյանը էնքան չար ու խոժոռ աչքերով նայեց Գագիկին, որ նա լաց եղավ ու դուրս փախավ։

-Գիտե՞ս, Նիչ, Գագիկի համար ամենամեծ հերոսը իր հայրն է, և ինքը ճի՛շտ է։ Քո համար ամենալավ հայրիկը ես եմ, չէ՞։ Իր համար էլ ի՛ր հայրն է։ Ուղղակի միջոցառումը Արման Մանուկայնին է նվիրված եղել, թե չէ չէին ստիպի։ Դրանից հետո՞ էր Գագիկը քեզ խփել, էն որ թևդ կապտել էր։

-Չէ՛, մի քանի օր հետո։ Բայց դու չուզեցիր գաս, ականջները քաշես։

-Այո՛, չուզեցի՛։ Հիշո՞ւմ ես ինչու, թե՞ նորից ասեմ։

-Հիշում եմ... Որովհետև երբ ինձ հետ վատ բան է լինում, կամ վատ եմ զգում, բոլոր աղջիկների նման վազում եմ մամային պատմելու, իսկ տղաներն իրենց պապաներին են պատմում, իսկ Գագիկի հայրիկը չկա, որ գնա տուն ու պատմի։

-Ճիշտ է, իր մեջ այդ չպատմածը կուտակվում է։ Տե՛ս, որ ես գալիս եմ դպրոցից քեզ տուն տանելու, դու երջանկությունից ուղղակի փայլում ես, վազում-թռչում ես գիրկս, ասում ես․ «Բանալին տուր՝ մեքենան ե՛ս գործի գցեմ»,- իսկ ինքը տխուր կարոտով մեզ է նայում ու մենակ է տուն գնում։ Եվ իր հայրիկին էլ կա՛մ տեսանյութերի ու նկարների մեջ է տեսնում, կա՛մ երազում... Դրա համար էլ սկսում է չարանալ, կատաղել, բայց դա իսկական չարություն ու կատաղություն չի, դա անհույս, անվերջ կարոտից է... Ոչինչ, քո դասընկերն է, էսօր խփել է, վաղը կպաշտպանի, էսօր կկռվեք, վաղը կբարիշեք, կանցնի, կգնա։ Եթե ուրիշ դասարանից մեկը քեզ նեղացնի, ինքը քեզ կպաշտպանի, չէ՞։

-Չգիտեմ, երևի։

-Իսկ ես գիտեմ։ Հիմա դու ուզո՞ւմ ես, որ էդ չնչին բանի համար գամ դպրոց, վրան բարկանամ, կամ ոնց որ հորեղբայրդ է ասում՝ «ականջները ձգեմ»։

-Չէ՛, չեմ ուզում։

-Ես է՛լ չեմ ուզում։ Դե լավ, գնա դասերիդ։

Երկու օր անց, երբ դպրոցից տուն էի բերում, նորից ասաց.

-Մենք՝ ընկերուհիներով, ամենաշատը տիկին Տիրուհուն ու ընկեր Ապրեսյանին չենք սիրում։

-Հա՞, բա ընկեր Համբարձումյանն ո՞ւր կորավ։ Երկու օր առաջ ինքն էլ էր էդ ցուցակի մեջ։

-Ցուցակից հանել ենք։ Այն օրը, որ մենք իրեն պատմեցինք Գագիկի հոր մասին, ինքը կարմրեց, փշաքաղվեց ու դասարանից դուրս եկավ։ Իսկ էսօր միջանցքում Գագիկին տեսավ ու գրկեց, առավ թևի տակ ու գրկած մտավ դասարան։ Գագիկն էլ ժպտում էր։ Բայց մեկ է, սաղ էդ տիկին Տիրուհին է մեղավոր, ու ընկեր Ապրեսյանը։

-Տիկին Տիրուհուն էլ մի մեղադրիր, բալիկս, նա որդի է կորցել ու փորձում է նրան ձեր մեջ գտնել, փորձում է որդու կարոտը ձեզնով փարատել, պատկերացնում է, որ իր որդին մեծ գրող պիտի դառնար, ու նրա գրածները տպում է, բերում, ձեզ է բաժանում։ Իսկ այդ միջոցառման ժամանակ փորձում է պատկերացնել, որ իր որդին հիմա այդտեղ է, մասնակցում է իր ընթերցողների, այսինքն՝ ձեզ հետ հանդիպումին... Մի՛ մեղադրիր։

-Մնաց ընկեր Ապրեսյանը,- ասաց ու պատասխանի չսպասելով՝ գնաց։

 

Գևորգ Գիլանց (Ռուդիկ Գևորգյան)

 

 

 

 

  

Դիտումներ: 194

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։