«Մարդկայնության» բևեռային երկիմաստությունը

Կիսվել:

Արդի աշխարհը մարդու դերի ու նշանակության նոր մոտեցումներ է թելադրում։ Հիմա ի ծնե արիստոկրատներ, ընտրյալներ կամ ստրուկներ չկան, մարդն արժևորվում է ինքնակերտման և ինքնագնահատման ուղիներում։ Ամենուր մոտիվացիա գտնելու, ավելի լավը լինելու, ինքդ քեզ գնահատելու, քեզ ընտրելու մասին խորհուրդներ են։ Զուգահեռաբար մարդ-բնություն փոխհարաբերություններն են նոր շրջափուլում։ Ավելի ու ավելի բարձր երկնաքերներ կառուցող մարդն իր բնականությունից ծնվող ծարավը փորձում է հագեցնել արշավների, բնության գրկում հանգստի, կենդանիներ ու բույսեր պահելու ու խնամելու միջոցով։ Այս պարադոքսալ իրականությունը չի կարող իր հետքը չունենալ արվեստում։  

 

Երբ գրական երկի սյուժեում գազանների ու թռչունների կյանքի նկարագիրն է, այն, շատ հաճախ, այլաբանորեն մարդկային փոխհարաբերություններ է ներկայացնում. ամենահայտնի օրինակը Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն է։ Այս ստեղծագործությունը զբաղեցրել էր երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի ստեղծագործական երևակայությունը տարիներ առաջ, երբ նա դեռ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրա մասնագիտացման երրորդ կուրսի ուսանող էր և պատրաստում էր իր նախադիպլոմային բեմադրությունը։ Ուսանողական ներկայացումը հաջողված էր, և մի քանի անգամ ներկայացվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում։ Այսօր Արտուշ Միքայելյանն արդեն ԵԹԿՊԻ ԳՄ-ի երիտասարդ դասախոս է և այդ կարգավիճակում է ուսանողական բեմադրություններ անում։

 

Ամերիկացի արձակագիր-դրամատուրգ Դոն Նիգորոյի գործերը քչերին են ծանոթ Հայաստանում, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ռուսերեն բեմադրվել է նրա «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ» տասնմեկ պատմվածքների հիման վրա ստեղծված տրագիկոմեդիան։ Սակայն հայերեն բեմադրության հայտնի օրինակ հայ բեմում չկա։ 2025 թվականին ԵԹԿՊԻ ԳՄ-ում Արտուշ Միքայելյանն այս ստեղծագործությունը բեմադրել է Լյուդվիգ Հարությունյանի ղեկավարությամբ՝ վերջինիս արվեստանոցում, որպես ուսանողական ներկայացում։ Ուսանողների ջանքերով բեմադրություն ստեղծելը կրկնակի բարդ է, քանի որ բացի որակյալ ներկայացում բեմադրելուց այս դեպքում բեմադրիչ-դասախոսն ունի ուսանողի ստեղծագործական աճն ու  հմտություններն ի ցույց դնելու խնդիր։ Ներկայացման ներբուհական հանձնումը հիացմունքի ալիք բարձրացրեց, և բեմադրությունը կյանքի իրավունք ստացավ, բացի այդ հաջողություն գրանցեց որպես բեմական խոսք և դերասանի վարպետություն առարկաների կուրսային քննություն։ Որոշվեց 2026 թվականի ամռանը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում կայանալիք FITUC 2026 թատերական միջազգային փառատոնին մասնակցության հայտ ներկայացնել։ Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարվեց, և բեմադրությունը ներկայացվեց օտարազգի հանդիսատեսին և մասնագիտական հանձնախմբին։ Արտուշ Միքայելյանը հաղթող ճանաչվեց լավագույն ռեժիսուրա անվանակարգում։

 

Դոն Նիգորոյի «Մարդիկ, գազաններ, հանգամանքներ» պատմվածքաշարի տասնմեկ մասերից բեմում հանդիպում ենք վեցին, բեմական իրականությունում նյութը վերնագրված է «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»։ Սեպտեմբերի 22-ին այս ներկայացումը ցուցադրվեց ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնում և մարդու գոյաբանական խնդիրների մասին երկխոսություն սկսեց երևանցի հանդիսատեսի հետ։ 

 

Մարդը լինելով արարչագործության ամենագիտակից արարածը, միակը, ով օժտված է վերլուծական մտքով, քննադատական վարքագծով, հաճախ հասարակական գիտակցության գերին է։ Ամբոխն իր ամենասխալ որոշմամբ կարող է մտափոխել ամենաուսյալ անհատին և իրենցից մեկը դարձնել։ Տարբեր իրադրություններում անհատ-հասարակություն փոխկապակցվածությունն ենք տեսնում այս բեմադրության յուրաքանչյուր դրվագում։ Կեցությո՞ւնն է կերտում բնավորությունը, թե՞ հակառակը։ Այս ներկայացման տարբեր հատվածներում հանդիպում ենք այս հարցադրման երկիմաստության հաստատմանը։ Դիտարկենք առաջին երկու պատմվածքների հիմքով տեսարանները։ Առաջինում հնդկահավերի երամից մի երազկոտ հնդկահավ է առանձնանում և պնդում, որ գնալու է իր երազանքի հետքերով, այն է՝ փնտրելու է սաքսոֆոնի ծառ ու սաքսոֆոն նվագել է սովորելու։ Երամի առաջ քաշած ոչ մի փաստարկ նրան չի կանգնեցնում և, ի վերջո, նա թեքում է ճամփան։ Այստեղ տեսնում ենք երամը, որպես համայնք, նրանք կարեկցում են իրար ու կարևորում երամի գոյությունը որպես մեկ ամբողջություն։ Բայց նաև չեն բռնանում անհատի իրավունքի վրա, ուժով հետ չեն պահում նրան։ Թռչունների երամի համաչափությունը գտել է իր արտահայտչակերպը։ Ուսանողները բեմում ներդաշնակ, համաչափ սինխրոնիզացված են շարժվում, ոչ թե որպես անհատ թռչուններ, այլ որպես մեկ օրգանիզմ։ Անհատների բնավորություններն ընդգծվում են դիմախաղով և ձայներանգով։ Միմյանց դիմում են անուններով, ինչը շեշտում է միջանձնային հարաբերությունների առկայությունն այս խմբում։ Ամբողջ ներկայացման համար ընտրված էր խոսքի մատուցման առանձնահատուկ խաղաոճ, այն մոտ է ռեչիտատիվին, հստակ է, ուղղվածությունը դեպի դահլիճ, բացառությամբ մի քանի երկխոսության՝ ինչը շահեկան է։ 

 

Երկրորդ տեսարանում, ոչ թե համայնք, այլ ամբոխ է, հիպնոսացած  և ժայռից օվկյանոսը նետվողների զանգված, որտեղ միակ գիտակիցը փորձում է կանգնեցնել իր հարազատներին, բայց երբ ընկալում է, որ բոլորը կործանված են, ինքն էլ է հետևում վերջիններիս՝ դեպի մահը քայլում գիտակցված ընտրությամբ։ Եթե առաջին հատվածում խմբից զատ անհատականացման փորձեր ենք նկատում, ապա այս տեսարանում դիմախաղ չկա, այլ ճիշտ հիպնոսի ազդեցությամբ որևէ գործողություն կատարողիների շարք։

 

Այսպիսով անհատ-հասարակություն հարաբերության երկու բևեռային օրինակ է։ Առաջինում սխալ ու կործանարար ճանապարհն ընտրածին համայնքն ի զորու չէ սթափեցնել ու փրկել, երկրորդում գիտակից անհատն է անկարող փրկել իր ընտանիքը։ Ու եթե խումբը տխրում է անհատի կորստից, բայց շարունակում է իր ուղին, ապա անհատն առանց իր տեսակի չի պատկերացնում գոյության շարունակությունը։

 

skyurner

 

Մինչև ներկայացման հաջորդ հիմնական հատվածը, շերտավոր սկյուռները բեմ են մտնում, որպես ինտերմեդիա։ Մեկ-երկու րոպեում հանդիսատեսին ներկայանում են այս միասնական արագաշարժ գազանիկները, որոնք իրենց Աստծո ընտրյալ արարածներ են համարում։ Հենց շերտավոր սկյուռներն են այս ներկայացման առանցքը։ Ամեն ինչ կատարվում է նրանց աչքի առաջ, բայց նրանք կարգախոսի պես անընդհատ կրկնում են «դա մեզ չի վերաբերում»։ Ինչ-որ իմաստով նրանք անտարբերության խորհրդանիշն են։ Անտարբերությունը չարիք է և հաճախ փոխշահավետության վրա հիմնված այս աշխարհում, եզակի հանդիպող անշահ կարեկցանքն ու ապրումակցումն է կենսական շղթա ապահովում։ Իսկ եթե դու արձագանքում ես միայն այն դեպքում, երբ հարցը հենց քեզ է վերաբերում, պիտի պատրաստ լինես աշխարհի անտարբերությանը, չէ՞ որ դա նրանց չի վերաբերում։

 

Ամբողջ ներկայացումը կառուցված է սինխրոնիզացված խմբային տեսարաններով, կա միայն մեկ հատված, որտեղ երկուսն են բեմում՝ չղջիկն (Էլեն Ղազարյան) ու բադակտուցը (Գրիշա Խաչատրյան)։ Օտարի ողբերգությունն է, որը տարբեր դրսևորման եղանակներ է ստանում։ Բադակտուցը երազում է փակվել մի վանդակում, մեկուսանալ, իսկ չղջիկը՝ դուրս գալ վանդակից ու վրեժ լուծել թե՛ թռչուններից, թե՛ գազաններից։ Ի վերջո, հենց բադակտուցն է դառնում չղջիկի զոհը։ Այստեղ հասարակության կողմից մերժվածի կյանքն է, խումբը չի ներում տարբերվողին, եթե անգամ այդ տարբերությունը առավելություն է։ 

 

chghjik ev badaktuc

 

Մարդ-ընտանի կենդանի հարաբերություններն են «Սպանդանոց» տեսարանում։ Դերասանախումբը նախիր է ներկայացնում, որին տանում են սպանդանոց։ Նրանց երկխոսություններում կա և՛ անհանգստություն, և՛ տագնապ, և՛ նկատվում է վստահություն իրենց տերերի հանդեպ։ Նրանց խնամել են, կերակրել, բուժել, ապահովել են տաք ու հարմարավետ կեցավայրով. «Ամեն ինչ լավ կլինի, որովհետև միշտ ամեն ինչ լավ է եղել»․․․ Սա թերևս այս բեմադրության ամենացավալի դրվագն է։ Կենդանիները բնազդաբար գիտեն ո՞վ է գիշատիչ, ումի՞ց է պետք փախչել, բայց ընտանի կենդանին վստահում է իր տիրոջը, և այս տեսարանում մարդկային հոգատարությունը, խնամքը նրա գիշատիչ բնության բաղադրիչն են։ 

 

«Մարդկայնություն» բառը մեր ընկալման բառարանում ունի բարության, կարեկցանքի, հոգատարության բացատրական հատկությունները, բայց այս ներկայացումը ստիպում է վերանայել այն։ Հնարավո՞ր է մարդկային հոգատարությունը մորթի նախապատրաստելու մասին է․․․

 

Շերտավոր սկյուռները ոչ ոքի չէին վնասում, նրանք ապրում էին իրենց թունելներում ու աշխատասիրությամբ էին աչքի ընկնում։ Բայց մի օր քանդում են նրանց տունը, թունելներն անանցանելի լաբիրինթոս են դառնում ու միշտ ժպտուն ու արագաշարժ գազանիկները հիշում են նախորդ կորուստները, և փակված, բայց չսպիացած վերքերը սկսում են արնահոսել։ Ներկայացումն ավարտվում է Արցախի խորհրդանիշ «Պապիկ տատիկ» հուշարձանի ստատիկ պատկերումով, որը ոչ բոլորն են նկատում և ոչ բոլորն են շերտավոր սկյուռներին ընկալում իբրև հայի խորհրդանիշ։

 

skyurner

 

 

Վանուհի Սեթոյան

Դիտումներ: 277

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։