Լուիզա Սամվելյան
Իմ դասախոսները շարքից
Օգոստոսի 11-ին հայ թատրոնի հեղինակավոր տեսաբաններից մեկը՝ Լուիզա Սամվելյանը կդառնար 100 տարեկան: Ազգային թատրոնի պատմությանը և հատկապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմությանն ու մեկնաբանություններին նվիրված նրա ուսումնասիրությունները մեր թատերական ժառանգության անքակտելի մասն են: Անմոռանալի է նաև նրա արտիստիկ ու տարբերվող կերպարը, մարդկային ու կանացի մեծ հմայքը: 100-ամյա հոբելյանի առիթով ներկայացնում ենք մի հատված Լուիզա Սամվելյանի ուսանողուհին լինելու բարեբախտությունը ունեցած դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի հուշապատումից:
***
Եթե որևէ երկրի մշակույթի նախարար է պետք և այն էլ կին նախարար, ապա այդ թեկնածուն Լուիզա Սամվելյանի նման մեկը պետք է լինի։ Ով ժամանակին տեսել, ճանաչել է նրան, ինձ շատ լավ կհասկանա։
«Գեղեցկուհի», «սպորտսմենուհի», «կոմերիտուհի», ինչպես ասվում էր հայտնի ֆիլմում։ Իհարկե այս վերջինն իր հետ կապ չուներ․ Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր ծնվել և որքան հիշում էր 6֊7 տարեկան է եղել, երբ ընտանիքով գաղթել էին Հայաստան։ Դուք պատկերացրեք նրա գիտելիքի չափը, որ թատերական ինստիտուտը նոր ավարտած աղջկան (1949թ) պահում են նույն ինստիտուտում որպես դասախոս մինչև 1970 թվականը, որից հետո արդեն Մանկավարժականի նորաստեղծ Կուլտուրայի ֆակուլտետի ամբիոնի վարիչն էր և արտասահմանյան թատրոնի պատմության մեր դասախոսը։ Հետո պիտի հասկանայինք թե ի՞նչ է նշանակում երբ քո դասախոսը Լուիզա Սամվելյանն է կամ ինչ է նշանակում նրանից գնահատական ստանալը։
Այնքա՜ն գեղեցիկ էր․ դեմքը, մազերը, մարմինը, հագուկապը, խոսելու եղանակը, գիտելիքի մասին էլ չեմ խոսում․ մի խոսքով չուտես֊չխմես նրան նայես։ Ճիշտն ասած, ես հենց այդպես էլ վարվում էի, մինչև մի օր լեկցիայի ժամին, ինձ դիմելով հարցրեց․ «Աղջիկ, դուք ինչո՞ւ չեք գրում»։ Պատասխանեցի, որ չեմ կարողանում գրել, որովհետև իրեն եմ նայում։ Մի փոքր շփոթվեց, շիկնեց, հետո հորդորեց. «Աշխատեք գրել»։ Իհարկե, այդ դասից հետո էլ նա շարունակեց ինձ «չնկատել»։ Հետագայում պարզեցի, որ նա ընդունելության քննություններից սկսած իմ թեկնածությանը դեմ է եղել (ընկեր Մալյանն իր «Երկխոսություն երրորդի համար» գրքում այդ մասին գրում է)։ Այսպես շարունակվեց մինչև երկրորդ կուրսի երկրորդ սեմեստրի «ռեժիսուրա և դերասանի վարպետություն» քննությունը, երբ երկու առարկաներից էլ «5» ստացա։ Ինչպես ասում են՝ «սառույցը կոտրվեց»։ Մինչև իր առարկայի քննությունը մի քանի օր կար, և նա կոնսուլտացիա նշանակեց։ Սկսեց ինձ գովել, հատկապես շատ էր հավանել իմ խաղացած Լաուրան՝ համակուրսեցի Կարինե Դովլաթյանի բեմադրած հատվածում (Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը» պիեսից)։ Իր առարկայից էլ 5 ստացա, հրաշալի պատասխանեցի Արիստոֆանեսի բոլոր պիեսները․ ի դեպ, այդ տետրը պահպանվել է, որի սկիզբը Պոլիտեխնիկ ինստիտուտում «անօրգանական քիմիա» առարկայի դասախոսությունս է գրված։ Ի դեպ, պահպանվել է նաև ռեժիսուրայիս և բեմական խոսքիս տետրերը։
Հա՜ հիշեցի, անպայման պիտի այդ մասին պատմեմ։ Սամվելյանը քննությունը նշանակել էր երեկոյան ժամը 6֊ին։ Դողդողացնելով հավաքվել էինք լսարանի դռան առջև, որովհետև երկու տարվա նյութ էինք հանձնելու՝ անտիկ շրջանից մինչև Վերածնունդ (Սովետական միության մեջ ինքը շեքսպիրագիտության եզակի դոկտոր-պրոֆեսորներից մեկն էր)։ Պարզվեց քննական տոմսեր չկային սեղանին դրված և առաջին 3 հոգին, ովքեր մտան առաջինը քննություն հանձնելու, պարզապես բանավոր ստացան տոմսի նյութը․ Օրինակ՝ Էսքիլես և երկրորդ հարցը Վերածննդից, Սոֆոկլես և երկրորդ հարցը միջնադարից, Եվրիպիդես և երկրորդ հարցը Վերածննդից։ Պարզ էր, որ հաջորդ հարցը Արիստոֆանեսն էր լինելու, որը ծայրեծայր անգիր գիտեի. կուրսեցիներս ինձ պարզապես ներս հրեցին։
Ի դեպ պատվիրեց, որ լսարանի դուռն էլ բաց թողնենք, որպեսզի լսենք և տեսնենք թե ներսում ի՞նչ է կատարվում։ Այս կերպ քննություն անցկացնել ես իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում չէի տեսել։ Լուիզա Սամվելյանը մեր կուրսի հետ եկել էր քեֆի Արզնիում․ խորովածի շամփուրով սուսերամարտում էր։ Ինստիտուտից հետո մեր ծանոթությունը վերածվեց իսկական բարեկամության և որտեղ էլ որ հետագայում աշխատելիս լիներ (Բրյուսովի անվան ինստիտուտում, Պետական համալսարանում) ինձ մշտապես հրավիրում էր իր դասերին, նույնիսկ ներկայացնում էր ինձ։ Արդեն իր տանն էլ էի լինում, մաքրագրում էի իր ձեռագրերը (դրանցից ունեմ պահած՝ ինքն է նվիրել), ինչպես նաև իր հեղինակած գրքերից մի քանիսը, բայց արդեն միայն տեքստերը չէի մաքրագրում, արդեն հարազատ աղջկա նման բնակարանի մաքրությամբ էի զբաղվում․ սենյակներն էի ավլում, պատուհաններն էի լվանում, լվացք էի անում, զուգահեռաբար մի պիես էինք վերլուծում կամ որևէ ֆիլմ էինք քննարկում։ Ցուրտ ու մութ տարիներին երբեմն ուտելիք էր տալիս երեխաների համար, իսկ ինձ իր հագուստներից էր նվիրում։
Հյուրասենյակի սեղանին ամառ թե ձմեռ պոպոք կար դրված, իսկ ապագա գրքերի, հոդվածների ձեռագրերը թղթապանակների մեջ դրված, շարված էին սեղանից մինչև առաստաղ։ Գազօջախի երեսը միշտ մաքուր էր պահում։ Հեռուստաթատրոնում աշխատածս տարիներին երկու փոքրիկ բեմադրություն էի արել․ Լուիզա Սամվելյանը դարձավ իմ երրորդ բեմադրության գեղարվեստական ղեկավարը, մանավանդ որ պիեսն ինքն էր թարգմանել անգլերենից՝ Ջեյմս Մեթյու Բարրիի «Նա ցուցադրում է իր մեդալները»։ Անգլերենն ասես մայրենի լեզու լինել իր համար, էլ չեմ խոսում ֆրանսերենի մասին։ Սկսվեցին փորձերը․ շատ հաճախ իր տանն էիք փորձոմ, քանի որ քաղաքի կենտրոնում հավաքվելն ավելի հեշտ էր դերասանների համար (հիշեցնեմ որ 1996 թիվն էր)։ Շատ լավ դերասանական կազմ էի հավաքել՝ Տիգրան Ներսիսյան, Անահիտ Ղուկասյան, Արև Սանթրոսյան, Լարիսա Քոչարյան, Գուրգեն Արզումանյան։ Փորձերի ընթացքում «քրքրում» էր ինձ, պահանջում էր, որ գրավոր մի էջի սահմաններում իրեն ներկայացնեմ գլխավոր հերոսների ներքին մոնոլոգներն անգամ ու նշեմ, որ միշտ գոհ էր մնում ինձնից, թե չէ չէր թողնի որ շարունակեմ փորձերը։ Հեռուստաթատրոնի գեղխորհրդին հանձնեցինք «читка»֊ն, արդեն պատրաստ էր դեկորացիան, զգեստները, երաժշտական ձևավորումը և երկուշաբթի օրվանից պատրաստվում էի բարձրանալ հեռուստատեսություն՝ տեսագրության։
Բայց ինչպես ժողովուրդն է ասում, «ուրբաթը շաբաթից շուտ եկավ»։ Ես հեռացա Լուիզա Սամվելյանից, գնացի խմբագրություն, դիմում գրեցի աշխատանքից ազատվելու մասին և հեռացա․․․
Եվ սա այն պահին, որ բեմադրությունս համարյա պատրաստ էր, և ինձ վերցրել էր իր նոր հավաքած թատերագիտական կուրսում, որպես իր օգնական, նա ինձ այդպես էլ ներկայացրել էր թատերական ինստիտուտի գիտխորհրդին․ «Ներկայացնում եմ Սոֆիկ Սարգսյանին, նա պետք է աշխատի իմ կուրսում, ինձ հետ այստեղ»։ Իսկ այն ժամանակվա ռեկտոր Վահե Շահվերդյանն էլ ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, որ՝ մենք Սոֆիկին ճանաչում ենք և սիրում:
Հետգրություն - 70 տարեկանում էլ նույն գեղեցկուհին էր Լուիզա Սամվելյանը։ Այսօր ինձ համար դժվար է գրել նրա մասին, քանի որ կյանքի վերջին երկու տարին ես արդեն իր կողքին չէի, ես հեռացել էի։ Նույնիսկ նրան հրաժեշտ տալ չկարողացա, բայց այս անգամ ոչ իմ կամքով։ Այդ օրը առավոտ շուտ, ժամը վեցին ինձ տարան Գյումրի՝ նկարահանման. Սուրեն Բաբայանի «Խենթ Հրեշտակը» ֆիլմ էր, իսկ նախորդ օրը, որքան գիտեմ, հոգեհանգիստ չէր կազմակերպվել։
Մեր հրաշալի կինոգետ Դավիթ Մուրադյանն իր ռեկտոր եղած ժամանակ թատերական ինստիտուտի միջանցքներում մեր մեծ արվեստագետներից շատերի մեծադիր լուսանկարներն է տեղադրել։ Չորրորդ հարկում Լուիզա Սամվելյանի լուսանկարն է՝ Մհեր Մկրտչյանի կողքին։ Ամեն անգամ, երբ բարձրանում եմ դասի, կանգնում եմ Ձեր նկարի առջև ընկեր Սամվելյան։ Բայց այսօր ամենից շատ ինձ պակասում է Ձեր ներկայությունը որևէ թատրոնի դահլիճում ներկայացում դիտելիս․ Եթե Լուիզա Սամվելյանը դահլիճում չէ,էլ ի՜նչ թատրոն․․․
Սոֆիկ Սարգսյան
Դիտումներ: 257
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։