Լեո Բուտնարու. ծովի լռության մեջ

10:35 19.11.2026 · Գրական · Լեո Բուտնարու
Կիսվել:

Հիմա շատ դժվար է ասել, թե ռումիներեն գրող բանաստեղծ Լեո Բոտնարուն ժամանակակից մոլդովացի գրող է, թե՞ ռումինացի, քանի որ ինչպես շատ ու շատ բնագավառներում, քաղաքականությունը մուտք է գործել մի ոլորտ, ուր, ըստ էության, չպետք է լիներ, ու իրենով աղտոտել է ամենը՝ ստիպելով միևնույն լեզվով խոսող ժողովրդին երկու անուն ունենալ։ Լեո Բուտնարուն  մեծ համբավ և վաստակ ունի թե Մոլդովայում, թե Ռումինիայում, 80-ից ավելի  ժողովածուների հեղինակ է, բազմաթիվ լեզուներով թարգմանված և ինքն էլ շատ հաճախ է հանդես գալիս որպես թարգմանիչ։ 2019 թվականին Մոլդովայի գրողների համագործակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է Նոբելյան կոմիտեին։  

 

 

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Օ Աստված, որքան տարօրինակ է

աշխարհում ամեն բան.

ահա դեռ չհնձված

ընձյուղները խոտի,

նրանց մնացել է ապրել մի ակնթարթ

(թեկուզ և շատ վառ, սակայն...)

և ահա` արդեն հնձված,

ծեղերն են ափիս մեջ,

բայց չեմ թողնում հպվեն հողին՝

մի քանի վայրկյան հետաձգելով

անկումը նրանց,

կամ գուցե անգամ մահը...

Ծեղերն այս ասես

ակնթարթներ լինեն Ցեղապատումների...

 

 

ՈՉ ՄԻ ՇԱՆՍ

 

Ամբոխի մեջ սեղմված

(կամ քիչ ավելի նրբանկատ՝

մարդկային բազմաթիվ այլ նմուշների մեջ)

դու արդեն չունես ոչ մի շանս

գտնելու արահետը

որով

կկարողանաս փախչել ինքդ քեզնից

կամ գտնել ինքդ քեզ

 

 

ԼՌՈՒԹՅՈՒՆ

 

Լռությունը մաքուր տիեզերքի վիճակն է

(կամ տիեզերքի մաքրության, դեռ նոր պետք է գիտակցվի)։

Լռությունը տարածություն է, զգացմունք,

միտք, ցավ, ուրախություն,

հուսալքություն, մարմին, հոգի...

Կյանք ու մահ,

որոնցից

ավելորդ ամեն բան հեռացվել է,

ներառյալ բառերը, որոնք

ի վերջո կորցրել են իմաստը,

քանզի իմաստն ինքը

շատ վաղուց կորցրել է այդ բառերը։

Որոնել է,

բայց այդպես էլ չի գտել...

 

 

ԾՈՎԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Երբ լռում են ծովն ու սերը,

ինչն այնքա՜ն սակավ է պատահում,

ապա բուրում են թունդ և տտիպ

շերտավորված լռությամբ։

Այդ լռության մեջ ես որսացի ինձ այն մտքի վրա,

որ հավանաբար

մեր մեղավոր երազների կառավարողը

հենց անկյալ հրեշտակն է որ կա,

իսկ անարատ երազների ծառայապետը՝

օրինակելի հրեշտակն է.

նրա փաստաթղթերը կարգին են, ու ամեն ինչ սարքին է։

 

 

ՇԱՀՐԻԶԱԴԵՆ ԵՎ ՊԼՅՈՒՇԿԻՆԸ

 

Ինչպես ասում են՝ ամեն մեկն իր արշինով է չափում...

Այդպես չէ՞։

Եթե ասենք

աներևակայելի ժլատ Պլյուշկինը

(այն պահից, երբ նա հրաժարվեց դիպչել օղու շշին,

որ հանկարծ չհյուրասիրի որևէ մեկին

և շիշը փառապատվեց

ու նմանվեց ֆուֆայկայի...)

նշանակում է, որ Պլյուշկինը՝

մեռած հոգիների վերջին վաճառականը,

հաշվել է, որ հազար ու մի գիշերվա ընթացքում,

երբ Շահրիզադեն անդադար

շաղ էր տալիս լեզուն,

որ մեծ վեզիրին հաճույք պատճառի պատմումներով,

դահլիճում վառվող ջահերն այրել են մեկ տոննա և տասնչորս կիլոգրամ

ոչխարի դմակի յուղ

(այսինքն՝ ամեն հեքիաթի համար մի ոչխար)։

Իսկ հիմա կապենք պարկի բերանն ու առաջ գնանք,

նոր հեքիաթներ հավաքելու...

 

 

ՄԻ ԲԱԺԱԿ ՍՈՒՐՃ ՄՈՒՍԱՅԻ ՀԱՄԱՐ

 

Ինձ այցելում է Մուսան։

Հնարավոր է անգամ կարողանա ներշնչել,

Բայց չի բացառվում, որ գալիս է հենց այնպես,

Կարճատև արձակուրդի,

Սովորական զրույցի համար։

Ինչ էլ որ լինի՝

Մեծ բաժակ եմ վերցնում

Մուսային սուրճով հյուրասիրելու համար։

-Դու չափազանց շատ ես լցրել,- ասում է նա։

-Որ դու քիչ ավելի երկար մնաս,- պատասխանում եմ անկեղծորեն։

(Ընդհանրապես, Մուսայի հետ, որը գիտի

Ամենն, ինչ դու մտածում ես ու զգում, չի կարելի անկեղծ լինել...)։

 

 

ԹԱՆՁՐՈՒԿ

 

Այս սևադարչնագույն նստվածքը... Դա 

և սուրճի թանձրուկ է

և երջանկության թանձրուկ...

Ավելի շատ երջանկություն է, քան սուրճ

Այս սևադարչնագույն թանձրուկը...

Թող աշխարհն ասի, որ դա այդպես է։

Ճիշտ է, ոչ այնքան երկար երջանկության թանձրուկ,

Եթե հիշենք, որ

Բալզակը խմել է մոտավորապես 50 հազար բաժակ սուրճ

և ապրել 51 տարուց մի քիչ ավելի։

Բայց մեկ է, դա

Ոչ մի կերպ չի նվազեցնում կարևորությունը

Երջանկության թանձրուկի

Մարդու ճակատագրի մեջ...

Մարդկության։

 

 

ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ

 

Աստված այնքան ներողամիտ է, որ

Ներում է նույնիսկ նրանց, ով անվանում

Կամ տառասխալներով է գրում Նրա անունը։

Ընդհանրապես

Աստված չի միջամտում ուղղագրության հետ կապված գործերին,

Ի վերջո Արարիչն է, ոչ թե ինչ-որ

Ջանասեր ուսուցիչ

Տարրական դասարանների,

Ոչը իրիկունները

Ստուգում է տետրերի տրցակները

Եվ նրա խորհրդականները ոչ մի անգամ չեն ասել.

-Ներիր նրանց, Տեր, քանզի չգիտեն, թե ինչ են գրում։

 

 

ԿԱՂԱՊԱՐ

 

Առաջվա պես,

Ռոդենի Մտածողը շրջայց է անում աշխարհում

անհամար պատճենների կերապարներով

իբրև պահի մանրակերտ

հայտնվում է նորից ու նորից

ամենուր և ամենուր

ինչպես որ ամենաշատը սազում է նրան՝ մտածկոտ,

մի քիչ մտահոգ, գրեթե տրտմեցնող,

աճուրդներում, աճուրդներում, աճուրդներում...

Ասում են, որ շուտով

Ռոդենի Մտածողը վաճառվելու է նաև դեղատներում

 

 

SPAMMING

 

Ճապոնիայում

(գուցե և արդեն ինչ-որ տեղ, մեզ մոտ)

գրանցվել է առաջին դեպքը,

որը հաստատում է,

որ համակարգիչները ունակ են մտածել,

այն բանից հետո, երբ դրանցից մեկի էկրանին

հայտնվել է նախազգուշացում.

«ամբոխի մեջ հայտնվելիս ուշադիր եղեք,

այնտեղ, սպամի պես,

գործում է ամայացնող մարդ-սպամը »

 

 

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

 

Երբեմն,

Երբ թափառում ես փողոցներով,

Այդ թվում նաև ճակատագրի փողոցներով,

Ստեպ-ստեպ նկատելով քո պատկերը ցուցափեղկերում,

Ցնցվում ես, և թվում է, որ քո վերին շրթունքը

Պատռվել է կարթի կեռի կողմից...

 

 

Թարգմանությունը ռումիներենից՝ Գևորգ Գիլանցի

Դիտումներ: 166

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։