Կույր շունը

11:47 13.11.2026 · Գրական · Նասիմ Խաքսար
Կիսվել:

 

Մեր թաղամասի առևտրի կենտրոնի դիմացի տարածքում մի քանի կին ու երեխա շրջան էին կազմել։ Իմ փոխարեն ով էլ լիներ, կհետաքրքրվեր՝ տեսնելու, թե ինչ է կատարվում շրջանի մեջտեղում։ Մոտեցա ու կանգնեցի նրանց կողքին։

 

Տասը-տասներկու տարեկան, համեմատաբար բարձրահասակ, խարտյաշ մազերով մի տղա ձեռքում պահել էր փոքրիկ շան պարանի ծայրը։ Մի կին, որի երեխան հեկեկում էր, ու արցունքները կաթիլ-կաթիլ հոսում էին աչքերից, տղային ասում էր, թե ինչու չի պահում իր շանը, որ ուրիշի երեխային չկծի։ Տղան ապշած նայում էր կնոջն ու ոչինչ չէր ասում։ Երբ կինը մի քանի անգամ, այլ բառերով, կրկնեց նույնը և զայրացած գոռաց նրա վրա, տղան հանգիստ ասաց.

 

-Իմ շունը կույր է։

 

Կինն ասաց.

 

-Ի՞նչ։ Կո՞ւյր է։

 

-Հա՛։ Շունս կույր է։

 

Շունը հանգիստ կանգնած էր տղայի կողքին և ինչպես կույրերն են անում, գլուխը մեկ այս, մեկ այն կողմ էր պտտում։

 

Զայրացած կնոջ պահվածքը հանկարծ փոխվեց։ Նա քնքշանքով նայեց շանը, հետո՝ տղային, ապա այդ նույն մեղմությամբ մոտեցավ նրանց, կռացավ շան վրա ու շուրթերը համբուրելու պես կլորացրեց։ Հետո նստեց շան դիմաց և զգուշությամբ ձեռքը պարզեց՝ նրա գլուխն ու ականջները շոյելու։ Հենց ձեռքը դիպավ շան գլխին, շունը տեղից վեր թռավ ու փորձեց կծել նրան, բայց չկարողացավ։ Կինը վախեցած արագ ետ ցատկեց ու գոռաց.

 

-Ի՜նչ վատ շուն է։ Ինչո՞ւ ես սրան այստեղ բերել։

 

Նրա կողքին կանգնած երեխան ճչաց։

 

Շան տեր տղան ասաց.

 

-Ես ձեզ ասացի՛։ Կույր է։

 

Մեկ ուրիշ կին, որ նարնջագույն վերնաշապիկ էր հագել, և որի երեխայի ձեռքն էր շունն առաջինը կծել, հարցրեց.

 

-Ի՞նչ է նշանակում՝ կույր է։

 

-Կույր է։ Իմ շունը կույր է։

 

-Այսինքն՝ ոչինչ չի՞ տեսնում։

 

-Չէ՛։ Կույր է։

 

-Եթե կույր է, ինչո՞ւ է բոլորին կծում։

 

Տղան չպատասխանեց։

 

Կինը մոտեցավ, կռացավ շան վրա ու մոտիկից նայեց նրա աչքերին։ Շունը, կույրերի նման, գլուխն ուղղել էր դեպի կինը և արագ-արագ շնչում էր։ Կինը կամաց ձեռքը պարզեց՝ նրա կոկորդի տակը շոյելու, բայց շունը վեր թռավ ու կծեց նրա ձեռքը։

 

Կինը ճչաց ու հետ ընկավ՝ փռվելով գետնին։

 

Մի քանի հոգի դժգոհության ձայներ արձակեցին՝ «ա՜խ», «օ՜խ», ու դեպի տղան ձեռքերն ու գլուխները շարժեցին։ Տղան, առանց ուշադրություն դարձնելու նրանց դժգոհությանը, շան պարանը մի փոքր դեպի իրեն քաշեց։ Հետո կռացավ, գետնից բարձրացրեց իր փոքրիկ շանն ու գրկեց։

 

Գետնին ընկած կինը վերադարձել էր իր տեղը շրջանի մեջ և զննում էր ձեռքը՝ տեսնելու՝ վիրավորվե՞լ է, թե՞ ոչ։ Նրա կողքին կանգնած երեխան բարձրաձայն վնգստում էր։

 

Տղան նայեց նրանց ու ասաց.

 

-Իմ շանը ոչինչ չի պատահել։ Ուղղակի կույր է։

 

Ապա մեղմորեն պտտվեց դեպի մեզ՝ բոլոր նրանց, ովքեր շրջան էին կազմել։ Այնքան սահուն պտտվեց, կարծես այդ շարժմանը վարժվում էր, և դա անում էր իր գրկում գտնվող շան համար, ոչ թե մեզ համար։ Երբ հասավ իր պտույտի վերջին կետին, նորից կռացավ, շանը կամաց դրեց գետնին՝ իր ոտքերի առաջ, և պարանի ծայրը պահեց ձեռքում։

 

Բոլորը հարցական հայացքներով նայում էին նրանց։ Շունը գլուխը ձգում էր այս ու այն կողմ, բայց ոչ մի ձայն չէր հանում։

 

Կինը, որի ձեռքը շունը կծել էր, ասաց.

 

-Շունդ նյարդային է։ Չպետք է ամեն տեղ հետդ տանես։

 

Նա կրկին նայեց իր ձեռքին։

 

Մի տարեց կին, որի առջև գնումների սայլակ կար, ասաց.

 

-Խեղճը...

 

Կնոջ սրունքը, իր տարիքի կանանց մեծ մասի նման, նիհար էր ու ոսկրոտ։ Նրան նայելով՝ կարելի էր կարծել, թե առանց սայլակի՝ դժվարությամբ կկարողանա քայլել։ Նա սայլակը մի փոքր առաջ հրեց։

 

Տղան, որը դեռ ձեռքում պահում էր շան վզին կապված պարանի ծայրը, հանգիստ ու անվրդով նայեց նրան, ապա գլուխը շրջեց դեպի մրգի ու բանջարեղենի խանութը, որը մեզանից այնքան էլ հեռու չէր։ Բաց դռնից մի քանի հոգի դուրս եկան ու միացան մեզ։

 

Երբ տարեց կինը մոտեցավ շանը, ձեռքը պարզեց՝ պարանը տղայի ձեռքից վերցնելու։ Տղան պարանի ծայրը տվեց նրան։ Կինը բռնեց պարանը և տղայի նման մի քանի վայրկյան կանգնեց շան կողքին։ Հետո պարանը ձեռքում պահած՝ կամաց կռացավ, գետնից բարձրացրեց փոքրիկ շանն ու գրկեց։

 

Շունը ոչ մի արտասովոր արձագանք չտվեց։ Կույրերին բնորոշ նույն շարժումով գլուխը ձգեց այս ու այն կողմ, ապա գլուխը դրեց կնոջ կրծքին։

 

Նրանց շուրջը շրջան կազմած կանայք, տղամարդիկ ու երեխաները զարմանքով նայում էին նրան։ Կինը, որի ձեռքը շունը կծել էր, դուրս եկավ շրջանից և տատանվելով մի քանի քայլ առաջ գնաց։ Առանց շանը դիպչելու՝ նայեց նրա աչքերին։

 

Տարեց կինը ժպտաց նրան, ապա կռացավ, շանը կամաց դրեց գետնին և պարանի ծայրը տվեց կնոջը։

 

Կինը վախվորած բռնեց պարանի ծայրը։ Հետո գնաց ու կանգնեց տարեց կնոջ տեղում՝ շան հետևում։ Ապա պարանը ձեռքում պահած՝ կամաց կռացավ դեպի շունը։ Բարձրացրեց նրան ու գրկեց։ Շունը հանգստացավ նրա գրկում և լեզվով լիզեց կնոջ դեմքը։

 

Տղան, հանգստանալով, որ շան հետ ամեն ինչ կարգին է, նրան թողեց կնոջ գրկում ու գնաց խանութ՝ գնումներ անելու։ Շանը գրկել ցանկացող երեխաներն ու մայրերը հերթ կանգնեցին՝ իրար հետևից շարվելով, որպեսզի իրենց հերթը հասնելուն պես պարանի ծայրը վերցնեն իրենց ձեռքը։

 

 

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

Դիտումներ: 159

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։