Կարապետ Գրիգորյանց․ թիֆլիսյան ցուցանակների ու ինտերիերների նկարիչը
Կարապետ Գրիգորյանցը Նիկո Փիրոսմանիի ժամանակակիցն էր ու իր ստեղծագործությամբ ամենից մոտը վրացի նկարչին, բայց նրան «հայկական Փիրոսմանի» չես անվանի․ նա ավելի վաղ է մասնագիտացել գեղանկարչության ոլորտում, ճանաչվել ու հաջողության հասել։ Չի բացառվում նաև որոշ փոխադարձ ազդեցությունը, քանի որ Թիֆլիսի կենտրոնում նրա աշխատանքները բոլորին էին ծանոթ ու հասանելի։ Այսօր նա արվեստասերների նեղ շրջանակին ու մասնագետներին է միայն հայտնի, ուստի, ըստ էության, թերագնահատված ու քիչ ուսումնասիրված արվեստագետներից է։ Դրա պատճառներից մեկն այն է, որ նույն տարիներին «նաիվ», հիմնականում կենցաղին ծառայող ստեղծագործությունների հեղինակ ինքնուս Գրիգորյանցի կողքին կային ակադեմիական կրթություն ստացած վարպետներ, որոնք բարձրարվեստ գեղանկարչության գոհարներ էին վրձնում ու մեծ անուն ունեին թե՛ Թիֆլիսում, և թե՛ դրա սահմաններից շատ հեռու։ Բացի այդ՝ նրա կողքին ապրում էր Վանո Խոջաբեկյանի պես ունիկալ ինքնուս գծանկարիչ։ Եվ, ի վերջո, տարիների ընթացքում Գրիգորյանցի շատ աշխատանքներ վնասվեցին կամ անհետացան, իսկ պահպանվածներն էլ ցիրուցան եղան՝ տեղ գտնելով մասնավոր հավաքածուներում ու թանգարաններում։ Այսպես, որքան հայտնի է՝ պահպանվել է Գրիգորյանցի շուրջ 40 աշխատանք, որոնցից 33-ը Վրաստանի ազգային թանգարանում (փոխանցել է հեղինակը), իսկ վեցը՝ Վրաստանի ժողովրդական և կիրառական արվեստի թանգարանում։ Նկարչի հայրենիքում նրա մեկ գործ է առկա՝ «Թամար թագուհին և Շոթա Ռուսթավելին»՝ Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցում։ Առավել ևս՝ վաղ է խոսել Փիրոսմանիի պես Գրիգորյանցի ծննդավայրում առանձին թանգարան հիմնելու մասին։

Պատմաբան Լաշա Բաքրաձեի խոսքերով՝ «նա ինքնին շատ ուշագրավ դեմք էր։ Նա, ինչպես մենք առ այսօր ձևակերպում ենք, ինքնուս նկարիչ էր Փիրոսմանիի ժամանակներում, չնայած այդ տարիներին նա Փիրոսմանիից ֆինանսապես ավելի հաջողակ էր, քանի որ ստանում էր համեմատաբար ավելի շատ պատվերներ…»։ Հատկանշական է, որ Գրիգորյանցը ճանաչված էր ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես դրամատուրգ, գրող և թարգմանիչ։
Աշխարհ է եկել 1870թ․ մայիսին՝ Տավուշի (այն ժամանակ՝ Ելիզավետպոլի նահանգ) Այգեձոր գյուղում՝ աղքատ շինական Վարդազարի ընտանիքում։ Եղել է հինգ երեխաներից կրտսերը. «Չնայած հայրս անուսում գյուղացի էր, սակայն շատ էր արժևորում լուսավորությունը»։ Ծնողների մահից հետո ավագ եղբայրների հետ տեղափոխվել է Թիֆլիս, հանձնվել ձկնարդյունաբերող Արտեմ Յուզբաշյանի խնամակալությանը, ապա Թելավում աշխատել կտորի խանութում: Դրսևորել է նկարչական ու բանաստեղծական ձիրք․ այցելուները ցավ են հայտնել, որ տղան ստիպված պիտի լինի առևտրով զբաղվել։ Սակայն այնպես է ստացվել, որ արվեստը, գրականությունն ու առևտուրը Գրիգորյանցի կյանքում միաժամանակ են հանդես եկել։ Տեղի հայ քահանայի օգնությամբ սովորել է հին վրացերեն ու գրաբար, ինչից հետո թողնելով աշխատանքը կտորի խանութում՝ վերադարձել է Թիֆլիս ու զբաղվել նկարչությամբ։ Որոշ ժամանակահատված աշակերտել է գերմանացի նկարիչ Գելֆինգին, ինչից հետո նախ բնակվել ու պատվերներ է ընդունել Թիֆլիսի այժմյան Լադո Գուդիաշվիլիի հրապարակում՝ Արղության-Երկայնաբազուկի տանը, ապա բացել է նկարչական արվեստանոց, որը գործել է շուրջ 40 տարի։ Պատվիրատուները շատ են եղել, Գրիգորյանցը և իր աշակերտները նկարել են երկաթուղային վահանակներ, համքարությունների դրոշներ, փողոցների անվանումներ։ Գրիգորյանցի աշակերտներից էր Վանո Վեպխվաձեն, որը հետագայում արժանացել է Վրաստանի ժողովրդական նկարչի կոչման։ Արվեստանոցում հաճախ հյուրընկալվել են աշուղներ Հազիրը (Աբրահամ Աբրահամյան), Եթիմ Գուրջին (Դաբղիշվիլի/Աղաջանով) և ուրիշներ։ Լադո Գուդիաշվիլիի վկայությամբ՝ «Հին Թիֆլիսում մեծ հռչակ էր վայելում Կարապետ Գրիգորյանցը։ Նա ինքնատիպ էր, փայլուն ձիրքով․․․»։ Գրեթե բոլոր նկարների տակ (գրաֆիկական աշխատանքներ չկան) նկարիչը ռուսերեն ստորագրել է․ «Կարապետ Գրիգորյանց․ Հին Թիֆլիս»։
Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես նիհար, բարձրահասակ, արժանապատիվ ու հարգված, բարի աչքերով մարդկային անձնավորություն։ Սիրել է կարդալ, շատ բան անգիր է արել։ Նրա «Եղբայրասպանը» վրացերեն պիեսը 1904թ․ բեմադրվել է «Արաքսյան» թատրոնի ուժերով ու արժանացել «Իվերիա» և «Ցնոբիս պուրցելի» առաջատար թերթերի դրվատանքին։
12 գիրք է գրել, սակայն դրանց մեծ մասը չի հրատարակվել ու կորստյան է մատնվել։ Իոսեբ Գրիշաշվիլին իր «Հին Թբիլիսիի գրական բոհեմը» գրքում հիշատակում է Գրիգորյանցին որպես գրող և 1910 թվականին հրատարակված բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ, ինչպես նաև Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի հայերեն թարգմանիչ։ Արվեստաբան Թելման Զուրաբյանը այսպես է բնորոշել Գրիգորյանցի «Վերացի Վարենկայի գովքը» վրացերեն բանաստեղծական ժողովածուն․ «Բանաստեղծությունները պարզ են և զարմանալիորեն կերպարային։ Ավանդական են, սակայն տաղանդավոր, իսկ տողերի հետևում բացառիկորեն մաքուր հոգի է»։ Գրաբարից թարգմանել է «Էֆիմերտեն» («Եփրեմվերդի»), որը երկու անգամ վերահրատարակվել է։ 2011-ին Գ․ Լեոնիձեի անվան Վրացական գրականության թանգարանը հրատարակել է Գրիգորյանցի «Հին Թբիլիսիի անհավանական պատմությունները» վրացերեն գիրքը․ այն գրված է անպաճույճ ոճով ու սխալներով, սակայն թույլ է տալիս պատկերացում կազմել քաղաքի տների կառուցվածքի, բնակիչների հագուկապի, զբաղմունքների, շուկաների, ֆաբրիկաների, հավաքների, աղմկահարույց հանցագործությունների մասին։ Գրիգորյանցը վավերագրել է մինչև իսկ կայծակնահարությունները, Բուխարայի էմիրի այցը Թիֆլիս, Գրիգոր Արծրունու տպավորիչ հուղարկավորությունը և այլն։ Ահա մի ուշագրավ մեջբերում․ «Ալյուրի շուկայից մինչև բաղնիքներ՝ փողոցների երկու կողմերում տեղակայված էին պոռնկանոցի բնակիչների բազմաթիվ որջերը։ Այդ կանանց մեծ մասը մահմեդականներ էին։ Որտեղ բացակայում էին ոստիկանները, կասկած չկար, որ յուրաքանչյուրն իր գործով է զբաղում։ Այդ ժամանակ հենց այսպես էր լինում․ ամեն երեկո նրանք շարքերով նստում էին սալարկված փողոցում և անցորդ տղամարդկանց հրավիրում իրենց տները, հաճախ թռցնելով նրանց եզրագլխարկները և վազելով տուն։ Եթե նրանք որևէ մեկի մոտ փող էին նկատում, ապա նրան սպանելն ու Մտկվարի գետը նետելը ևս նրանց արհեստն էր»։
Խորհրդային գրաքննության պայմաններում Գրիգորյանցի գրական գործունեությունը մոռացության է տրվել, սակայն նա շարունակել է նկարել։ 1936 թ․ Երվանդ Քոչարը և Ջոտտոն (Գևորգ Գրիգորյանը) գտել և այցելել են Գրիգորյանցին Սուրամում․ դրամ աշխատելու համար նա կոշկակարություն է արել, միաժամանակ նկարել է։ Հենց այդ տարիներին՝ թանգարանի պատվերով արված գործերն են պահպանվել, իսկ ավելի վաղ՝ մինչխորհրդային շրջանի ստեղծագործությունների վերաբերյալ միայն բանավոր վկայություններ են առկա։
Մահացել է 1943թ․` Թբիլիսիում, ծայրահեղ աղքատության պայմաններում։ Թաղման վայրը, ինչպես Փիրոսմանիի դեպքում, անհայտ է։

Իր մեծ նախորդ Հակոբ Հովնաթանյանի պես Գրիգորյանցը հիմնականում նկարել է դիմանկարներ։ Սակայն եթե Հովնաթանյանի կերտած կամերային դիմանկարները ստեղծվել են բարձր խավի համար և հետևաբար աչքի են ընկել նրբին կատարմամբ, չափերով համեմատաբար փոքր են, Գրիգորյանցի աշխատանքները կատարել են հստակ գործառույթ՝ հմայել տարբեր դասակարգերի այցելուներին, կենտրոնացնել յուրաքանչյուր դիտողի ուշադրությունը։ Նրա մեծածավալ գործերը ստեղծված են պարզ և դեկորատիվ հանդիսավորությամբ։ Ի տարբերություն Հովնաթանյանի՝ Գրիգորյանցի դիմանկարներում հաճախ շեշտվում է ոչ թե պատկերվողի հոգեբանությունը, ներաշխարհը կամ տրամադրությունը, այլ մեկ այլ՝ լրացուցիչ դետալ՝ մազերի փնջում հայտնված ծաղիկը («Աղջկա դիմանկար»), թուրը («Դիմանկար», 1924), թեյնիկները («Թեյ բաժանողը»), կամ ոսկեզօծ գոտով տղայի ձեռքին հայտնված իշխան ձկների կապոցը, յասամանի փունջը և պատից կախված փասիանները («Պատանի քաղաքացի»)։ Նկարիչը բազմիցս անդրադարձել է Շոթա Ռուսթավելու և Թամար թագուհու կերպարներին՝ ամեն անգամ ընդգծելով նրանց շքեղ հանդերձանքը և «Ընձենավորի» կազմը։ Սրանով հեղինակը նախ հեշտացրել է կոմպոզիցիայի ընկալումը, և ապա՝ դարձրել այն ավելի կիրառական, կապել կյանքի, առևտրի կամ սպասարկման այս կամ այն ոլորտին։ Գրիգորյանցին են վերագրվում թիֆլիսյան ցուցանակներին զետեղված սրամիտ հանգավորված գովազդային կարգախոսները․ «Նե ուեզժայ տի մոյ գոլուբչիկ» (հյուրանոցում՝ մի՛ հեռանա, իմ աղավնյակ), «Սոլիդնի օբեդի դլյա սոլիդնի լյուդի» (պատկառելի ճաշ պատկառելի մարդկանց համար) և այլն։ Հայտնի է, որ Գրիգորյանցը զբաղվել է նաև ինտերիերային գեղանկարչությամբ։

Բարեբախտաբար, պահպանվել է Գրիգորյանցի՝ 1937թ․ ստեղծած վրաց գրողների և հասարակական գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք (Եկ․ Գաբաշվիլի, Գ․ Ծերեթելի, Ա․ Ճավճավաձե, Ն․ Օրբելիանի, Ռ․ Էրիսթավի, Ա․ Ղազբեգի և այլք)։ Առաջին հայացքից՝ դրանք պարզունակ են, որոշ դեպքերում՝ ասես անավարտ, սակայն բոլոր դեպքերում մանրուքներում նկատվում է նկարչի ինքնատիպ տաղանդի կնիքը։ Ընդգծված դեկորատիվությունը դրանց հաղորդում է լուսանկարի էֆեկտ, պատկերվողները հանդիսավոր դիրքով են, քարացած։ Ըստ «Կովկասի արձագանքը» ռադիոկայանի թղթակցի՝ Գրիգորյանցի հերոսները «մի փոքր անբարեկազմ են, բայց դա նրանց առանձնապես հուզիչ է դարձնում։ Այդ դիմանկարները կարծես նկարել է մի երեխա, որը դեռ չի կորցրել իր ընկալման թարմությունը։ Աշխատանքների պարզունակությունը միայն ընդգծում է Գրիգորյանցի պատկերած մարդկանց աչքերում առկա կյանքը»։ Բարձր գնահատելով Գրիգորյանցի արվեստի բնականությունն ու կենսականությունը՝ նկարիչ Ալբերտ Դիլբարյանը նկատել է, որ նրա կերպարները «նման են այն մարդկանց, որոնց ամեն օր ես հանդիպում» և որ «Կարապետը իր կերպարներին մոտեցնում էր մեզ»։

Ստեղծել է նատյուրմորտներ («Նատյուրմորտ տիկով և կժով», 1925, «Եղջյուրներով նատյուրմորտ», «Զատկական նատյուրմորտ», 1930, և այլն)․ երկրորդում, ի դեպ, նկատվում են սարյանական տարրեր, ասել է թե՝ հեղինակը փորձել է հետ չմնալ ժամանակից, մինչև անգամ տարեց հասակում ոճական փոփոխություններ ու ազդեցություններ է կրել։ Նույնիսկ «դավաճանելով» իր նախընտրած կապտավուն ֆոնին՝ այդ դեպքում նախապատվությունը տվել է դեղինին։ Նկարչի համար անսովոր խորությամբ է ստեղծված վերջին տարիներին հայտնաբերված «Երաժշտական գործիքներով նատյուրմորտը» (1924)։ Արվեստաբան Իրինա Ձուցովայի բնորոշմամբ՝ «նկարիչը ջանադրաբար վերստեղծում է առարկաների ձևն ու ծավալը, նա դրանցում շեշտում է տվյալ առարկային բնորոշ հիմնական որակը և միևնույն ժամանակ հասնում է լայն արտահայտչականության և ընդհանրացման խորության»։ Իսկ Երվանդ Քոչարը Գրիգորյանցի նատյուրմորտների մասին այսպես է արտահայտվել․ «Ես հաճախ էի դրանք վերհիշում Փարիզում, մտածում էի՝ փարիզյան որևէ թանգարանում ցուցադրիր դրանք և հաջողությունը մեծ կլինի»։
«Խրամուլի» (1936) պայմանական անվանմամբ ցուցանակը Գրիգորյանցի ամենաճանաչված գործերից է։ Տարբեր տեսակի ձկների համադրությամբ հեղինակը կարողացել է ստեղծել մի գրություն, որը և՛ գրավիչ է, և՛ հուշում է ձեռնարկության մասնագիտացման մասին։

Եթե Փիրոսմանին հիմնականում նկարազարդում էր Քուռի ձախ ափի դուքանները, գինետներն ու ռեստորանները, ապա աջ ափին՝ կենտրոնում, աշխատում էր Գրիգորյանցը։ Հատկապես մեծ ժողովրդականություն էր վայելում «Սիմպատիա» դուքանը, որը գտնվում էր Պուշկինի փողոցում․ դրա պատերը նշանավոր անձանց դիմանկարներով նկարազարդել էր Գրիգորյանցը։ Արվեստաբան Էրաստ Կուզնեցովի խոսքերով՝ «և՛ Ռուսթավելին, և՛ Պուշկինը, և՛ Շեքսպիրը, և՛ Կոպեռնիկոսը, և՛ Նապոլեոնը, և՛ Թամար թագուհին, և՛ Էդիսոնը պատերից նայում էին սև աչքերով, սև էին նրանց հոնքերը և մազերը։ Նրանք բոլորը, ինչպես Փիրոսմանիի հերոսները, «կովկասցիներ» էին։ Այդպիսին էր նրանց տեսել ճշմարիտ թիֆլիսեցի Կարապետ Գրիգորյանցը»։ Նմանատիպ վկայություն է թողել նաև գրող Միխայիլ Բուլգակովի կինը՝ Լյուբովը․ «Աղոտ ոսկեգույն պատերը նկարազարդված էին դիմանկարներով՝ Պուշկին, Լերմոնտով, Գորկի (առանց փափկության գրի)՝ բոլորը խաղողի ողկույզներից մեդալիոններով ու բոլորը մեկի պես վրացական դեմքերով»։ 32 պատկերվածների թվում էին Խաչատուր Աբովյանը և Րաֆֆին․ Գրիգորյանցը բոլորին նկարել էր յուղաներկով՝ մեծ չափերով։ Դուքանի ներքին մուտքի մոտ նկարիչը գեղեցիկ ու վեհաշուք հայերեն տառերով ստորագրել էր․ «Կարապետ Գրիգորյանց»։ Աղասի Այվազյանը վերհիշում է, որ դուքան իջնելու համար պետք էր հաղթահարել 18 խոշոր աստիճաններ։ Ներսում կիսամութ էր, սակայն որմնանկարները գրավում էին տարբեր խավերի այցելուների ուշադրությունը․ դրանք դիտելու են եկել վարպետին բարձր գնահատող Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը և Ջոտտոն, դրանք չորս անգամ վերականգնել է Ալբերտ Դիլբարյանը․ «Հիշում եմ բոլոր նկարներին բնորոշ կապտավուն ֆոնը։ Հիշում եմ նրա սիրելի օքրայի գույները՝ երկրային, տաք։ Դրանք ճառագում էին հանգստություն, ազնվականություն և հավերժություն։ Դիմանկարները նկարված էին հարթ, վրձնահարվածները չէին երևում։ Նա դիմանկարները ծածկել էր ներկաձեթով, ինչը որոշակիորեն հիշեցնում էր հին հոլանդացի նկարիչներին»։ Դուքանը թիֆլիսեցիների ու հյուրերի (Վլադիմիր Մայակովսկի, Միխայիլ Բուլգակով, Կոնստանտին Պաուստովսկի, Իլյա Էրենբուրգ և այլք) սիրելի հանդիպավայրերից է եղել։ Տեսնելով Գրիգորյանցի որմնանկարները՝ ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը ցանկություն է հայտնել ծանոթանալ դրանց հեղինակի հետ և հանդիպել է նրան։ Դուքանը գործել է մինչև 1956 թվականը, հետագայում շենքը քանդվել է։
Կարապետ Գրիգորյանցը նկարազարդել է նաև Միրիանաշվիլիի գինետունը, Մաթիաշվիլի եղբայրների ռեստորանը Ռիղեում, Միխակա Վարսիմաշվիլիի գինու խանութը, Ռուսական բանկը, Բագրատ Աշխարումովի դուքանը։ Համաքաղաքացիների տպավորություններն այնքան վառ են եղել, որ տասնամյակներ անց նրանք անդրադարձել են Գրիգորյանցի կերպարին ու ստեղծագործությանը․ օրինակ, Աղասի Այվազյանի «Թիֆլիսի ցուցանակները» պատմվածքի հերոսի՝ Անրի Ռուսոյի ոճով դիմանկարների տարաբախտ հեղինակ Գրիգորի նախատիպարը Գրիգորյանցն է։ Նրա մասին կարդում ենք ժամանակակից գրող Վալերիան Մարգարովի «Լեգենդը Փիրոսմանու մասին» վեպում, նրա հեղինակած ցուցանակները տեսնում ենք Վաղարշակ Էլիբեկյանի նկար-հիշողություններում։ Պետք է նշել, որ վերջին տարիներին նկատելի է հայ և վրացի արվեստաբանների հետաքրքրությունը նկարչի ու գրողի հանդեպ։ Այսպես, 2022-ին Վրաստանի խորհրդարանի գրադարանը մասնավոր անձից ձեռք բերեց Գրիգորյանցի «Թամար Մեծը և Շոթա Ռուսթավելին» կտավը։ Բացի այդ՝ գիտական պարբերականներում տպագրվում են հոդվածներ, իսկ 2015-ին Թբիլիսիում կայացավ «Հին Թիֆլիս․ Նկարներ քաղաքի կյանքից (Կարապետ Գրիգորյանց, Վանո Խոջաբեկով, Վաղարշակ Էլիբեկյան)» ցուցահանդեսը և տպագրվեց դրա կատալոգը (նախագծի հեղինակ՝ նկարչուհի Իրենա Օհանջանովա)։
Դեռ Կիրիլ Զդանևիչն է նշել, որ Փիրոսմանիի ժամանակակից մյուս երկու ինքնուս նկարիչներն էին՝ տաղանդավոր վարպետներ Վանո Խոջաբեկյանը և Կարապետ Գրիգորյանցը։ Լադո Գուդիաշվիլին հավելել է նաև Գիգո Զազիաշվիլիի անունը։ Հետաքրքիր է, որ Գրիգորյանցը, քամահրանքով արտահայտվելով Փիրոսմանիի մասին, բարձր է գնահատել Զազիաշվիլիին՝ թերևս նկատի ունենալով վերջինիս «համեստ հաջողությունները» ակադեմիական ուսման մեջ (Է․ Կուզնեցով)։
Թ․ Զուրաբյանի կարծիքով՝ «Կարապետը չէր զիջում Նիկոյին, ուղղակի նրանք տարբեր էին։ Նրանք տարբեր կյանք ապրեցին թե՛ երկրի վրա, թե՛ արվեստում»։ Ինչ խոսք, Փիրոսմանին հետագայում անհամեմատ ավելի լայն ճանաչում ունեցավ, նրա պատկերած աշխարհը առավել բազմազան է ու առեղծվածային։ Մինչդեռ Գրիգորյանցի արվեստն իր հիմքում կիրառական է, շատ ավելի մոտ գեղարվեստական ձևավորմանը (այսօրվա դիզայնին), գովազդին ու նույնիսկ լուսանկարչությանը։ Այն ստեղծվել է առաջին հերթին պարզ աշխատավորների ու առևտրականների պատվերով՝ նրանց պատկերացումներին և սպասելիքներին համապատասխան ու շարունակել է ծառայել որպես այդպիսին տասնամյակներ, ասել է թե՝ հասցրել է դառնալ ներքաղաքային մշակութային ծածկագրի անքակտելի մասը։

Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1. Կարապետ Գրիգորյանցի միակ հայտնի լուսանկարը, 1938թ․
2․ «Շոթա Ռուսթավելի», նրբատախտակ, յուղաներկ, 1937թ․, 71×60 սմ
3. «Աղջկա դիմանկար» («Գեղեցկության աստվածուհի»), նրբատախտակ, յուղաներկ, 1929թ․, 50,5×40,5 սմ
4․ «Դիմանկար», նրբատախտակ, յուղաներկ, 1924թ․, 157×73 սմ
5. «Եղջյուրներով նատյուրմորտ», նրբատախտակ, մոմլաթ, յուղաներկ, 1930թ․, 62×126,5 սմ
6. «Խրամուլի», նրբատախտակ, չիթ, յուղաներկ, 1936թ․, 136×63 սմ
7․ «Պարուհին» նրբատախտակ, մոմլաթ, 1936թ․, 135×67 սմ
Դիտումներ: 116
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։