Կապիկը, որի տերը մեռել էր

16:25 28.07.2026 · Գրական · Սադեղ Չուբաք
Կիսվել:

Ճիշտ են ասում, որ լուսաբացի քունը ծանր հաշիշ ծխելու պես է, հատկապես լոթի  Ջահանի քունը, որ լուսաբացի կողմերը իր կապիկի՝ Մախմալի հետ «Աբգինե» կամրջից ճամփա էր ընկել ու ամբողջ օրը «Քոթալ դոխթար» -ը ոտքով քայլել ու գիշերվա կողմ հասել էր «Բերամ» դաշտը։ Մինչ ուզել էր ծխելու պարագաները կարգի բերել, ափիոն ծխել, չարսի  մտնել ու իր կապիկին էլ ծուխ փչել՝ կեսգիշեր էր դարձել, ու հոգնած ու ջարդված քնել էր հաստ ու հաղթանդամ կաղնու կոճղի խոռոչում։ Բայց ինչքան էլ հոգնած լիներ չպետք է անշարժ մնար մինչև օրվա այդ ժամը և ճամփի այդքան շատ բեռնատար մեքենաների աղմուկից ու դաշտում կաղնիները մեկը մյուսից հետո վառող ածխագործների բղավոցներից չարթնանար։

Մախմալը, տեսնելու համար՝ լոթին արթնացել է, թե ոչ, այնքան էր վիզը ձգել ու երկու ոտքի վրա կանգնել, որ համբերությունը հատել ու տրտմել էր, մի անկյունում կուչ եկած սպասում էր իր լոթիի արթնանալուն։ Նա էլ ամբողջ օրը  լոթիին հավասար քայլել էր՝ երբեմն երկու ոտքով, երբեմն էլ՝  չորեքթաթ ու ցատկոտելով, ու հիմա որքան վիզը ձգում էր՝ իր լոթին տեղից չէր շարժվում։ Հոգնած-ջարդված էր, ու ձեռքի ափերն ու ոտնատակերը ցավում էին, ու մաշկը քերծվել էր։ Դեռ երեկվանից բավական փոշի  էր խռնվել մազերի մեջ ու կպել մաշկին։ Փոքր  աչքերն ու շնաձև դունչը պահել էր կաղնու կողմը, որի տակ քնած էր իր լոթին։ Ձեռքերը ոտքերի արանքը դրած՝ նստել ու շշմած նայում էր քնած լոթիին։ Նորից համբերությունը հատեց, ոտքի ելավ, քանի անգամ իր շուրջը պտտվեց, բռնեց ու ձգեց վզին կապված շղթան, որի մյուս ծայրը գամված էր գետնին, ու էլի նստեց գետնի վրա և առաջվա պես սպասեց։ Անորոշ վիճակում աչքերը թարթում ու նայում էր իր լոթիին։

Արևը դեռ չէր տարածվել դաշտում ու թաքնված էր բարձր լեռների թիկունքում, սակայն «Մառռե» լեռան ծերպերից դաշտին էին հասել նրա  ցոլքերը։ Հեռվում լեռները դեռ քնած էին։ Արևի լույսը չէր արթնացրել նրանց։

Բոսորագույն դաշտը կարմրահողի երանգ ուներ, ու հողը սառը խոնավություն էր ներծծել։ Դաշտում ցրված էին փոշոտ հսկա կաղնիներ, դեզեր ու սմբուկի թփեր։ Երիզորդի նմանող նեղ ու երկար ճամփան երկու մասի էր բաժանել դաշտը։ Ածխացող կաղնիների ծխի սյուներ էին բարձրանում դեպի վաղորդյան հանդարտ ու անշարժ երկինքն ու վերևները հասած՝ անհետանում էին երկնքին խառնվելով։

Լոթի Ջահանը քնած էր նույնիսկ մի կանաչ տերև չունեցող չորացած ու հին կաղնու կոճղի խոռոչում, որի ծուռումուռ ու անհոգի ճյուղերը ոսկրացած էին արդեն։ Այնքան քարավաններ էին օթևանել նրա տակ և ճյուղերը պոկել ու խարույկ էին վառել կոճղի խոռոչում, որ նրա մեջ առաջացել էր նկուղ հիշեցնող՝ պսպսղուն ածխաշերտով ծածկված պատերով տձև մի ճեղք։ Արդեն տարիներ էր, որ կաղնին մեռած էր։

Լոթի Ջահանը քնած էր իր թաղիքե հաստ թիկնոցը վրան գցած ու կոճղի խոռոչի ներքին պատին թիկնած։ Առջևում՝ գետնին ցրված էին քյաշքուլը , խիբուչը, վաֆուրը , տոպրակը, թութունի քսակ և հաշիշի տուփն ու մի քանի մոխրացած ածուխի կտորներ։ Քոսոտ մորուքով ծաղկատար դեմքը, որը դուրս էր ընկել թիկնոցի արանքից, շուլալված դիմակ էր հիշեցնում։

Մախմալը բարձրանալով երկու ոտի վրա ու վիզը երկարելով գլուխն առաջացրեց դեպի լոթին։ Խոժոռված դեմքն իրար էր խառնվել ու հոնքերին երեք կնճիռ էին առաջացել։ Երկար դնչին կպած ձիգ քթի ճեղքված ռունգերը դողում էին։ Անտրամադիր ու սրտնեղած էր։ Լոթիի դուրս թռած աչքերն ու դժգույն դեմքը նորություն էին նրա համար։ Դեսուդեն նայեց ու նորից նստեց գետնին։ Աչքերը շրջում էին գետնի վրա, կարծես ինչ-որ բան էր փնտրում։

Լոթին նրան կապել էր մի հսկա պիստակենու տակ։ Մեծ ու կոպիտ օղակով մեխը թաղված էր խոնավ խոտերով ծածկված հողի մեջ՝ նրան գետնին գամող շրջագծի կենտրոնում։ Նեղ ու հարթ մի առու էր հոսում նրա և կաղնու միջև, որի տակ քնած էր իր լոթին։

Աչքերը հառել էր լոթիի դեմքին, ոնց-որ՝ նրա մոտ նոր բան էր նկատել։ Մի պահ կարծեց թե լոթին արթնացել է քնից, բայց դեմքի մաշկը ոչ մի թրթիռ չուներ։ Աչքերն իրենց մշտական լույսը չունեին։ Դեմքը չմշակված կաշվի էր նմանվում։ Լոթիի բաց ու վերև թռած աչքերը հառած էին դիմացի կողմը։ Չէր հասկացվում՝ մեռա՞ծ է, թե՞ նոր է արթնացել ու մտածում է։ Դեմքը հարթ, ուղիղ ու լեշի պես չորացած էր։ Կոպերը չռվել-լայնացել էին։ Բերանի անկյունից հավկիթի սպիտակուցի նման թանձր լորձ էր ծորել։

Մախմալը վախեցել էր։ Մի քանի անգամ իր խոշոր ու անտաշ մարմինն ամբողջ ուժով գետնից պոկելով՝ վեր ցատկեց բայց վզկապը տանջեց պարանոցը։ Հայացքն ամբողջապես լոթիի վրա էր։ Մե՛կ բան էր հասկացել՝  նրա դեմքն իր աչքում ուրիշ կերպ էր դարձել։ Այլևս նրանից չէր վախենում։ Նա օտարացել էր։ Որքան նայում էր նրան, չէր հասկանում, թե ի՞նչ է պատահել նրան։ Մինչև այդ օրը իր լոթիին այդ դեմքով չէր տեսել։ Մինչև այդ օրը մարդուն այդքան անճար ու անվնաս չէր տեսել։ Ինքն այլևս այդ դեմքից չէր վախենում։ Այդ դեմքը, որի մաշկի ամեն մի կետի շարժումը նրան վախ էր պատճառում ու մարմինը դող գցում, այլևս իրեն ոչինչ չէր ասում։ Աչքերը, որոնց շարժումը նրան մի գաղտնիք էին հասկացնում նրա մյուս աշխարհի երկվորյակ ոգուց, այլևս չռված, մարած ու անլույս վիճակով բաց էին։

Հանկարծ մենության տանջալից մի սարսափ ներսից խածեց նրան։ Մենակություն զգա՛ց։ Լոթին նրա համար դարձել էր նույն այդ կաղնու կոճղը։ Կանխազգաց, որ այդ լայնատարած անծայրածիր դաշտում մենակ է ու ոչ ոքի չի ճանաչում։ Շարունակ այս ու այն կողմ էր շարժվում ու իր շուրջ պտտվում։ Հետո կանգնեց ու դիտեց դաշտի հեռվում  դեպի երկինք բարձրացող ծխի տակ աշխատող մարդկանց։ Այդ պահին ավելի վախեցավ։ Լոթիից կերած ծեծերն ու նրա պատճառած վախերն աչքի առաջ եկան։ Նորից նստեց գետնին ու սկսեց խեթ-խեթ նայել լոթիի դեմքին։ Հետո փոքր ու տագնապահար աչքերը հառեց պիստակենու գորշ, փոշոտ ու գզգզված տերևներին, որի տակ կապված էր ինքը։ Աչքերը նորից շրջեց դեպի իր լոթին, որը կուչ էր եկել կաղնու ճեղքում։ Կարծես իր անելիքն էր նրանից հարցնում։

Ի դեպ, լոթին քնած ժամանակ էր մահացել, ու Մախմալն էլ շատ շուտ էր զգացել, որ իր լոթին մղոններ փախել է նրանից ու այլևս չի ճանաչում։

Երեկ գիշեր, երբ տեղ հասան, հենց այս կաղնու տակ օթևանեցին։ Տեղ հասնելով՝ լոթի Ջահանը Մախմալի շղթան արձակեց ու գցեց գետնին՝ հենց այս կաղնու տակ, ու ինքը շտապ-շտապ խարույկ վառեց, տոպրակից հանելով՝ թեյամանը, բաժակը, հաշիշի տուփը, վաֆուռն  ու ափիոնը շարեց խարույկի կողքին։ Հետո տոպրակից հանեց նախորդ օրը Քազերունում  գնած ու հացի մեջ փաթաթած չորս տապակած ճնճղուկներն ու Մախմալի հետ սկսեց ուտել, ապա ընթրած-չընթրած՝ վռազ առաջ քաշեց վաֆուռն ու մի քանի բասթ  իրար հետևից ծխեց ու վերջում էլ,  ըստ սովորության, ծուխը փչեց Մախմալի դեմքին։

Մախմալը նրա դիմաց նստում ու կուլ էր տալիս ծխի քուլաները։ Ռունգերը մրջյունի գլխի բեղիկների պես զգայուն էին։ Սակայն լոթին առաջին բասթերը ինքն էր ծխում ու ծուխն անհետացնում իր թոքերում՝ առանց Մախմալին բանի տեղ դնելու, չնայած գիտեր, որ նա՛ էլ իր ծխի կարիքն ունի, բայց կարևորություն չէր տալիս։ Երբ լոթին անտրամադիր էր լինում կամ քեֆն ուշանում էր՝ այլևս Աստված էլ չէր ճանաչում։ Քաղաքում էլ նույնն էր լինում։ Մախմալը թեյատներում ու շիրեխանեներում  ավելի էր վայելում ուրիշների փչած ծուխը, քան լոթիի արտաշնչածը։

Քաղաքում երբ լոթին թամաշա էր սկսում ու ճրագները մեկ-մեկ հավաքում մարդկանց խաբելու և փախչելու նպատակով՝ Մախմալի խումհարությունը պատրվակ բերելով փաղաքշական Մախմալին ասում էր․ «Մախմալ, Մախմալ ջան, անաստված հնդիկ խումհա՞ր ես, դարդ մի արա, հենց քեզ կտանեմ՝ ծուխ կտամ, հալի կգաս»։

Բայց թեյատներին հասնելուն պես նրան բանի տեղ չէր դնում, իսկ ինքը նստում ու կուշտ-կուշտ ափիոն էր ծխում, վերջում մի քանի նիհար ու տկար ծխի քուլա էր փչում Մախմալի դեմքին, որոնց շիրան ու գույնը արդեն ներծծված էին լինում իր թոքերում։ Հիմա էլ, որ անապատում էին, նույնն էր. երեկ գիշեր կարգին ծուխ չէր հասել Մախմալին, ու հիմա վերջինս խումհարի մեջ էր։

Երեկ գիշեր Լոթի Ջահանը քնելուց առաջ կուշտ ափիոն ծխելուց հետո մի քանի չիբուխ հաշիշ էլ ծխեց ու իրար հետևից ծխի օղակաձև քուլաներ արձակեց բերանից։ Մախմալի երեսին էլ ծուխ փչեց։ Հետո անշտապ ելավ տեղից, Մախմալի շղթան բռնեց ու տարավ առվի մյուս կողմը, պիստակենու ծառի տակ ու շղթայի օղակավոր մեխը մինչև վերջ գամեց գետնին, ապա վերադարձավ ու քնեց։

Սակայն քնած ժամանակ մեռավ։ Առավոտյան, երբ Մախմալն աչքերը բացեց՝ լուսադեմի աղջամուղջին, հասկացավ, որ իր լոթին նույն այդ կաղնու կոճղի վիճակին է հասել ու չորացել, աչքերն այլևս անփայլ են և իրեն չեն հրամայում, էլ գործ չունեն իր հետ, ինքը մենակ է ու ազատ։

Այդտեղ արդեն նրա լոթին գոյություն չուներ։ Չգիտեր ինչ աներ։ Երբեք իրեն առանց լոթիի չէր տեսել։ Լոթին նրա համար երկվորյակ էր, առանց որի իր գոյությունը թերի էր, ոնց-որ՝ ուղեղի կեսը կաթվածահար էր եղել ու չէր աշխատում։ Քանի հիշում էր, մարդկանց մեջ միայն լոթի Ջահանին էր ճանաչում, ու նա էր իր խոսակիցն ու իրեն մյուս մարդկանց աշխարհին կապողը։ Ոչ ոքի լեզուն նրա լեզվի պես լավ չէր հասկանում։ Մի կյանք նրան ընկերոջ ու թշնամու տեղ էր ցույց տվել՝ քամակը դեպի երկինք ցցելով , ու ինչ-որ արել էր, լոթի Ջահանի հրամանով ու ցուցումով էր արել։

Հանրատներում, թեյատներում, հրապարակներում, թեքիյեներում ,  գառաժներում, գերեզմանատներում, իջևանատներում, բազարի ներքին մասերում, որտեղ որ լոթին իր թամաշան էր սկսում, ամեն տեսակ մարդ էր հավաքվում նրա ու Մախմալի շուրջը։ Նա սրտում պահել էր այն հուշը, որ մարդիկ նրան նեղացնելու համար են հավաքվում իր շուրջը։ Նրանք էին, որ իր վրա քար էին նետում, հոտած միրգ, փայտ, ոսկոր, պատռված կոշիկ, նռան կեղև, շան կեղտ ու երկաթի կտոր, ու բոլորը ցանկանում էին, որ նա հետույքը վեր ցցի՝ դեպի երկինք ու թշնամու տեղը նրանց ցույց տա։

Բայց Մախմալը, քարկոծվելով հանդերձ, ոչ մեկի խոսքը չէր լսում։ Ականջը միայն իր լոթիի կողմն էր՝ ինչ որ նա ուզեր։ Պատահում էր՝ մարդիկ ցանկանում էին, որ նա իրենց տնազն անի. թեքում էին իրենց քամակն ու թշնամու տեղ ցույց տալիս նրան։ Բայց նա, դեմքը ծամածռելով, ատամներն էր կրճտացնում ու քամակը նրանց կողմը դարձնելով՝ ցուցադրում էր կարմիր ու փայլուն հետույքը, որն ուռած պալարի պես կպած էր զանգուլակավոր պոչի տակին։ Դա լոթին էր նրան սովորեցրել՝ հակազդելու դիտողների խմբի չարամիտներին ու պարազիտներին, որոնք լոթիի հասցեին խայթող ծաղրական խոսքեր էին ասում ու փորձում նրանց շուրջ հավաքված բազմությանը հեռացնել։ Այդ ժամանակ լոթին շարժում էր Մախմալի շղթան ու իր կպչուն ձայնով հարց տալիս․ «Թամաշաի իշամեղվի տեղը ո՞րն է, Մախմա՛լ»։

Մախմալը գլուխը հենում էր գետնին, քամակը վեր ցցում, ձեռքը դնում վրան ու խեղճությամբ խուլ ու ցավագին ձայներ հանում․

«Հը՛մ, հը՛մ, հը՛մ»։

Լոթի Ջահանը նորից էր հարցնում․

«Ուրիշին նեղացնողի տեղը ո՞րն է»:

Նույն վիճակում՝ քամակը դեպի վեր՝ ձեռքով սեղմում էր այն և նույն խուլ ձայնն էր հնչում կոկորդից․

«Հը՛մ, հը՛մ, հը՛մ»։

Այդ բոլորն անում էր իր լոթիից վախենալով և գողունի նրան դիտելով։ «Թշնամի» բառը մի անեծք էր, որը կաղապարվել էր նրա ականջում ու երբ դուրս էր թռչում իր լոթիի բերանից, մտնում էր իր ականջն ու տեղավորվում այդ կաղապարում, պռնկեպռունկ լցնում այն։ Այդ պահին էր, որ գլուխը գետնին էր հենում ու ձեռքը տանում քամակին։ Դա էր իր գործը։ Դրա համար էր ծնվել։

Բայց մարդ արարածից զզվում էր ու նրանց տեսնելու աչք չուներ։ Իր լոթիի նայվածքից մեջքը դողում էր։ Նրանի՛ց էլ զզվում էր ու սարսափում։ Նրա կյանքը ուրիշ բան չէր՝ բացի շրջապատից վախենալուց։ Վախենում էր իր շրջապատի ամեն ինչից: Փորձով հասկացել էր, որ բոլորը իր ոխերիմ թշնամիներն են։ Միշտ սպասում էր՝ լոթիի եղեգե ճիպոտն իջներ իր գլխին, կամ՝ վզկապը սեղմվեր, կամ՝ կողին քացիներ տեղային իր կողին։ Ի՛նչ անում էր՝ ստիպված էր անում, ի՛նչ տեսնում էր, ի՛նչ ուտում էր՝ ստիպված էր։

Մի շղթա ուներ, որի մյուս ծայրն ուրիշի ձեռքում էր, ու շղթայի տերը նրան քաշ էր տալիս ուր որ ցանկանար։ Ո՛չ մի բան իր իրավունքով չէր։ Ամբողջ կյանքում քարշ էր եկել։ Բայց հիմա հանկարծ տեսավ, որ այն ամբողջ զորությունը, որը բխում էր իր լոթիի մարմնից ու գրավում իրեն, իսպառ վերացել է։ Այլևս գոյություն չուներ այն կապանքը, որն իրեն կապել էր իր լոթիին։ Լոթին մութ ու անլույս մի լեշ էր դարձել, որը ոչ մի կապակցվածություն չուներ Մախմալի հետ։ Նման էր գետնին։ Հիմա նվազել էր Մախմալի ատելությունը նրա հանդեպ ու հասել էր այն աստիճանի, որ ատում էր գետինն ու կարծր և անտաշ շրջապատը։

Պպզեց ու սկսեց գլուխը քորել։ Հետո գժտված՝ քանի անգամ պտտվեց իր շուրջը։ Հանկարծ աչքն ընկավ իր շղթային։ Նկատե՛ց դա։ Մինչև այդ նա այդպիսի զարմանքով ու ու ոխով չէր նայել դրան։ Կոպիտ, ժանգոտած ու ծանր էր: Միշտ այդ էր, ու ինչ ինքն իրեն ճանաչում էր, տափակ օձի պես նրան փաթաթված թե՛ քարշ էր տվել, թե՛ իր մեջ էր առել և թե՛ փակել էր իր փախուստի ճամփան։ Մի ծայրը օղակավոր երկար մեխով գամված էր գետնին, իսկ մյուս ծայրը նրա վզին էր կպած։ Միշտ էլ այդպես էր։ Այն ժամանակվանից, որ տեսել էր իրեն՝ այդ ծանր բեռը վզին էր եղել՝ մարմնի անդամներից մեկն էր։ Դրան լավ  գիտեր ու լոթիի և ուրիշ ամեն բանի պես դրանից էլ զզվում էր։ Բայց գիտեր, որ դա իր մարմնի անդամներից տարբեր է։ Նրանցից ավելի պինդ էր ու բացի հոգնությունից, վնասից ու տանջանքից, այլ բան չէր տեսել նրանից։

Շղթան երկու ձեռքով բռնեց ու բարձրացրեց գետնից։ Ձեռքերը վեր բարձրացան ու հասան կոկորդի տակ, այնտեղ, որտեղ շղթան ու վզկապը ագուցված էին միմյանց։ Անփորձ կերպով դեսուդեն արեց այն։

Գժտված ու հասկանալու անկարող՝ ձեռքերը տարավ շղթայի սկզբնամասը՝ դեպի օղակավոր մեխը։ Մի ձեռքով բռնում էր այն ու մյուս ձեռքից բաց թողնում։ Ինքն էլ դեպի օղակավոր մեխն էր սահում, որը կառչած էր գետնին։ Ասես կախվել էր ինչ-որ պարանից ու սահում էր վրայով։ Հասավ շղթայի վերջը, որն այլևս իրեն չէր պատկանում, որ մի ուրիշ աշխարհ էր, որը բռնել ու կապել էր նրան։

Լոթի Ջահանը Մախմալի մեխը  ուժգին հարվածներով ամրացնում էր հողի մեջ՝ մինչև մեխի օղակը, ու ասում․ «Աշխարհում կապկից ավելի անառակ կենդանի չկա։ Աչքերով հետևում է մարդուն, որ թույնը թափի, մեկ էլ տեսար՝ մարդուն քնած ժամանակ խեղդեց»։

Շղթայի մեխը գետնին գամելը սովորական գործ էր նրա համար։ Միշտ տեսել էր, որ երբ լոթին մեխը խրում է հողի մեջ, ինքն այլևս գերվում է նույն տեղում ու գետնի կարկատանը դառնում։ Բոլորովին չէր դիմադրում, սովորությունն ու վախը նրան գամում էր տեղում։ Երբեմն զգում էր, որ օղակավոր մեխը թուլացել ու շարժվում է հողում, բայց չէր փորձում ազատել իրեն։ Բայց հիմա ուրիշ էր։ Հիմա ուզում էր ինչ-որ ձևով պոկել այն։

Մեխի օղակը երկու ձեռքով բռնեց ու զայրույթով շարժեց։ Բնազդը նրան հուշում էր, որ իր համար այլևս վտանգավոր չէ, ու հետևանքն էլ ծեծ չէ։ Հարկավոր եղածից ավելի շատ ուժ էր բանեցնում օղակավոր մեխը հանելու համար։ Նա էլ գիտեր, թե ինչպես պետք է օգտվի ձեռքերից և ուժեղ բթամատով ու մյուս մատներով օղակավոր մեխի շուրջը բռնի։ Ուստի ամբողջ ուժով թափահարեց մեխը և վերջապես այն պոկեց գետնից:

Շա՜տ էր հրճվել, վերուվար ցատկոտեց։ Ուրախացավ իր ազատվելուց։ Քայլեց, բայց շղթան էլ եկավ իր հետևից ու նրա հետ միասին ցատկոտեց, ա՛յն էլ նրա հետ ուրախացավ, նա՛ էլ էր ազատվել, բայց երկուսը կարված էին միմյանց ու էլի շղթան իր քստմնելի ու նրա մենությանը խանգարող ձայնով ճամփա էր ընկել նրա հետևից։ Մախմալի տրամադրությունն ընկավ, իրար խառնվեց, բայց ճար չուներ։

Ճամփա ընկավ դեպի իր լոթիի լեշը։ Կարճ մի ոստյունով առվից թռավ, մի պահ ձիգ կանգնեց ու երկմտանքով դիտեց լոթիին, հետո առաջացավ, բայց հենց մոտեցավ, կասկած պատեց նրան,  ուստի հեռու՝ դիմացի կողմում պպզեց։ Դեռ վախենում էր, որ առանց նրա նշան տալու մոտենար։

Լեշը՝ գետնից մի քիչ վեր, թիկնել էր կաղնուն՝ շուրջբոլորը փաթաթված էր մաշված ու անգործածելի դարձած թիկնոցը։ Առջևում՝ անցյալ գիշերվա խարույկի մոխիրն էր, հանգած օջախը, թեյամանը, չիբուխը, վաֆուռը, տոպրակը և քյաշքուլը։ Կարծես նայում էր իր ժառանգությանը։

Մախմալը հիմա լավ գիտեր, որ հիմա  նա քարի բեկորի պես ընկել ու չէր շարժվում։ Հայացքը հեռացրեց նրանից ու նայեց դաշտում բարձրացող ծխի սյուների կողմը։ Նայեց դրանց շուրջը գտնվող մարդկանց։ Վախենում էր նրանցից։ Նրանք բոլորը օտարներ էին իր համար։

Տեղից վեր կացավ ու գնաց իր լոթիի մոտ ու նրան շատ մոտիկ նստեց։ Լոթիի դեմքը նրան ոչինչ չէր ասում, չէր ասում՝ գնա՛, չէր ասում՝ նստի՛ր, չէր ասում՝ չիբո՛ւխ ծխիր,  չէր ասում՝ գլխիդ կտոր փաթաթիր, չէր ասում՝ մո՛մ դարձիր, չէր հարցնում թշնամու և բարեկամի տեղը, չէր ասում՝ աչքերդ փակի՛ր, չէր ասում՝ «Սո՛ւր ես, կեցցե՛ս, դա՛ս սովորիր, սո՛ւր»,  չէր ասում՝ «Ձիավորը եկել է, կայտառ հեծյալն եկել է», չէր ասում՝ «Ա՜յ հալվա՛, հալվա՛, հալվա՛, տաք ու քաղցր հալվա՛», ոչինչ չէր ասում նրան։ Որքան զննում էր նրա դեմքը, ոչինչ չէր հասկանում, այդ պատճառով էլ սիրտը վախ չէր ընկնում։ Նրա դեմքից թռել էր մշտական այրող խայթոցը, որը լոթիի հրամանատարության մի մասն էր։ Բնազդը հուշում էր, որ այս դեմքն ու արտաքինը այլևս չի կարող իր հետ որևէ գործ ունենալ։

Երբ Ջահանը լարվում էր իր գործընկերների ու թամաշայի իշամեղուների ձեռքից, ոխը Մախմալի վրա էր թափում ու եղեգե ճիպոտով, ապտակով, քացով, շղթայով ծեծում էր նրան ու ինչ հայհոյանք ասես՝ չէր տալիս նրան։ Մախմալն էլ  լոթիի հայհոյանքները ճանաչում էր, ու դրանց սպառնալից տոնը ծանոթ էր իր ականջին։  Լոթիի հայհոյանքները լսելով սկսում էր վախենալ ու նրա ցանկացածը շատ արագ կատարել և լոթիի ոտքերի մոտ վիզը ծռած կանգնելով՝ աղերսանքով ու հնազանդությամբ նրան նայել, որպեսզի չծեծվեր։ Բայց, այդ ամենով հանդերձ, երբեմն ափերից դուրս էր գալիս՝ կամակորություն էր անում ու չարանում էր, շղթան այնպես էր քաշում լոթիի ձեռքից, որ նա ստիպված էր լինում թուլացնել այն ու միաժամանակ ակամա գուրգուրել իրեն, նուշ ու չամիչ կերցնել, որ հանդարտվեր։ Այդպես նա հանդարտվում էր, բայց երբեմն, երբ լոթիի գլուխը խառն էր լինում թամաշայով ու Մախմալից շատ էր գործ քաշում, գործի թեժ պահին սկսում էր նրան բանի տեղ չդնել, ու որքան լոթին հարվածում էր իր գլխին, ավելի էր կամակորություն անում ու չէր հնազանդվում նրա հրահանգներին։

Այդ ժամանակ Ջահանը նրան կապում էր մի ծառի կամ մի սյան ու այնքան ծեծում, որ տնքոցը բարձրանում ու սրտի խորքից բղավում ու կոկորդում ձայներ էին կլկլում, բայց ոչ ոք նրան օգնելու չէր գալիս, ոչ ոք նրա լեզուն չէր հասկանում։ Բոլորը ծիծաղում ու քար էին նետում նրա վրա։ Երբեմն ցավից կծոտում էր իրեն և թավալվում հող ու աղբի մեջ՝ գոռալով, բերանը տոպրակի պես լայն բացած՝ կոկորդի խորքը ցուցադրելով և լեզուն կծոտելով։ Մարդիկ հրճվանքով ծիծաղում էին, որովհետև հաջի Ֆիրուզի  ծեծ ուտելն էին դիտում։

Բայց ամենածանր պատիժը Մախմալի համար սովածությունն էր ու ծխից զրկվելը։ Երբ Ջահանը ուղտի պես քինոտվում էր, նրան սոված էր պահում ու զրկում ծխից, նրան ուտեստ չէր տալիս։ Նրան կապում էր, որպեսզի չկարողանա ինքնուրույն մի բան գտնել և ուտել։ Ազատ ժամանակ գնում էր աղբակույտերի մոտ և գետնին կուտակված եգիպտացորենի հատիկների ու թափոնների միջից մի բան էր գտնում՝ բերանը դնելու, կամ՝ եթե ծուխ ցանկանար, մարդկանց նման նստում էր թեյատներում ու քեֆ անում ուրիշների ծխի հոտից, բայց ազատ չէր։

Հանդարտ, բայց հետաքրքրությունից մղված՝ ձեռքը մեկնեց և լոթիի գլխի վրայից իջեցրեց քուրձը։ Երևաց կոշտուկներով ծածկված մի թասակ, որի եզրը կուպրանման փայլուն կեղտով էր պատված։ Լոթիի կնճռոտ դեմքը ջրից թրջված կրե արձանի պես ցրիվ էր եկել։

Մախմալը հանկարծակի հաճույք զգաց. ոնց-որ՝ էգ կապկի հանդիպած լիներ։ Թվում էր՝ մեծ գետով կիսված շատ հեռու ճամփից էր նայում լոթին, ու ձեռքը չէր հասնում նրան։ Երակներում ու ներսում վազեց սարսռացուցիչ կրքի հաճույքը։ Զգաց, որ հաղթել է իր լոթիին։ Աչքերը հառած նրա դեմքին՝ լավ նայում էր նրան։ Մի քանի կտրատված չոր ձայներ դուրս թռան նրա կոկորդից․ «Ղի՛, ղի՛, ղի՛, ղի՛»։

Հետո ձեռքը մտցրեց տոպրակն ու դուրս քաշեց հացի սփռոցը և միջից հանեց երկու եփած ճնճղուկ ու իսկույն կլլեց դրանք։ Հետո որքան որ հաց կար, կերավ։ Բոլորովին մտահոգ չէր։ Արբեցած էր ու զվարթ։

Գետնից վերցրեց լոթիի չիբուխը և զննեց գլխիկն ու փայտը, անփորձ ձևով խաղացրեց ու բերանին տարավ։ Երբ լոթին ողջ էր, նրա հրամանով չիբուխի գլխիկը թութունի քսակի մեջ էր մտցնում ու թութունով լցնում։ Հիմա անփութորեն գետնից վերցրեց քսակը, գլխիվայր պահեց, և թութունը շաղ եկավ հողի վրա։ Նա էլ մատով հողի վրա շաղ եկած թութունի վրա ճեղքեր գծեց ու կամակորությամբ լոթիին նայեց։ Հետո չիբուխը դեն նետեց ու նորից աչքերը հառեց լոթիին։

Ծխելու այրող մի պահանջ նրան ստիպեց, որ վաֆուռը վերցնի հանգած օջախի մոտից ու պահի իր քթի տակ։ Քթի ռունգերը տաշվել էին, ոնց որ՝ ցեցը կերած լիներ։ Քանի անգամ տանջանքով ու դժգոհությամբ վաֆուռը պտտեցրեց սև, յուղոտ ու հողոտ մատների արանքում, հետո հոտոտեց այն ու ծծակը բերանը դնելով՝ ջարդեց ատամներով։ Եղեգե խողովակի միջի վառված ափիոնի դառնությունից զզվեց, բայց շիրայի բույրը լցվեց նրա քիթն ու գրգռեց ցանկությունը։ Թքեց ծամծմած վաֆուռի փայտե փշուրները։ Զզվեց դրա դառնությունից։ Հետո ամուր զարկեց օջախի կողի քարին ու քանի անգամ շփոթված քաշեց Ջահանի վրայի քուրձի փեշը։ Օգնություն ուզեց նրանից։ Ուզում էր արթնացնել նրան։ Հետո հուսահատված հանդարտորեն տեղից ելավ ու իր լոթիից շրջվելով քայլեց դեպի դաշտը։

Դաշտն ավելի էր լուսավորվել։ Արևը փռվել էր նրա վրա ու հանդարտ սառչող ձուլված պղնձի գույն էր ստացել ու բեռնատար մեքենաների ղժժոցով էր լցված։

Բոլորովին չգիտեր թե ո՞ւր է գնում։ Պատի նման լոթին միշտ ստվերի պես քայլել էր իր կողքին։ Բայց հիմա հողի ու քարակույտերի վրա սահող շղթայի ձայնն էր հոգնեցրել նրան։ Շղթան նրա երկվորյակն էր։ Հիմա ինքն էր ու շղթան, և շղթան նախկինից ավելի՛ էր ծանրացել, որը, ոլորվելով ձեռք ու ոտքին՝ իր տանջող ձայնով խաթարում էր նրա մենությունը։

Հասավ մի արոտավայրի, որտեղ ոչխարներ էին արածում։ Բոլորը գլուխները կախել ու կարճ խոտերն էին կրծոտում, իրար մեջ վլվլում էին ու իրենց գործով էին զբաղված։ Մանուկ մի հովիվ խոտերի վրա ոտքերը ձգած նստել ու սրինգ էր նվագում։ Արոտավայրում ցրված էին խոշոր, ու ծանր, փոշեծածկ լավ կաղնիներ։ Մախմալը արոտավայրի եզրին նստեց մի կաղնու տակ ու սկսեց դիտել ոչխարներին ու հովվին։

Մի քիչ հանդարտվել էր։ Հենց այդ կարճ տարածությունը, որը քաայլել էր իր կամքով, առույգացրել էր նրան։ Ոչխարը նրա դուրը եկավ։ Զգաց, որ նրանց մոտ նստած փոքր հովիվն ավելի ծանոթ ու հարազատ է իրեն, քան՝ ոչխարները։ Նոր զբաղմունք էր գտնվել նրա համար։ Գործ չուներ ոչնչի հետ, բայց շարունակ շուրջն էր զննում։ Վախը խլրտում էր մարմնում։

Այդ պահին մի խոշոր, գույնզգույն իշամեղու վրա հասավ ու սկսեց ամեն վայրկյան ամուր կպչել նրա աչքին, դեմքին ու տանջել նրան։ Նստում էր աչքի պռնկին ու խայթում։ Մախմալը համբերությամբ ու հմտորեն վրա տվեց ու ճարպիկ մատներով բռնեց, մի քիչ նայեց, հետո դրեց բերանն ու կերավ այն։

Ոչխարների հոտն անհոգ արածում էր։ Հովիվը Մախմալին տեսնելով տեղից վեր կացավ ու դեպի նա գնաց։ Ճիպոտը դրել էր պարանոցի հետևը, երկու ձեռքերը դրա տակից բարձրացրել ու բռնել էր այն։ Դա այն գործն էր, որ Մախմալը միշտ անում էր լոթիի թամաշաներում։ Լոթին իր եղեգե ճիպոտը տալիս էր Մախմալին ու ասում․ «Ապրես, հովի՛վ, դա՛ս առ, հովի՛վ»։

Մախմալն էլ ճիպոտը դնում էր պարանոցին ու ձեռքերը բարձրացնում ճիպոտի տակով երկու կողմից, բռնում այն, ու պարելով քայլում էր՝ ճիշտ այս հովիվ երեխայի նման։

Հովիվը դուրը եկավ։ Իրեն էր նման, երբ տնազ էր անում։ Տեղից չշարժվեց։ Իր տեղը նստած, ձեռքերը դրած ոտքերի արանքում՝ դիտում էր իր կողմը եկող հովվին։ Հովիվը մոտեցավ ու զգուշությամբ կանգնեց նրա թիրախում։

Բուռն զարմանքով ագահորեն նայում էր այդ կենդանուն, որի նմանը միայն մեկ անգամ շատ հեռվից տեսել էր գյուղում։ Նայում էր նրա ականջներին, ձեռք ու ոտքին, աչքերին ու դեմքին, որոնք իրեն էին նմանում։ Ձեռքը երկարեց ու շվարած նայեց իր մատներին։ Հետո հետաքրքրված չարաճճիությամբ Մախմալի ձեռքերին նայեց։ Սիրտն ուզում էր մոտենալ, նրան գրկել ու հետը խաղալ։ Իր ու նրա միջև կապվածություն զգաց, որն իր ոչխարների հետ չէր զգացել։ Ձեռքը տարավ գրպանն ու պատից պոկված կավի կտորի պես չորացած մի կտոր կաղնեհաց հանեց և նետեց Մախմալի գոգն ու սկսեց դիտել։

Մախմալը կասկածանքով հացը վերցրեց, հոտոտեց ու անտարբերությամբ դեն շպրտեց։ Զգույշ ու երկմիտ նայում էր հովիվ երեխային ու բոլորովին չէր վախենում նրանից։ Ո՛չ մի վտանգ չէր զգում նրանից։ Սրտում քեն չունէր նրա հանդեպ, բայց ուշադիր էր, թե նա իր երկար ճիպոտով ի՞նչ է ուզում անել իր հետ։ Կյանքում լա՛վ էր ճանաչել փայտը և դրանով կատարվող արարքները։ Փայտի թշնամին էր։

Մանր աչքերը խոշորացույցի տակից ցոլացող արևի ցոլքի պես ուռած հոնքերի ու փրչոտ մազերի տակից ընկել էր հովիվ երեխայի վրա՝ ոտքից գլուխ։ Առավել զգուշությամբ ու կասկածով էր նայում հովվին, որովհետև նա ձեռքում թափահարում էր եղջերափշե հանգուցավոր ճիպոտն, ու Մախմալն էլ միշտ նման կենդանիներից նեղվել ու տանջվել էր։ Նա իրեն նմանող ու իր պես եղող կենդանուն լա՛վ էր ճանաչում։ Այդ տեսակներին մյուս կենդանիներից ավելի շատ էր հանդիպել։

Փոքրիկ հովիվը մի քայլ առաջացավ։ Մախմալն էլի տեղից չշարժվեց։ Միայն աչքերն էին պտտվում նրա շարժումների հետ։ Տղան մենակությունից դրդված ամոթխածությամբ ուզում էր իմանալ, թե նա ինչ է ուզում անել։ Հանկարծ ճիպոտը բարձրացրեց, որ նրան բզի, բայց ինքն ավելի շատ վախեցավ ու հետ քաշվեց։ Ճիպոտը չդիպավ Մախմալին։

Հիմա արդեն բուռն կասկածով էր նայում հովվին։ Մարմինը հոգնել ու մաշվել էր։ Ձեռք ու ոտքի ափերն այրվում էին։ Մարմինը ծխի պակասից փշաքաղվում էր։ Աչքերի առաջ լոթին էր, որը կրակարանի առջև նստած ափիոն էր ծխում ու ծուխը իր կողմը փչում։ Դա մի հուշ էր անցյալից։ Ծայրերը ճեղքված նուրբ ու սրածայր ռունգերը դողացնելով որքան շնչում էր՝ ափիոնի հոտ չէր զգում։ Հևիհև շնչում էր։ Հոգնել էր հովվի ներկայությունից, ուզում էր վերկենալ ու գնալ, բայց զգում էր, որ չպիտի հետև ցույց տալ հովվին։

Տղան Մախմալի սառնարյունությունից ու անշառությունից դրդված առյուծ կտրեց։ Նորից բարձրացրեց ճիպոտն ու ամուր խփեց Մախմալի գլխին։ Մախմալն էլ իրեն հավաքեց ու պայթուցիկ նյութի պես միանգամից թռավ հովիվ երեխայի վրա, ձեռքերը դրեց նրա ուսերին ու մեկ ակնթարթում ամուր կծեց տղայի այտը, ու պոկված մսի կտորը շպրտեց նրա երեսին։ Վախեցած տղան վայր ընկավ, ու թափանցիկ թանձր արյուն ծորեց դեմքից։ Մախմալը մինչև այդ օրը երբեք առիթ չէր ունեցել, որ մի ադամորդու այդպես տանջեր։

Քանի դեռ տղան ցավից գալարվում էր ու տնքում, Մախմալը մի քանի ոստյունով հեռացավ այդտեղից, ինքնաբերաբար գնաց այն ճամփով, որով եկել էր։ Դա միակ ճամփան էր, որ գիտեր։ Անցավ քարաբեկորներով պատված նույն ուղին, որով եկել էր։ Բոլորովին իր անելիքը չգիտեր։

Շուրջը լայն դաշտ էր փռված, որի մեջ մոլորվել էր ինքը։ Չգիտեր ինչն ինչոց է՝ ոչ ուտելիք ուներ, ոչ ծուխ, ոչ կարգին մի զենք, որ կարողանար շրջապատի դեմ պայքարել։ Իր մարմնի միսը բիրտ ու վնասակար շրջապատի դիմաց խեղճ էր, անդիմացկուն ու ոչնչացող։ Ականջները սրել էր ու խոտերի մեջ շարժվող ամենամանր միջատի ձայնից սարսափում ու մտահոգվում էր։ Իր շուրջը եղած ամեն բան նրան դաժան ու դիմացկուն թշնամի էր թվում։

Մարմնի հոգնածությունն ու թմրածությունը խեղճացրել էր նրան։ Կուչ եկավ մի քարի մոտ որքան կարող էր, երկու քարի արանքի փոսի մեջ։ Մտացրվել էր ու շփոթության մատնվել։ Բնազդները բթացել ու ժանգակալել էին։ Դիմացն էր դիտում ու զննում մարդկանց ու կացնավորների ուրվականները, որոնք ծառեր էին կտրում։ Մարդիկ իր համար բոբոխների վիճակ ունեին։ Նրանցից զզվում էր։ Նրանցից սարսափում էր։ Սրտի խորքում հավիտենական ու անսահման վախ էր մնացել նրանցից։ Հիմա էլ հնարավորինս խույս էր տալիս նրանցից։

Մի քանի փշոտ խոտի տերև պոկեց հողից, հոտոտեց ու կերավ, դրանց տտիպ ու թարմ համը նրան էլ թարմացրեց,  բերանի համը փոխվեց։ Նորից կերավ այդ խոտերից։ Կոկորդը թարմացավ, և Օրդիբեհեշտի  նոր զարթնած արևը շողում էր նրա կրծքի ու իրանի մազերին ու քնաբեր քաղցր խուտուտ տալիս մաշկին։ Մեջքը քարին հենած՝ դիտում էր հողը գորգի պես ծածկած տերեփուկներն ու մլակախոտերը։ Ներքևի շուրթը առաջ բերեց ու քիչ դողացնելով՝ մի տեսակ ձայնով ողողեց կոկորդը։ Ոնց որ ծիծաղում էր։

Հետո ավելի տեղավորվեց փոսի մեջ, որտեղ կուչ էր եկել։ Մեջքով սեղմում էր հետևի քարն ու հոգնությունը փարատում։ Միանգամից զգաց իր ազատությունն, ու դա իրեն դուր եկավ։ Գոհ էր։ Կարծես օտարության ծանր ու տանջալի բեռն ընկել էր թիկունքից։

Ձեռքը տարավ դեպի անութն և խրթխրթացնելով քորեց։ Գլուխը թեքվել էր ուսին՝ ի նշան գոհունակության։ Կարծես թե մեկը մերսում էր նրան։ Հետո իրանը քորեց։ Այդ ժամանակ դիք նստեց ու սկսեց քչփորել իրանը, ազդրերն ու ոտքերի արանքը։ Մարմնին կպած անիծներն ու ոջիլները մեկիկ-մեկիկ պոկում էր եղունգների սուր աքցանով և ատամի տակ դնելով ուտում։ Իրանի մաշկը արծաթագույն էր, որի մեջ վազում էին կապտագույն երակները։

Ամբողջ մարմինը բոցավառվել էր բնական մի պահանջի կրակից։ Ասես մի ակնթարթում նրա դիմաց բուսել էր մի էգ կապիկ ու բացել ոտքերի արանքը։ Աչքերը ցավագին թարթում էր ու խումհար նայում դիմացը։ Ձեռքը տարավ ազդրերի արանքն ու բռնեց արանքը։ Երբ լոթի ուներ, հենց ուզում էր ինքն իր հետ խաղալ, լոթին եղեգե ճիպոտով ծանր հարվածում էր մատներին։

Բայց որովհետև հաստամարմին էր, երբ առիթ էր առաջանում ու փնտրող էր լինում, լոթին նրան՝ որպես սերմնացուի, վարձով էր տալիս մյուս լոթիներին, ովքեր էգ կապիկ ունեին։ Այդ օրինական զուգավորումները Մախմալի կյանքում պատահել էին հատուկենտ անգամ։ Իր էգ տեսակից միայն կրքոտ հուշեր էին մնացել նրա համար։ Սակայն լոթի Ջահանը երբեք առանց վարձ ստանալու թույլ չէր տալիս, որ նա զուգավորվի էգ կապիկների հետ։ Այդ պատճառով էլ Մախմալը միշտ էգ կապիկներին հեռվից էր տեսնում, որոնց պարանոցի՛ն էլ շղթա կար, ու նրանց էլ ձգում էին իրե՛նց լոթիները՝ թույլ չտալով, որ իրար հասնեն։ Հենց ուզում էին իրար մոտենալ, շղթաները քաշում էին հեռվից ու բամբուկե ճիպոտը ֆռռում էր նրանց գլխավերևում։

Մախմալն էլ երբ լոթիի աչքը հեռու էր տեսնում ձեռնաշարժություն էր սկսում, հատկապես՝ գիշերները։ Բայց երբեմն լոթին նկատում էր։ Առավոտյան երբ գալիս էր նրա մոտ ու նկատում, որ ձեռքի ափում, կամ մազերի վրա չորացած սերմնահեղուկ է կպած, այդ ժամանակ նրան ծեծում էր։ խեղկատակություն անելու ժամանակ թամաշան դիտող հաճախորդներին ծիծաղեցնելու համար շան լղարիկ լակոտ կամ կատվի ձագ էր գցում Մախմալի առջև։ Մախմալն էլ նրանց բռնում էր իր ձեռքերի մեջ, սեղմում էր, հոտոտում ու դնում ոտքերի արանքն ու անվարժ կերպով շարժում էր իրեն ու հետո դեն գցում և բավարարության ոչ մի հաճույք չէր ստանում այդտեսակ արարքներից։

Հիմա այլևս ինքը մենակ էր ու չէր վախենում լոթիից։ Մարմնի թուլությունն ու թմբիրն անցել էր։ Տաքացել էր։ Նոր ու հաճելի ուժ էր հոսել երակներում ու մաշկի տակ։ Ձեռքն իրար հետևից վերուվար էր շարժվում այն բանի վրա, որն իր ձեռքում էր։ Մաշկը սահում էր։ Չգիտեր, թե ինչ է անում, բայց աչքը ներքին մի փոփոխության ճամփին էր։ Մի ծանոթ ու հագեցնող հաճույքի էր սպասում։ Մարմնական մի հաճույքը նրան հովանավորում էր այդ արարքի ընթացքում։ Մարմինը դողում էր։ Վշտալի կերպով տրորում էր իրեն: Տխուր ու գժտված՝ շփոթմունքով իր առջևին էր նայում։ Մոռացել էր ամեն ինչ, մոռացել էր իրեն։ Գնալով թուլանում էր։ Աչքերը կիսաբաց էին։ Զբաղմունքն ավարտի մոտ էր, երբ հանկարծ երկնքի խորքերից արագորեն դեպի նա վայր իջավ հաղթանդամ, հրեշակերպ մի բազե։ Արնախում ու քինախնդիր բազեն մագիլներով ու չռած կտուցով հարձակվեց Մախմալի վրա։

Ինքնապաշտպանության բնազդը վայրկենապես կանխեց նրա մյուս բոլոր բնազդներն, ու սարսափած տեղից ցատկեց երկու ոտքերի վրա։ Զգացել էր վտանգը։ Ոնց որ խելագարվեց։ Ինքնապաշտպանվելու համար բացվեցին ատամներն ու ճանկերը։ Ձեռքերը վեր բարձրացրեց, ու զորեղ ատամները դուրս ցցվեցին։ Սակայն շղթան խանգարում էր նրան։ Հոգնեցրել էր վիզն ու ցած էր քաշում՝ դեպի գետին։ Միգուցե ամբողջ այդ ընթացքում, երբ իրեն ազատ էր համարում, կա՛մ շղթան էր մոռացել, կա՛մ մարմնի անդամներից մեկի նման դառնալով ու միշտ տեսնելով՝ այլևս կարևորություն չէր տվել։

Բազեն թափով անցավ նրա գլխի վրայից ու լեռնաչափ վախ ու սպառնալիք թափելով նրա գլխին՝ նույն արագությամբ, որ վայրէջք էր կատարել, դեպի վեր սլացավ։ Երկուսն էլ վախեցել էին միմյանցից։ Մի քիչ դիտեց իր շուրջը։ Այդտեղի՛ց էլ հիասթափվեց։ Այդ վայրն էլ ապրելու տեղ չէր։ Խանգարվել էր նրա հանգստությունը։ Կրկին սպառնանքի էր մատնվել։ Իր շրջապատում չէր տեսնում օգնության ու կարեկցանքի չնչին նշույլ անգամ։ Ամեն ինչ օտարոտի էր ու սպառնալի։ Ոնց որ գետնի վրա, ամեն տեղ ասեղ էին ցանել։ Հնարավոր չէր մի պահ սպասել։ Գետինը շիկացած տապակի պես այրում էր ոտքերն ու ստիպում փախչել։

Հոգնած, անճարակ, սարսափած ու տխուր՝ ճամփա ընկավ։ Կրկին վերադարձավ նույն ճամփով, որով եկել էր, նույն ճամփով, որով ընթացել էր իր հաղթական փախուստի ու ազատության որոնումների համար։ Մի ուժ նրան ձգում էր դեպի միակ արարածի լեշը, որին ճանաչել էր այն օրվանից ի վեր, երբ տեսել էր օրվա լույսը։ Զգացել էր, որ իր գոյութլունն առանց իր լոթիի՝ լրիվ չէ։ Գոհունակությամբ ու եռանդագին ցանկությամբ գնաց դեպի իր ամենահին ոսոխը, ով մեռնելուց հետո էլ նրան քաշում էր իր հետևից։ Շղթան քարշ էր տալիս իր հետևից ու գնում էր, սակայն այդ շղթան էր, որ նրան ձգում էր։

Լոթիի լեշը նույնությամբ իր տեղում դեռ հենված էր ծառին։ Մախմալը նրան տեսնելով ուրախացավ։ Մոտն ընկերական զգացմունք առաջացել էր նրա հանդեպ։ Սրտապնդվեց։ Խանգարվեց իր մենությունը։ Լեշը, ինչպես մի նոր ու հետաքրքիր խաղալիք, խաբում ու դեպի իրեն էր ձգում նրան։ Փախուստի՛ց էլ հիասթափված էր։ Չկար նաև փախուստ։ Փախուստի ընթացքում էլ սպառնալիքների էր ենթարկվում։

Լոթիի մեռնելը նրան ազատություն չէր շնորհել։ Նույնիսկ չէր փախել, միայն շղթայի ճնշումն ու կշիռն էր ավելացել։ Նա պտտվում էր մի շրջանի մեջ ու չգիտեր՝ շրջագծի ո՛ր կետից էր սկսել ու քանի՛ անգամ էր անցել պտույտի սկզբնակետից։ Միշտ իր տեղում ու մի կետում էր տեղքայլ արել։

Այժմ արդեն բոլորովին հոգնել, ճարահատվել ու ամեն տեղից հուսահատվել էր։ Որտեղ գնացել՝ վռնդվել էր։ Մարմինը փշաքաղվում էր։ Ձեռքերն ու ոտքերը ծեծվել էին։ Երեկվա քայլելը, այսօրվա տագնապը, զրկանքը ծխից և անծանոթ կյանքը սպառել էին նրան։

Կասկածանքով ու անհույս՝ ծունկ-ծնկի չոքեց լոթիի մոտ ու սկսեց ցրված նայել նրան։ Վիշտը ամբողջապես պատել էր նրան։ Չգիտեր՝ ինչ անել։ Բայց եկել էր, որ հենց այնտեղ՝ իր լոթիի կողքին մնար ու չէր ուզում նրանից հեռանալ, և լոթին, որ նրա լեզուն էր ու նրա կապը մյուս աշխարհի հետ, մեռել էր։

Երկու ածխագործ գյուղացիներ, ուսերին երկու կացին դրած, գալիս էին հեռվից դեպի Մախմալը, չորացած կաղնին ու մեռած լոթին։ Մախմալը նրանց տեսնելով շատ սարսափեց, բայց լոթին կողքին էր։ Աղերսանքով լոթիի լեշին նայեց ու կցկտուր ձայներ ղռղռացին կոկորդում։ Մարմինը դող ընկավ։

Նա  ո՛չ լիարժեք մարդ էր, ո՛չ լիարժեք կապիկ, մի արարած էր այդ երկուսի միջև, որը այլափոխվել էր։ Մարդկանց հետ շատ շփվելով նրանց էր նմանվել, բայց նրանց աշխարհում տեղ չուներ։ Մարդկանց լավ էր ճանաչել։ Բնազդը նրան հուշում էր, որ կացնավորներն իրեն ոչնչացնելու համար են եկել։ Նորից նայեց լոթու սառն ու քայքայված լեշին, հետո ձեռքը երկարեց ու բռնելով նրա հագուստի փեշը՝ քաշեց։ Նրանից օգնություն էր ուզում։ Որքան կացնավորները մոտենում էին նրան, աճում էր նրա սարսափն ու անճարությունը։ Կոպիտ, թափթփված, սև, քարասիրտ ու անտարբեր ածխագործները բարձր-բարձր հռհռում էին։

Կացնավորները մոտենում, ու կացինները փայլում էին արևի տակ։ Մախմալի սպասման պահը չէր, ու այնտե՛ղ էլ իր տեղը չէր։ Այնտե՛ղ էլ ասեղներ էին ցանել։ Այնտե՛ղ էլ կիզիչ տապակ էր, որի վրա համբերելը հնարավոր չէր։ Շտապ ոտքի ելավ, որ փախչի։ Ուզում էր իր մեռած լոթիից ու նրա կաղապարը մտած կացնավորներից փախչել, սակայն շղթայի ծանրությունն ու ձգողությունը հատեց նրա ուժն ու սպանիչ սարսափով գամեց տեղում։ Ոնց-որ՝ օղակավոր մեխը գամված լիներ գետնի մեջ։ Նրան թվաց, որ լոթին քարի կտորով ամրացնում է մեխը հողի մեջ։ Կարծես այդ օղակավոր մեխը երբեք պոկված չլիներ գետնից։ Որքան որ ձեռքով ու պարանոցով ձգեց, շղթան  տեղից չպոկվեց։ Մեխի օղակն առել էր կաղնու ոսկրացած արմատի հետևին ու տեղից չէր շարժվում։

Գազազած խենթի պես կռացավ ու կծոտեց շղթան ու դառը զայրույթով սկսեց ծամել այն։ Շղթայի օղակները նրա ատամների տակ ձայն էին հանում ու ջարդոտում դրանք։

Զայրույթից աչքերը չռվել ու կլորացել էին։ Մոռացել էր ծնոտի ոսկորների ցավն ու խելագարի պես ծամում էր շղթան։ Բերանից դուրս էր թափվում ատամի փշուրներով խառնված արյուն ու փրփուր։ Տնքում էր, վեր ցատկոտում ու ցավոտ խուլ ձայներ ղռղռացնում կոկորդում։

Դաշտի բոլոր կետերից ծխի սյուներ էին բարձրանում, բայց կրակ չէր երևում, և ծխի շուրջը ստվերի նման մարդիկ փնտրտուքով էին զբաղված։ Կացնավորները մոտենում էին, նրանց կացինների շեղբը փայլում էր արևի տակ, ու իրենք բարձր-բարձր ծիծաղում էին։

 

 

Թարգմանությունը պարսկերենից ՝ Անի Հովսեփյանի

 

Դիտումներ: 94

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։