Իմ մասին
Ես ծնվել եմ Քյոլնում, որտեղ Հռենոսը, հոգնելով իր միջին հռենոսյան գեղեցկությունից, վարարում է`ամբողջ հարթավայրով հոսելով դեպի Հյուսիսային ծովի մշուշները, որտեղ աշխարհիկ իշխանությունը երբեք լուրջ չէր ընդունվում, իսկ հոգեւոր իշխանությունը պակաս լուրջ էր ընդունվում, քան նրան ընդհանուր առմամբ հավատում էին Գերմանիայում, որտեղ Հիտլերի վրա ծաղկամաններ էին նետում, իսկ Գյորինգին բացահայտ ծաղրի ենթարկեց արյունարբու ցուցամոլը, որը մեկ ժամվա ընթացքում կարողացավ ներկայանալ երեք տարբեր համազգեստներով: Ես կանգնած էի Քյոլնի հազարավոր դպրոցականների հետ նույն շարքում, երբ նա իր երրորդ` սպիտակ համազգեստով, մեքենայով անցնում էր քաղաքով: Ես կասկածում էի, որ քաղաքի բուրժուական անլրջությունն անզոր կգտնվի նոր աղետաբեր մեխանիզմի դեմ: Ես ծնվել եմ Քյոլնում, որը հայտնի է իր գոթական տաճարով, բայց առավել եւս հայտնի է իր ռոմանական եկեղեցիներով, որտեղ տեղակայվել, իսկ հետո լքվել էր Գերմանիայի ամենահին հրեական համայնքը: Բուրժուական ոգին եւ հումորն անզոր էին աղետի դեմ. այդ հումորը նույնքան հայտնի էր, որքան`տաճարը, այն սարսափելի էր հնչում ի պաշտոնե, երբեմն մեծահոգություն եւ իմաստություն էր դրսեւորում փողոցում:
Ես ծնվել եմ Քյոլնում, 1917 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ հայրս կամրջի պահակախմբում պահեստազորի հետեւակ էր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սարսափելի սովի տարում, ծնվել է նրա ութերորդ զավակը. երկուսին նա արդեն հուղարկավորել էր, եւ այդ ընթացքում նա անիծում էր պատերազմն ու կայսերական հիմարին, որի հուշարձանը նա հետագայում ցույց տվեց ինձ: «Այնտեղ`վերեւում»,- ասաց նա,- «նա քայլ առ քայլ արեւմուտք է գնում իր բրոնզե ձին հեծած, չնայած որ երկար ժամանակ փայտ է հատել Դորնում». նա քայլ առ քայլ արեւմուտք է գնում`բրոնզե ձին հեծած: Իմ հայրական կողմի նախնիները դարեր առաջ էին եկել բրիտանական կղզիներից, կաթոլիկներ էին, որոնք արտագաղթը նախընտրել էին Հենրի 8-րդի պետական կրոնն ընդունելուց: Նրանք նավաշինարարներ էին, Հոլանդիայից տեղափոխվել էին Հռենոս գետի մոտ, միշտ նախընտրում էին ապրել քաղաքներում, քան`գյուղական վայրերում, եւ ծովից հեռանալուց հետո դարձան հյուսներ: Իմ մայրական կողմի նախնիները գյուղացիներ եւ գարեջրագործներ էին. մի սերունդը բարգավաճ եւ հարուստ էր, հաջորդը շռայլ էր ապրում, մինչեւ որ վերջին ճյուղում, որից սերում էր մայրս, կուտակվեց ողջ աշխարհի դժգոհությունը, եւ անունը հանգավ:
Իմ առաջին հիշողությունը կապված էր Հինդենբուրգի մոխրագույն, մռայլ, կարգ ու կանոնը պահպանող բանակի վերադարձի հետ, որը ձիերով ու թնդանոթներով անցնում էր մեր պատուհանի մոտով: Ես մորս գրկից նայում էի փողոցին, որտեղով անվերջ շարասյուները շարժվում էին դեպի Հռենոսի կամուրջները: Ավելի ուշ հիշում էի հորս արհեստանոցը, փայտի հոտը, սոսնձի, խեժի եւ ներկի հոտը, նոր հարթեցված տախտակները, զորանոցի հետնամասում գտնվող արհեստանոցը: Այնտեղ ապրում էին ավելի շատ մարդիկ, քան որոշ գյուղերում. նրանք երգում էին, հայհոյում, լվացքը կախում կախիչներին: Հետո հիշում էի այն փողոցների գերմանական հնչեղ անունները, որտեղ ես խաղացել եմ` Տոյտոբուրգեր, Էբուրոնե, Վելեդա: Հիշում էի նաեւ տեղափոխությունները, հորս բնորոշմամբ`շարժական ֆուրգոնները, գարեջուր խմող փաթեթավորողներին, իսկ մայրս թափահարում էր գլուխը, քանի որ սիրում էր իր վառարանը, եւ գիտեր, թե ինչպես պետք է նրա վրա պահել սուրճի ջուրը` եռման կետից մի քիչ ցածր աստիճանում: Մենք Հռենոսից հեռու չէինք ապրում, խաղում էինք լաստերի վրա, հին ամրոցների խրամատներում, այգիներում, որոնց այգեպանները գործադուլ էին անում: Հիշում էի ձեռքումս բռնած առաջին փողի մասին. դա մի թղթադրամ էր, որի վրա գրված էր այն համարը, որը պատիվ էր բերել Ռոքֆելլերի հաշվին: Դա մեկ միլիարդն էր: Ես դրա համար քաղցրավենիքի արժանացա: Հայրս իր օգնականների աշխատավարձը բանկից ստանում էր սայլակի միջից: Մի քանի տարի անց կայունացված մարկով վճարումները չէին բավականացնում, եւ դասընկերներս ընդմիջումների ժամանակ ինձնից մի կտոր հաց էին խնդրում: Նրանց հայրերը գործազուրկ էին: Անկարգություններ, գործադուլներ, կարմիր դրոշներ. ահա թե ինչ էի տեսնում ես, երբ հեծանիվով դպրոց էի գնում Քյոլնի ամենախիտ բնակեցված թաղամասերով: Մի քանի տարի անց գործազուրկներին բնակարաններ տրամադրեցին. նրանք դարձան ոստիկաններ, զինվորներ, դահիճներ, զինագործներ. մյուսները գնացին համակենտրոնացման ճամբարներ: Վիճակագրությունը ստույգ էր. առատ գումարները հոսում էին հեղեղի պես: Հաշիվները վճարվեցին ավելի ուշ, երբ մենք, դառնալով աննկատ մարդիկ, փորձեցինք վերծանել աղետը, սակայն չկարողացանք գտնել դրա բանաձեւը: Կյանքի տառապանքների հանրագումարը վիճակված էր այն եզակիներին, որոնք մեղավոր էին ճանաչվել. մնացել էր մնացորդը, որը մինչև օրս չի բաշխվել: Ես միշտ եմ ցանկացել գրել այդ մասին. վաղուց փորձել եմ, բայց բառերը գտա ավելի ուշ:
1958
1. Դորն- քաղաք Նիդեռլանդների կենտրոնական մասում` Ուտրեխտ նահանգում: Քաղաքը հայտնի է որպես Վիլհելմ 2-րդի վերջին նստավայր:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
Դիտումներ: 125
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։