Իմ առաջին ֆիլմը

Կիսվել:

4-րդ կուրսում էի…

Մանկավարժական ինստիտուտի առաջին հարկի ճեմասրահում Յուրի Երզնկյանին ինձ ներկայացրեց նրա կուրսի Սաշան (Ալեքսանդրը)։ Յուրին ժպտաց, զննեց ինձ և հարցրեց՝ թե կարդացե՞լ եմ Բակունցի «Միրհավ» պատմվածքը։ Ես, ինձ «կորցրած», պատասխանեցի, որ շատ եմ սիրում Բակունցին և փորձեցի ինչ-որ բան հիշել, սակայն խառնեցի ուրիշ պատմվածքի հետ, ինչ-որ նամակների անուն տվեցի։ Երզնկյանը ժպտալով մեղմորեն ընդհատեց և հրավիրեց «Հայֆիլմ» կինոստուդիա՝ փորձնական նկարահանման։

 

Տերյան փողոց, թիվ 2…

Ինձ հագցրեցին գեղջկական զգեստներ և լուսանկարեցին։ Այդ լուսանկարները պահված են մինչև հիմա, բայց չեմ հիշում, թե ո՞վ է ինձ լուսանկարել ենթադրում եմ, որ Ռուդիկն էր Վաթինյան, քանի որ ֆիլմի բեմադրող օպերատորն ինքն էր։

Մի քանի օր հետո նկարահանման խմբին հատկացված սենյակում սեղանի մոտ նստած էր Երզնկյանը, կինը՝ Լիդան (որին հետո պիտի ճանաչեի), ինչ-որ տղամարդ, Ռուդիկը, որին արդեն ճանաչում էի, Էռնեստը՝ ֆիլմի երկրորդ ռեժիսորը, որն ինձ բացահայտորեն տանել չէր կարողանում։ Սեղանին փռված էր լուսանկարների մեծ կույտ, այդ տղամարդու հետ նայում, քննարկում էին, Երզնկյանն իմ լուսանկարն է ցույց տալիս՝ ասելով «Ինքն է, ինքն է… հաստատ ինքն է, բայց շատ գեշ է, շատ գեշ է ֆոտոյում»։ Ես սեղանից հեռու էի նստած, պատուհանի տակ, և Վաթինյանին կամաց հարցրի, թե ո՞վ է այդ տղամարդը, իսկ Ռուդիկն ինձ շատ հանգիստ պատասխանեց. «Հրա՜նտն է, Հրանտն է Մաթևոսյան, Սոֆի՛կ ջան»… Միանգամից ինձ «կորցրի», ավելի շուտ՝ «խելագարվեցի»... Արդեն տեսել էի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, արդեն ընկեր Մալյանը (Հենրիկ) դասի ժամանակ երբեմն պատմել էր մեզ նրա մասին և արդեն հասցրել էի հասկանալ, թե ո՛վ է իմ առջև նստածը... Արցունքներս հոսում են, ոչինչ չեմ տեսնում, միայն ականջիս հասավ՝ «Էս վախեցած եղնիկին որտեղի՞ց եք գտել»… ինձ թվաց՝ Հրանտի ձայնն էր… Շունչս կտրվում էր, զգում էի, որ էլ չեմ կարող մնալ այդ սենյակում, մանավանդ Էռնեստի արհամարհական հայացքների ներքո (առաջ ընկնելով ասեմ, որ այդ նույն Էռնեստը հետո պաշտում էր ինձ)։ Տեղիցս վեր կացա, մոտեցա սեղանին, որ հրաժեշտ տամ Երզնկյանին և հանկարծ, լուսանկարների մեջ տեսնում եմ մի չքնաղ դեմք, մի աննկարագրելի գեղեցկություն (այսպիսի ցնցում երևի իշխան Միշկինն էր ապրել՝ տեսնելով Նաստասյա Ֆիլիպովնայի լուսանկարը)։ Վերցրի լուսանկարը, հարցրի թե ով է, Երզնկյանն ասաց, որ վրացուհի է, անունը՝ Մանանա Ցխովրեբովա։

-Չեմ հասկանում, այս գեղեցկությունը թողած՝ ինչո՞ւ եք ինձ կանչել,– ասացի և արագ դուրս եկա։

Ամառային արձակուրդներին գնացել էի Վրաստան, Մառնեուլի շրջանի գյուղ Շահումյան (այսպես ասած՝ Շուլավեր), մորս գյուղը։

Ցերեկվա մի ժամի փոստատարը հեռագիր բերեց մորաքրոջս տուն՝ «Սպասում ենք Ալավերդի քաղաքում, կդիմավորենք գնացքն այսինչ ժամին, այսինչ օրը։ «Հայֆիլմ»»։

 

Մերոնք ինձ ճամփու դրեցին։ Օգոստոս ամիսն էր, որքան հիշում եմ։ Երեկոյան կողմ ինձ դիմավորեցին։ Դիմավորողը նույն Էռնեստն էր, և մինչև կհասնեինք Օձունի պանսիոնատ, որտեղ տեղավորված էր նկարահանման խումբը, սիրահարվեց ինձ, խելագարվեց, ցնորված կրկնում էր.

–Չեմ հասկանում, էս ի՜նչ չքնաղ աղջիկ ես դու։

Ոչխար էին մորթել, սեղաններ էին բացել, հենց դրսում՝ էդ չքնաղ բնության գրկում, ուրախություն, քեֆ էին սարքել։

Արդեն ճանաչում էի Երզնկյանին, կնոջը, Վաթինյանին, սեղանի շուրջ տեսա նստած Գուժ Մանուկյանին, որին շատ էի տեսել բեմում՝ դեռևս դպրոցական տարիքից… և շատ ուրախացա։

Բայց կես ժամ չանցած՝ այդ ուրախությունն ավարտվեց ինձ համար… Արդեն քիչ թե շատ հայտնի դերասաններից մեկը, որը նկարահանվում էր այդ ֆիլմում, կամաց-կամաց ինձ հեռացրեց քեֆի սեղանից, իհարկե, չմոռանալով անուշ զրուցել ինձ հետ, և մոտակա թփերից մեկի տակ ինձ գետին տապալեց և ինչքան ուժ ուներ՝ հարձակվեց ինձ վրա…

Իհարկե, ինձ հաջողվեց մի կերպ, «անվնաս» դուրս պրծնել վայրենի գազանի ճիրաններից, և երբ վերադարձա սեղանների մոտ՝ այլայլված, մազերս գզգզված, շորերս տրորված, Էռնեստը խելագարված հարցրեց «Էս ո՞ւր էիր, էս ի՞նչ է, ասա՛… ո՞վ էր, ասա՛, ո՞վ էր, կսպանե՜մ, հենց հիմա կսպանեմ դրան...»։

 

Այսպես սկսվեց իմ կինո-ոդիսականը։

Կարծում եմ, հասկացաք, որ խոսքն «Այս կանաչ-կարմիր աշխարհը» ֆիլմի մասին է։ Այնպես որ կինոյում հայտնվելուս համար պարտական եմ ոչ միայն ընկեր Մալյանին, որն ինձ ընդունեց ինստիտուտում իր կուրսում սովորելու, ոչ միայն Յուրի Երզնկյանին և իր ուսանողներին, որոնք ինձ ներկայացրին, այլև Հրանտին Մաթևոսյանին, որը Բակունցի «Միրհավ» պատմվածքի ընդամենը մեկ տողը՝ «Դիլան դային էլ կին առավ...», մեծացրել, դարձրել էր ծավալուն կերպար՝ «տխուր ու լուռ աղջիկ» անունով...

 

Հ.Գ. – Մեկ տարի անց, ֆիլմի պրեմիերայից հետո դուրս ենք գալիս «Մոսկվա» կինոթատրոնից, և այդ նույն մարդը, ինձ հետ դարձյալ անուշ զրուցելով, հրավիրեց ինձ հյուրանոցի իր համարը և դեռ դուռը չծածկած՝ նորից հարձակվեց վրաս, ինչպես մեկ տարի առաջ։ Ես հասցրի վերցնել բարձը մահճակալի վրայից և ինչքան ձեռքերումս ուժ կար՝ սկսեցի հարվածել նրա գլխին։ Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք.... նա թուլացած-ընկած մնաց բազկաթոռի մեջ, իսկ ես փախա։ Հենց հյուրանոցից ոտքս դուրս դրեցի, սկսեցի շատ արագ վազել։ Վազում էի ու մտածում՝ չլինի՞ մեռավ... իսկ եթե ինձ բռնեն, ի՞նչ եմ անելու։ Կասեմ, որ պաշտպանվում էի... երևի կհավատան...

Չմեռավ...

Բայց որ ինձ նման երկրորդ միամիտ ապուշ աշխարհը չի տեսել՝ փաստ է...

 

 

Սոֆիկ Սարգսյան

Դիտումներ: 160

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։