Հուլիսի շոգ կեսօր

Կիսվել:

Մարդն ականջ էր դնում սալահատակ փողոցով, հուլիսյան արևի տակ, իր ուժասպառ ու շոգից հյուծված մարմնի ճիգով քարշ եկող սայլի կարկատված անիվների պտույտին։ Շոգը քնեցրել էր քաղաքի աղմուկը, կլանել էր հեռվում կանգնած ծառերի ամեն մի շարժումը և օդի մեջ կախվել էր՝ ծանր, խուլ ու անշարժ։

 

Մարդը բեռ էր քաշում։ Բեռը մեծ էր, սպիտակ, ամուր մետաղյա բռնակներով, ամրացված սայլի վրա, և կիզիչ արևի տակ շողարձակում էր ասեղների պես։ Անիվների անհարթ ընթացքից այն դողում էր։ Մարդը քայլում էր կարճ, տանջված քայլերով։ Մարմնի տակ սեղմված ստվերը նրա հետ էր սահում, ոտքերի տակից առաջ անցնում, և բեռը դանդաղ շարժվում էր առաջ։ Քրտինքը հոսում էր նրա վրայով, իսկ ողորկ սալաքարերի վրա չոր ջերմության ալիքները փայլում էին ու նրա առջև սողում։

 

Մարդը մի պահ կանգ առավ։ Ինքը չգիտեր՝ դեռ որքան պիտի գնար։ Ամեն անգամ, երբ կանգ էր առնում, ստիպված էր ավելի մեծ ուժ գործադրել, քան քայլելիս ու քաշելիս, որպեսզի բռնակների երկու ձողերը ցած սեղմեր, բեռի ծանրությունը դրանք վեր չքաշեր, և սայլը հետ շուռ գար։ Կանգնել էր ու ճանապարհին էր նայում՝ սպասելով, որ մի անցորդ երևա։ Մեկը հայտնվեց, բայց գնում էր պատի եզրով ձգված նեղ ստվերի միջով։ Մարդը նորից շարժվեց։ Մի փոքր այն կողմ ավտոբուս կանգնեց։ Երկու կին իջան, բացեցին իրենց գույնզգույն հովանոցները, իսկ գրեթե դատարկ ավտոբուսը շարունակեց ճանապարհը։ Բեռնակիրը քայլն արագացրեց ու ձայն տվեց. «Ներեցե՛ք»։

 

Նրանք չլսեցին և անցան։ Նա շարունակում էր առաջ գնալ, մինչև որ քիչ հեռվում մի տաքսի կանգ առավ։ Մի տղամարդ և մի կին դուրս եկան։ Տղամարդը վարորդին փող էր տալիս, իսկ նա ասաց. «Ներեցե՛ք»։

 

Կանգնած էր, ծանր շնչում էր։ Շապիկի բացվածքը լայնարձակ էր, և կրծքավանդակին ձգված, ոսկորներին կպած մաշկի վրա քրտինքը բարակ շերտով հոսում էր։ Նա մի ձեռքով ծանրությունն էր պահում սայլի լծափայտերից մեկի վրա, իսկ մյուս ձեռքը սահեցնելով մյուս լծափայտի վրայով՝ գրպանից հանեց ճմռթված մի թուղթ։

«Ներեցե՛ք»։

 

Տղամարդը շրջվեց, տեսավ նրան և մոտեցավ։ Վերցրեց խոնավությունից թրջված թուղթը, բացեց, կարդաց, ապա նայեց փողոցի ծայրին ու մի պահ մտածեց։

«Ուղիղ գնա։ Շիտակ, շիտակ: Հետո…»։ Նորից նայեց փողոցի ծայրին։ «...էնտեղ, վերջում», ձեռքով ցույց տվեց. «Կշրջվես»։ Մի հայացք էլ գցեց բեռին։ Այդ ընթացքում բեռնակիրն էլ լսեց, որ կինը դժգոհ ձայնով ասում էր. «Էս շոգին էլ մարդ դուրս գա՞»։

 

Այլևս նա նրանց չէր լսում։ Միայն ինքն իր մեջ էր լսում նրանց ձայների արձագանքը, մինչ կինը՝ մեջքով դարձած, ծաղկավոր զգեստի տակ օրորվող իրանը, մերկ ոտքերը, տղամարդու հետ հեռանում էր նեղլիկ ստվերով պատված փողոցով՝ ճանապարհին դեռևս հայհոյելով։

 

Բեռնակիրը հայացքը հառեց արևից շիկացած սալաքարերի կուրացուցիչ փայլին։ Նայում էր դրանց և արդեն գիտեր, որ պետք է ուղիղ գնա, ապա փողոցի վերջում թեքվի։ Ու կրկին ճանապարհ ընկավ։ Արդեն երկար ժամանակ էր, ինչ ճանապարհին էր։ Կեսօրից առաջ, երբ իր կեղևազրկված վարունգն էր կծում, լսել էր, որ իրեն կանչում են։ Կեսօրից առաջ էր։ Ցեխոտ առվի նեղ փոսը կուլ էր տվել բեռնասայլերի անիվները։ Մաշված լծափայտերը ծուռ բարձրացել էին օդ, դրանց լայն բրդյա փոկերը կախ էին ընկել, իսկ բեռնակիրները շրջան կազմած կանգնել էին վարունգ վաճառողի շուրջը։

 

Մյուս կողմում՝ իրար հետևից շարված երկար ավտոմեքենաները՝ ամենատարբեր գույներով, արևի տակ շիկացած մետաղի փայլ էին արձակում։ Մոտենալիս՝ օդում տարածվում էր տաքացած անվադողերի և բենզինի հոտը։ Փողոցի շենքերը կամ փակել էին իրենց փեղկավոր պատուհանները, կամ պատուհանների առաջ եղեգնյա վարագույրներ էին կախել։ Հենց այդ ժամանակ էլ լսել էր, որ իրեն կանչում են։ Նա մոտեցել էր առևտրատան վաճառողին, որը ձայն էր տվել իրեն։ Վաճառողը հանձնարարել էր բեռը հասցնել գնորդի հասցեով, հասցեն գրել էր մի թղթի վրա և տվել նրան։

 

Բեռն արդեն ամրացված էր սայլի վրա։ Լայն բրդյա փոկը, որ երկու կողմից կապված էր լծափայտերին, կրծքին սեղմած՝ մարդը ամբողջ ծանրությամբ առաջ էր մղվում։ Երկու ձեռքերի մատները ամուր սեղմել էին գույնը մաշված, հղկված լծափայտերը, ծնկներից ծալված ոտքերը հենվում էին սալահատակի քառակուսի քարերին, և նա, անշարժ շոգի մեջ, ամբողջ մարմինը լարելով ու մաշելով, առաջ էր գնում, որպեսզի բեռը հասցնի գնորդի հասցեին։ Ճանապարհը շոգից ալեկոծվում էր։ Փողոցների ու նրբանցքների ասֆալտին ձգվել էին երկար, բարակ գծեր՝ տեղ-տեղ պոկված, տեղ-տեղ ճաքած, տեղ-տեղ նստած, միշտ բծավոր։ Մի ժամանակ այդ փողոցները կենդանություն էին առնում ամենատարբեր ուղղություններով սահող կոշիկների, լծավոր կենդանիների պայտերի ու պտտվող անիվների շարժումից, իսկ այժմ դրանք, մարդու քայլքի չափավոր արագությանը համընթաց, գալիս էին ընդառաջ, սահում էին նրա ոտքերի տակով և անցնում կողքով։ Վաղուց էր նա բեռը քաշում։ Այժմ նրա հետ առաջ էին գնում լծափայտերի ծանր դողը, հոդերի խուլ ճռճռոցը և հոգնած մարմնի շնչառությունը՝ ծարավ, քրտնաթաթախ։ Նա շարունակում էր առաջ շարժվել շիկացած քարերի դանդաղ սահքի միջով՝ դեպի հասցեն, և դեռ չէր հասել այն անկյունին, որտեղ պետք է թեքվեր, երբ հասավ մի լիմոնադ վաճառողի սայլին, որը կանգնած էր մայթին՝ ծառի ստվերի տակ, չորացած առվի եզրին։ 

 

Ծարավ էր։ Քաղցր լիմոնադի համը բերանում զգաց և հիշեց, թե ինչպես էին գազի խայթող պղպջակները կոկորդն այրում։ Հիմա կարմիր ու դեղին ըմպելիքները շշերի մեջ էին։ Կանգ առավ։Մի երիտասարդ, մի տղայի կողքին, առվի եզրին նստած էր։ Տղան ոտքերը կախել էր առվի մեջ։ Երիտասարդը, նույն տեղում նստած, բարձրաձայն կանչեց. «Է՛յ, արի՛, կոկորդդ թրջի՛ր․ սառը լիմոնաաադ»։ Հետո վեր կացավ։ «Մե՛կը տամ, հա՞»։ Երիտասարդը մի շիշ վերցրեց, թափ տվեց, բացեց խցանը, կարմիր ըմպելիքը լցրեց բաժակի մեջ, մեկնեց բեռնակրին և փողը վերցրեց։ Բեռնակիրը մի քանի կում խմեց։ Դեմքը կնճռոտվեց։ «Տաք է, ախպե՛ր»։ Կրկին մի կում խմեց։ «Արի՝ մի կտոր սառույց գցիր մեջը»։ Իսկ երիտասարդն արդեն դարձյալ ձայն էր տալիս. «Է՛յ, արի՛, կոկորդդ թրջի՛ր. սառը լիմոնաաադ»։ Բեռնակիրը նայեց նստած տղային, դատարկեց բաժակը, նորից մի հայացք գցեց երեխային, բաժակը վերադարձրեց երիտասարդին և նորից ճանապարհ ընկավ։

 

Սայլի անիվների ձայնը լսվում էր այն ճիգի միջից, որով առաջ էր տանում բեռը։ Շոգ էր։ Կոկորդում նորից տարածվեց չորության քերծող զգացումը, իսկ բերանում քաղցրությունից հետո մնացել էր թթվաշ համ։ Գիտեր, որ երկար ճանապարհ է անցել։ Այդ ճանապարհը նրա հետևում հեռանում էր, ավելի ու ավելի էր ձգվում, իսկ հեռավոր փողոցներն ու նրբանցքները խառնվել էին իրար։ Նա կանգ առավ, շրջվեց և նայեց ճանապարհին։ Ճանապարհը կարծես գալիս էր դեպի բեռը և նրա ոտքերի մոտ ավարտվում։ Իսկ բեռը, շոգից դողացող տեսարանի եզրին, իր բարձր ու ծանր մարմնով հաստատ կանգնած էր սայլի վրա։ Ներսից՝ փակ ու չոր, արտաքինից՝ իր սպիտակ, փայլուն ծածկով, այն ամեն ինչից ավելի բարձր ու առանձնացած էր երևում։ Մարդը դեռ ծարավ էր։ Երկու ձեռքով բռնել էր լծափայտերը և երբ նորից առաջ շարժվեց ու կուրծքը սեղմեց լայն բրդյա փոկին, գազավորված լիմոնադի փուչիկների բերած կարճատև թեթևությունն արդեն անհետացել էր։ Ծարավն ավելի էր սաստկացել, ասես երբեք էլ չէր մեղմացել։ Եվ նա ավելի ուժգին էր զգում, թե որքան սպիտակ է բեռը, որքան փայլուն, որքան ամուր նստած է սայլի վրա և որքան ծանր է։ Հասավ մի նրբանցքի։ Հիշեց այն մարդուն, որը հասցեն կարդալուց հետո ասել էր՝ «փողոցի վերջում կշրջվես»։ Նա թեքվեց և գիտեր, որ տունը երրորդն է։

 

Երրորդ տունը դեռ անավարտ շինության էր նման։ Դռներն ու պատուհանները դեռ չէին ներկվել, պատուհաններին էլ ապակի չկար։ Թակեց։ Միևնույն ժամանակ շարունակում էր ամբողջ ուժով պահել թե՛ իրեն, թե՛ բեռը, որ սայլը չշեղվեր։ Ավելի ուժեղ սեղմեց լծափայտերը։ Կրկին թակեց։ Եվս մեկ անգամ։ Այն ժամանակ ներսից լսվեց մի տղամարդու քնկոտ ձայնը. «Ո՞վ է»։ Քիչ անց մի մարդ եկավ ու դուռը բացեց։ Դեռ դուռը բացելիս ասաց․ «Ո՞վ է։ Մարդիկ կեսօրվա քունն են քնում»։ Հետո, երբ դուռն ամբողջովին բացեց, նայեց բեռնակրին ու ասաց. «Ի՞նչ կա, քեռի՛»։ Տղամարդը կոպիտ ու մաշված տեսք ուներ։ 

 

Բեռնակիրը ասաց. «Սա եմ բերել»։ Մարդը մի պահ անվստահ նայեց բեռին։ «Սա ի՞նչ է»։ Այդ պահին երկու լաթապատ երեխա դուրս եկան տղամարդու մարմնի ու դռան շրջանակի արանքից։ Տղամարդը բղավեց․ «Հե՛յ, կորե՛ք ներս, լակոտնե՛ր։ Էլի՞ դուրս եք եկել։ Գնացե՛ք, քնե՛ք»։ Հետո նորից դարձավ բեռնակրին. «Սա ի՞նչ է»։ Ձայնից երևում էր, որ անհամբեր էր։ Բեռնակիրը պատասխանեց. «Ասել էին՝ բերեմ այստեղ»։ Նա գլուխը շրջեց ու հաշվեց նրբանցքի դռները։ Հենց երրորդ դուռն էր։ Գրպանից հանեց հասցեի ճմռթված թուղթը, մեկնեց տղամարդուն ու ասաց. «Ահա, այստեղ է գրված»։ Այս անգամ նրա ձայնում էլ արդեն զայրույթ կար։ Տղամարդը հարցրեց. «Ո՞ւմ տունն է»։ Բեռնակիրը մեղմացած պատասխանեց. «Չգիտեմ»։ 

 

«Ա՛յ մարդ, սխալ տեղ ես եկել։ Էստեղ դեռ ոչ ոք չի բնակվում։ Մենք պահակություն ենք անում»։ Բեռնակիրը գլուխը շարժեց. «Ուրեմն որտե՞ղ է»։ Տղամարդն ասաց. «Ես կարդալ չգիտեմ»։ Թուղթը նորից ճմռթված տվեց նրան։ «Գոնե տիրոջ անունը չգիտե՞ս»։ «Չէ, ասել էին՝ էսինչ նրբանցք»․ մի պահ մտածեց, բայց փողոցի անունը չկարողացավ հիշել։ 

 

«Էստեղ չէ։ Էս նրբանցքը անուն էլ չունի»։

 

Բեռնակիրը հայհոյեց։ Բերանը լրիվ ցամաքել էր։ Քիչ անց ասաց. «Մի քիչ ջուր կտա՞ս խմեմ, եթե կարելի է»։ Տղամարդը ներս գնաց։ Դռան մի փեղկը բաց էր մնացել, և այժմ, երբ նա հեռացել էր, երևում էր, որ միջանցքում երկու կին ու մի քանի երեխա քնած էին։ Կանայք գլխաշորերը քաշել էին դեմքներին։ Տղամարդը վերադարձավ և փիրուզագույն կավե թասը մեկնեց բեռնակրին։ Ջրի մեջ դանդաղ լողում էր սառույցի մի կտոր: Բեռնակիրը ջուրը խմեց ու ասաց. «Ազար[1]»։

 

Մինչդեռ ատամների տակ ծամում էր այն սառույցի կտորը, որ ամանի միջից ծծել էր, ասաց. «Սառնարան է։ Էլեկտրականությամբ է աշխատում։ Նոր է եկել»։

Մարդը, մինչ ամանը ձեռքից էր վերցնում ու զարմացած նրան էր նայում, ասաց. «Ի՜նչ բաներ են, ա՛յ մարդ»։ «Ասա՝ ինչքա՜ն ծանր է։ Անիծվածը։ Ներսը դատարկ է, բայց մարդու ուժը տանում է»։ Ապա ասաց. «Դե հիմա ի՞նչ անենք»։

 

«Ի՞նչ իմանամ»։ Հետո ավելացրեց. «Այս կեսօրին բոլորը քնած են»։

 

«Այսինքն՝ հասցեն էլ են էսպես տվել մեզ»։ 

 

Մարդն ասաց. «Պտտվիր, կգտնես։ Աստված մեծ է»։

 

Նա մեծ դժվարությամբ շրջեց սայլը նեղ փողոցում, դուրս եկավ այնտեղից և նորից սկսեց փնտրել այն փողոցը, որ չէր կարողանում գտնել։ Սայլը քաշելով՝ կրկին վերադարձավ նույն փողոցը, նույն մարդու տան մոտ։ Աշխատանքից հոգնած մարդու դեմքն ու այն, որ արդեն մեկ անգամ նրան արթնացրել էր, երկրորդ անգամ արթնացնելու դժվարությունն ավելի տանելի էին դարձնում։ Բեռնակիրը թակեց դուռը։ Հոգնած ու անքուն տեսքով մարդը դուրս եկավ: Եվ հենց որ դուրս եկավ ու նրան տեսավ, զայրացավ։

 

«Ա՛յ մարդ, պիտի հենց էստեղ լիներ»։

 

«Քեռի՛, էսօր երևի սատանան մտել է մեջդ։ Թող քնենք, էլի։ Դու չես գտնում, մեր մեղքն ի՞նչ է, որ չքնենք։ Գնա՝ գտիր»։

 

«Ախր, անիծյալը, չի լինում գտնել»։

 

«Հետ գնա, ասա՝ չգտա»։

 

«Չի լինի»։

 

«Մեր մեղքն ի՞նչ է, որ չքնենք»։ Մարդը դուռը չփակեց և շարունակում էր նայել բեռնակրին։

 

«Թղթի վրա գրած էր՝ խաչմերուկից ուղիղ պիտի գնաս։ Մեկին տվեցի կարդալու, էդպես ասաց»։

 

«Կարող է՝ ուրիշն է կարդացել։ Կարող է՝ ուրիշն է գրել։ Կարող է՝ էլի մի քանի շրջադարձ պիտի անես։ Մի խոսքով՝ էստեղ չի։ Էստեղ դեռ պատրաստ չի, որ մարդ գա ապրի»։

 

«Դու ի՞նչ ես ասում՝ ի՞նչ անենք»։

 

«Ի՞նձ ես հարցնում՝ մենք ի՞նչ անենք»։

 

«Եթե ասենք՝ չենք գտել, կմտածեն՝ ընդհանրապես չենք էլ փնտրել»։

 

«Մեր մեղքն ի՞նչ է, որ չքնենք»։ Եվ դուռը փակեց։

 

Նա մեծ դժվարությամբ շրջեց սայլը նեղ փողոցում։ Մտածում էր՝ գուցե պետք է հենց այստեղ հասցնի բեռը, հետո իրենք կմտածեն՝ ինչ անել դրա հետ։ Փողոցից դուրս եկավ և այժմ հասել էր մեծ փողոցին։ Փողոցը, այն կողմից, որտեղից ինքը եկել էր, երկար էր ու հեռու, և նրա ծայրը հուլիսյան կեսօրվա սպիտակ երկնքի շոգի ու փոշու մեջ կորչում էր։ Իսկ այս կողմից՝ մի քիչ վերև, այն հասնում էր մինչև անավարտ շինությունները։ Մարդը չգիտեր՝ ինչ անի, և ծարավ էր։ Կա՛մ հասցեն թղթի վրա սխալ էին գրել, կա՛մ այն մարդը, որ կարդացել էր, սխալ էր հասկացել։ Ամեն դեպքում ինքը չէր կարող թղթի վրա գրվածը կարդալ։ Կամ էլ ո՛չ սխալ էին գրել, ո՛չ էլ այն մարդն էր սխալ հասկացել, և պետք էր հենց այստեղ հասցնել, պարզապես այս մարդը տեղյակ չէր։ Ամեն դեպքում՝ նա չգիտեր՝ ինչ անի։ Ճանապարհները բոլոր կողմերից ձգվում էին նեղ փողոցներով ու փակ դռներով։ Բոլորը քնած էին։ Օդը տաք էր։ Նա չգիտեր, թե ինչ անի, և ծարավ էր։ Գուցե կանգներ, մինչև օդը մի փոքր շարժվեր, մինչև մեկը երևար, որից հասցեն հարցներ։ Անպայման ինչ-որ մեկը պիտի լիներ, պիտի լինեին մարդիկ, որոնք կիմանային, թե ուր պետք է հասցնի իր բեռը։ Բայց կա՛մ սխալ էին հասկացել, կա՛մ իրեն սխալ էին ասել։ Իսկ հիմա՝ այս շոգին, այս հեռավոր փողոցում, նրանցից ոչ մեկին հասնել հնարավոր չէր։ Եվ հիշեց այն մարդուն, որ տաքսիից իջել էր մի կնոջ հետ։ Կնոջ մեջքը շարժվում էր ծաղկավոր զգեստի տակ, ոտքերը մերկ էին, և նա ասել էր. «Մի՞թե երկնքից հրաման է իջել, որ այս շոգին դուրս ենք եկել»։ 

 

 

Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի 



[1] «Ազար» (آزار)՝ պարսկերեն նշանակում է «տառապանք», «չարչարանք»։ Հեղինակը միտումնավոր է գործածել հենց այս բառը, որպեսզի միայն մեկ բառով արտահայտի հասարակության տարբեր խավերի սոցիալական կյանքի ամբողջ ծանրությունն ու տառապանքը։ Այդ պատճառով այս բառը թարգմանության մեջ պահպանվել է իր պարսկերեն ձևով՝ «ազար»։ Հատկանշական է նաև, որ հեղինակը մինչև պատմվածքի այս հատվածը միտումնավոր չի բացահայտում, թե ինչ բեռ է կրում բեռնակիրը։ Իրականում նա իր ուսերին տանում է ոչ միայն նյութական բեռ, այլև իր և իր նմանների աղքատ, անբավարար ու տառապալից կյանքի ծանրությունը։

Դիտումներ: 227

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։