Հպանցիկ պատմություն

Կիսվել:

 Երբ հայտարարվեց, որ Օդեսա-Կիև չվերթը մեկ ժամ ուշանում է, սպասասրահում կողքս նստած կինը սկսեց անհանգստանալ.

-Ա՛խր, ես Կիևից պիտի Ֆրանկֆուրտ թռչեմ։ Հաստատ կուշանամ։

Հենց նստեցման հայտարարությունը հնչեց, նյարդային ելավ տեղից, չանթեց ուսապարկն ու արագ վազեց դեպի ելքը՝ կարծես իր վազքի արագությունից էր կախված ժամանակին Կիև հասնելը։ Նրա փոքրիկ պայուսակը մնաց նստարանին։ Վերցրի ու ինքս էլ գնացի դեպի ելքը։ Ինքնաթիռում մեր տեղերը կողք-կողքի էին։ Պայուսակը տվեցի իրեն։ Աչքերը խոնավացան։ Հազար անգամ շնորհակալություն հայտնեց։ Պայուսակից ինչ-որ հաբ հանեց ու առանց ջրի կուլ տվեց։

-Դուք իմ կյանքը փրկեցիք, եթե թռիչքից առաջ էս դեղը չխմեմ, հնարավոր է վայրէջքից հետո ինձ կիասամեռ կամ նույնիսկ մեռած հանեն ինքնաթիռից։ Էս վերջին հաբն է մնացել։ Օդեսայում չհասցրի գնել։ Տեսնես Կիևի օդանավակայանում դեղատուն կլինի՞, որ առնեմ։ Դեռ երկու թռիչք էլ ունեմ՝ Ֆրանկֆուրտ, էնտեղից էլ Տորոնտո։ Աղջկաս մոտ եմ գնում։

Էդ խոսքերից հետո ընկղմվեց բազկաթոռի մեջ, ու էլ ոչ մի ձայն՝ մինչեւ Կիև։

Հիմնական ուղեբեռը հանձնել էր և պիտի ստանար արդեն Տորոնտոյում, բայց մի ուսապարկ ուներ ու այն կանացի պայուսակը, որ մոռացել էր սպասասրահում։

Կիևում վայրէջքից հետո ասաց.

-Խնդրում եմ, օգնեք՝ հասնեմ իմ չվերթին։

Դեռ մի քիչ շշմած էր։ Վերցրի ուսապարկը, միասին արագ անցանք միջազգային բաժին, տեղեկատվական տախտակի վրա գտանք իր ելքը, որ պարզվեց ահագին հեռու էր։ Ուշանում էր։ Սկսեցինք վազել։ Լավ էր, գրանցումն առցանց արել էր, միայն նստեցման կտրոնն էր պետք արագ ստանալ։ Ստացավ։ Հասանք նստեցման ելքին այն պահին, երբ արդեն հայտարարում էին չվերթից ուշացող միակ ուղևորուհու անունը և խնդրում շտապ մոտենալ։ Անձնագիրն ու կտրոնը տալուց առաջ պայուսակից թուղթ ու գրիչ հանեց, արագ ինչ-որ բան գրեց ու մեկնելով ինձ՝ ասաց.

-Իմ էլեկտրոնային փոստի հասցեն է, նամակ գրեք…

Կարգին չէինք էլ ծանոթացել. ոչ ես իր անունը իմացա, ոչ ինքը՝ իմը։

Երևանի թռիչքին դեռ ութ ժամ կար։ Կիևում չէի եղել, որոշեցի գնալ, զբոսնել ու հետ գալ։ Դուրս եկա օդանավակայանից։ Տաքսիստ մոտեցավ, առաջարկեց քաղաք հասցնել։ Տարիքով մարդ էր՝ տեսքն ինձ դուր եկավ։ Գինն ասաց։ Համաձայնեցի։

Ես սիրում եմ տաքսիստների հետ զրուցել։ Դե, նրանց մեծամասնությունն էլ դեմ չի զրույցին։ Մանավանդ, եթե ճանապարհը երկար է։ Իսկ էդ ժամին արդեն Կիևի մուտքի մոտ խցանումներ էին սկսվում, և սովորական 35-40 րոպեի փոխարեն մի ժամից ավել պիտի գնայինք։ Ես էսքան բան չգիտեի, իհարկե, տաքսիստն ասաց։ Նախկին զինվորական էր, թոշակի էր անցել, մի քանի սիրուն պատմություն պատմեց զինվորական անցյալից։ Ասացի՝ «Թույլ կտա՞ք սյուժեները օգտագործեմ իմ պատմվածքներում»։ Համաձայնեց, բայց շեշտեց՝ առանց կոնկրետ անունների։

Մայդանի իրադարձությունները մի քանի ամիս առաջ էին ավարտվել, և մեր հետագա զրույցը հիմնականում դրանց շուրջ էր։ Խնդրեցի Մայդանի մոտակայքում էլ իջեցնի։ Իսկ երբ ասացի, որ Կիևում ընդամենը մի չորս ժամ եմ մնալու ու պիտի հետ գնամ օդանավակայան՝ Երևան թռչելու համար, տաքսիստն ասաց.

-Է՜, ես քեզ կսպասեմ, հետ կտանեմ՝ արդեն կես գնով։

Տեսնելով զարմանքս՝ պարզաբանեց.

-Ես միայն օդանավակայանից Կիև եմ ուղևոր տեղափոխում։ Հիմա պիտի դատարկ հետ գնամ։ Դա էս ժամի խցանումներով կտևի առնվազն մեկ ժամ, գուցե ավելի։ Հետո էլ չգիտեմ էնտեղ ինչքան պիտի սպասեմ, որ նորից ուղևոր բերեմ։ Էնպես որ, ավելի հարմար է՝ քեզ էստեղ սպասեմ ու հետ տանեմ։

Փողը չվերցրեց. «Միանգամից ամբողջ գումարը օդանավակայան հասնելուց հետո կտաս, հիմա ֆռֆռա ինչքան ուզում ես, չորս ժամից արի»։ Ու ցույց տվեց, թե որտեղ կսպասի ինձ։

-Բա որ խաբեմ ու թռնե՞մ, - հարցրի ժպտալով։

-Չես թռնի։ Նախ՝ արդեն պարզ է, որ վստահելի մարդ ես, և հետո՝ դու եթե էդ ժամին էստեղից օդանավակայան տաքսի էլ գտնես՝ իմ ասածի եռակին պիտի վճարես։

Առաջինը չգիտեմ, երկրորդը համոզիչ փաստարկ էր։

Մի տեղ մի երկու բրդուճ կերա, սուրճ խմեցի, հետո շրջեցի Մայդանում։ Կանգնեցի Մայդանի առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի նկարի առաջ։ Նայեցի մյուս զոհերի լուսանկարները։ Հետո գնացի Կիև-Պեչորյան Մայրավանք, էքսկուրսիայի մասնակցեցի մի խմբի հետ, որին ուկրաինախոս գիդ էր ուղեկցում։ Որոշ բաներ հասկացա։ Հասցրի մեկ էլ Բոգդան Խմելնիցկու արձանը տեսնել։

Չորս ժամն արագ անցավ։ Տաքսիստը պայմանավորված տեղում սպասում էր։

Օդանավակայանի ճանապարհին ռադիոն միացրեց։ Լուրեր էին հաղորդում։ Ուկրաիներեն։ Մի լուրից հետո գլուխը տմբտմբացրեց ու հառաչեց։

-Վատ լո՞ւր էր, - հարցրի։

-Հա՛։ Կիևից Ֆրանկֆուրտ թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել։ Իննա Սոկոլովա անունով մի կին է վատացել։ Ասում են՝ քառասուն-քառասունհինգ տարեկան կլինի։ Հիմա վերակենդանացման բաժնում է։

Մեջս կասկած ընկավ։ Ախր վազքի մեջ էն կինը մոռացավ իր դեղը առնել։

Հասանք օդանավակայան։ Տաքսիստին վճարելուց եւ հրաժեշտ տալուց հետո գրպանումս գտա կնոջ տված թուղթն ու նայեցի էլեկտրոնային փոստի հասցեն՝ inna.sok@...

 

 

Մեսրոպ Հարությունյան 

Դիտումներ: 333

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։