Հեռավոր զրուցակիցը
Տեսա աշունն աղոտ խաղում կիսալույսի,
Մի խեղկատակ խմբում քեզ ու ընկերներիս,
Ու իմ սիրտը-բազե՝ ելած արյան որսի,
Երկինքներից դեպի քո ափերն էր գալիս։
Պաստեռնակ
(Թարգ.` Ավագ Եփրեմյան)
Ամառ է։ Սենյակիս պատուհանից մայրամուտի լույսը ուղղաձիգ շերտով իջնում է հատակին, իսկ հեռուստացույցիս ձեռակերտ հորիզոնով անցնում է Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակից» մի տեսարան. գրկախառնված սիրահարները ջազային սինկոպների ներքո գրի են առնում այն, ինչն այդ պահին արթնանում է իրենց մեջ։ «Սիրահարված ինտելեկտուալները»։ Մարմինը դեռ չի մարսել զգացումը, բայց այն արդեն վկայագիր է պահանջում՝ արձանագրող ձեռքեր, թիկունքներ՝ գրի հենարան: Պահանջում է այստեղ և հիմա։
Մերկ ներկա։
Մի բան էն չի…
Գրքե՜րը։
Կոկտոյի ֆիլմը խորհրդանիշների անտառ է, թեև ինքը զգուշացնում է. «Առանց սիմվոլների»։ Այստեղ խորհրդանիշները ոչ թե բացատրության սպասող նշաններ են, այլ իմաստներ արտադրող շրջմոլիկներ։ Նրանց կողքին Պիկասոն, Ազնավուրը և ուրիշ նշանավոր դեմքեր հայտնվում են դերային դիմակներով՝ «Ընկեր», «Հետաքրքրասեր մարդ» կամ իբրև անանուն ժամանակի կրկնակի ներկայություններ։ Կոկտոյի աշխարհում մի արտասովոր ներկայություն էլ կա, որն այս ֆիլմից հետո շուրջ տասնչորս տարի չի երևալու խաղարկային կինոյում՝ Մարիա Կազարեսը։
«Սիրահարված ինտելեկտուալների» տեսարանում Կազարեսը չկա։ Ֆիլմից դուրս, սակայն, նա ապրել է հենց այդ սահմանագծին և շարունակում է ապրել սեղանիս դրված երկհատորյակում։

«Օրփեոսի կտակ»-ում նա մուտք է գործում Արքայադստեր կերպարով՝ ինչպես Կոկտոյի տասը տարի առաջվա «Օրփեոս»-ում, բայց այլ շեշտադրմամբ՝ ճակատագրի սառը մարմնավորում, կյանք շնորհող մահվան անկախ դատավորներից մեկը։ Նրան նայելով՝ Կոկտոն՝ Պոետը, մի պահ ասում է.
-Մեղավոր եմ։ Ես ընդունում եմ, որ շրջապատված եմ հանցագործություններով, որոնց հեղինակը չեմ։ Ընդունում եմ նաև, որ փորձել եմ անցնել այն խորհրդավոր սահմանը, որին տղամարդիկ նվիրաբերում են իրենց սերն ու երազանքները։
Եվ հեռացնում է հայացքը Կազարեսի կերպարից։
Կազարեսին վաղուց այդպես նայում էր մեկ այլ՝ մերթ ժպիտով լուսավորված, մերթ տագնապով լի հայացք. Ալբեր Կամյուինը, որի ուղին դարաշրջանի միջով մեկ երկար կատաբասիս էր, իսկ ինքը, կարելի է ասել, իր դարի Օրփեոսը։
864 - ՄԱՐԻԱ ԿԱԶԱՐԵՍԸ՝ ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒԻՆ
(Նամակները մեջբերվում են հատվածաբար)
Սուրբ Ծննդյան երեկո, 1959
«…Սպասում եմ վերադարձիդ, որ պատմեմ, խոսեմ, ասեմ, սիրեմ, միասին ծիծաղենք։ Սպասում եմ վերադարձիդ, որ քեզ մի քիչ փոշուց մաքրեմ։ Կարծում եմ, որ դրա կարիքն ունես, համենայն դեպս՝ մի քանի շաբաթ։ Սպասում եմ քեզ, որ հետդ գնամ Սարտրի պիեսը և մի քանի ֆիլմ դիտելու։ Իմը, օրինակ, որը, կարծում եմ, հունվարին պետք է ցուցադրվի»։
865 - ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒՆ՝ ՄԱՐԻԱ ԿԱԶԱՐԵՍԻՆ
30 դեկտեմբերի, 1959
«Շուտով կտեսնվենք, իմ հրաշալի։ Քեզ նորից տեսնելու մտքից այնքան ուրախ եմ, որ գրելիս ծիծաղում եմ»։
«Ուրեմն այլևս ոչ մի պատճառ չունեմ ինձ զրկելու քո ծիծաղից, մեր երեկոներից, ոչ էլ իմ հայրենիքից։ Գրկում եմ քեզ, սեղմում ինձ մինչև երեքշաբթի, երբ նորից սկսեմ»։
865 գրավոր վկայություն:
Տասնվեց տարվա սեր։
Տասներկու տարվա նամակագրություն։
1960 թ. հունվարի 4-ին, Փարիզ վերադառնալիս, ավտոմեքենան սրընթաց դուրս է գալիս ճանապարհից և բախվում ծառին։ Կամյուն մահանում է։
«Օրփեոսի կտակը» ցուցադվում է 1960-ի փետրվարի 18-ին։
Երկու ամսաթիվ, որոնց միջև ֆիլմը, Օրփեոսի պես, հետ շրջվեց։
Ինչի՞ մասին կխոսեին նրանք, եթե Կազարեսի սպասման համաձայն՝ ֆիլմը դիտեին միասին։ Կքննարկեի՞ն Կոկտոյի աշխարհը, թե՞ իրենց։ Միգուցե Կամյուն կրակից/ծովից վերադարձող ու Պոետին վեր մղող Սեժեստի կերպարում իրեն տեսներ։ Գուցե նաև իր Սիզիփոսին։ Չգիտեմ։ Մոդեռնիստ ակադեմիկոսներն ասում են՝ արվեստը պիտի լինի անանձնական։ Հա՞։
Ինչևէ, Կազարեսը «Օրփեոսի կտակում» բևեռ է, որտեղ Կոկտոյի այնկողմնային տեսողությունն ու նուրբ հեգնանքը կամա թե ակամա դիպչում են դերասանուհու կենսագրությանը.
«Փորձել եմ անցնել այն խորհրդավոր սահմանը, որին տղամարդիկ նվիրաբերում են իրենց սերն ու երազանքները»։
Կիրք, անհաշտություն, եռանկյունու ճնշում ու բառերի անողոք շքեղություն։ Կամյուի և Կազարեսի կապը լեգենդ դարձավ ոչ այնքան ներկայության, որքան հեռավորության, սպասման և անհնարինության շնորհիվ, որն ապրում էր կյանքին զուգահեռ։ Իսկ վերջում՝ ոչ թե բաժանում, զգացմունքի սպառում կամ հոգնածություն, այլ մահ։
Կազարեսը մնացել է հասցե, որը չի կորցրել ջերմությունը։
Նամակներում նրանք չեն ձևացնում, թե հաղթել են ճակատագրին. դիմանում են իրականությանը՝ օր առ օր, տարի առ տարի, մինչև վերջին խզումը։ Կա՛մք։
Նամակը մարդու փոքր բացակայությունն է և նրա երկրորդ ծնունդը։
Առավոտյան, երբ կարդում էի Մանդելշտամի «Զրուցակցի մասին»-ը, դեռ չգիտեի, որ վերնագիր եմ գտնելու, հիշելու եմ ուրիշ պոետների ու վերադառնալու եմ Կոկտոյի վերջին ֆիլմին։ ՕՐՓԵՈՍԻ ԵՌԱՊԱՏՄԱՆ գլխավոր կերպարը Պոետն է։ Առաջին իսկ դիտումներից հետո ես այլևս չեմ կարող «պոետ» բառը չկապել Կոկտոյի հետ։ Քայլում են համաքայլ՝ դանդաղ, հետահայաց, ու հանկարծ՝ սև ձի, նեղացած սև ձի՝ տախտակից փախած, տանում է իր հետևից։
Դուրս։
Արդեն երեկո է։ Կամյուի և Կազարեսի հասցեները երկու գրքերի միջնորդությամբ ջերմացնում են ձեռքերս։ Նստած եմ բասկետբոլի խաղահրապարակի գետնին, նայում եմ խարխուլ երկնքին, աստղ եմ փնտրում և փորձում հասկանալ՝ ում հետ եմ հիմա խոսում։
Տաքսի կանչե՞մ:
Որոշեցի` ուր եմ գնալու։
Ահավոր է. վեց տարի ապրում եմ էստեղ ու նո՜ր մտքիս եկավ, որ պիտի գնամ հենց էնտեղ, հենց հիմա։ Մի մարդ` աշխարհի մյուս ծայրից, կարճատև ու զբաղված այցի ժամանակ հասցրել էր գնալ: Իսկ ես…
Սկսեմ այստեղից. եթե սերը չի տեղավորվում ներկայության մեջ, կարո՞ղ է դիմանալ բացակայությանը, շարունակվել որպես հեռավոր զրույց՝ չդառնալով սոսկ հիշողություն կամ ձևապաշտություն։ Այլ կերպ ասած՝ կարո՞ղ է իրացնել իր առաքելությունը՝ լինել ամենավերևում։
Ինձ համար նմանակումից խղճուկ մորմոք չկա։ Կարելի է նմանակել Կամյուին և Կազարեսին, բայց լինել հենց այդպիսին` անհնար է։ Ճանաչի՛ր զմարդուն, ա՜խ, տե՛ս։
Թերևս սա է Աստծո և սիրո տարբերությունը։
Աստված կարող է մնալ անանուն։
Սերն անուն ունի։
Երբ անհայտը մարմին է ստանում, Աստծո անանուն տեղում կանգնում է Ուրիշը՝ ազատված դերերից, մենակ իր անպատշաճ մարդկայնությամբ և ակնկալիքով՝ լինել ճանաչելի։ Այդ հանդիպումը չի կրկնվում։ Մարդն անկրկնելի է։ Հենց այստեղ են իսկական սերն ու միստիկան դառնում անբաժան։
Իսկ հնարավո՞ր է մեր օրերում այդքան փորել մարդուն։
Փորել վերև։
-Переделкинское кладбище?
-Именно.
Խոսում եմ տաքսու վարորդի հետ:
-Что?
-Это было по-армянски. Записываю аудио.
-Понятно.
-Как вам звучание армянского?
-Непонятно.
-А поездка на кладбище в это время?
-Ну, всякое бывает.
-Тогда будьте осторожны. Я час назад писал про автокатастрофу.
-Вы репортёр?
-Хуже.
-Могильщик?
-Почти. Я писатель.
Առանց երգերի ենք գնում։ Երգն իմ ձայնն է՝ հայերենս, վարորդի համար՝ մոսկովյան վահանակները կտրատող բասային ակորդ։
125-րդ նամակում Կամյուն ասում է. «Իմ փորձով գիտեմ՝ սուտ է, թե սերը կուրացնում է։ Ընդհակառակը, ընկալելի է դարձնում այն, ինչը առանց սիրո գոյության չէր գա, և ինչը, սակայն, ամենաիրականն է այս աշխարհում՝ սիրելիիդ ցավը»։
Վա՜խ։
Ասում են՝ մեծ սերը միայն գրքերում է։
Շքեղորեն փաթեթավորված կապիտուլյացիա։
Մի օր այս հարցով նեղում էի ինձ ծանոթ կանանց։ Դժվար էր գտնել մեկին, որին բանաստեղծություններ չէին նվիրել։ Մեկը բաժանումից հետո թափել էր։ Մյուսին նույնիսկ ամուսինն էր շարունակում գրել։ Բաժանվեցին։
Բանաստեղծություն ասելով՝ նրանք, իհարկե, նկատի ունեին չափածոն։ Մեր հետխորհրդային կիսախավարում պոետը մնացել է դպրոցական ալբոմի լուսանցքում կամ էժան գինու կողքին՝ խեղճ ու կրակ, նախապես պարտված։ Ո՞վ է նրան լսում։
Մանդելշտամը մոտավորապես ասում է. «Գրական գործիչը պարտավոր է լինել «վերևում»։ Այլ բան է պոեզիան։ Բանաստեղծը կապված է միայն նախախնամական զրուցակցի հետ։ Իր դարաշրջանից բարձր լինելը, իր հասարակությունից լավը լինելը նրա համար պարտադիր չէ»։
Պոետը շիշ է նետում ծովը՝ չիմանալով, թե ով, երբ և որ ափին կգտնի այն։
Բայց շիշը գտնելը դեռ քիչ է։
Պետք է ներսում ազատ տեղ ունենալ ուրիշի խոսքի, լիրիկայի ու սիրո համար։
Դժվար է պատկերացնել այդ պատահական մարդուն։
Հեշտ է սերը համարել մրսածություն. պետք է հաղթահարել այն, մեծանալ։
-Вот и кладбище.
-Доехали?
-Вам конкретно куда?
-Где-то здесь…
-А про что вы пишете?
-Ну… про любовь.
-Да! А про что ещё писать? Помню. Любовь…
-Хорошего вам вечера.
-Вам тоже. Но на кладбище… получится?
-Надеюсь.
Հետաքրքիր մարդ էր։
Հիմա ո՜նց գտնեմ։ Սա իմ թույլ կողմն է։ Ո՞ւր գնամ:
Հենց մուտքի մոտ Ցոյի նկարն է։ Ճիշտ եմ եկել։ Բայց Ցոյն էստեղ չի՛։
«Они говорят им нельзя рисковать…»
Միացնեմ հեռախոսիս լույսն ու գնանք։
«Скоро кончится лееето…»
Այս ժամանակաշրջանին նո՞ր պոետներ են պետք, թե՞ միայն շիշ փնտրողներ։
Անցյալի լիրիկական շշերը գոնե ներքին ազատություն ունեն։
Փորիր ժամանակակից մարդուն. ներսում նստած է իր բանտապահը՝ տեղեկատվական աղբով լցված կանոնագրքով։ Մերօրյա ոստիկանը որպես դեր ավելի ազդու է, քան որպես պաշտոն։ Բայց նա նոր չէ։ Դարերը նրա ուսերին նոր համազգեստ են գցում, այսօր՝ ցուցադրական անկաշկանդության փնթի բաճկոն։ Մարմինը նույնն է։
Կազարեսը 427–432-րդ նամակներում շարունակ կարդում է «Կարմիրն ու սևը».
«Երբ մի քառորդ ժամ ազատ եմ լինում, նետվում եմ Ստենդալի վրա և հոշոտում նրան, կամ էլ քնում եմ նրա վրա:»
Մենք էլ թերթենք։
«Կարմիրն ու սևը» վեպում տիկին դը Ռենալը, խոստովանահոր թելադրանքով, նամակ է գրում մարքիզ դը լա Մոլին՝ Ժյուլիենին ներկայացնելով որպես կեղծավորի, որը գայթակղությունը սոցիալական վերելքի գործիք է դարձրել։
Սորելը վերադառնում է Վերյեր և եկեղեցում կրակում տիկին դը Ռենալի վրա։ Վրե՞ժ։ Հնարավոր դրախտը վերստին կորցնելու ցա՞վ։ Նրանց միջև ներխուժել էին եկեղեցին, պիտակն ու դասակարգը։ Այո, «Դժոխքն ուրիշներն են»։ Երբ հասարակական դատաստանը կատարվել էր, Ժյուլիենը՝ բանտում իրեն այցելած տիկին դը Ռենալին, ասում է. «Իմացիր՝ միշտ քեզ եմ սիրել։ Միայն քեզ»։
Նրանց մնում են մի քանի «վերջին օրեր»։
Հետո Ժյուլիենը գնում է դեպի գիլյոտին։ Աներեր։
Խորքերում պիտի լինի՜: Ո՞ւր քայլեմ։ Ինչ նեղ է։
Մոսկովյան բոհեմը։ Մահից հետո էլ՝ խիտ։ Գոնե մի փոքր իրարից հեռու…
Լավ։ Չե՛մ հանձնվում։
Արդյո՞ք արվեստը կամ սերն արվեստում կեղծ շքեղություն է։
Դու չես կարող որոշել՝ այսօր ստեղծագործելու եմ, ինչպես չես կարող որոշել՝ այսօր սիրահարվելու եմ ախ, պիտի ընկնեի, էս ինչ օրն ընկա ու հաջողել։ Իսկ եթե կամք ունես ներսդ փորելու, ու հանկարծ զգում ես՝ մարմինդ եռում է ավելի ուժգին, քան սեքսի մոլեգին ցանկությունից… ուրեմն, պետք չի դեռ ոգևորվել։ Ներսում բռնկվածը դեռ արվեստ չէ, ինչպես մոլեգին զգացմունքը՝ սեր։
Հիվանդությունն էլ է այրում,
վիրավորանքն էլ,
անկեղծությունն էլ,
Ճշգրտությունը սկսվում է այնտեղ, որտեղ բռնկումը ձև է պահանջում,
ձևը՝ տեսողություն։
Օյ։ Արսենի Տարկովսկին։ Էստեղ է թաղված։ Չգիտեի։
«Вот и лето прошло…
Только этого мало.»
Հա՛։
Քիչ է, միշտ քիչ է։ Այ։ Գտա՛։ Մի քանի քայլ ու կհասնեմ։
Եվ ահա արվեստագետն անցնում է բնական ես-ի սահմանը, հետո՝ սոցիալականի, հետո՝ մշակութայինի։ Անցնում է։ Ու մի տեղ ստիպված է թողնել հասարակության համար տանելի կերպարը և դուրս գալ. ոչ թե դեպի ավելի գեղեցիկ, այլ դեպի աններելի ես։ Մնում է լեզու ընտրել։ Ներքին ցնցման անկարգ նյութին այնպիսի ձև տալ, որ այն անցնի աշխարհի խցանված ականջով ու չդառնա ո՛չ խոստովանական թափոն, ո՛չ սիրուն ձևակերպված ինքնախաբեություն։
Հավատացյալը վերևում Աստված ունի՝ լեզուն աղոթքն է։ Փիլիսոփան՝ իմաստ ու երկխոսություն, գիտնականը՝ ճշմարտություն ու փորձ։ Արվեստագետը՝ խորհրդանիշ։ Նրա լեզուն՝ վերահսկվող խելահեղություն։
Մանդելշտամը «Զրուցակցի մասին»-ը սկսում է խելագարի լայնացած բիբերից։ Ասում է. «…Մեզ խելագարի մեջ սարսափեցնում է այն բացարձակ անտարբերությունը, որ նա ցուցաբերում է մեր հանդեպ»։ Ինձ հետաքրքրում է դրա մետաֆորը՝ երբ հայացքը սևեռվում է մեկ բանի վրա, աշխարհը կորցնում է իր ֆոնը։
Արվեստագետի հայացքը հրաժարվում է պատրաստի տեսողությունից։
Նրա կուրությունը ոչ թե օբյեկտի,
այլ ֆոնի հանդեպ է։
Ֆոնը շտապում է բացատրել մարդուն
մինչև
մարդու գալը։
Հասա։
Եվ երբ մեկն եկել է՝
ի սկզբանե ազատ,
և արդեն հեռու է,
ֆոնն այլևս չի բացատրում նրան։
Ծառայում է ակուստիկային։ Սկսում է հնչել։
Երգ միացնելու ժամանակն է։
Դու կգաս։
Ախ,
Ե՞րբ կգաս։
Լսել մարդու բացակայությունը։
Շաքարյանի «Հեռավոր իմ»-ն եմ լսում։
Էռնա Յուզբաշյանի ձայնը։
Իռացիոնալ։
Ինչ ահավոր է։
Սառն ու անմարդ գերեզմանոցում՝ անհարիր։
Մահով միջնորդավորված հազարամյակների ցավն
ու ցինիկների քամահրանքն եմ լսում։
Անտեր սերը։
Ինչ սիրուն երգ է, բայց։
Կազարեսի գոյությունը Կամյուի «մուսայի» դերին իջեցնելը աղքատ շտամպ է։ Կարելի է սիրաշահել հասարակությանը՝ ոչ մեկին չտեսնելով։ Կամ լիովին տեսնել մեկին։ Ո՞րն է ավելի մեծ՝ բազմությո՞ւնը, թե՞ մեկը։
Եթե արվեստագետին հաջողվում է հանդիպել խորհրդանիշին, մեր դեպքում՝ մեծ սիրուն, սիրելիի սոցիալական պատյանը մնում է ներքևում։ Այդ իրավամբ մետաֆիզիկական, մութ, բարձր ու մենակ տիեզերքում հայտնվում է հեռավոր զրուցակիցը՝ մաքուր հասցե, որի առջև անհնար է արդարանալ։
Ես փորձում եմ հասկանալ՝ ինչու է քո ազատությունը բանտարկում ինձ, ոչ թե բացատրել իմ ներկայությունը։
Խորհրդանիշին ուղղված ու հետահայաց հարցերն են ստեղծագործողին վեր տանող աստիճանները՝ ինքնաբնույթ, անկրկնելի, հետևաբար՝ համամարդկային։ Դանթե և Բեատրիչե, Պետրարկա և Լաուրա, Կաֆկա և Միլենա, Վիրջինիա Վուլֆ և Վիտա Սեքվիլ-Ուեսթ. իրական անուններ, որոնց մասնավոր լարումը գրական ձև է ստացել՝ իր մեջ առնելով մեծ թեմաները։
Տևման փորձությունն անցած խորհրդանիշը կենսագրություն է ձեռք բերում։ Մասնատվում է, վերակազմվում, փոխանցվում՝ ինչպես Կոկտոյի հիբիսկուսը, յուրաքանչյուր նոր ճանաչման մեջ վերսկսելով կյանքը։
Գտնված շշերը կարող են նոր ծովեր բացել։
Կազարեսը 801-րդ նամակում Կամյուին գրում է.
«Շարունակում եմ կրքով կարդալ Պաստեռնակին: Այս գիրքը՝ միանգամայն արտասովոր, իմ մեջ անդադար արթնացնում է մի զգացում, որը ես ճանաչել եմ միայն Ռուսաստանում, մի որոշակի անսահման ու անզոր գթություն, որն ինձ ավելի շատ տանջեց այնտեղ իմ ճանապարհորդության ժամանակ, քան իմ բոլոր զայրույթներն ու ըմբոստությունները»:
Եվ, այնուամենայնիվ, այստեղ գտնվելու իմ պատճառը Կազարեսը չէ։
Ամիսներ հետո լքելու եմ Մոսկվան` չգիտեմ ընդմիշտ, թե…
Վերադառնալու եմ Երևան` չգիտեմ երկար ժամանակով, թե…
Հիմա նայում եմ սպիտակ քարին, հետո՝ վեր-վեր։
Ուզում եմ խարխուլ երկնքում գոնե մի աստղ գտնել,
հիշողություն ֆիզիկական իմաստով։
Ու այս քաղաքը լքելուց առաջ
մոսկովյան երկնքում իմ հետքը թողնել։
Կամ՝ երկու ամպերի միջև ինձ աչքով անող լուսին՝ արդեն ուրիշ կողմից։ Եսիմ։
Չեք պատկերացնի՝ ով է ինձ ուղղորդել այստեղ։
Այսօրվա աշխարհում միայն մեկին նմանակելը ստեղծագործական մեղք չեմ համարում, և ոչ ոք, գոնե ինձ համար, նրանից լավ չի գտնում Մանդելշտամի պատկերած՝ ծովը նետված շշերի ուղերձները։
Հենց նա՛ կարողացավ ինձ բերել այստեղ՝ Պաստեռնակի գերեզմանաքարի մոտ։
ԿՎԵՆՏԻՆ
МАТЬ ЕГО
ՏԱՐԱՆՏԻՆՈՆ
Եվ եթե չեք հասկանում, թե ինչպես կարող էր նա քնքշորեն, փակ աչքերով նստել գետնին, ներքին խոնարհությամբ ու երանությամբ հենվել Պաստեռնակի գերեզմանաքարին և չթողնել, որ որևէ մեկը խաթարի այդ հանդիպումը, ուրեմն պետք է նորից կարդալ էպիգրաֆի քառատողը։

Չէ՞ որ պոետ լինելը չի նշանակում ՊՈԵՏ ԹՎԱԼ, հետո՝ միայն չափածո գրել։ Պոետը կարող է ձևանալ ռեժիսոր, դերասան, գիտնական, հասարակ մարդ։ Կարող է ձևանալ Կամյու։ Կարող է նույնիսկ ձևացնել, որ մեռել է, ինչպես Կոկտոն։ Ու պոե՛տը կարող է հասնել այն բանին, որ մարդիկ ի վերջո հասկանան՝
կյանքն ընդամենը լավ փորձ է՝ արվեստում բեմադրվելու համար։
Եվ եթե այդ հոգին ունակ է գնալ այդքան հեռու,
նրա վերադարձը կարող է լինել այսպիսին —
Իմ սիրտը-բազե՝
ելած արյան որսի,
երկինքներից
դեպի
քո
ափերն
էր
գալիս։
Այլ կերպ ասած՝
վախեցեք պոետներից։
Սերգեյ Մկրտչյան
Դիտումներ: 430
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։