Հանճարների ճակատագիրը

Կիսվել:

Ֆրիդրիխ Շիլերը
գրում էր՝
ոտքերը սառը ջրի մեջ,
իսկ գրասեղանի դարակում
պահում էր փտած խնձորներ։

Գուցե մենք
նրանց հոտը չզգայինք,
եթե Գյոթեն
այդ մասին չպատմեր։

Հանճարը երբեմն
աշխատում է ոչ թե հարմարավետության,
այլ իր տարօրինակությունների մեջ։

Գյոթեն չէր սիրում
միջանցիկ քամիները։
Նա ուզում էր,
որ սենյակում
շարժվեն միայն իր մտքերը։

Եվ այդ փակ տարածության մեջ
ձևավորվում էր մի աշխարհ,
որի պատուհանները
մեզ համար էին բացվելու։

Բալզակը
սուրճ էր խմում
գրեթե անհավանական քանակությամբ՝
կարծես ուզում էր
ժամանակը կուլ տալ։

Տասնյակ հազարավոր բաժակներ՝
մի ամբողջ կյանք՝
լցված սուրճի դառնությամբ,
և այդ դառնությունից
ծնված                                                                                                                                        

«Մարդկային կատակերգությունը»։

Տոլստոյը
խաղաղություն էր գտնում
ֆիզիկական աշխատանքի մեջ։

Խոտ հնձել,
փայտ ջարդել,
կոշիկ կարել։

Մարմնի հոգնածությունը
երբեմն կարող է
լռեցնել մտքի աղմուկը։

Դիքենսը
խոսում էր իր հերոսների հետ
այնպես,
ասես նրանք
երբեք էլ չէին հեռացել իրենից։

Գրականությունը նրա համար
ոչ թե հորինված աշխարհ էր,
այլ բնակեցված իրականություն։

Մարկ Տվենը
ծխի մեջ էր կորցնում
սենյակի սահմանները։

Նրա կատուներն էլ
հեշտությամբ գտնում էին նրան
խավարի մեջ։

Իսկ Պուշկինը
աքսորի լռության մեջ
գրում էր ազատության մասին՝
այն դարձնելով
ոչ թե վերացական գաղափար,
այլ շնչառություն։

Մոպասանը
ատում էր Էյֆելյան աշտարակը։

Բայց հաճախ ճաշում էր այնտեղ՝
ասելով,
որ դա այն վայրն է,
որտեղից աշտարակը չի երևում։

Գուցե սա էլ
հանճարի մի փոքրիկ հակասությունն էր
․
մարդը երբեմն
փախչում է հենց այն բանից,
որի ներկայությունն
իր ներսում
ամենից շատ է զգում։

Բայրոնի
սիրո մասին
լեգենդներ էին հյուսվում,

իսկ նա
կատաղում էր
սովորական աղամանից։

Գոգոլը
քաղցրավենիք էր պահում գրպաններում,
վախեր ուներ,
տառապում էր իր անհանգստություններից։

Նրա ներսում
մշտապես ինչ-որ բան
սպառնում էր
խախտել հավասարակշռությունը։

Եվ այդ անհանգիստ հոգուց
ծնվեց մի աշխարհ,
որտեղ ծիծաղի տակ
թաքնված էր ցավը։

«Մեռած հոգիները»
մնացին անավարտ։

Գոգոլն այրեց
իր աշխատանքի երկրորդ մասը։

Եվ երբեմն թվում է՝
այդ այրված էջերի ծուխը
մինչև այսօր
մնում է նրա գրականության մեջ։

Եվ գուցե հենց սա է
հանճարների ճակատագիրը
․

նրանք չեն կարողանում
կատարյալ ապրել,

բայց ստեղծում են
կատարյալ գործեր։


ԿԱՄՈՒՐՋԸ


Ի սպառ
սուզվել գիշերվա մեջ՝
ամբողջ էությամբ,
ինչպես մարդը,
որ խոնարհվում է
իր մտքերի առաջ։

Սուզվել
մտքերի հորձանքի մեջ
և չփորձել
փրկվել։

Թող գիշերը
տանի ինձ
այնտեղ,
ուր ցերեկը
չէի համարձակվում գնալ։

Թող լռությունը
քանդի
իմ ներսում
կառուցված պատերը։

ԵՍ ԿԱՐԾՐ ԷԻ

Ես կարծր էի։

Այնքան կարծր,
որ երկու ժայռերի միջև
ինձ էր վստահված
անդունդը։

Ոտքերս
խրվել էին հողի մեջ,

Ես արմատավորվել էի
հողում։

Քամին
հագուստիս փեշերն էր շարժում,
իսկ ներքևում
գետն էր անցնում՝
սառը,
մուգ,
գերող։

Եվ ես սպասում էի։

Չգիտեի՝ ում։

Գուցե նրան,
ով պիտի գար
իմ լռության մյուս ափից։

Գիշերը խորանում էր։

Գետը
տանում էր իր հետ
այն ամենը,
ինչից հրաժարվել
չէի կարողանում։

Իսկ ես մնում էի՝
երկու ժայռերի միջև,

Մինչև հասկացա՝

կամուրջները
միշտ ինչ-որ մեկին են սպասում։


ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆԸ


Երջանկությունը
երբեք
դրսից չի գալիս։

Նա
տան մեջ է,
իսկ մենք
փնտրում ենք նրան
հեռուներում։

Մի օր
նա լուռ հեռանում է,
և միայն այն ժամանակ ենք
նկատում,
երբ սեղանի շուրջ
դատարկվում են
աթոռները։

Ճշմարտությունից
հրաժարվում ենք
այն պահին,
երբ
սկզբում
զիջում ենք,
հետո՝
լռում,
իսկ վերջում
կորցնում
ինքներս մեզ։

Կան ճանապարհներ,
որոնք քարտեզների վրա
չկան,
բայց տանում են մեզ
դեպի մեր ներսը։

Ազատությունը
թռչուն չէ,
որին
կարելի է
ոսկե վանդակում
պահել։

Նրան
կամ ընդունում ենք,
կամ ճանապարհում։

Պատերազմները
նախ սկսվում են
մարդու ներսում։

Մինչև առաջին կրակոցը
լինում է
մի լուռ պահ,
երբ մարդը
հրաժարվում է
խաղաղությունից։

Մի սեղանի շուրջ՝
բանակցություններ,
մյուսի վրա՝
քարտեզներ,
որտեղ սահմանները
գծվում են արյամբ։

Ամենամեծ ողբերգությունը
միայն պատերազմը չէ,
այլ այն,
որ մենք
սովորում ենք
ապրել նրա մեջ։

Պատերազմում հաղթում են
այն ժամանակ,
երբ բարությունը
որոշում է,
որ իր խոսելու հերթը չէ։

Հաղթանակը միշտ
մեկի պարտությունն է։

Սահմանները
նախ
մարդու ներսում են։

Մեզ կփրկեն
ոչ թե
նոր գծերը,
այլ՝
նոր գաղափարները։


Ամեն օր

փակում ենք
մեր ճանապարհը՝
մեր վախերով։

 

 

Ալիսա Բաղդասարյան

Դիտումներ: 168

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։