Համլետը փլուզված աշխարհում
Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ն ամբողջ աշխարհում ամենահաճախ բեմադրվող և ամենաբազմազան մեկնաբանությունների արժանացած ստեղծագործություններից է։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան այն վերաիմաստավորել է իր հասարակական, քաղաքական և մշակութային խնդիրների արտացոլանքի ներքո՝ բացահայտելով ողբերգության նոր շերտեր։ Հատկապես XX և XXI դարերում բազմաթիվ ռեժիսորներ հրաժարվել են դասական մոտեցումից՝ գործողությունները տեղափոխելով ժամանակակից իրականություն, կերպարներին օժտելով ներկա ժամանակի մարդու հոգեբանական և սոցիալական դիմագծերով։
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվել է «Համլետ»-ի ևս մեկ նոր մեկնաբանություն, այս անգամ Սուրեն Շահվերդյանի «Համլետ Collapse» ներկայացմամբ: Ռեժիսորն անդրադառնում է դասական ստեղծագործությանը՝ առաջարկելով դրա յուրովի ժամանակակից տարբերակը։ «Համլետ»-ը դադարում է լինել միայն դանիական արքունիքի ողբերգություն և վերածվում է ժամանակակից հասարակության բարոյահոգեբանական ճգնաժամերի, արժեքային ապակայունացման և անհատի օտարման ուսումնասիրության: Բեմադրությունը հանդիսատեսին չի տեղափոխում հեռավոր XVI դար, ընդհակառակը, շեքսպիրյան աշխարհը վերաիմաստավորվում է մերօրյա իրականության համատեքստում՝ հաստատելով, որ դասական դրամատուրգիան շարունակում է արդիական մնալ նաև այսօր։
Շեքսպիրին անդրադառնալն ինքնին համարձակ քայլ է, իսկ ստեղծագործության ժամանակակից վերամշակումն առավել պատասխանատու։ Սուրեն Շահվերդյանի բեմադրության առանձնահատկությունը ոչ միայն գործողությունների ժամանակային տեղափոխությունն է, այլև այն, որ կերպարներին դուրս է բերում պատմական միջավայրից և նրանց տեղափոխում մեր օրեր, իսկ վարքագծային ու հոգեբանական տրամաբանությունը հարմարեցնում արդի մարդու մտածողությանը։ Ներկայացումը կարծես փորձում է պատասխանել հարցին, թե ինչպիսին կլինեին Շեքսպիրի հերոսները, եթե ապրեին մեր ժամանակներում։ Բեմում յուրաքանչյուր կերպար առաջնորդվում է սեփական պահանջներով և ձգտումներով, որոնք արտացոլում են ժամանակակից հասարակության արժեհամակարգային ճգնաժամերը։ Թագավորը՝ Կլավդիոսը (Էրվին Ամիրյան) ներկայանում է որպես իշխանությամբ և ցանկասիրությամբ տարված առաջնորդ, որի համար բարոյական սահմանները վաղուց կորցրել են իրենց նշանակությունը։ Այդուհանդերձ, վախի զգացումը մշտապես ուղեկցում է նրան՝ թաքնված լինելով արտաքին ինքնավստահության շղարշի տակ: Այս լարվածությունն առավել ակնառու է դառնում այն տեսարանում, երբ պալատ ժամանած դերասանները Կլավդիոսի ներկայությամբ խաղում են եղբոր սպանության պատմությունը։ Երկար ժամանակ անթարթ հետևելով ներկայացմանը՝ նա այլևս չի կարողանում զսպել տագնապը, վեր է կենում տեղից և մոտենում դերասաններին՝ կարծես փորձելով համոզվել, թե արդյոք ճիշտ է հասկացել բեմում կատարվող ակնարկը։ Վախն ու ներքին անհանգստությունը նրա վարքագիծը դարձնում են անկառավարելի՝ բացահայտելով հանցանքի ծանր բեռը, որը նա կրում է իր ներսում:
Ներկայացման հետաքրքիր կերպարային դրսևորումներից մեկը Գերտրուդի (Նարինե Պետրոսյան)՝ Համլետի մոր կերպարի մեկնաբանությունն է։ Այս կերպարի վարքագծի հիմնական շարժիչ ուժը սեփական ցանկություններն ու բնազդային մղումներն են։ Ներկայացման ամբողջ ընթացքում Գերտրուդը ներկայանում է որպես թեթևաբարո անձնավորություն, որի որոշումներն ու գործողությունները պայմանավորված են նախևառաջ սեփական զգայական ցանկությունների բավարարման ձգտումով։ Նա հեռու է սիրող և հոգատար մոր կերպարից, թեև երբեմն փորձում է այդ տպավորությունը ստեղծել։ Եզրափակիչ տեսարանում՝ թունավորված գինին խմելուց և վերջին խոսքերն որդուն ուղղելուց հետո անգամ, նրա գործողություններում դժվար է տեսնել խորքային ապաշխարություն կամ մայրական սիրո լիարժեք դրսևորում: Հետևապես, նրա ներքին վերափոխումը մինչև վերջ համոզիչ չի դառնում, իսկ մահը չի ներկայանում որպես մեղքի գիտակցման և բարոյական ինքնավերագնահատման պատճառ՝ չառաջացնելով նաև հանդիսատեսի կարեկցական վերաբերմունքը կերպարի հանդեպ:

Համլետի կերպարը (Գոռ Համբարձումյան) ևս զգալիորեն հեռանում է դասական ընկալումներից։ Նա ներկայանում է որպես ներքին ճգնաժամի մեջ գտնվող, հոգեպես կոտրված և ագրեսիվ անձնավորություն։ Սերը նրա համար այլևս վերափոխող կամ բարոյական ընտրություն թելադրող ուժ չէ, այլ անցողիկ և անկայուն զգացողություն։ Այս հանգամանքը հատկապես ակնառու է Օֆելիայի հետ հարաբերություններում։ Կերպարի հոգեբանական ճգնաժամն ու ներքին քայքայվածությունն առավել ցայտուն են դրսևորվում այն տեսարանում, որտեղ հանդիսատեսը տեղեկանում է Օֆելիայի նկատմամբ գործադրված բռնության փորձի մասին։ Այդ պահվածքը ոչ միայն խաթարում է Համլետի և Օֆելիայի հարաբերությունները, այլև բացահայտում է հերոսի բարոյական անկման աստիճանը, սիրելու և դիմացինի արժանապատվությունը հարգելու կարողության չափանիշը։

Նմանատիպ շեշտադրումներ են առկա նաև Ռոզենկրանցի (Անտոն Աղաջանյան) ու Գիլդենստերնի (Սերգեյ Գրիգորյան) կերպարներում: Նրանք բեմում գրեթե մշտապես ներկայանում են թմրանյութի ազդեցության տակ գտնվող անձանց վարքագծով, ինչն արտահայտվում է նրանց անկայուն շարժումներում, ցրված ուշադրության և իրականությունից օտարված վիճակի մեջ։ Նրանք չունեն սեփական կամքն ու դատողություն, հեշտ կառավարելի են և առաջնորդվում են հանգամանքների թելադրանքով։
Ժամանակակից իրականության շեշտադրումը դրսևորվում է նաև բեմադրության առարկայական միջավայրում։ Հերոսների ձեռքին մենք երբեմն տեսնում ենք բջջային հեռախոսներ, որոնք պարզապես կենցաղային ատրիբուտներ չեն։ Դրանք ժամանակակից մարդու գոյակերպը բնութագրող խորհրդանշաններ են, որոնք մատնանշում են տեխնոլոգիական աշխարհում ապրող անհատի օտարացումը, իրական հաղորդակցության պակասը և մարդկային հարաբերությունների աստիճանական մակերեսայնացումը։
Այս համատեքստում առանձնանում է Օֆելիայի կերպարը, որում պահպանվել են շեքսպիրյան բնօրինակի որոշ էական գծեր։ Ռեժիսորական մոտեցումն Օֆելիայի կերպարի նկատմամբ առավել բարդ և բազմաշերտ է։ Հերոսուհին բեմում ներկայացվում է երկատված կերպով․ նրա մարմինն ու խոսքը մարմնավորում են երկու տարբեր դերասանուհիներ՝ Օֆելիա (Ելենա Վարդանյան) և Օֆելիայի արտացոլումը (Աննա Խաչատրյան)։ Այս բեմադրական լուծումը հանդիսատեսից պահանջում է ակտիվ ընկալում և վերլուծական մասնակցություն՝ կերպարի ամբողջական պատկերը վերականգնելու համար։ Խոսքի և մարմնի տարանջատումը վերածվում է Օֆելիայի ներքին պառակտվածության տեսանելի արտահայտության։ Նրա ինքնությունը մասնատված է, և այդ մասնատվածությունը բեմականորեն նյութականացվում է երկու դերակատարների միջոցով։ Հատկանշական է, որ ներկայացման ավարտին անհետանում է Օֆելիայի արտացոլումը և բեմում մնում է միայն խոսքի կրողը՝ մինչև այդ անշարժ, տուփի մեջ տեղավորված կերպարը։ Այս բեմադրական լուծումը կարելի է մեկնաբանել որպես հերոսուհու ֆիզիկական գոյության վերացում և նրա փոխակերպումը ձայնի կամ հոգևոր ներկայության խորհրդանիշի։

Տեսարանների ձևավորումը (բեմանկարիչ Արգիշտի Փիլոյան) հիմնված է մինիմալիստական դեկորացիաների և պայմանական բեմական լուծումների վրա։ Պայմանականության սկզբունքը տարածվում էր նաև գործողությունների վրա՝ ձևավորելով իրականության ոչ թե վերարտադրման, այլ դրա խորհրդանշական մեկնաբանության հարթություն։
Այսպիսով, «Համլետ Collapse»-ը Շեքսպիրի ողբերգության դասական բեմադրությունը չէ, այլ ժամանակակից հասարակության ախտորոշման փորձ։ Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ստեղծագործությունը մեկնաբանում է մեր օրերի համատեքստում ՝ մարդուն դիտարկելով գոյաբանական ճգնաժամերի տեսանկյունից՝ շեշտադրելով հոգևոր օտարվածությունը, արժեքային համակարգերի փլուզումը։
Արմինե Շավարշյան
Դիտումներ: 185
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։