Համբուրգեր կամ մի բիզնեսի պատմություն

Կիսվել:

Երբ վերադարձա Գերմանիայից, վերադարձա այլ երկիր, այլ քաղաք, այլ գյուղ։ Օր օրի բարգավաճող քաղաքիցս միայն ավերակներն էին ինձ նայում։ Ու դեռ որքան ժամանակ էր հարկավոր՝ այդ խեղճուկրակ վիճակից դուրս գալու համար՝ միայն Աստծուն էր հայտնի։

 

Չկար նաև իմ հայրական տունը, որ, թվում էր ինձանից հետո հա լինելու են մեկը մյուսից հետո բացվող 4 մեծ սենյակները, վառարանի՝ մինչև գերանածածկ առաստաղ հասնող ու ամբողջ տան երկայնքով ձգվող խողովակները, տան դիմացի՝ կարմիր ու դեղին խելացնոր բույրով վարդաստանը, բալենու՝ տան օդայի պատուհանին հասնող ճյուղերը, շեմին դրված տափակաքարը, որի վրա նստում էին մամերս, երբեմն՝ նաև մենք, տան մի ծայրից մյուսը ձգվող լվացքի պարանը, որը երբեք ազատ չէր լինում, ու մայրս ամեն առավոտ փողոցն այն կողմ գտնվող աղբյուրի կողքին մի տաշտակ էր դնում, քանի որ չէր վստահում  «Վոլգա» լվացքի մեքենայի պարզաջրելուն․ մի անգամ էլ ինքն էր հոսող ջրի տակ պարզաջրում մեր շորերն ու ապա նոր կախում պարանից․․․

 

Տարօրինակ էին մեր մայրերը․ ասես ծնվել էին, որ չարչարվեն, չարչարվեն ու տրտնջան, տրտնջան և ոչինչ չուզենան փոխել իրենց կենցաղում։ Տուն մտած տեխնիկան առաջին իսկ պահից կասկածի տակ էր դրվում՝ դրա արածը ինչ պիտի լինի, բա ես իմ ձեռքերով չզգա՞մ՝ օճառը գնաց, թե չէ, փոշին հավաքվեց, թե չէ․․․

Ինչևէ․․․

 

***

 

Ես գումար վաստակելու և ծնողներիս հոգսը դույզն-ինչ թեթևացնելու շատ տարբերակներ չունեի։ Ճիշտ կլինի ասել՝ գրեթե հնար չունեի։ Պետք էր ռիսկի գնալ ու մի բան ձեռնարկել։

 

Խորհրդային բանակ մեկնելուց առաջ ավարտել էի խոհարարական դասընթաց, շատ լավ էի տիրապետում խոհարարության գաղտնիքներին․ դրա շնորհիվ էր, որ ծառայությունս անցավ ասես հանգստյան վայրում լինեի՝ արտոնություններ ունեի մի շարք, և սպայական կազմը վերին աստիճանի հարգանքով էր վերաբերվում ինձ․ ամեն անգամ զարմանում էին, թե որքան համեղ է սնունդը։ Բանը հասել էր նրան, որ երբ ծառայությանս ժամկետը ավարտվեց, առաջարկություն ստացա՝ մնալ զորամասում որպես խոհարար․․․

 

Հենց այդ օրերին էր, որ ստացա մորս նամակը․ այն մնացյալ բոլոր նամակներից տարբերվում էր։ Չէ, սկիզբը, նույնն էր, ինչպես կարգն էր՝ «Բարևագիր կարոտագիր, ընդունիր մեր սրտի խորքից բխող ջերմ ու կարոտալի բարևները, որ գալիս են քեզ հեռավոր Հայաստանից․․․․»։ Այսպիսի նամականեր 80-ականներին ու էլ ավելի շուտ հաստատ բոլորդ ստացած կլինեք․․․

Հետոն արդեն այլ էր։

 

Եղանակի տեսությունից, հարազատների լինել-չլինելուց, հարևանների ու բարեկամների գալ-գնալներուց հետո մայրս այնտեղ մի գծագիր էր տեղադրել, հավանաբար հայրս էր գծել, թե՝ սա նոր տան նկարն է, հայրդ պիտի սկսի շինարարությունը, սպասում է, որ գաս, մենակ ի՞նչ կարող է անել։

 

Հասկանալու համար ասեմ, որ երկրաշարժը խարխլել էր մեր տունը, այնտեղ ապրելը անչափ վտանգավոր էր դարձել, օր առաջ պետք էր քանդել ու նորը շինել՝ չհաշված, որ ամիսը մի քանի անգամ գրանցվող ցնցումները ավելի ու ավելի էին սաստկացնում վախի զգացողությունը, որ մի օր տունը փլվելու է։

 

Այս ամենի մասին ես հեռվից էի լսում։ Իսկ նամակը վերջին կաթիլն էր, որ փակեց հրամկազմի առաջարկին դրական պատասխանելու՝ առանց այդ էլ կասկածի տակ դրված մտադրությունը։

Ի՜նչ մնալ, եթե ծնողներդ քո ճամփին են սպասում․․․

 

***

 

Գևորգի հետ լավ ընկերներ էինք։ Շատ իրավիճակներում էինք հայտնվել, կարողացել էինք դուրս գալ ու մաքուր պահել մեր ընկերական հարաբերությունները։ Ինքը որոշել էր ուսումը շարունակել մայրաքաղաքում․ ուզում էր ժողտնտեսության ինստիտուտ ընդունվել։ Ասում էի՝ դժվար կլինի քեզ համար, մանավանդ որ բանակի տարիներին շատ բան ես մոռացել։ Ինքը թե՝ ապ ջան, լավ ծանոթ ունենք, կօգնի  ընդունվելուն էլ, ավարտելուն էլ։ Հետո ավելացնում էր իր պապի թևավոր խոսքը, թե.

-Հինգ տարի էշին էլ որ կապես ինստիտուտի դուռը, մի-երկու բան հաստատ կսովորի, ուր մնաց՝ ես չսովորեմ․․․

Ասելուց հետո մի վարակիչ ծիծաղ էր բռնում երկուսիս էլ՝ ընկերոջս անկեղծ ինքնագնահատականի մասով։

 

Գևորգը ինձանից երեք տարով մեծ էր։ Իրեն համոզելու համար անչափ գրավիչ մի առաջարկ էր պետք, այլապես բռնել էր ինստիտուտ գնալու պոչն ու գրեթե ուզում էր գործերը տանել հանձնել։

 

Ավելին, ինձ չէր ասել, բայց գնացել էր մայրաքաղաք, ման եկել ինստիտուտի տարածքում, տեղանքին ծանոթացել, ինչպես ասում են։ Եվ վերադառնալուց հետո ամենատպավորիչը, որ մնացել էր մայրաքաղաքից, համբուրգերն էր։

 

Պատմում էր, թե ինչպես են պատրաստում, որքան արագ է ու համեղ, որ ինչ հերթեր են եղել, որքան է հերթում սպասել, որ ինքն առնի՝ տեսնի ինչ է, հետո էլ ավելացնում էր, որ համը բերանն է մնացել։

 

Ինքը պատմում էր, իսկ ես մտքիս մեջ արդեն նախագծում էի շարունակությունը, թե՝ էլ ինչ եմ ընկել դես ու դեն, համբուրգերի գործ կդնենք մեր հարևան Ամասիա շրջկենտրոնում։

Մենակ թե պետք էր նախնական գումարի հարցը լուծել։

 

Ու չզարմացա, որ երբ այդ մասին բարձրաձայնեցի, Գևորգը մոռացավ իր որոշումն էլ, ինստիտուտի մասին էլ, ու մտքներումս արդեն երկուսով համբուրգեր էինք պատրաստում-իրացնում և մեր շահույթն էինք հաշվում․․․

 

***

 

Մինչև համբուրգերի գաղափարի ծագելը՝ մի քանի ամիս աշխատում էինք մի հիմնարկում, որտեղ ավելի շատ գնալ-գալու վրա փող ու ժամանակ էինք ծախսում, քան թե օրվա հաց վաստակում։ Բայց մի շատ լավ ձեռքբերում ունեինք․ մեզ հետ աշխատում էր կյանքի փորձություն անցած մի մարդ՝ Հարութ քեռին։ Ամեն անցնող օր իր պատմությունները լսելն արդեն մի մեծ դաս էր մեզ։ Մինչև օրս էլ չեմ կարող ասել՝ Գևորգն ինչպես, բայց ես ամեն օր սպասում էի, թե այդ օրը ինչ նոր բան պիտի վերցնեմ Հարութ քեռու պատմություններից։ Հիմա էլ՝ այսքան տարիներ անց, երկյուղածությամբ եմ հիշում յոթանասունին մոտ համեստ ու իմաստուն այդ մարդուն, ում 50․000 դրամ այդպես էլ պարտք մնացինք․․․

 

Առաջ չանցնեմ։

Երբ տվինք-առանք ու որոշեցինք համբուրգերի գործ դնել, այդ մասին մի օր խոսեցի Հարութ քեռու մոտ։ Ինքը թե՝

-Տղա ջան, ես հավաքած մի քիչ փող ունեմ, ծախսելու տեղ չկա․ մի ձեռք շոր, մի զույգ կոշիկ, օրվա հացն էլ կա ու կա․․․Կողմ եմ դրել, կարող եմ տալ, բայց իմացիր՝ ամասիացին ի՜նչ գիտե՝ ինչ է համբուրգերը, առնող չի լինելու, տակ եք տալու։

 

Ջահելության քամիները միշտ են համառ լինում։

Իմաստնությունն էլ անզոր է դրանց դեմ․․․

  

***

 

Մեր բիզնեսի մեկ շաբաթն արդեն լրանում էր։

Առավոտից երեկո կանգնում էինք երկուսը մեկի վրա տարածքում, որ վարձակալել էինք։ Ես պատրաստողն էի, Գևորգը վաճառողը։ Ասեմ, որ առաջին երկու-երեք օրը մոտ էինք կանչում մեր շուրջը պտտվող տղա երեխաներին, որ հետաքրքրվում, հարցեր էին տալիս, ապա լուռ հեռանում։ Լինում էր, որ առանց փող վերցնելու (տվող պիտի լիներ․․․) համբուրգեր էինք տալիս ու նայում, թե ինչպես են մի քանի տղաներ իրար մեջ ընկերաբար բաժանում և ուտում։

 

Երեխաների, մեկ-մեկ էլ մեծերի հարցերը հիմնականում «համբուրգեր» բառին էին վերաբերում։ Ես, որ բառարաններ կարդալ շատ էի սիրում, անգիր գիտեի նաև այդ բառի բացատրությունը և տեղի-անտեղի հարցնող-չհարցնողին ասում էի․

-Համբուրգերի ham բառը կապ չունի վետչինա (գիտեի, որ վետչինային հայերեն խոզապուխտ են ասում․ բայց ո՞վ կհասկանար ասածս․․․) բառի հետ, ինչպես շատերն են ասում։ Այդ ուտելիքին տրվել է գերմանական Համբուրգ քաղաքի անունը, որտեղ առաջին անգամ աղացած մսով կոտլետները դրել են հացաբուլկեղենի մեջ, հետն էլ պոմիդոր ու համեմունքներ են դրել։ Հետագայում տարածվել է այդ ուտելիքը, բայց քանի որ անունը մարդիկ սխալ են իմացել, այդ բառի նմանությամբ այլ բառեր էլ են ստեղծվել, օրինակ, Բրիտանիայում՝ չիզբուրգեր, ֆիշբուրգեր և այլն, և այլն․․․

 

Հանգամանորեն բացատրում էի, թարգմանում նաև cheese ու fish բառերը, հետո ասում, որ մենք պանրով ու ձկնեղենով չունենք, մերը միայն կոտլետով է, ու սպասում էինք, որ հաճախորդներ կհայտնվեն․․․

 

 

***

 

Այսպես ձգեցինք մեկ շաբաթ։

Մեկ էլ մեր կրպակի կողքին մի մեքենա է կանգնում, շքեղ, արտասահմանյան մակնիշի, լավ պահած մեքենա։ Իջնում է վարորդը, մարզական համազգեստով, խնամված, երևում է, որ կարգին փողատեր է։ Մտքումս, թե՝  неужели…

 

Միանգամից տասը համբուրգեր է ուզում։

Ասում եմ․

-Ապ ջան, տասը րոպեից պատրաստ կլինի։

Ինքը թե՝

-Մի գործ ունեմ, արագ վերջացնեմ ու կմոտենամ։

 

Աշխատում եմ այնպես անել, որ համը բերանում մնա, ոչինչ պակաս չլինի։ Այլ կերպ ասած՝ կլիենտ պիտի կպցնեմ․․․

 

Ճիշտ ասված ժամին գալիս է, իջնում մեքենայից։

Տասն էլ պատրաստ է։ Ստանում եմ դրամը, մանրը թողնում է, թեև պնդում եմ, որ վերցնի։ Այդ ընթացքում կրպակի մոտ մի քանի հոգի էին հավաքված, անգործ մարդիկ, որ անելիք չունեին։ Փող էլ չունեին, թե փորձեին՝ ինչ բան է էդ համբուրգեր կոչվածը։

 

Ու բոլորիս հայացքները, մեզանից անկախ, գնում են անծանոթ տղամարդու հետևից։

 

Վերջինս բաց է անում մեքենայի՝ վարորդի նստատեղի հետևի դուռը։

Ու ինչ տեսնենք․ մի հսկա գամփռ․․․

Համբուրգերները դնում է մեքենայի հատակին՝ գամփռի դիմաց, ու հետևում, թե ինչպես է շունը ախորժակով խփշտում դրանք․․․

Դա՛ ենք տեսնում։

Կրպակի շուրջը հավաքվածները, մեղմ ասած, հարձակվում են մեզ վրա։

-Ձեր տիրոջ մերը․․․․։ Ուրեմն, շան կեր էիք ուզում մեզ վրա ծախել, հա՞․․․ Հավաքեք ձեր փասափուսեքը, ձեր ոտները էլ էստեղ չտեսնենք․․․

  

***

 

Ես գնացի Հարութ քեռուն այցի։ Անկեղծորեն պատմեցի մեր բիզնեսի մասին։ Այնքան հանգիստ էր լսում։ Ոչինչ նրան չզարմացրեց։ Կարծես թե մի քանի անգամ արդեն լսած լիներ ասածներս։

Հետո, թե՝

-Քեռի Հարութ ջան, ներող կլինես, մի քիչ ժամանակ տուր, քո գումարը անպայման կվերադարձնենք։

Ինքը թե՝

-Մտածմունքներդ թող դա լինի, տղերք ջան, մի՛ վռազեք, եղավ՝ եղավ, չեղավ էլ՝ առաջն Աստված․․․

 

Ամառ էր, հուլիսը։ Սկսվեցին խոտհավաքի օրերը։ Երկուսով՝ ես ու Գևորգը, մոտ մեկ ամիս աշխատեցինք մի վարորդի հետ։ Երբ արդեն հավաքել էինք 50․000-ը, հանգիստ սրտով գնացինք՝ մեր պարտքը վերադարձնելու։ Պահակի տնակում, որտեղ սովորաբար նստած էր լինում Հարութ քեռին, մարդ չկար։ Դուրս եկանք, հարցուփորձ արեցինք, աշխատողներից մեկը, թե՝ մի քանի օր առաջ մի երիտասարդ եկավ․

 

-Հարութի տղան եմ, եկել եմ հորս հետևից։ Տարիքն առած մարդ է, հերիք է՝ մենակ մնա, հազիվ եմ համոզել։ Ռուսաստան ենք տեղափոխվում։ Ի՞նչ կա էս անտերուդուս տեղում։ Թե կարող եք, դուք էլ փախեք էստեղից․․․

 

Չուզենալով՝ բայց գնացել է Հարութ քեռին։ Ասացին, որ գնալուց առաջ սեղան է գցել, հյուրասիրություն արել, ասել է՝ ով իմանա․․․

 

Թե ինչ եղավ Հարութ քեռուն, որտեղ անցան նրա երկրային կյանքի վերջին օրերը՝ այդպես էլ չիմացանք։

 

Գևորգը՝ չգիտեմ, իսկ ես, որ արդեն 50-ն անց եմ,  ու ինքս եմ դարձել խորհրդատու և փողատեր, մնացել եմ նրանից չվերցրածս խորհուրդների ու հիսուն հազարի պարտքի տակ․․․

 

 

Գեղեցիկ Մարգարյան 

Դիտումներ: 120

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։