Գարնանային մի օր
Առավոտյան ժամը ութ և կես։ Երեքշաբթի։ Նադերի բուլվարի բնակիչները, չհավատալով իրենց աչքերին, տեսան, որ վիրավոր կովը սպանդանոցից փախավ։ Փողոցից գարնանային անձրևի ու թարմ խոտի հոտ էր բուրում։ Ճանապարհին՝ բուլվարի եզրի մանուշակներին զուգահեռ, անկարգ կերպով աջ ու ձախ ցատկոտեց և հետիոտնի համար նախատեսված գծաշարից անցնելիս թրքեց։ Անձրևին հաջորդած արևի շողերն ամեն ինչ մուգ փայլով ողողեցին։ Մեքենաների երթևեկը դադարեց։ Ամպերի հատուկենտ սպիտակ քուլաներ էին սահում երկնքում։ Վիրավոր կովը թեքվեց դեպի երկրորդական փողոցներից մեկը և Մոհամմադաբադ նրբանցքում հայտնվեց մի տան կիսաբաց դռան առջև ու կանգ առավ։ Բառաչեց ու պոչը զարկեց քամակին։ Պոզով զարկեց դռանը։ Դուռն ուժգնությամբ բախվեց պատին և սարսափելի ձայն բարձրացավ։ Ջրանցքի կողքին դրված լվացքի տաշտակի մոտից կնոջ աչքն ընկավ կատաղած կովին, ճչաց ու շփոթված սեղմվեց պատին։ Կովը դունչը խոթեց կեղտոտ շորերի մեջ։ Դնչով քաշեց ու պատռեց մի սպիտակ վերնաշապիկ։ Պտտվեց իր շուրջն ու թրքեց։ Փոքրիկ բակը աղբահոտով պատեց։ Շվարած կինը փրփուրով պատված ձեռքերը քսեց չադրայի պռնկին։ Կովը մի քանի պտույտ գործեց բակում, մինչև որ գլուխը կպավ պատին։ Աչքն ընկավ նկուղ տանող աստիճանների նեղ միջանցքին։ Ներքև իջավ ու նկուղային խոհանոցի մուտքի դուռը պոզերով բացեց ու թրքեց։ Ոտքով կոխկրտեց ամանները։ Ոտքերի տակից ջարդուփշուրի ձայն եկավ։ Գունատված կինն աղաղակեց։
Մսագործը, որ ասֆալտին հեղված արյան շիթերի հետքով հասել էր բակի դռանը, առանց սպասելու ներս մտավ։ Կինը հանկարծակիի եկավ։ Մինչև կոճերը արնաթաթախ ռետինե լայն սապոգները, կարմրած շեղբով դանակը ձեռքին, ճարպակալած կեղտոտ գոգնոցը նրա մոտ սրտխառնոց առաջացրին։
Մսագործը տնտղեց ու աչքերով տակնուվրա արեց բակը։ Կեղտոտ շորեր էին դիզված իրար վրա։ Դանակով ցույց տվեց տաշտակի մոտի աղբակույտը․
-Ո՞ւր գնաց։
Կինը քարացել էր։
Կովը ձի՜գ բառաչեց․
-Մա-ա՜-ա՜։
Մսագործը, կնոջ պատասխանին չսպասելով, գնաց նկուղի կողմը։ Կովը տնկած պոզերով առաջացավ դեպի նա։ Մսագործը վարանեց, բայց տիրապետեց իրեն։ Կովը հետ դարձավ։ Պոզերն առան օջախի վրայի կաթսան։ Դժվարությամբ իրեն տեղաշարժեց ու դունչը տրորեց սառնարանին։ Գլուխը շրջեց։ Աչքն ընկավ խոհանոցի դանակին։ Շրջվեց, որ դուրս ծլկի, բայց դուռը փակ էր, ու հավաքված բազմությունը փակել էր բակի ճամփան։ Խոհանոցի ապակու մեջ տեսավ, թե ինչպես արնակալած աչքերով մի կով իրեն է մոտենում։ Թափ առավ, գլուխը ոլորեց ու պոզերով ուժգին հարվածեց ապակուն․ «Շրը՜խկ»։
Մսագործը հետ քաշվեց։ Ապակու սուր փշուրները քերծել էին կովի գլուխն ու վիզը։ Մսագործը խոհանոցի դռան մոտից վերադարձավ։ Մոհամմադաբադ նրբանցքի երեխաները պատից բարձրացան։ Կինը քարե արձանի տեսք ուներ, որի աչքերից արցունք էր թափվում։ Մսագործը մտածեց․ «Մի մութ ու նեղ խոհանոց, վիրավոր կով՝ երկու սուր պոզերով, որի աչքերն արյունով են պատվել»։
Ինքն իրեն ասաց՝ «Ո՛չ»։
Հարմար չգտավ խոհանոց մտնել։ Բակի դռան մոտից մի երեխու կանչեց․
-Ե՛կ էստեղ՝ տեսնեմ։
Երեխան քիթը վեր քաշեց ու վազելով թաքնվեց մոր չադրայի հետևում։ Մսագործը մի քիչ վարանեց ու ձայն տվեց․
-Մեկը գնա հրշեջ կայան ու լո՛ւր տա։
Հավաքվածներն իրար նայեցին։ Կովը սրտաճմլիկ բառաչով պոզերը զարկեց խոհանոցի պահարանին։ Բազմության ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած էր խոհանոցի ներսին․«Զրը՜նգ»։
Քացախահոտ բուրեց։ Երեխաները տանիքից նկուղն էին ցույց տալիս իրար։ Կովը բառաչեց․
-Մա-ա՜-ա՜։
Աքացու տակ ջարդվող ինչ-որ բաների ձայն լսվեց, որից հետո հրշեջ մեքենան հասավ։ Հրշեջն իսկույն ներքև վազեց ու ջրի շլանգը բացեց․
-Հեռացե՛ք, հեռացե՛ք։
Հավաքված բազմությունը ճամփա բացեց։ Երեխաները տանիքից հրշեջին էին միմյանց ցույց տալիս։ Ջրի շիթերը ցայտեցին հավաքվածների վրա։ Մի քանիսը փախան։ Հորդող ջուրը կեղտոտ շորերն ու աղբակույտը շպրտեց պատերին։ Կովը քանի անգամ բառաչեց ու պոչով պարանոցին հարվածեց։ Գլուխը թափահարեց ու պոզերով հարվածեց խոհանոցի երկաթե դռանը։ Կարմիր ազդանշանը դեռ փայլատակում էր։ Բազմությունը նորից խռնվեց մուտքի դռան մոտ։ Հրշեջը, տեսնելով որ ջուրը բարձրացել է մինչև կովի փորի տակ, իսկույն վերադարձավ ու ջուրն անջատեց։ Ինքն իրեն ասաց՝ «Էս գործն անօգուտ է, մեզ հետ կապ չունի»։
Մսագործը վեր թռավ․
-Այսինքն ի՞նչ։
Շշմած կինը կանգնած էր պատի տակ։ Վիրավոր կովը գլխով սառնարանին հարվածեց։ Ջրի մեջ տապալվող ծանր առարկայի ձայն լսվեց։ Մսագործն իրենց շրջապատած բազմությանն ասաց․
-Գնացեք ձեր գործի՛ն։
Հրշեջը միացրեց անթել հեռախոսը․
-Ողջույն, պարո՛ն։ Գնացինք դեպքի վայր։ Մեր պարտականությունների մեջ չէր մտնում: Կապի վերջ։
Եվ անջատեց անթել հեռախոսը։ Շվարած կանգնած մսագործն ասաց․
-Իսկ ո՞ւմ գործն է։
Հրշեջ մեքենայի ազդանշան կարմիր լույսը փայլատակում էր։ Հրշեջն ասաց․
-Մի կով փախել-մտել է նկուղի խոհանոցը և դուրս չի գալիս։ Դա ի՞նչ կապ ունի մեզ հետ։ Բացի դրանից՝ կովը և մորթը սպանդանոցի գործն են»։
Ճամփա ընկավ, որ գնա։ Մսագործը թափահարեց դանակ բռնած ձեռքը․
-Որտե՞ղ։
Հրշեջն ասաց․
-Ոստիկանությա՛նը դիմիր։
Մսագործը դանակի ծայրով երեսը քորեց ու ասաց․
-Գողությունն ու դանակահարությո՛ւնը ոստիկանատան հետ կապ ունեն։
Զայրացած հրշեջը ոտը կախ գցեց․
-Բարձրությունից վայր ընկնելը, հորի մեջ ընկնելը, մանկան ձեռքը մսաղացի միջից հանելը, թափառական շներին թունավորելը ու չգիտեմ էլ ի՛նչ, վտանգավոր սողուններին վերացնելն են մեր պարտականություններից, ոչ թե նկուղ մտած կովը։
Ու ծիծաղեց։
Բազմությանը հեռվից նկատած մի անցորդ ոստիկան մոտեցավ․
-Ի՞նչ է պատահել։
Հրշեջը մսագործի՛ն մատնացույց արեց․
-Նրանի՛ց հարցրեք, պարո՛ն։
Ոստիկանը ոտից գլուխ չափեց ճարպակալած ու արնոտ մսագործին ու աչքերը հառեց արնոտ դանակին։ Մսագործն ասաց․
-Է՛ս կովը - նկուղը մատնացույց արեց - մորթելու պահին փախավ։ Հիմա էլ խոհանոց է մտել ու դուրս չի գալիս, տեսա՝ իմ գործը չի, մտածեցի՝ հրշեջ կայանին տեղեկացնեմ։
Ոստիկանը կասկածանքով շուրջը զննեց։
Հրշեջը, որ ուշի-ուշով նրան էր հետևում, ոստիկանին ասաց․
-Էս գործի ի՞նչը կապ ունի մեզ հետ, պարո՛ն ոստիկան։ Էս գործը սպանդանոցի կամ ոստիկանության պարտականությունն է։
Ոստիկանը ձեռքով աչքերին ստվեր գցեց և հեռուն դիտելով՝ աչքերը նկուղին հառեց։ Քանի քայլ առաջացավ։ Խոհանոցի կեսը ջրով էր լցվել, որը հասել էր կովի փորին։ Արյունը շարունակում էր ներծծվել ջրի մեջ։ Ամեն ինչ իրար էր խառնվել ու ջարդվել։ Խոհանոցային իրերը լողում էին ջրի երեսին։ Վիրավորված կովը, որի բերանից փրփուր ու արյուն էր թորում, արնակալած ու լայն բացած աչքերով առաջացավ դեպի ոստիկանը։ Ոստիկանը հետ-հետ գնաց ու ասաց․
-Մեր պարտականությունը չէ, մեր գործը կարգուկանոնի ու անվտանգության պահպանումն է։
Երեքն իրար նայեցին։ Բազմության մեջ աղմուկ բարձրացավ։ Հրշեջն ուզում էր գնալ, երբ կովը ձիգ ձայնով բառաչեց․
-Մա-ա՜-ա՜։
Ծանր առարկայի կոտրվելու և ջրի մեջ տապալվելու ձայն լսվեց։ Հրշեջը ոտը կախ գցեց։ Ոստիկանը մի բան հիշեց։ Վերադարձավ դեպի նկուղային խոհանոցը։ Երկինքը կապույտ էր, և օդը գարնանային խոտի հոտ էր բուրում։
Ոստիկանն աստիճանների մոտ կանգնեց։ Ատրճանակը հանեց և թիրախավորեց կովին, որն ապակուց զրկված դռան միջից աչքերը պլշել էր նրանց կողմը․
-Սա հո մի բան չէ։
Բազմության ուշադրությունը կենտրոնացած էր ոստիկանի վրա։ Կինը պատի տակ քարացել էր։ Տանիքում հավաքված երեխաները ամպի մի քուլա էին միմյանց ցույց տալիս, երբ երեք իրարահաջորդ կրակոցի ձայներ լսվեցին։
Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի
Դիտումներ: 73
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։