«Գանգսթեր Մաքը»

Կիսվել:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկային ներկայացումներից է «Գանգսթեր Մաքը» բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ: Թատերական անակնկալ շրջադարձերով լի մի պատմություն։ Վարագույրը բացվելուն պես բեմը լցվում է երաժշտությամբ, վառ ու խայտաբղետ գույներով, շարժման եռուզեռով և արտաքին փայլով՝ հանդիսատեսին անմիջապես ներքաշելով գիշերային ակումբի աշխույժ մթնոլորտի մեջ: Մենք տեսնում ենք դերասանուհիների, որոնք պրոֆեսիոնալ ակումբային պարուհիների են հիշեցնոում, բավականին բարդ շարժումներ են կատարում պարային ձողի վրա, հիացմունք առաջացնելով հաճախորդների մոտ: Վերջիններս առավել աչքի էին ընկնում գույնզգույն կոստյումներով։ Ի վերջո, ակումբային շոուի արտաքին փայլը փոխարինվում է ավելի կոնկրետ գործողությամբ. բեմում մնում են Մենդին (Էմմա Մանուկյան) և Լերրին (Վազգեն Ասոյան)։ Բուռն գիշերին հաջորդող առավոտը Լերրիի համար ամենևին էլ խաղաղ չէր լինելու։ Նա դեռևս չէր պատկերացնում, թե ինչ դաժան ճակատագիր կարող է ունենալ այդ գիշերվանից հետո։ Մենդին նրան համոզում է անհապաղ լքել տարածքը, քանի որ հիշում է՝ կիրակի է, իսկ կիրակին գանգսթեր Մաքի՝ ակումբի տիրոջ այցելության օրն է։ Չնայած Լերրիի ընդվզումներին՝ Մենդին բավական համոզիչ փաստարկներ է բերում՝ ապացուցելու համար, որ նրա մնալն այս տանը կարող է կյանքին սպառնացող վտանգ ստեղծել։ Լերրիի չափազանցված վախի արտահայտումը՝ գոռոցներով ու աղաղակով, որոշակիորեն դուրս է գալիս ռեալիստական վարքագծի տրամաբանությունից՝ իրավիճակին հաղորդելով գրոտեսկային երանգ։ Լերրին թաքնվում է լոգասենյակում՝ փորձելով հասկանալ, թե ինչ հաջորդական քայլեր պետք է ձեռնարկի։

Բեմադրության ձևավորումը (նկարիչ՝ Կարեն Գրիգորյան) դերասաններին հնարավորություն է տալիս ազատորեն շարժվել տարածության մեջ։ Առանցքի շուրջ պտտվող դռները որոշ տեսարաններում հնարավորություն են տալիս կերպարներին, նույն տարածքում գտնվելով հանդերձ, խուսափել միմյանց հանդիպելուց։ Այսինքն՝ տարածական լուծումը չի սահմանափակվում գործողության ակտիվ մասով և այն, ինչ տեղի է ունենում բեմից դուրս կամ տեսադաշտից դուրս, շարունակվում է հանդիսատեսի երևակայության մեջ։

            Դռան թակոցը, սակայն, խաբուսիկ է. եկողը գանգսթեր Մաքը չէ, այլ Մենդիի ընկերուհի Տանիան (Լիդա Լևոնյան)։ Երկուսն էլ աշխատում են Մաքի ակումբում և բավական լավ գիտեն, թե ինչպիսի հանցագործությունների և հաշվեհարդարների է ընդունակ նա։ Տանիայի հայտնվելով գործողությունը նոր դինամիկա  է ստանում։ Մենդին նրան պատմում է իր նոր սիրավեպի մասին և հայտնում, որ այդ մարդը գտնվում է լոգասենյակում, ապա գիշերազգեստով հագնում է իր կեղտոտ ռետինե բարձրաճիտ կոշիկները և իջնում ներքև՝ համոզվելու, թե արդյոք Մաքը մոտակայքում չէ։ Արտաքին տեսքի և իրավիճակի անհամապատասխանությունն այստեղ ստեղծում է ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ վտանգի զգացումով պայմանավորված իրավիճակ։ Խառնաշփոթն ավելի է խորանում, երբ սենյակ է մտնում Մաքի ամսական տուրքերը վճարող անձի միջնորդը՝ Թերրին՝ Նիկոլայ Ավետիսյանի մարմնավորմամբ։ Նա բերել է Մաքի համար նախատեսված գումարը, սակայն չի դիմացել գայթակղությանը և այդ կապոցից որոշակի գումար է վերցրել, վատնել, որն էլ նրան ներքաշելու է վտանգավոր իրադարձությունների շղթայի մեջ։ Դեղին կոստյումը, դառնում է կերպարի բեմական բնութագրության կարևոր բաղադրիչ՝ տալով նրան փոքր-ինչ ծիծաղելի տեսք։ Այդուհանդերձ, դերասանը տարբեր իրավիճակներում կարողանում է տարբեր դրսևորումներով ներկայանալ՝ կերպարի տարբեր  հոգեվիճակներով: Հատկապես առանձնահատուկ պահերին, երբ Թերրին նույնիսկ լուռ կանգնած էր, իր ինքնավստահ և հավակնոտ հայացքով, կարողանում էր դրսևորել ներքին ցանկությունները։ Այդ հայացքն ուղղված էր Տանիային, որի նկատմամբ նրա համակրանքը ձևավորվում է հենց առաջին հանդիպումից։ Այստեղ կերպարի ներքին վերաբերմունքը ոչ թե բացահայտվում է խոսքով, այլ փոխանցվում է դերասանի հայացքի, կեցվածքի և լռության միջոցով։ Տանիայի և Թերրիի հանդիպումն էլ նոր թյուրիմացության առիթ է դառնում: Տանիան կարծում է, թե հենց Թերրին է Մենդիի նոր սիրահարվածության օբյեկտը։ Իրավիճակների այս խճճվածությունը մշտապես սրում է հանդիսատեսի հետաքրքրությունը․ գործողությունը զարգանում է ոչ միայն իրադարձությունների ընթացքով, այլև թյուրիմացությունների, սխալ զուգորդումների և անընդհատ փոփոխվող հարաբերությունների միջոցով։

 

 

Վերջապես բեմ է մտնում գանգսթեր Մաքը (Գագիկ Մկրտչյան)՝ իր թիկնապահի, ակումբի աղջիկների ուղեկցությամբ, և այդ պահից բեմական իրավիճակը ստանում է նոր լարում։ Տեսարանը կառուցվում է միաժամանակ ընթացող, տարբեր գործողությունների շղթայով, որին հանդիսատեսը չի հասցնում զուգահեռ հետևել, բայց, այնուհանդերձ, հետաքրքիր և օրգանիկ է: Բեմադրությանն առանձնահատուկ դինամիկա և կենդանություն է հաղորդում այն, որ գրեթե յուրաքանչյուր դերասան ունի հստակ բեմական խնդիր, որն արտահայտվում է թե՛ ակտիվ, թե՛ պասիվ գործողությամբ։ Բեմում որևէ դերակատար պարզապես «կանգնած» չի մնում․ յուրաքանչյուրի ներկայությունը որոշակի գործառույթ ունի ընդհանուր բեմական գործողության մեջ և նպաստում է տեսարանի ամբողջական կառուցմանը։ Այս առումով գործողությունը կառուցվում է ոչ միայն գլխավոր իրադարձությունների շեշտադրմամբ, այլև երկրորդ պլանում ընթացող տեսարանների միջոցով։ Դրանք ապահովում են շարժունությունն ու կենդանի մթնոլորտը, ինչը, անշուշտ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի մասնագիտական սկզբունքայնության, բեմական լուծումների նկատմամբ նրա ստեղծագործական մոտեցման  արդյունքն է։ 

            Մենդիի կերպարը դրսևորվում է ներքին անհանգստությամբ և վախի մշտական զգացողությամբ։ Այդ վիճակը նկատելի է ոչ միայն այն պահերին, երբ հերոսուհին խոսում է, այլև նրա լռության մեջ։ Նյարդային շարժումները, հայացքի անընդհատ դեսուդեն սահելը, մատները կրծոտելը կերպարի ներքին տագնապը դարձնում են տեսանելի։ Թվում է՝ նա անդադար ելք է փնտրում ստեղծված իրավիճակից, և այդ որոնումն արտահայտվում է ոչ այնքան բառերով, որքան մարմնով։ Այստեղ դերասանական խաղի մեջ կարևոր է հենց ենթատեքստը. կերպարի խոսքից առաջ խոսում է նրա մարմինը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն տեսարանը, երբ Տանիան և Մենդին իջնում են դահլիճ և երկխոսությունը շարունակում հանդիսատեսի մեջ։ Այս հնարքը խախտում է բեմի և դահլիճի պայմանական սահմանը և որոշակիորեն ներգրավում հանդիսատեսին գործողության մեջ՝ դարձնելով նրան ոչ միայն դիտորդ, այլև անուղղակի մասնակից։ Մենդիի խոսքն այդ պահին կարծես ուղղված է ոչ միայն Տանիային, այլև դահլիճին։

Հենց այստեղ էլ կերպարի ներքին երկընտրանքը դառնում է առավել տեսանելի։ Մենդին որոշում է, որ պետք է վերջապես տեղ տա իր զգացմունքներին և նորահայտ սիրուն։ Նրա խոսքում նույնիսկ արդարացման երանգ է հայտնվում. կարծես նա դիմում է հանդիսատեսին, փորձում է նրա հետ պայմանավորվել, նույնիսկ խոստանալ, որ Լերրիի հետ ընդամենը մեկ գիշեր անցկացնելն այդքան էլ դատապարտելի արարք չի լինի։

            Այսպիսով, ներկայացման սկզբնական կատակերգական, գունեղ և թվացյալ թեթև մթնոլորտի տակ աստիճանաբար բացվում է առավել բարդ դրամատիկական իրավիճակ, որտեղ ծիծաղը մշտապես զուգահեռվում  է  վտանգի հետ։ Հանդիսատեսը հետևում է գործողություններին, սպասելով, թե ո՞ւր կհասնի այս առաջին հայացքից հումորային, բայց խորքում բավական վտանգավոր պատմությունը։ Առանձնահատուկ դերակատարում  ունի նաև Աշոտ Փափազյանի երաժշտության ձևավորումը՝ առավել հաճախ օգտագործվող բաս կիթառի հնչողությունը։ Դրա խորքային ու ռիթմիկ հնչերանգը ոչ միայն ընդգծում է տեսարանների ներքին լարվածությունը, այլև ստեղծում  գործողության ընդհանուր ռիթմը՝ ուժեղացնելով ներկայացման դինամիկ բնույթը։ 

 

 

Անսպասելի վերջաբանը հանդիսատեսին անակնկալի է բերում․ պարզվում է, որ և՛ Թերրին, և՛ Լերրին հատուկ ծառայությունների՝ հետախուզության բաժնի  և հարկային ծառայության աշխատակիցներ են։ Ակումբ նրանց ներթափանցումը կեղծ կերպարներով, ինչը վտանգի էր ենթարկում անգամ նրանց կյանքը, նախապես ծրագրված օպերացիա էր՝ գանգստեր Մաքին բացահայտելու և ձերբակալելու նպատակով։ Այնուամենայնիվ, շատ ուշադիր դիտող հանդիսատեսը, կարող էր կռահել դա դեռևս ներկայացման առաջին տեսարանում, երբ երկրորդ պլանում ակնհայտորեն նկատվում էր Թերրիի և Լերրիի շփումը: Ներկայացման ամենահետաքրքիր լուծումներից մեկը հենց վերջաբանի անսպասելի բացահայտումն է։ Մինչև այդ հանդիսատեսը հերոսներին ընկալում է նրանց ներկայացրած կերպարների շրջանակում, իսկ վերջում պարզվում է, որ այդ ամբողջ խաղը մեկ այլ խաղի մասն էր։  Այս շրջադարձը ոչ միայն փոխում է նախորդ տեսարանների ընկալումը, այլև հետադարձ հայացքով նոր իմաստ է հաղորդում նրանց վարքագծին, և փոխհարաբերություններին։

Ներկայացման ամբողջ ընթացքը թույլ է տալիս համոզվել, որ բեմում յուրաքանչյուր դետալ, վարքագիծ և տեսարան նախապես հանգամանորեն մշակված է, ունի իր նպատակային տեղն ու նշանակությունը ընդհանուր բեմական կառուցվածքում։ Այս ամենը վկայում է գեղարվեստորեն մշակված  և  ամբողջական բեմադրության մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի պրոֆեսիոնալիզմն ու բեմական մտածողության վարպետությունը։

 

 Արմինե Շավարշյան

 Լուսանկարները` Դանիիլ Պրիմակի

Դիտումներ: 223

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։