Գաղտնազերծելով Չարենցի ծածկագրերը
Եղիշե Չարենցի գրական ժառանգությունը լի է գաղտնագրված էջերով: Ծածկագրերի առատությամբ հատկապես աչքի են ընկնում չարենցյան էպիգրամներն ու դիֆերամբները, որոնց մի ստվար հատվածն առայսօր շարունակում է մնալ չբացահայտված: Դրանք վերծանելու, պարզաբանելու փորձերը մշտական են: Այսօր ներկայացնեմ Չարենցի երեք ստեղծագործությունների մասին իմ նոր դիտարկումները, որոնք, կարծում եմ, պատասխան են տալիս մի շարք խճճված հարցերի:
Պյերո դարձած բարեկամը
«Դերասան բարեկամիս» վերնագրով էպիգրամը Չարենցը գրել է 1928 թվականի մարտին: Ահա այն.
Հերոս- մի զերո,
Այսօր- Պյերո,-
Պյերո,
Պյերո,
Պյերո,-
Մի իսկական Պյերո!...
Հասկանալու համար, թե բանաստեղծն իր որ բարեկամին է այսպես անողոքաբար խարազանել, նախ պետք է առաջնորդվել Չարենցի «քողարկման ձեռագրով»: Իբրև կանոն, այդ ձեռագրի կարևորագույն տարրերն են նախ և առաջ «բանալի բառերն» ու թվագրումները: Տվյալ դեպքում առկա ժլատ հուշումները մեզ թույլ են տալիս ստանալ հետևյալ պատկերը:
1928-ի գարնանը մամուլում տպագրված ազդագրերը տեղեկացնում էին, որ մարտի 20-ին Երևանի Պետական թատրոնում կազմակերպվում է դիսկուսիա Բորիս Լավրենևի «Բեկում» պիեսի և դրա բեմադրության շուրջ: Զեկուցմամբ հանդես պիտի գար Եղիշե Չարենցը: Իսկ մտքերի փոխանակության համար հրավիրված էին ժամանակի ճանաչված գրողներ, դերասաններ, ռեժիսորներ, թատերագետներ: Խորհրդային գրող և դրամատուրգ Բորիս Լավրենևի «Բեկում» պիեսն օրեր շարունակ խաղարկվել էր հայկական բեմում և դրա մասին հնչել էին տարատեսակ կարծիքներ:
Դիսպուտը կայանում է, տևում է մինչև ուշ գիշեր, ուղեկցվում է բուռն բանավեճով: Սակայն այստեղ առանցքայինը Չարենցի ընդարձակ խոսքն էր: Վերջինս իր ելույթում մասնավորապես անբարենպաստ կարծիք է հնչեցնում դերասան Ջանանի հասցեին: Հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Ջանանն (1892-1938) իսկապես եղել է Չարենցի մտերիմ բարեկամը, ինքն էլ պիեսներ էր գրում: Այդ մասին վկայում են նաև ժամանակակիցները: Բայց ահա «Բեկումի» առիթով անաչառ բանաստեղծը նշում է. «Ջանանը, չնայած որ մեր լավագույն դերասաններից է, սխալ է հասկացել Գոդունի դերը» («Խորհրդային Հայաստան, 1928 թ., մարտի 25)։
Ներկայացման մեջ Ջանանին վստահվել էր Արտեմ Միխայելովիչ Գոդունի դերը, որը պիեսի գլխավոր հերոսն էր, «Զարյա» հածանավի նավային կոմիտեի նախագահը: Սակայն հերոսականություն մարմնավորելու փոխարեն Ջանանի Գոդունը ներկայանում է թույլ ու գունատ նկարագրով («Հերոս-մի զերո»):
Չարենցը գրում է՝ «Այսօր-Պյերո», որովհետև նախկինում Ջանանի խաղով հիանալու առիթներ է ունեցել և նույնիսկ ժամանակին թատերախոսական է գրել Մերեժկովսկու «Պավել 1-ին» պիեսում նրա մարմնավորած դերի մասին («Խորհրդային Հայաստան», 1925 թ., նոյեմբերի 5):
Ինչ վերաբերում է ծավալված դիսկուսիային, ապա դրա վերջնարարի մասին մամուլը հետևյալն է գրում. «…Խոսողները գտնում էին, որ ընկ. Չարենցը, չհասկանալով պիեսի սոցիալական իմաստը, սխալ եզրակացության է հանգում նաև պիեսի բեմադրության և խաղի վերաբերմամբ»:
Ընդդիմախոսների թվում էր նաև Ջանանը, ու թերևս այս հանգամանքն էլ մեծապես նպաստել է, որ բանաստեղծն այս անգամ իր «դերասան բարեկամի» խաղի մասին անբարենպաստ կարծիքը շարադրի նաև դիֆերամբի տեսքով:
Անվանափոխություն՝ ի շահ հեղափոխականի
Եղիշե Չարենցի «Ողջակիզվող կրակ» շարքի մաս է կազմում նաև «Կարմիր նժույգները» բանաստեղծությունը, որ սկսվում է հետևյալ տողերով.
Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր։
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր…
Առաջին անգամ «Կարմիր նժույգները» տպագրվել է 1921 թվականին, «Վերածնունդ» ամսագրի առաջին համարում: Չարենցն իր բանաստեղծության գրության տարեթիվ է նշել 1919-ը: Գրողի երկերի առաջին հատորում ասվում է, որ բանաստեղծությունը նվիրված է հեղափոխական գործիչ Մնացական Թավաքալյանին (1892-1924):
Եթե մի պահ վստահենք բանաստեղծության վերջում նշված այդ տարեթվին և հասցեագրմանը, ապա անմիջապես հարց է ծագում. ինչպե՞ս կարող էր այն նվիրված լինել Թավաքալյանին, եթե 1919-ին Չարենցն ընդհանրապես Թավաքալյանի հետ ծանոթ լինել չէր կարող, քանի որ վերջինս իր գործունեությունը ծավալում էր Հայաստանից դուրս և նրանց ճանապարհներն ու հետաքրքրությունների շրջանակները հազիվ թե որևէ կերպ խաչվեին: Չարենցը կարող էր Թավաքալյանի հետ ծանոթություն հաստատել առնվազն 1920 թվականի վերջին, երբ Թավաքալյանը նոր էր դուրս եկել բանտից և կամ 1921-ի սկզբին, երբ վերջինս նշանակվեց Կոմկուսի Երևանի գավառային կոմիտեի քարտուղար:
Ստացվում է, որ հեղափոխականին նվիրված բանաստեղծությունը բոլորովին էլ նրա համար չէր գրվել:
Այդ դեպքում ի՞նչն է եղել (կամ՝ ո՞վ է եղել) Չարենցի ներշնչանքի աղբյուրը:
Այս խնդրի վրա կարող է պարզաբանման լույս նետել մի հետաքրքիր գրառում, որը մենք գտանք 1957 թվականին, Երևանում լույս տեսած «Եղիշե Չարենց, բիբլիոգրաֆիա» գրքում (խմբագիր՝ Էդ. Ջրբաշյան): Գրքի «Չարենցի գեղարվեստական ստեղծագործությունները մամուլում և ժողովածուներում» բաժնում «Կարմիր նժույգները» բանաստեղծության մասին արված հղումին կից կա ևս մի փոքրիկ նշում: Այնտեղ գրված է. «N. P.-ին»: Այսինքն ոչ թե «Մ. Թ.»-ին, այլ լատինական սկզբնատառերով մեկ ուրիշին է ձոնված եղել այս գործը:
Թե որտեղից է գալիս այս անհամապատասխանությունը, սա առանձին քննության նյութ է: Այժմ փորձենք հասկանալ, թե ով է թաքնված N. P. տառերի թիկունքում:
Նշված ժամանակահատվածում N. P., այսինքն Ն. Փ. սկզբնատառերով անձնավորություն Չարենցի շրջապատում եղել է: Խոսքը բուլղարահայ Նվարդ Փիջիյանի (Բիչիյանի) մասին է: Վերջինս թարգմանչուհի էր, տիրապետում էր անգլերենին և 1920 թվականի գարնանը հատուկ առաքելությամբ եկել է Հայաստան, որտեղ էլ ծանոթացել է Չարենցի հետ: Շատ շուտով այդ ծանոթությունը վերածվում է ջերմ մտերմության: Տարիներ անց Նվարդ Փիջիյանը պիտի գրեր իր հիշողությունները հայաստանյան օրերի և հատկապես Եղիշե Չարենցի հետ ունեցած հանդիպումների և զբոսանքների մասին:
Ի դեպ, Չարենցը թարգմանչուհուն նվիրված ևս մի գործ ունի՝ «Սիրելի օր. Նվարդի համար» բանաստեղծությունը: Իսկ թե նրան ինչն է ստիպել «Կարմիր նժույգներ»-ում թարգմանչուհուն փոխարինել հեղափոխականով, այդ հարցի պատասխանը միայն Չարենցը կիմանար:
Բացահայտված «մանավանդ»-ը
1929 թվականին Եղիշե Չարենցը գրում է իր հերթական էպիգրամը՝ «Հարց» վերնագրով.
Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց «փառավոր» դնչին,
Թե ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք-այսքան փոքրիկ ու չնչին…
Այս էպիգրամի տողատակում կա բանաստեղծի հետևյալ գրառումը. «Մանավանդ Մ.Մ.Չ…»:
Թե հատկապես ում է հասցեագրված քառատողը, կռահելը դժվար չէ: Չարենցն այդ շրջանում դժգոհ էր Հայաստանը կառավարող վերնախավից, և սա նրա առաջին բողոքը չէ այդ խմբի հասցեին: Իսկ թե ո՞վ է Մ.Մ.Չ.-ն, որին Չարենցն իր առանձնակի «վերաբերմունքին» է արժանացրել, երկար ժամանակ մնում էր անհայտ: Բարեբախտաբար, մեր որոնումները տվեցին ցանկալի արդյունքը և այժմ վստահաբար կարող ենք հնչեցնել Չարենցի «հակահերոսի» անունը:
Խոսքը այն տարիներին ՀՍԽՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար Միքայել Մովսեսի Չալյանի մասին է (1898-1958): Չալյանը ծնունդով Բաքվից էր, երկար տարիներ աշխատել էր Չեկա-ում (Արտակարգ Հանձնաժողով), Հայաստան էր եկել Ադրբեջանից: Հավանաբար այդ նոր նշանակման առիթով դժկամություն դրսևորելու համար Չարենցն ինչ-ինչ հիմքեր է ունեցել, առավել ևս, որ նա մշտապես դեմ է եղել «դրսից մարդ բերելու» քաղաքականությանը:
Իսկ տվյալ էպիգրամի համար կարող էր առիթ ծառայել 1929 թվականի նոյեմբերին կայացած ՀԽՍՀ Կենտգործկոմի նստաշրջանը, որտեղ ընդարձակ զեկուցմամբ հանդես էր եկել նաև Չալյանը: Նստաշրջանը հատկապես առանձնացել էր նրանով, որ այդ օրերին կատարվել էին լուրջ կադրային փոփոխություններ:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 295
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։