Ֆիլումենա Մարտուրանո, թո՛ղ բյուրեղացած արցունքներդ հոսեն

Կիսվել:

Թատերարվեստը սկսվում է խոսքից թե՞ գործողությամբ։ Այս հարցը տարիներ շարունակ զբաղեցրել է թատրոնի տեսաբանների միտքը, նրանց բաժանելով երկու բանակի։  Եթե պատմական էքսկուրս կատարենք, ապա թատերայնությունն արվեստի սինկրետիկ ժամանակների արդյունք է, երբ դեռ ներկայացումը գրական հիմքից չէր  կառուցվում։ Հետևաբար, ճշմարտությունը գործողությունը թատրոնի հիմնաքար համարողների կողմն է։ Իհարկե, այսօր հաճախ ներկայացումները սկսվում են կուլիսներից հնչող խոսքով, բայց հանդիպում ենք նաև, երբ երրորդ զանգին հաջորդում է էտյուդային (անխոս) գործողություն։ Նման օրինակ էր Մհեր Մկրտչյանի անվան «Արտիստական» թատրոնում բեմադրված Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» տրագիկոմեդիան։ Ներկայացման լեյտմոտիվի` Ֆրատելի Մանկուզոյի ,,Cumu e sula la starta,, («Որքան միայնակ է այս ճանապարհը») սիցիլերեն երգի  ուղեկցությամբ ծավալվում է ամբողջ առաջին տեսարանը, հետաքրքրական է , որ անկախ այն հանգամանքից, որ երգի բառերը  դժվար թե որևէ մեկը հասկանա, ներկայացման ռեժիսոր և երաժշտական ձևավորման հեղինակ Լյուդվիգ Հարությունյանն ընտրել է տեսարանի իրադրությանը շատ մոտ  տեքստով ստեղծագործություն։  Հաշմանդամի սայլակին գամված, մահամերձ հարսնացու  և թախիծի ու անորոշության դրոշմով դեմքի արտահայտությամբ ու անկանոն շփոթված շարժուձևով փեսացու, ովքեր պսակադրվում են ոչ թե եկեղեցում, այլ  կոկիկ կահավորված  հյուրասենյակում՝ տան մի քանի աշխատողի ներկայությամբ։ Ներկայացման տրագիկոմիկ բնույթն առաջին իսկ տեսարանից բացահայտվում է, երբ ընդհանուր ողբերգության ֆոնին զավեշտալի բեմավիճակներով (օրինակ՝ պատահաբար սահում է հաշմանդամի սայլակը) լիցքաթափվում է լարված մթնոլորտը։

 

Հասարակած տան բնակչուհու սիրո պատմությունը հաճախ է դարձել ստեղծագործողների գրչի առանցքը։ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»-ն առանձնանում է դասական մյուս հայտնի գործերից հերոսուհու գործողությունների ներքին մղման ուղղությամբ։ Սովորաբար գլխավոր թեման կուրտիզանուհու կյանքի միակ սիրո գաղափարն է, իսկ այստեղ որդիներին արժանապատիվ մայր լինելու  և լիարժեք ընտանիք ունենալու երազանքը։ Ֆիլումենան սիրում է Դոմենիկոյին և գիտի, որ իր սերը փոխադարձ է, բայց քաջ գիտակցում է նաև, որ այդ սերն այնքան զորեղ ու ջինջ չէ, որ լվանա նրա անցյալն ու մաքուր էջից գրվող ամուր ընտանեկան պատմության վերաճի։ Քսանհինգ տարի շարունակ նա եղել էր Դոմենիկոյի ամենասիրելի սիրուհին, բայց ոչ երբեք միակը, կամ առավել ևս օրինական կինը։

 

Այս ստեղծագործությունը բեմական կյանքի կոչելը մարտահրավեր ու քննություն է բեմադրիչի համար, քանի որ այն լավագույնս բեմադրվել է ինչպես հայ բեմում, այնպես էլ համաշխարհային լավագույն թատրոններում, բացի այդ հանդիսատեսին քաջածանոթ է Սոֆի Լորենի և Մարչելլո Մաստրոյանիի գլխավոր դերակատարմամբ ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայի «Ամուսնություն իտալական ձևով» ֆիլմը։ 

 

Մհեր Մկրտչյանի անվան «Արտիստական» թատրոնն ապրում է ստեղծագործական ակտիվ կյանք, և սա մեծապես նաև համագործակցությունների առաջ բաց լինելու քաղաքականության պտուղն է։ «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման բեմադրությունը վստահվել է հրավիրյալ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին։ Բեմադրության հաջողության առաջին գրավականը դերաբաշխումն է, ինչը կամ բեմադրիչին ընձեռում է ստեղծագործական ազատություն և ճկունություն, կամ կաշկանդում և սահմանափակում է երևակայության ճախրանքը։ Այս բեմադրությունում հանդիպում ենք և՛ առաջինին, և՛ երկրորդին։ 

 

Գլխավոր դերերը վստահված   են  Տաթևիկ Մելքոնյանին և Տիգրան Գաբոյանին։ Նրանց պրոֆեսիոնալիզմը բեմադրիչի համար  լիարժեք ստեղծագործական միջավայր է ապահովում։ Վերջինս էլ իր հերթին վստահել և փոխակերպման բանալիներ գտնելու ազատ հնարավորություն է տվել արտիստներին։ Հայտնի ֆիլմից ներշնչվելու հավանականություն նկատվում է, հատկապես հերոսների արտաքին կերպարանքում՝ Ֆիլումենայի սանրվածքը, Դոմենիկոյի բեղերը, բայց անկախ դրանից, բեմում ակնահաճո դուետ է, ինչը  քողարկում է նաև երկրորդ պլանի դերակատարների կանոնիկ, բայց ոչ օրգանիկ ներկայությունը։  Ներկայացման ֆաբուլան շատ արագ է բացահայտվում,  էքսպոզիցիոն մի քանի րոպեների ընթացքում բոլոր կերպարներն, իրենց նախապատմությամբ և միջանձնային փոխհարաբերություններով  ներկայացվում են հանդիսատեսին, բացառություն են միայն Ֆիլումենայի որդիները։

 

Filumena

 

Կանայք չեն երազում ուժեղ, ինքնուրույն և անկախ լինելու մասին, նրանց այդպիսին դարձնում է  տղամարդու անտարբերությունը։ Տաթևիկ Մելքոնյանի Ֆիլումենան, հենց այդ տեսակն է, որը երկար տարիներ լիահույս սպասել է, որ իր տղամարդն իրեն ապավեն կլինի, և ինքն այլևս չի երազի ամենասովորական կանացի երջանկության և ընտանեկան ջերմության մասին։  Մահամերձ ձևանալով Դոմենիկոյի հետ ամուսնանալու միտքը ծայրահեղ վճիռ է, որը, ոչ թե նրա շինծու էության ու զեղծարար բնավորության մասին է, այլ տարիներով կուտակված կանացի հույզերի պտուղ։ Մելքոնյան-Ֆիլումենան նույնիսկ ամենանանուրբ կանացի զգեստով ու բարձրակրունկներով,  տղամարդկային ամրություն է ճառագում իր թավ ձայնով, հրամայական տոնով, խոշոր քայլվածքով, որ կարծես գնում է հարձակվելու, ոտքերի մեծ բացվածքով նստելու դիրքով և զրուցելիս դեպի խոսակիցը գլուխը մեկ քառորդ շրջելով։ Այս արտահայտչամիջոցների շնորհիվ  Ֆիլումենա Մարտուրանոյի կերպարը Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությունում ոչ թե կենցաղային է, ինչպիսին հաճախ հանդիպում ենք, այլ վայրի և ուժեղ։ Կին, որն արգելել է  իրեն գեթ մի պահ թուլանալ, որին խորթ են արցունքները, որը երջանիկ մայրության և ներդաշնակ ընտանիքի իր պատկերացումն ու նպատակի վերաճած երազանք ունի։

 

Տիգրան Գաբոյան- Դոմենիկոն միջին վիճակագրական հարուստ գործարարի տիպար է՝ եսակենտրոն, ինքնաբավ, կնամոլ։  Ֆիլումենայի հանդեպ նրա սերը կենսակերպ է դարձել, նա ընտելացել է, որ Ֆիլումենան միշտ ներկա է իր կյանքում և վստահ է, որ ֆինանսական կայունությունն առավելագույնն է, որ պետք է նման կանանց։ Այն փաստը, որ իր աշխարհի առանցքում ինքն է՝ շեշտադրված է բեմական ձևավորմամբ՝ պատերին կախված են նրա դիմանկարները։ Նկարները պատից իջեցնելու և Ֆիլումենայի որդիների դիմանկարներով փոխարինելու տեսարանը բեկումնային և խորհրդանշական է՝ այս պահից նրա կյանքն  իմաստավորվում է, հայր լինելու լուրը լիովին փոխում է նրա աննպատակ օրերի ընթացքը, նրա միտքը մշտապես զբաղված է որդուն գտնելու գլուխկոտրուկով։  Համապատասխանաբար Գաբոյան- Դոմենիկոյի դիմախաղն ու ժեստերն էլ են փոփոխվում, եթե առաջին գործողության մեջ նա հպարտ կեցվածքով, արհամարհական ձայներանգով, վստահ շարժուձևով  գոռգոռում ու վիրավորում էր Ֆիլումենային, ապա որդի ունենալու լուրը ստանալուց հետո նա մշտապես գլխիկոր, մտազբաղ ու դանդաղկոտ է։ 

 

Ռեալիզմի սկզբունքներով բեմադրված այս ներկայացման բեմական ձևավորումը  խորհրդանիշեր է թաքցնում (բեմանկարիչ՝ Իվանա Կրչադինաց), որոնք միայն հանգուցալուծման տեսարանում են լիովին բացահայտվում։ Առաջին հայացքից խորհրդանշական ոչինչ չկա, բեմը ներկայացնում է Դոմենիկոյի տան հյուրասենյակը, կենտրոնում վարագուրված մեծ պատուհան է, որից այն կողմ քաղաքային տեսարանն է։ Բեմավիճակները կառուցված են նաև պատուհանի հակառակ կողմում։ Խորհրդանշական է անձրևի տեսարանը. Դոմենիկոյի և Ֆիլումենայի բուռն վեճն ավարտվում է Ֆիլումենայի տանից հեռանալու դրվագով, և նա հայտնվում է հորդառատ անձրևի տակ։ Սա նրանց փոխհարաբերությունների մաքրման և մոռացության գետն անցնելու խորհուրդն ունի։ Այլևս ոչ մի սուտ ու կեղծիք, բոլոր խաղաքարտերը բացված են, բացի՝ կարևորագույնից։

 

Ներկայացման ամենաազդեցիկ, խորքային և գեղեցիկ տեսարանը հանգուցալուծումն է։ Բաղձալի ամուսնության օրվա ավարտին պարզվում է, որ հյուրասենյակի սեղանը  փոքր է, և բեմի տարբեր մասերում դրված երեք փոքրիկ զարդասեղանները Ֆիլումենան միացնում է կենտրոնում դրված սեղանին, նրանք խորհրդանշում էին որդիների ներգրավումն ընտանիք, իսկ սփռոցի փոխարեն սեղանը ծածկվում է վարագույրով, այլևս ոչինչ չկա վարագուրելու. ընտանիքը միասնական է, Ֆիլումենայի երազաքն իրականացած է, և վերջապես ինքն իրեն թուլանալու շռայլություն է թույլ տալիս՝ փլվելով աթոռի մեջ, հայացքը հանդիսատեսին անձայն հեկեկում է։

 

Եթե գլխավոր հերոսուհու դեպքում տեսնում ենք հույզերի, գործողությունների լիարժեք հանգուցալուծում, ապա հերոսի ներաշխարհը լիովին չի բացահայտվում։ Նա իսկապե՞ս սիրում է Ֆիլումենային, թե ամուսնանում է միայն  որդու կողքին լինելու, նրան արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Տղաներին իսկապե՞ս սկսում է հավասարապես կարևորել, թե, այնուամենայնիվ, շարունակելու է իր կենսաբանական զավակին գտնելու հետաքննությունը…

 

 

Վանուհի Սեթոյան

Դիտումներ: 491

Մեկնաբանություններ

Mariam

17:16 26.08.2026

Well done! Excellent description of the performance!!!❤️

Mariam Setoyan

17:47 26.08.2026

Excellent!❤️