Դասը վարում է Հրանտ Մաթևոսյանը
Այս պատառիկը ևս հատված է Հրանտ Մաթևոսյանի հետ աշխատանքային տարբեր տարիների իմ օրագրային գրառումներից, որ արվել են մեծ գրողի՝ Հայաստանի գրողների միության նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից (1996-2001):
3 մայիսի, երեքշաբթի, 2000 թ.
Երեք տարի է, ինչ մայիսի վերջին Հրանտ Մաթևոսյանն իր ստեղծած գեղեցիկ կլոր սրահում Երևանից ու մարզերից հյուրընկալում է 10-րդ դասարանի աշակերտների, որոնց գրականության վերջին դասն ինքն է վարում:
Սակայն այս տարի անցյալ տարվա 10-րդցիներն էին՝ մի մասն արդեն ուսանողներ «Հայբուսակի», մի մասն էլ աշակերտներ երևանյան վարժարաններից մեկի՝ իրենց հայ գրականության հմուտ ուսուցչուհի Մարգարիտ Խաչատրյանի հետ: Դասի թեման «Մեծամորն» էր՝ անվանի գրողի և նրանց միջև հետաքրքիր հարց ու պատասխանով: Ի՜նչ բավականություն էր ունկնդրելը: Մաթևոսյանի խոսքն աշակերտների հետ, ինչպես միշտ, մտերմիկ էր, անբռնազբոս: Երբ ներս մտավ, ձեռքին բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի «Քաղաքը» փոքրիկ գրքույկի մի քանի օրինակներ էին: Նստեց վերևում՝ իր տեղը, և դիմեց աշակերտներին.
-Ասեմ բանաստեղծություններից տողեր՝ գուշակեք: Գուշակողին՝ Վիոլետ Գրիգորյան:
Հավանում է Վիոլետի, ինչպես ինքն անվանեց, «Առավոտում» տպագրված անավարտ «Քաղաքը» մեծ բանաստեղծությունը: Եվ սկսեց: Գիտեի, «Դանթեականից» իր սիրած հատվածն էլ էր լինելու.
…Անխոս աչքերով իրար նայեցինք
Իրար հոգու մեջ գերեզման գտանք…
…Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ…
…Արևավոր իմ պատանի,
Կարմիր է քո հարսնացուն…
…Թողի երկիրն Արաբ ու Հինդ…
...Զարկեցե՛ք, դարբիննե՛ր, կըռանը սալին…
…Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար….
Մեկ Չարենց, մեկ Տերյան, մեկ Հովհաննես Հովհաննիսյան. ով ճիշտ էր գուշակում, գրքույկն էր նվիրում: Հետո մի կաշեպատ «Չարենց» (իր կազմած) խնդրեց, որ վիճակահանությամբ բաժին ընկավ աշակերտուհիներից մեկին. աղջկա աչքերը փայլեցին:
Մարգարիտ Խաչատրյանը ներկայացրեց իր աշակերտներին, և սկսվեցին հարցերը: Դասին ներկա էին նաև միության քարտուղար, գրականագետ Ֆելիքս Մելոյանը, բանաստեղծ Արտաշես Արամը, միության աշխատակիցներ:
Գրի առա համարյա ամբողջը: Հրաշալի օր էր. Հրանտ Մաթևոսյանին վաղուց այդքան բարձր տրամադրությամբ չէի տեսել. անպատկերացնելի է սերը երեխաների նկատմամբ. միանգամից փոխվում էր նրանց տեսնելիս:
Առաջին հարցն ուսուցչուհունն էր.
-Պարո՛ն Մաթևոսյան, անցած մեկ տարին ի՞նչ տվեց Ձեզ՝ որպես գրողի: Ես նույն ախմախն եմ մնացել: Ձեր կարծիքն ախմախության մասին:
-Ախմախությունը միշտ էլ արժեք ունի: Մարդ դրանից պետք է մի քիչ ունենա: Կամ էլ պետք է Հովհաննես Թումանյանի, Արամ Խաչատրյանի շնորքը, խելքը, հանճարն ունենա: Երկու առումով էլ կատարելության հարց է: Իմ վիճակն է վատ. ոչ ախմախ եմ, ոչ՝ խելացի: Շատերս տանջվում ենք էդ կամրջի վրա:
-Մի քիչ խիստ չե՞ք Ձեր նկատմամբ:
-Ես ունեմ դրա իրավունքը:
-Ինչո՞ւ ընտրեցիք «Մեծամորը»:
-Նկատեցի, որ իմ ամենասիրած գործն է: Երիտասարդությունն է ինձ ուղղորդել «Խումհար» և «Մեծամոր»… Երկար ժամանակ գործը կար, չէր տպագրվում, և իմ ընկեր Ֆելիքս Մելոյանը և կինս ստիպեցին տեր կանգնել, արեցին փոքր խմբագրումներ և տպագրեցին: «Մեծամորում» իմ սերն է հայրենի հողի, ծերերի, որբերի, կավոտ հողի, կավե հին պարիսպների, հայ մարդու և երկրի նկատմամբ: Մի բախտավոր օր գնացքում էի, և Շտրաուսի երգը զնգում էր իմ մեջ: Զգացի, որ էս հողի ծաղիկն եմ, եթե պոկեն՝ կթառամեմ… Զորայր Խալափյանի հետ գնացել էինք Մեծամոր, և այնտեղ եղած երեխաները լցվեցին իմ մեջ: Շատ էինք սովել, ես հեծանիվ քշել չգիտեի: Զորիկին ասացի, որ քշի գնա գյուղից հաց բերի: Զորիկը՝ ղարաբաղցի, գնաց, բայց ամաչել էր ուզելուց: Ես ոտքով գնացի: Մի գյուղացի մարդ նստել էր դռան շեմին, ասի, թե ինչ համար եմ եկել: Կնոջը ձեն տվեց, ինքը մի խուրձ լավաշ բերեց, կինը՝ պանիր, ես վերցրի, եկա: Նորից տեսա, թե մերոնք ի՜նչ գեղեցիկ ժողովուրդ են: «Մեծամորը» էս ժողովրդի նկատմամբ իմ վերաբերմունքն է:
Այս ասելիս հիշում եմ ուրիշ մի պատմություն. մայրս ձիով իջել էր գյուղ: Գնացել էր խանութ: Խանութպանը չկար: Երեկո էր աշխատավոր գյուղի համար. խոտի, հնձի ժամանակներ էին: Տեսել էր, որ մի շեկ մարդ ուսապարկը բացել, քնել է ուզում գրասենյակի դռանը: Մորս թուրքերենը, ռուսերենը տեղավորվում էր մի բառի մեջ՝ «պաշոլ»: Մայրս գիտեր, որ գյուղի տիրուհին ինքն է, որ էս օտար մարդը պիտի քնի մեր տանը: «Պաշոլ» ասելով՝ էս մարդուն առաջը գցած բերել է տուն, կերակրել է, պահել և առավոտյան «պաշոլ» ասելով ճանապարհել: Ահա մենք միշտ հյուրընկալ ենք եղել: Քսենոֆոնը ևս վկայում է այդ մասին: Իմ մեջ այդ կերպարը կար դեռ էն՝ քսենոֆոնյան ժամանակներից: Սյուժե, հեքիաթ չէի հյուսել, դրա համար էլ բոլոր հատվածներն էդպես շարադրեցի: Սիրում եմ այդ գործը: Լավ եմ անում, որ սիրում եմ, որովհետև արժանի է: Շատ ասմունքողներ հավանում էին: Նույնիսկ Փափազյանը1: Ահա էդ էլ «Մեծամորը»:
-Ցանկությո՞ւն ունեք շարունակություն գրելու:
-Ո՛չ: Կյանքիս անցյալ էտապն է: Անհնար է: Տուրգենևն ասում է՝ անբարոյականություն է հասուն տարիքում միջամտել երիտասարդ տարիքում գրած գործերին: Դա նշանակում է, թե 70 տարեկանն ամուսնանա ջահել՝ 20 տարեկան աղջկա հետ. դա ընդունելի չէ, դա անբարոյականություն է: Եթե շարունակես, դու՝ դու չես լինի:
-Իսկ ինչո՞ւ գրեցիք «Մեծամորը»:
-Դեռևս Րաֆֆու ժամանակներից պատմական էքսկուրսով ինձ ձգում էր երեկվա օրը: Հիմա այլևս չեմ գնա էքսկուրսի: Գրողը պետք է կարողանա էսօրվա մեջ տեսնել հին ժամանակը, էսօրվա մեջ տեսնել երեկվա դավաճանությունը, վեհությունը, բռիությունը, երեկվա բեկերին: Էսօրվա թագավորի մեջ տեսնել նախկին թագավորներին, տեսնել անցյալը: Երբ գրում ես անցյալ կյանքից, դառնում ես փիլիսոփա, որովհետև չգիտես էն օրվա իրականությունը: Պատմական երկ գրելու համար լեզվի իմացություն է պահանջվում, պետք է էնքան զորեղ հայացք ունենաս, որ այսօրվա մեջ տեսնես պատմականությունը:
-Ձեր հայացքներն ի՞նչ փոփոխություն են կրել «Մեծամորից» հետո:
-Ոչ մի փոփոխություն չեն կրել, միայն վերաբերմունքն է փոխվել, այն էլ գրական նյութի նկատմամբ:
-Ձեր ազգային նկարագրին քրիստոնեական սկզբունքներն օգնո՞ւմ են ապրել:
-Հետ նայենք: 70 տարիների ընթացքում լավ ժողովուրդ էր առաջացել: Միշտ մի քիչ նաև ուրիշների համար, բացարձակ էգոյի՝ ինքն իր համար լինելու հարցը չկար: Եվ նաև դիմազուրկ էր՝ իր տան պատասխանատվությունը նետած պետության ղեկավարի վրա: Դրա համար էլ պարտվեցինք: Հիմա նրանց էգոյի շքերթն է մեր պարտված բանակի վրայով:
-Հայ մարդու իդեալ պատկերը՝ ըստ Ձեզ:
-Երեկ վեպեր էինք գրում, Նժդեհի գովքն էինք անում, Անդրանիկի մասին էինք խոսում՝ «հայոց կուսանք ծաղկեպսակ թող հյուսեն», երեկվա մեր իդեալը տեսնում էինք մեր Թումանյանի, մեր Անդրանիկի մեջ և կուրացած չէինք տեսնում, որ մեր կողքին է մեր իդեալը: Վազգեն Սարգսյանը: Ազգը իր բարոյական նկարագիրը չկորցրեց, երեկ կար Անդրանիկը, այսօր մեր ժամանակներում ազգն ունեցավ իր Վազգենը, Մոնթեն: Նույնը գրականության մեջ:
-Օտարներին մեր մշակույթն ինչո՞վ է ներկայանալի:
-Գերմանական մշակույթից հանեք երաժշտությունը, ռուսականից՝ Տոլստոյ, Տուրգենև, Պուշկին, մեզնից՝ Սարյան, Թումանյան, Չարենց: Եթե հանենք, ի՞նչ կմնա…
-Ինչո՞ւ գրող դարձաք:
-Երեխայությունից եղել է իմ սերը գեղեցիկ խոսելը, ի սկզբանե հակված էի գրականության: Հիշո՞ւմ եք Չարենցին.
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:
(Եվ պատմեց Ծաղկաձորի անակնկալը. գրողների հանգստյան տանը մի օր պատշգամբում ծխելիս լսում է երեխաների ձայն, որ մի սարից մյուսը «Մենք ենք, մեր սարերի» հատվածն էին «խաղում»):
-Վարձատրված ինձ զգացի: Գործը գործ է, իր համար, բայց ֆիլմն էլ ֆիլմ է: Էկրանից առաջին անգամ հայոց լեզու կաթեց Հենրիկ Մալյանի ֆիլմերից: Այսօր շատ է տրվում Փարաջանովի, Ֆրունզե Դովլաթյանի անունները: Հանիրավի չի տրվում Մալյանինը: Մեծ, տաղանդավոր ռեժիսոր էր, փառք իրեն, հիանալի ռեժիսոր էր:
-Ձեր կարծիքը դավաճանության մասին:
Մեր մտավոր ծուլությունն է պատճառը, որ մեկին խարանում ենք դավաճան, մեկին՝ հերոս: Քաղաքականությունը դարձել է մեր կյանքը, և արժե բոլորին որ խարանի:
-Ձեր սիրելի գրողները:
-Չարենց, Թումանյան, Աբովյան, Խորենացի, Նարեկացի: Նրանք, ովքեր ինձ տող են տվել, երգ են տվել: Իհարկե, Տոլստոյ, Սևակ, Շոլոխով, Աստաֆև… Արևի նման մի ժամանակ միշտ ներկա էր «Փոքրիկ իշխանը». շա՜տ բաներ սովորեցի, թեև վատ, շատ վատ թարգմանություն էր, բայց չէի նկատում վատ լինելը…»:
-Ինչո՞ւ «Մեծամոր» անվանեցիք:
-Չեմ կարող հիշել հիմա: «Մեծամոր», որովհետև «Մեծամոր»:
«…. Տղաների նույն խումբը՝ մեջքները մերկ, տաբատները քշտած ծնկներից վեր, Մեծամորի ջրերով լուռ շարժվում էր դեպի ակունք. երկու ափերով նրանց ուղեկցում էր եղբայրիկների խումբը…. Տղաների մերկ խումբը աղբյուրը շրջապատել էր և մարմրող աչքերով նայում էր հեռվի մշուշներին…. Բայց հաջորդ պահին նրանք իջնում էին Մեծամորի ջրերն ի վար: Մեջքները դաբաղած, կոդակ, վիզները կարճ, տաբատը քշտած ծնկներից վեր: Մեկը նրանցից նայեց հանգիստ թախիծով, ապա ոստնեց ու կարկտահարեց գետինը արագացող վազքով դեպի Վաղարշապատ՝ թե Մաշտոց վարդապետը գրերը բերում է….
…Լավ գիր է, գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզանից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա ներամփոփ, խոհուն և իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է և միայն Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է»:
Հ.Գ. - 1996 թ. դեկտեմբերի 16-ին Ազգային հեռուստատեսության «Զինուժ» ծրագրի լրագրողի՝ «Մեծամորի» մասին տրված հարցին Հրանտ Մաթևոսյանի պատասխանը հասցրի գրի առնել.
«Վաղուց եմ գրել: Սիրուն մի բան կար: Երազանքը իսկական զինվորի, բանի, ավելի ճիշտ ոչ թե երազանքը, այլ կարոտը: Եվ այդ առումով սիրում եմ այն ոտաբոբիկ, օձ սպանող, կարկտահար ոտքերով տղաներին՝ երեխաներին: Ոչ այնքան Մաշտոցին, որ հնարել է տառերն ու գալիս է, Վռամշապուհ թագավորին, խցում ճգնողին, որ գրում է Վարդանանց տան պատմությունը, ինչքան երեխաներին, որ ի՜նչ խանդավառությամբ գնացին Մաշտոցին ընդառաջ, նույն ձևով այդ երեխաները՝ այդ կարճ, փոքրիկ, պինդ երեխաները առնականացան, և Սարդարապատում նրանք էին կռվում: Այլուր՝ մեր սահմաններում, ամառային իմ պտույտին՝ նախագահի ընտրարշավի ժամանակ, երբ գնացել էինք Ջերմուկ, Զանգեզուր, Արցախ, Վանաձոր, Նոյեմբերյան, Բերդ, նրանց տեսա Ղարաբաղում, Նոյեմբերյանում, այլուր: Մուշեղ Գալշոյանը, որովհետև ինքը իսկական գրականության մարդ էր, մի անգամ հարցրեց՝ դու սիրո՞ւմ ես այդ երեխաներին: Ասացի՝ նրանք են մեր վաղվա հույսը, նրանք, որ երեկ ոտքի կանգնեցին, իմ տղայից էլ փոքր տղաները կանգնեցին, զոհվեցին: Այդ գործում կարոտ կա զինվորի…
Լավ էր մեծ իմպերիայի կազմում մեր ապրելը, վատ չէր, բայց այս փոքրիկ երկիրը մենք ենք ստեղծում, սա է մերը, և սա ոչ ոքի չենք տա…»:
[1] Վահրամ Փափազյան (1888-1968) - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
Կարինե Մեսրոպյան
Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանչուհի
Դիտումներ: 167
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։