Բերթոլթ Բրեխթ՝ բարի մարդը Բավարիայից
Բերթոլթ Բրեխթն աշխարհ եկավ ու ստեղծագործեց մարդկության պատմության ըստ ամենայնի՝ ամենադաժան ու մռայլ ժամանակաշրջանում, ուստի նրա համար լեյտմոտիվային թեմա դարձավ երկրի վրա բարության, արդարության ու ներդաշնակության փնտրտուքը։ Նա բարեփոխեց համաշխարհային թատրոնը՝ թե՛ որպես դրամատուրգ, թե՛ որպես թատերական գործիչ ու տեսաբան։ Նրան անվանում են «քսաներորդ դարի Շեքսպիր», իսկ նրա ստեղծագործությունները արդեն շուրջ հարյուր տարի համաշխարհային թատերական խաղացանկի անբաժանելի մասն են կազմում։ Ռեժիսոր Պիտեր Բրուքի վկայությամբ՝ «թատրոնում կատարվող որևէ աշխատանք որոշակի պահի շաղկապվում է նրա եզրահանգումների և նվաճումների հետ»։
Իր ստեղծագործություններում Բրեխթը գթասրտության ու արդարության ջատագովն է, սակայն մարդկության հանդեպ նա տրամադրված է հոռետեսորեն ու խոցող հեգնանքով։ Նրա շատ ստեղծագործություններ քաղաքական ենթատեքստ ունեն, բայց նրա սուր լեզուն ու գրիչը խարանում էին բոլորին անխտիր․ զարմանալի չէ, որ Խորհրդային Միությունում էլ նրա պիեսների հատընտիրը տպագրվեց միայն Ստալինի մահվանից հետո՝ դառնալով «ձնհալի» ավետաբերներից։ Բրեխթյան առակներից մեկում նրա հերոսը պատկերացնում է, թե ինչ կլիներ, եթե շնաձկները մարդիկ լինեին ու նկարագրում է, թե քարոզչությամբ, դեմագոգիայով, բթացնող կրթական համակարգի ու մշակույթի միջոցով փոքրիկ ձկները իրենք պիտի հրճվանքով մտնեին շնաձկի բերանը, քանի որ իրական կյանքը միայն շնաձկների որովայնների մեջ է։ Փոքր ձկներից համեմատաբար խոշորները պիտի պաշտոններ ստանային, որպեսզի հսկեին փոքր ձկների շրջանում օրենքի և կարգուկանոնի գերակայությանը։ Եթե շնաձկները մարդ դառնային, նրանք պիտի անհրաժեշտաբար պատերազմեին ու նաև պիտի ծովային շքեղ տոներ կազմակերպեին փոքր ձկների համար, քանզի «ուրախ ձկնիկներն ավելի համեղ են լինում, քան տխուրները»։ Ի վերջո, հերոսը ծաղրով եզրակացնում է․ «Մի խոսքով՝ ծովում կուլտուրա կառաջանար, եթե կետերը մարդ լինեին»։ Արդարամիտ բավարացին մատը վերքի վրա էր դնում, ահա թե ինչու՝ հայրենիքում ու դրա սահմաններից դուրս նրա ստեղծագործությունները և բեմադրություններն արգելվում էին, գրքերն ու ձայնապնակները՝ այրվում, իսկ հեղինակը վտարանդու կարգավիճակով երկրեերկիր էր անցնում։
Օյգեն Բերթոլդ Ֆրիդրիխ Բրեխթը (հետագայում իր անունը փոխել է Բերթոլթի) ծնվել է 1898 թվականի փետրվարի 10-ին՝ բավարական Աուգսբուրգում՝ բարեկեցիկ ընտանիքում: Քաղքենիական միջավայրը, տնային սպասավորները և դայակները, ուսումը Թագավորական ռեալական գիմնազիայում պատանու հոգում խորշանք և ըմբոստություն առաջ բերեցին․ նա լքեց ծնողներին ու հայրական տունը։ Նրա հայրենիքին ծանր փորձությունների տասնամյակներ էին սպասվում․ պատերազմներ, ավեր, իշխանությունների ու գաղափարախոսությունների կտրուկ փոփոխություններ։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Բրեխթը նախ փորձեց քարոզել դրա անխուսափելիությունը, սակայն շատ շուտով՝ ազդվելով զոհերի մեծ քանակից, հանդես եկավ խաղաղասիրական դիրքերից։ Հենց այդ շրջանում էլ սկսեց գրել բանաստեղծություններ, պատմվածքներ և ակնարկներ։ 1917-1921 թվականներին նա Մյունխենի համալսարանում ուսանում էր բժշկություն և փիլիսոփայություն: Ծնողների միջամտությամբ նա խոսափեց ռազմաճակատ ուղարկվելուց և տեղավորվեց ռազմական հոսպիտալում։ Այստեղ նա գրեց հակապատերազմական «Առասպել մեռած զինվորի մասին» սատիրիկ բանաստեղծությունը, որը լայն արձագանք գտավ։ Ուսանողական տարիներին Բերթոլթը հրապուրվեց թատրոնով, գրեց «Վաալ» (1917–1918) և «Թմբուկներ գիշերը» (1919) պիեսները: Վերջինս 1922 թվականի սեպտեմբերի 30-ին բեմադրվեց Մյունխենի Կամերային թատրոնում ու արժանացավ Կլայստի մրցանակի: Բրեխթը դարձավ Կամերային թատրոնի դրամատուրգը: 1924 թվականի աշնանը նա տեղափոխվեց Բեռլին և աշխատանքի ընդունվեց Մաքս Ռեյնհարդտի ղեկավարած գերմանական թատրոնում: Բացի այդ, շարունակեց փիլիսոփայություն ուսանել Բեռլինի համալսարանում։ Իրեն հատուկ հակասականությամբ նա միաժամանակ ուսումնասիրում էր բորսային առևտուրը և մարքսիզմի ուսմունքը, բեմարկում Մաքսիմ Գորկու «Մայրը» և պատվերով ստեղծում գովազդային տեքստեր, որոնցից մեկի համար նվեր ստացավ ավտոմեքենա։
Բրեխթն աստիճանաբար ձևակերպեց «Էպիկական թատրոնի» տեսությունը, որը կոչված էր վերաիմաստավորելու ավանդական թատրոնի սկզբունքները։ Այն ենթադրում էր հեղինակի կամ չեզոք գործող անձի անունից հնչող էպիկական պատում, հանդիսատեսի հետ ուղղակի շփում՝ առանց բեմի առջև «չորրորդ պատի» առկայության։ Իրականության պատրանքի փոխարեն հանդիսատեսը պետք է առանց ավելորդ զգայականության կշռադատեր ու գնահատեր բեմում տեղի ունեցողը։ Եթե ավանդական թատրոնում հանդիսատեսը պետք է ապրումակցեր, հավատար բեմում տեղի ունեցողին, ապա այս դեպքում և՛ հանդիսատեսը, և՛ դերասանները ընդունում էին, որ տեղի ունեցողը խաղ է, ուստի հանդիսատեսը պետք է օտարվի, կողքից նայի ներկայացվող պատումին («օտարման էֆեկտ»)։ Բացի այդ՝ պատումը բաժանվում էր առանձին, ինքնուրույն դրվագների։ Իր պիեսների բեմադրիչներին ուղղորդելու նպատակով Բրեխթը դրանց կցում էր իր մեկնաբանությունները։
1927 թ․ հրատարակվեց Բրեխթի առաջին բանաստեղծական ժողովածուն և սկիզբ առավ համագործակցությունը կոմպոզիտոր Կուրտ Վայլի հետ: Ջոն Գրեյի «Մուրացկանի օպերա» (1728) ստեղծագործության սյուժետային հենքով նրանք ստեղծեցին «Երեքգրոշանոց օպերան», որը 1928 թվականի օգոստոսի 31-ին մեծ հաջողությամբ ներկայացվեց Բեռլինում, ապա՝ գերմանական այլ քաղաքներում: Զվարճալի զուգադիպությամբ հենց «Երեքգրոշանոց օպերան», որ սոցիալական երգիծանքով լի մյուզիքլ էր, Բրեխթին նաև ֆինանսական լուրջ հաջողություն բերեց։ Դրանից հետո նա ստեղծեց հինգ մյուզիքլ, որոնց երաժշտությունը գրել էին Վայլը, Պաուլ Հինդեմիթը և Հանս Այսլերը։
1933 թվականի փետրվարի 28-ին՝ Ռեյխստագի հրդեհման հաջորդ օրը, Բրեխթը լքեց Գերմանիան և բնակություն հաստատեց Դանիայում։ Երկու տարի անց նա զրկվեց Գերմանիայի քաղաքացիությունից, արգելվեցին նրա երկերը։ Հականացիստական շարժումների համար Բրեխթը գրում էր բանաստեղծություններ և փոքր պիեսներ, իսկ 1938-1941 թթ․ նա ստեղծեց իր ամենանշանակալի պիեսներից չորսը՝ «Գալիլեյի կյանքը», «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները», «Բարի մարդը Սեզուանից» ու «Պարոն Պունտիլան և նրա սպասավոր Մատտին»: 1940 թվականին նացիստները ներխուժեցին Դանիա, և Բրեխթը ստիպված էր փախչել Շվեդիա, ապա՝ Ֆինլանդիա։ «Կուրաժ մայրիկը» պիեսը, որ ծրագրվել էր որպես հակապատերազմական նախազգուշացում, բեմադրվեց միայն 1941-ին․ «Գրողները չեն կարող գրել այնքան արագ, որքան արագ կառավարությունները պատերազմներ են սանձազերծում. Ի վերջո, ստեղծագործելու համար մտածել է պետք... «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» ուշացավ»,- դժգոհել է դրամատուրգը։ Նույն թվականին Բրեխթը ԽՍՀՄ տարածքով ճանապարհորդեց դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ գրեց «Կովկասյան կավճե շրջանը» (1941) և երկու այլ պիեսներ։ Հոլիվուդում նա հաջողություն չունեցավ․ պատվերով կինոսցենարներ էր գրում և հազիվ էր ապրուստի միջոցներ վաստակում։ Նրան օգնության ձեռք մեկնեց հին ընկերը՝ գրող Լեոն Ֆոյխտվանգերը։ Լոս Անջելեսում բեմադրված «Գալիլեյի կյանք»-ի անգլերեն տարբերակը ևս սառն ընդունելություն գտավ:
Բրեխթն այդպես էլ չհրաժարվեց իր «ձախ» քաղաքական հայացքներից․․․ Երբ ԱՄՆ-ում սկսվեցին կոմունիզմի համակիրների հալածանքները՝ նա նախընտրեց լքել այդ երկիրը և 1947 թվականի նոյեմբերին տեղափոխվեց Ցյուրիխ, որտեղ ստեղծեց իր հիմնական տեսական աշխատանքը՝ «Փոքր օրգանոնը թատրոնի համար» (1947): Նա հայրենիք վերադարձավ 1948 թվականի հոկտեմբերին ու բնակություն հաստատեց Արևելյան Բեռլինում։ Այս քայլը քննադատությունների տեղիք տվեց․ նրան մեղադրում էին սոցիալիստական ռեժիմին հպատակվելու համար, Արևմտյան Գերմանիայի շատ թատրոններ բոյկոտեցին նրա պիեսները։ Սակայն Արևելյան Բեռլինում էլ նա ճնշումների էր ենթարկվում, քննադատվում որպես «պացիֆիստ», «կոսմոպոլիտ» և նույնիսկ «ֆորմալիստ»: Բոլոր դեպքերում՝ քննադատությունը չխանգարեց գրողին 1950 թ․ դառնալ ԳԴՀ Արվեստի ակադեմիայի անդամ, իսկ չորս տարի անց՝ դրա փոխնախագահ: Հարկ է նշել, որ նա բարություն էր քարոզում ոչ միայն իր պիեսներում, այլև կյանքում․ փորձում էր պաշտպանել արևելագերմանացի հալածյալ արվեստագետներին, օգտակալ լինել ստալինիզմի ճիրաններում հայտնված իր ընկերներին։ 1949 թվականի հունվարի 11-ին Բեռլինում ներկայացվեց Բրեխթի «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» պիեսը, որում գլխավոր դերը կատարեց նրա կինը՝ դերասանուհի Հելենե Վայգելը: Ամուսինները հիմնադրեցին իրենց սեփական թատերախումբը՝ «Բեռլիներ անսամբլը», որը հետագայում ստացավ պետական թատրոնի կարգավիճակ: 1950-1955 թթ. այն շրջագայեց Եվրոպայում՝ ներկայացնելով Բրեխթի լավագույն պիեսներից մի քանիսը և հսկայական հաջողություն ունեցավ։ Ըստ վկայությունների՝ ժամանակից շուտ ծերացած Բրեխթը մահացավ սրտի կաթվածից՝ 1956 թվականի օգոստոսի 14-ին։ «Գալիլեյի կյանք»-ի բեմականացումը նա չհասցրեց ավարտել։
Բրեխթը զգալի ազդեցություն է ունեցել դրամատուրգներ Արթուր Ադամովի և Ֆրիդրիխ Դյուրենմաթի, ռեժիսորներ Ռոբերտ Ուիլսոնի և Եժի Գրոտովսկու, ու շատ ուրիշների ստեղծագործության ու մոտեցումների վրա։
Մատերիալիստական դիալեկտիկայի օրենքներին քաջածանոթ Բրեխթն իր ստեղծագործություններում ու բեմադրություններում հաճախ գործածում էր հակադրությունների միասնության ու պայքարի օրենքը։ Այսպես, «Երեքգրոշանոց օպերայում» հանդես եկող հանցագործ աշխարհն իր դրամասիրությամբ նման է, իսկ ուղղամտությամբ՝ տարբեր կեղծավոր բուրժուական հասարակությունից։ Պիեսի երջանիկ ավարտը Բրեխթի համար ցանկալի տարբերակ է․ կյանքն առանց այն էլ դժվարություններով լեցուն է, թող գոնե բեմում հաղթանակի Բարին․ գոնե թատրոնում «օրենքը պիտի ողորմածությանը ենթարկվի»։ Մեկ այլ՝ «Բարի մարդը Սեզուանից» պիեսի վերջում հնչում են հետևյալ տողերը․
Փորձե՛ք հանուն բարու գտնել
Այնտեղ տանող լավ ուղիներ։
Մերժում ենք նախապես մենք վատ ավարտը,
Այն պե՛տք է, պե՛տք է, պե՛տք է լինի լավը։
Բրեխթյան պիեսները բանավիճային են, դրանք ենթադրում են հանդիսատեսի անմիջական արձագանքը։ «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» հակապատերազմական դրամայի գլխավոր հերոսուհին, ինչպես և գրեթե ամեն մարդ, ըստ Բրեխթի, չի ընկալում պատերազմի կործանիչ բնույթը, մինչև վերջ հավատում է դրան։ Նույնիսկ կորցնելով իր զավակներին՝ հերոսուհին ակնհայտորեն չի ընկրկում, ու դա ցուցադրելով՝ Բրեխթը ջանում էր հասնել նրան, որ գոնե հանդիսատեսը սթափվի։ Բրեխթի թատրոնը մտածողությունը խթանող միջավայր է, այնտեղ կերպարներն ու դրությունները հակասական են ու փոփոխական, իսկ հանդիսատեսը՝ մտածելով ու տրամաբանելով, պետք է որոշակի, հաճախ՝ սոցիալ-քաղաքական բնույթի եզրահանգումների գա։
Բրեխթի բառերով պայքարի կոչող և երգիծական երգեր գրվեցին, որոնք մեծ ժողովրդականություն ստացան։ Բացի հիշվող նշանաբաններից ու բարդ կերպարավորումից՝ իր պիեսներում ևս նա երգ-զոնգեր էր ներառում, որոնք է՛լ ավելի կուռ կառուցվածք ու համոզչություն էին հաղորդում դրանց։ Մասնավորապես, այս հատկությունների շնորհիվ էր, որ Յուրի Լյուբիմովի բեմադրած «Բարի մարդը Սեզուանից» պիեսը ցնցող հաջողություն ունեցավ ու դարձավ Տագանկայի թատրոնի սկիզբն ու խորհրդանիշը։ 2011-ին բախտ վիճակվեց ներկա գտնվել այդ ներկայացման վերջին ցուցադրությանը․ Լյուբիմովը որոշել էր լքել իր իսկ հիմնած թատրոնը։ Ներկայացման առաջնախաղից անցել էր 47 տարի, փոխվել էին դերակատարները, սակայն ներկայացումը չէր «փլուզվել», չէր կորցրել այժմեականությունը, դիտվում էր մեկ շնչով։ Երաժշտությունն, օրինակ, օգնում էր դեկորացիաների փոփոխության ժամանակ պահպանել ներկայացման ռիթմը։ Բացի մեծ ճանաչում գտած զոնգերից, ներկայացումն ուղեկցվում էր բավականին պարզ և հիշվող երաժշտությամբ․ դրա ներքո էին արտասանվում կարևորագույն մենախոսությունները։ Դերասանուհի Ալլա Դեմիդովայի բնորոշմամբ՝ «Լյուբիմովն առաջին անգամ քանդեց «չորրորդ պատը», և դերասաններն ուղղակի դիմում էին հանդիսատեսին։ Սա ամենակարևորն էր, բացի, իհարկե, փայլուն ձևից և բովանդակությունից։ Կարելի է ասել, որ սա լեգենդար Տագանկայի սկիզբն էր։ Ներկայացումը ցնցող էր, արձագանքն՝ այնքան մեծ, որ այսօր դժվար է նույնիսկ պատկերացնել։ «Բարի մարդը Սեզուանից» ներկայացումը հեղափոխություն էր թատերական արվեստում»։ Ներկայացման մեջ հնչում էր բրեխթյան կեսկատակ բանաձևումը, որի կրողներից էր նաև Լյուբիմովը․ «Հետևի՛ր ձևին, և բովանդակությունն ինքնըստինքյան կկարգավորվի»։ 1966 թ․ Լյուբիմովը բեմադրեց «Գալիլեյի կյանքը», որում իր առաջին մեծ թատերական դերը խաղաց Վլադիմիր Վիսոցկին․ առանց դիմահարդարման ու կեղծամների նա ներկայացրեց նշանավոր գիտնականին տարբեր տարիքներում։ Բրեխթյան ավանդույթների համաձայն՝ այս ներկայացման ավարտն էլ լավատեսական էր։
Բրեխթի «Կովկասյան կավճե շրջանը» նրա «էպիկական թատրոնի» տեսության ամենահետևողական արտացոլումներից է․ դրանում սինթեզվում են էպոսն ու դրաման։ Այն «բեմականացում է բեմականացման մեջ», որի հիմքում իշխանազարմ երեխային կենսաբանական մոր և մայրացուի միջև կիսելու մասին արևելյան (Աստվածաշնչյան) առակն է։ Ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի բեմադրությամբ այն դարձավ վրացական թատրոնի ամենաակնառու հաջողություններից։ 1975 թ․ Թբիլիսիի Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնում կայացած առաջնախաղը քննադատները նախ համարեցին բրեխթյան թատրոնի ավանդույթների շարունակություն՝ իր կոպտությամբ և պարզությամբ, սակայն հետագայում նշեցին, որ Բրեխթի մտքերի ընթացքը Ստուրուան շարադրում է այլ, առավել խայտաբղետ թատերական լեզվով։ Բեմադրության հաջողության կարևոր գրավականներից էր Գիա Կանչելիի գրած երաժշտությունը։
Հայ բեմադրիչներն էլ են բազմիցս անդրադարձել Բրեխթի ստեղծագործությանը։ 1966 թ․ «Երեքգրոշանոց օպերան» բեմադրվեց Երևանի Հ․ Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի թատրոնում (բեմադրիչ՝ Մ. Մարինոսյան)․ Մակհիտի դերը կատարում էին Կարպ Խաչվանքյանը և Կիմ Երիցյանը։ Ալեքսանդր Արաքսմանյանի խոսքերով՝ ակնհայտ էր, որ Մարինոսյանը «հասկացել է Բրեխթին, հասկացել է այնքանով, որքանով այդ հնարավոր է առաջին իսկ մերձեցումից այդ բարդ, հակասական դրամատուրգի հետ»: 1973 թ․ Լենինականի դրամատիկական թատրոնը հաջողությամբ ներկայացրեց «Կուրաժ մայրիկն ու իր զավակները» (ռեժ. Ե. Ղազանչյան, Վ. Քոչարյան)՝ Ժաննա Թովմասյանի գլխավոր դերակատարմամբ։ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրված «Կուրաժ մայրիկը» (ռեժ․՝ Ա․ Գրիգորյան, Վ․ Չալդրանյան) 1985 թ․ արժանացավ Հայկական թատերական ընկերության երկրորդ մրցանակին։ Հայկական տարբեր թատրոններ բեմադրել են «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պիեսը․ դրանով է իր ռեժիսորական գործունեությունը սկսել Արմեն Էլբակյանը։ 2020-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարյուրամյակի կապակցությամբ այն վերաբեմադրվեց։ «Կտավը, որ մեր առջև բացում է ռեժիսորը, բացարձակապես բրեխթյան է իր էությամբ և բացարձակապես թագավորական՝ թատերական ֆորմայով»,- այդ առթիվ գրել է մշակութային մեկնաբան Սոնա Մելոյանը։ Նույն թատրոնում 2009-ին կայացավ «Կովկասի կավճե շրջան»-ի առաջնախաղը (ռեժիսոր՝ Տիգրան Գասպարյան): Նշենք նաև, որ Բրեխթի ստեղծագործությամբ և գաղափարներով խորապես հետաքրքրված է եղել կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը, որը Գերմանիա այցելելուց հետո ծրագրել է ստեղծել «Կուրաժ մայրիկ» օպերա, ինչը չի իրականացել, սակայն փոխարենը կուտակված մտահղացումները դրսևորվել են «Կրակե օղակ» օպերայում։
Բրեխթը կարողացավ յուրովի հնչեցնել գերմաներենը։ Անգլիալեզու բանաստեղծ, ծնունդով գերմանացի Միխայել Հոֆմանը գրել է․ «Բրեխթը հաշտեցրեց ինձ գերմաներենի հետ։ Գերմաներեն բանավոր խոսքի կոպտության, ցինիզմի, ոճականության, տնտեսողության հետ։ Դա այն գերմաներենն էր, որով ես կարող էի հպարտանալ, որի հետ կարող էի նույնականանալ»։
Բրեխթի ստեղծագործությունները և տեսական ժառանգությունն այսօր էլ վիճարկվում են, արժևորվում ու քննադատվում։ Սակայն մեկ բան անհերքելի է․ առանց դրանց ժամանակակից թատրոնը և դրամատուրգիան շատ բան կկորցնեին իրենց գրավչությունից ու կենսալիությունից, իսկ արվեստին և գրականությանը, ինչպես հայտնի է, հակացուցված է ձանձրալի լինելը․․․
Աշոտ Գրիգորյան
Դիտումներ: 130
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։