Բակունց-Մակինցյան հանդիպում. եղե՞լ է նման բան

10:12 13.06.2026 · Գրական · Հովիկ Չարխչյան
Կիսվել:

Ակսել Բակունցի մասին պատմող հիշողությունների և գրավոր վկայությունների մեջ կա մի էջ, որ առանձնանում է մյուսներից: Խոսքը «Էջմիածին» ամսագրի 2000 թվականի հունվարյան համարում տպագրված Գևորգ Վրթանեսյանի «Վերջին մոհիկանը» հրապարակման մասին է: Իրականում այս նյութը նվիրված է նշանավոր երաժշտագետ, խմբավար և կոմպոզիտոր Աշոտ Պատմագրյանին: Եվ ահա հեղինակը, խոսելով Պատմագրյանի ճեմարանական ուսումնառության տարիների մասին, մեջբերում է վերջինից լսած հետևյալ պատմությունը.

 

«...Պողոս Մակինցյանը մի տարի եղավ մեր ռուսերենի ուսուցիչը: Նա ամեն բաներ, բայց ոչ ուսուցիչ: Արդեն նա այդ տարիներին իսկ ճանաչված գրականագետ էր, մի բան, որ նրան դարձրել էր շատ հավակնոտ և շուրջիններին՝ ուսուցիչ կամ ուսանող, նայում էր բարձրից: Իր կյանքից հիշում եմ հետևյալ դրվագը:

Ճեմարանը իր փոքրիկ հիվանդանոցն ուներ, ուր պառկում էին հիվանդ աշակերտները: Մի քանի օրով ես այնտեղ պառկած ժամանակ, այնտեղ էին նաև Ակսել Բակունցը և մի երրորդ լսարանական ուսանող: Պատահաբար Մակինցյանը այցելության էր եկել այդ երրորդ ուսանողին: Երկար նստեց և խոսակցության բռնվեց նրանց հետ:  Ես լուռ հետևում էի նրանց խոսակցությանը: Խոսակցության նյութը Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, որ այդ օրերում բռնկվել էր: Ինձ շատ տպավորել է Մակինցյանի և Ակսել Բակունցի միջև եղած այս մտքերի փոխանակությունը: Մակինցյանն այն միտքն արտահայտեց, թե՝ եթե միջազգային հեղափոխությունը պահանջի, որ հայ ժողովուրդը բնաջինջ լինի, չպետք է ցավել դրա համար, պետք է բնաջնջվի: Բակունցը իրենից դուրս եկած պատասխանեց՝ եթե հայ ժողովրդի ազատագրությունը պահանջի, որ միջազգային հեղափոխությունը կործանվի, չպետք է ցավել, թող կործանվի: Մակինցյանը չկարողացավ հանդուրժել մի աշակերտի այս հախուռն արտահայտության, ջղայինացած հեռացավ հիվանդանոցից...»: 

 

Ինչ խոսք, տպավորիչ երկխոսություն է, երկու հակադիր գաղափարախոսությունների, ընկալումների դրամատիկ բախում: Եվ սա անպայման պիտի ազդեցիկ ներգործություն ունենար, եթե... Եթե միայն այն իրական լիներ:

 

Իսկ ինչո՞ւ է ներկայացված պատմությունը կասկածներ հարուցում: Փորձենք հիմնավորել: Սկսենք հետևյալ հարցից՝ արդյո՞ք կարող էր կայանալ Բակունց-Մակինցյան այս հանդիպումը նշված ժամանակահատվածում: Ըստ հուշագրի, զրույցը տեղի է ունեցել 1917թ. հոկտեմբերի 25-ից (նոր տոմարով՝ նոյեմբերի  7-ից), այսինքն՝ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո («Խոսակցության նյութը Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, որ այդ օրերում բռնկվել էր»): Դրա արձագանքը հայաստան կարող էր հասնել մի քանի օր անց: Այժմ տեսնենք, թե որտե՞ղ էին և Ի՞նչ էին անում այդ օրերին Բակունց ու Մակինցյանը:

 

Գանք փոքր-ինչ հեռվից և լսենք հենց իրեն՝ Բակունցին: 1932 թվականի հունիսի 5-ին գրված իր ինքնակենսագրականում Բակունցը ասում է. «1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը»:

 

Ինչպես տեսնում ենք ճեմարանի գործունեությունը դադարեցվել էր, իսկ Գևորգյան ճեմարանի դասարանական բաժնի ավարտական վկայական Բակունցը ստացել է 1917թ. ապրիլի 20-ին, ըստ որի նա ուսումն ավարտել էր 1917թ. մարտի 29-ին: Նույն թվականի մարտի 26-ին, տեղեկանալով, որ ճեմարանը վերաբացելու քայլեր են ձեռնարկվել, ճեմարանի մանկավարժական խորհրդին ուղղված դիմումի մեջ Բակունցը խնդրում էր իրեն ընդունել լսարանական բաժին (Ա լսարան): Նրան պատասխանում են, որ դասերը սկսվելու են հոկտեմբերի 15-ին:

Ենթադրելի է, որ նշված օրից դեռ մի քանի օր առաջ նա արդեն պիտի Էջմիածնում լիներ: Բայց ահա Բակունցի՝ 1924 թվականի փետրվարի 24-ին գրած «Իմ համառոտ կենսագրությունը» շարադրանքում ասվում է. «1917թ. փետրվարյան հեղաշրջումից հետո մինչև 1917 թվականի նոյեմբերը եղել եմ Զանգեզուրում»: Նույնը Բակունցը վերահաստատում է մեկ այլ փաստաթղթով՝ Կոմունիստական կուսակցությանն անդամագրվելու կապակցությամբ գրած իր ինքնակենսագրականի մեջ նա Էջմիածին գնալու և այնտեղ կամավոր զինվորագրվելու փաստը ներկայացնում է իբրև կուսակցական հրահանգ. «1917 թվականի վերջին (նոյեմբեր) եկել եմ Երևան, ապա Էջմիածին (ճեմարան), ուր կուս [ակցության] հրահանգի համաձայն, ճանապարհվել եմ Էրզրում, որպես կամավոր»:

 

Ի՞նչ է հետևում այս ամենից: Ինչպես տեսնում ենք, Բակունցը Գորիսից գնացել էր ոչ թե հոկտեմբերին, այլ նոյեմբերին և ոչ թե Էջմիածին (ինչպես պիտի լիներ, եթե ճեմարանում կրթության շարունակության հարցը առաջնային դիտվեր), այլ Երևան, և հետո միայն, երբ անհրաժեշտություն էր ծագել կամավորագրվել բանակին, Բակունցն ուղևորվել էր Էջմիածին՝ միանալու զինվորագրված ճեմարանականների խմբին: Կնշանակի Բակունցը Գորիսից մեկնել էր բոլորովին այլ նպատակներով և ծրագրերով, ինչի պատճառով էլ մնացել էր Երևանում:

Գալով նրա առողջական խնդրին և հիվանդանոցում հայտնվելու հանգամանքին, հարկ ենք համարում նկատել, որ այս պարագայում էլ խոսք չպիտի լիներ կամավորագրվելու մասին, քանի որ հիվանդներին հազիվ թե բանակ զորակոչեին: Մյուս կողմից էլ՝ ճեմարանի հիվանդանոցում բուժվելու պնդումը կասկածելի է հնչում, քանի որ եթե Բակունցը դեռ պաշտոնապես ճեմարանի լսարանական բաժնի սան չէր, ուրեմն չէր կարող օգտվել տեղի բուժական ծառայությունից: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ նույն օրերին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ ճեմարանի շենքը տրամադրվել էր զինվորական հրամանատարությանը, ապա ընդհանուր պատկերն ավելի հստակ կգծագրվի: Դեպքերից առաջ անցնելով՝ հիշեցնենք նաև, որ արդեն 1917 թվականի դեկտեմբերի 21-ին, քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, կաթողիկոսի որոշմամբ ճեմարանը դադարեց գործել:

 

Հիմա վերադառնանք այս դրվագի մյուս հերոսին՝ Պողոս Մակինցյանին: Այդ նույն օրերին Մակինցյանի մտքերի ու հետաքրքրությունների շրջանակները շատ հեռու էին ճեմարանական թեմաներից: Այսպես, համաձայն ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպության 1917 թվականի նոյեմբերի 6-ի որոշման, Մակինցյանն ու իր ընկերները ներգրավված էին Երևանի բանվորական խորհրդի պատգամավորների գործկոմի կազմում՝ կոնկրետ առաջադրանքներով: Սրա հետ մեկտեղ Մակինցյանը Հայ Ազգային խորհրդի Երևանի մասնաճյուղին անդամակցելու ճիգեր էր գործադրում, իսկ ավելի ուշ գործուղվեց Մոսկվա և տևական ժամանակ մնաց այնտեղ: Քիչ հավանական է, որ այդ խառնակ օրերին նա Էջմիածին գնար, առավել ևս, որ կախյալ վիճակում հայտնված ճեմարանում դասավանդող ուսուցիչներն առանձնապես անելիք չունեին այնտեղ:

Օրեր անց «Հորիզոն» թերթն իր 1918-ի երկրորդ համարում պիտի գրեր. «Էրզրում, 2 հունվարի- Էրզրում հասավ Գևորգյան ճեմարանի ուսանող-կամավորների առաջին խումբը: Սուր կարիք է զգացվում ինտելիգենտ ուժերի»:

 

Առաջնորդվելով վերը շարադրված փաստերով և հանգամանքներով, հակված ենք կարծելու, որ Բակունց-Մակինցյան հանդիպման հնարավորությունը պիտի գնահատել քիչ հավանական:

Անհամապատասխանությունները չափից ավելի են: Եվ, ի վերջո, արձանագրենք ևս մի բան. 1917-ի աշնանը Պողոս Մակինցյանի քաղաքական հայացքները դեռևս այդչափ ծայրահեղ չէին, ինչպես հուշագիրն է պնդում, և դրանք բազմիցս արտահայտվել են նրա այդ շրջանի հրապարակային ելույթներում:

 

 

Հովիկ Չարխչյան

Դիտումներ: 273

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։