Ատոմ Էգոյան. «Փարաջանովն արեց դա, և դա խիզախում էր»

Կիսվել:

Հուլիսի 20-ը  Սերգեյ Փարաջանովի  հիշատակի օրն  է . 36 տարի առաջ Երևանում՝ Հանրապետական հիվանդանոցում վախճանվեց Փարաջանովը, որին չափազանց ծանր վիճակում Երևան էին հասցրել Փարիզում տևական բուժումից հետո: Նրա մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում:

Փարաջանովի հիշատակի օրվա կապակցությամբ մեր ընթերցողներին ենք ներկայացնում Նունե Ալեքսանյանի  հարցազրույցը Ատոմ Էգոյանի հետ «Սերգեյ Փարաջանով, Հավերժական շարժում» գրքից:

  

Նունե Ալեքսանյան -Երբ մենք անդրադառնում ենք հեղինակային կինոյի մեծ վարպետներին, այնքան անկրկնելիորեն  տարբեր մտածողության և գեղագիտության մասին է խոսքը, որ յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ հեղինակը մի ամբողջական և ինքնաբավ գեղարվեստական համակարգ է ներկայացնում: Բայց անկրկնելիների շարքում առավել անկրկնելի է  Սերգեյ Փարաջանովը, որն,  ի սկզբանե, իր կինոմտածողության հիմքում  գերակայությունը տվել է գեղանկարչությանը՝ փաստելով, որ կինոկադրն ընկալում է որպես ինքնուրույն գեղանկարչական կտավ: Ո՞րն էր ձեր նախնական  զգացողությունը, երբ առաջին անգամ  բացահայտեցիք Փարաջանովի կինոն:

 

Ատոմ Էգոյան- Երբ  առաջին անգամ տեսա Փարաջանովի աշխատանքը, գիտեք այժմ արդեն նույնիսկ դժվարանում եմ հստակ վերհիշել, թե երբ էր դա, բայց, այսքան երկար  տարիներ անց, ամենայն ճշգրտությամբ հիշում եմ այն բացառիկ առաջին էմոցիոնալ վերելքը, որն ապրեցի այն ժամանակ և այսօր  կարող եմ ասել, որ այն ինձ համար հայի ենթագիտակցության համապատկեր  էր, մի  ամբողջական թանգարան։ Դա հավաքական աշխատանք էր, որտեղ այնքան շատ, բազմազան  ու բազմաշերտ  մանրամասնություններ, դետալներ, ենթաշերտեր և  գաղտնիքներ կային, որոնք խորհրդանշում են, թե ինչ ասել է մշակույթ ունենալ։ Ի վերջո, Փարաջանովը  նախ և առաջ պատկերի հեղինակ  է. նա ոչ թե նկարահանում է, այլ  պատկերագրում է:

Փարաջանովը բացառիկ կինեմատոգրաֆիկ հայացք ունի և երևի թե չափազանց բարդ է հանդիպել  կինոյի ավելի անսովոր ընկալման ու պատկերման, քան Փարաջանովինն է: Նա, անկասկած, խոսում էր իր  հեղինակային, խիստ անհատական արվեստի  մասին։ Եվ  քանի  որ Փարաջանովն անընդգրկելիորեն մեծ արվեստագետ է, յուրաքանչյուր մեկը, որն առնչվում  է  նրա  ստեղծագործական աշխարհին, տարբեր մեկնաբանություն է ունենում դրա շուրջ։

 

Նունե Ալեքսանյան -Փարաջանովն ապրում  և ստեղծագործում էր մի երկրում, որտեղ ազատ միտքը բոլոր  մահացու մեղքերից ամենածանրն էր: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս էր հնարավոր, որ  նման  փակ հասարակությունում, գաղափարական սարսափելի ճնշումների ու բռնության պայմաններում ծնվեր որևէ կերպ չսահմանափակվող փարաջանովյան կինոն  ու գեղանկարչական արվեստը:   

 

Ատոմ Էգոյան -Փարաջանովն ազատ էր իր երևակայության, անհատական պատկերացումների  ու մտածողության  մեջ։ Նրա դեպքում, կարծում եմ, միակ սահմանափակումը, որ կարող էր լինել, բյուջեի սահմանափակումն էր:

Մենք տեսել ենք խիստ ռեժիմի ազատազրկման վայրերում  ստեղծված նրա ստեղծագործությունները մարդը կարող է ստեղծագործել՝ ազատության աղբյուր գտնելով անգամ փակ տարածքում և համակարգերում։

Ես տեսել եմ այն տան նկարները, որտեղ նա կրել է իր տնային կալանքը, այն ամենն, ինչ նա ստեղծագործել էր այդ տան պատերին: Նրա երևակայությունը  սահմաններ չէր ճանաչում։ Նա զարմանալիորեն կարողանում էր կերտել իր  անհատական տարածքի ստեղծագործական դաշտը, որն էլ  նրան բացառիկության իրավունք է շնորհում:

Մենք պետք է հասկանանք ընդամենը մի բան՝ նա համընդհանուր պատմագետ ու համամարդկային արվեստագետ էր: Նա աշխատում էր վրացիների հետ, ուկրաինացիների, ադրբեջանցիների ու այս ժողովուրդների մշակույթների հետ՝ կիրառելով  կովկասյան՝ հայկական, ուկրաինական, ադրբեջանական արվեստների տարրեր: Պետք է ընդունենք, որ դա կինոյի  առանձնահատուկ  աշխարհ է, և նրա արվեստը վեր է ցանկացած սահմանումից:

Սովորաբար մենք համարում ենք, որ նա միայն հայ արվեստագետ է, բայց նա այն ստեղծագործողն  էր, որը  բռնադատված էր և փորձում էր կերտել սեփական զգացողությունը, թե ինչ ասել է ինքնություն։ Եվ նա բացառիկ ուժեղ անհատականություն էր։ Նա  մարդկանց վարակում էր իր անսպառ  էներգիայով, կատարելության ձգտումով  և գեղեցկության  պաշտամունքով:

 

Նունե Ալեքսանյան -Փարաջանովի գեղագիտությունը և՛ կինոյում, և՛ նրա կոլաժներում թերևս ամենաանհավանական, հաճախ խիստ իրարամերժ գնահատականների ու  մեկնաբանությունների է արժանացել: Դուք ինչպե՞ս եք  գնահատում այդ հակասականությունն  ու նրա արվեստի մեկնաբանություններն ընդհանրապես։

 

Ատոմ Էգոյան -Մարդը կարող է տեսնել Աստվածաշնչի պատկերներ Հաղպատի պատին: Եվ այս դեպքում էլ կարող ենք առնչվել այն փաստի հետ, որ այդ հնամենի եկեղեցին խորապես կրում է իր պատմությունն ու իմացությունը։ Եվ կան ակնհայտ բաներ,  օրինակ՝ անձրևները, խոնավությունը… այդ ամենը  հարուստ է և ոգեշնչող։ Այն արթնացնում է բազմաթիվ իմաստներ։ Շա՛տ, շատ վտանգավոր է այդ ամենը  սահմանափակել մեկ՝ եզակի իմաստով։ Եթե ուշադրություն դարձնեք մարդկանց վրա գցվող շղարշների գրությանը, ապա կնկատեք, որ ավանդական տառերով չեն, հայերեն չեն ու անգամ չեք կարողանում կարդալ այն:

Հիմա բոլորն անվերապահորեն ընդունում են  Փարաջանովի «Սայաթ-Նովան», բայց ի՜նչպիսին էր իրավիճակը, երբ այն ստեղծվում էր Խորհրդային Հայաստանում, ի՜նչ մթնոլորտ էր. դա միայն կասկածամտությո՞ւն էր թե՞ համընդհանուր մերժում: Եվ ինչպես էին  վերաբերվում այն արվեստագետներին, այն մարդկանց, որոնք կոտրում էին կարծրատիպերն  ու անտեսում սահմանափակումները: Փարաջանովն արեց դա,  և դա խիզախում էր:

Արվեստի նրա տեսլականն  անվերջանալի հայելի է՝ հնարավոր բազմակի իմաստներով։ Բայց դրանցից յուրաքանչյուրն էլ ճշմարիտ  է ու իրական։ Եվ նրանք բացարձակ իրական են հանդիսատեսի, դիտողի  համար։ Նրա արվեստում  հանդիսատեսը գտնում է իր խիստ անհատական իմաստը, ու բնավ պարտադիր չէ, որ այն համընկնի կանխավ մտածված նշանակության հետ։

 

 

Հարցազրույցը ՝ Նունե Ալեքսանյանի   

Դիտումներ: 187

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։