«Ապրում եմ հացի ու տեսիլի արանքում»… Ինչպիսին էր իրական Ֆաինա Ռանևսկայան, և ինչի համար էր զղջում մեծ դերասանուհին

Կիսվել:

«Մոսլենտա»-ն որոշել է հիշել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ֆաինա Ռանևսկայայի՝ ոչ թե էկրանային, այլ իրական մոսկովյան պատմությունը, քայլել է նրա սիրելի փողոցներով և եղել  այն վայրերում, որտեղ նա ժամանակին եղել է։

 

Սրբազան արվեստի որոնումների մեջ

 

Թվում է, թե դերասանուհին ամբողջ կյանքում կատակում էր, սրամտում, թևավոր խոսքեր էր ասում։ Իրականում հայտնի չէ, թե դրանցից որոնք է  արտահայտել Ֆաինա Գեորգիևնան, և որոնք են հետագայում վերագրվել նրան։ Բայց դա կարևոր չէ։ Ամենակարևորն ու անվիճելին այն է, որ Ֆաինա Գեորգիևնան փայլուն դերասանուհի էր։ Ցավոք, նա քիչ խաղաց։ Վալենտին Գաֆտը մի էպիգրամ ունի այսպիսի խոսքերով.

 

«Օ՜, բազմաչարչար Ֆաինա,
Թանկարժեք, փակված դաշնամուր,
Տխուր նոտաները նրանում ճիշտ կեսն են,
Նույնքան էլ՝ չնվագված։
Ափսոս»։

 

Բայց դրանում տխուր օրինաչափությունը կա։ Ռանևսկայայի բնավորությունն անզիջում էր, խոցող։ Դիմահարդարներն ու հանդերձապահները վախենում էին նրանից, գործընկերները՝ զգուշանում։ Ռեժիսորների հետ նա մշտապես պայքարում էր. Պիրևի հետ վիճում էր, Զավադսկու հետ՝ կռվում, Յուրսկու հետ՝ բանավիճում։ Եվ դա զարմանալի չէր. Ռեժիսորները՝ բռնապետներ են, իսկ Ռանևսկայան չէր հանդուրժում թելադրանքը։

Նա խաղում էր  հինգ մոսկովյան թատրոններում՝ Կամերային, Կարմիր բանակի (այժմ՝ Ռուսական բանակի), Դրամատիկական (այժմ՝ Մայակովսկու անվան), ինչպես նաև Պուշկինի անվան և Մոսսովետի թատրոններում։ Փայլատակել է նաև Սիմֆերոպոլի, Բաքվի, Արխանգելսկի, Սմոլենսկի և Ստալինգրադի թատրոններում։ Իսկ առաջին անգամ Ռանևսկայան բեմ է բարձրացել մերձմոսկովյան  Մալախովկայի Ամառային թատրոնում՝ Լեոնիդ Անդրեևի «Նա, ով ապտակներ է ստանում» պիեսի բեմադրության մեջ։

 

 

Բարձրահասակ աղջիկը կանգնած էր լուռ։ Բայց ոչ այն պատճառով, որ մոռացել էր դերը։ Պարզապես նրա կերպարը խոսքեր չուներ...

Կյանքի վերջին տարիներին Ռանևսկայային հարցրել են, թե ինչու էր նա ամբողջ կյանքում թատրոնից թատրոն թափառում։ Նա պատասխանել է. «Ես սրբազան արվեստն  էի փնտրում»։ «Գտա՞ք»։ «Այո»։ «Որտե՞ղ»։ «Տրետյակովյան պատկերասրահում»։

Ռանևսկայան դանդաղ և ցավոտ էր մտնում կերպարի մեջ: Եվ հաճախ կորցնում էր ինքնատիրապետումը՝ մեկը մյուսի հետևից վառելով ծխախոտը։ Նրա գլխավերևում,  բեմի վրա հուշարձանի պես  պտտվում էր ծխի մշուշը՝ ասես մարտադաշտի վրա կախված վառոդի ամպեր։

 

Բորիս Պաստեռնակը «Դերասանուհի» բանաստեղծություն ունի։ Այն նվիրված է դերասանուհի-հեքիաթասաց Անաստասիա Զուևային, սակայն նրա տողերը  համապատասխանում են նաև Ֆաինա Ռանևսկայայի կերպարին.

 

…Ժամանակների դաժանությունը մեղմանում է,
Բառերը կորցնում են նորարարությունը։
Տաղանդը միակ նորությունն է,
Որը մշտապես նոր է։

Փոխվում են խաղացանկերը,
Ծերանում է կյանքի խառնաշփոթը։
Միայն շնորհին չի կարելի ընտելանալ,
Երբ այն այնքան հզոր է, որքան ձերը…

 

 

Տղաս, սիրելիս, հարազատս

 

Երբ նշում էին նրա հերթական արտիստական հոբելյանը, Ռանևսկայան ժպիտներ էր շռայլում էր և  ընդունում  էր հաճոյախոսություններ։ Բայց տանը հանում էր բարեհոգության դիմակը և ազատություն տալիս սարկազմին։ Կնճռոտվում էր՝ «թաղման պարագաները» զննելիս, այդպես էր նա անվանում պետական պարգևները, և փնթփնթում էր. «Տանել չեմ կարողանում մեծարումը։ Դերասանը նստած է քարե արձանի  պես, իսկ նրան քծնում են, գլուխ խոնարհում։ Դա որևէ մեկին պետք չէ։ Ի՞նչը կարող է ավելի նողկալի լինել, քան բազկաթոռին նստած մի ծեր կնոջ խնկարկումը իր հոդատապի առիթով։ Լավագույն հոբելյանը լավ ներկայացումն է»։

Նա գրել է լակոնիկ, տխուր «հուշեր».

«Բոլոր նրանք, ովքեր սիրում էին ինձ, ինձ դուր չէին գալիս։ Իսկ ում ես էի սիրում, ինձ չէին սիրում։ Իմ արտաքինն ինձ զրկել է անձնական կյանքից»։ Ռանևսկայան դառը քմծիծաղում էր. «Ինչքան շատ սեր կա, բայց դեղատուն գնացող չկա»։

Ներկայացումներից հետո ծաղիկներով ողողված դերասանուհին վերադառնում էր տուն։ Դռան մոտ նրան դիմավորում էր Տղան։ Նա նրան պատմում էր, թե ինչպես է անցել օրը, քանի անգամ են իրեն հետ կանչել բեմ ՝ խոնարհվելու։ Տղան ուշադիր լսում էր, նայում իր հավատարիմ աչքերով, բայց լռում  էր, որովհետև շուն էր։

Ռանևսկայան այդ հավատարիմ արարածին զվարճալի տողեր   է նվիրել .«Տղաս, սիրելիս, հարազատս, նա սողալով եկավ իմ տուն։ Նա ինձ հետ է գիշեր ու զօր,
որովհետև նա իմ դուստրն է»։

Այս խոսքերում անսահման թախիծ կա ՝ այն ամենի համար, ինչը շրջանցեց նրան, չիրականացավ, չկատարվեց…

 

 

 

 

Տվերսկոյ բուլվարի օդը

 

Ռանևսկայան մի քանի կարևոր մոսկովյան հասցեներ ունի։ Նա ապրում էր Ստարոպիմենովսկի նրբանցքում՝ փոքրիկ, երկարավուն սենյակում՝ ծոցային պատուհաններով։ Հյուրերին Ռանևսկայան ասում էր. «Ապրում եմ Դիոգենեսի պես։ Ցերեկը՝  լույսով»։ Կոմունալ բնակարանի նրա մութ օթևանում իսկապես մշտապես լույս էր վառվում։

Ստարոպիմենովսկից դերասանուհին տեղափոխվեց Կոտելնիչեսկոյի առափնյա փողոցի նորակառույց բարձրահարկի առանձին բնակարան։ Ի դեպ, 50-ականների սկզբին սա բավական մեկուսի ու վտանգավոր վայր էր։ Շուրջը հին, փոքրիկ տնակներ էին խցկված, իսկ  տնային տնտեսուհիները սպիտակեղենը  Յաուզում  էին լվանում;

 

Տարբեր ժամանակներում Ռանևսկայայի հարևաններն  էին  դերասան Ալեքսանդր Շիրվինդտը, կենդանիներ վարժեցնող Իրինա Բուգրիմովան, կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկին, երգչուհի Լյուդմիլա Զիկինան, բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն և այլ հայտնի  դեմքեր։

Նա ապրում էր բարձրահարկի երկրորդ հարկում և լսում էր, թե ինչպես են հաց բերում  խանութ, ինչպես են բեռնակիրները հայհոյում, ինչպես են հանդիսատեսները բարձրաձայն զրուցելով գնում կինոթատրոն «Զնամյա», որն այնուհետև դարձավ «Իլյուզիոն»։ Դերասանուհին տանել չէր կարողանում  աղմուկը և մռայլ կատակում էր. «Ապրում եմ հացի ու տեսիլի արանքում»

Ռանևսկայայի վերջին հասցեն Յուժինսկի նրբանցքի շենքի հարմարավետ բնակարանն էր։ Այժմ այն կոչվում է Բոլշոյ Պալաշևսկի նրբանցք։ Դա հանգիստ ու կանաչ անկյուն է՝ Պատրիարշիից ոչ հեռու։  Շենքի բնակիչները հանգիստ, մտավորական մարդիկ էին, նրանց թվում էին Ֆաինա Գեորգիևնայի գործընկերները՝ Ելենա Ֆադեևան, Անաստասիա Զուևան, Գեորգի Տարատորկինը։

Յուժինսկից մինչև Մոսսովետի թատրոն, որտեղ դերասանուհին աշխատում էր  վերջին տարիներին, շատ հեռու չէր՝ ոտքով՝ մոտ տասնհինգ րոպե Գորկու փողոցով, որն այժմ կոչվում է Տվերսկայա,: Իսկ Տվերսկոյ բուլվարը, որտեղ Ռանևսկայան զբոսնում էր  իր Տղայի հետ, ընդամենը  մի քանի քայլի վրա էր։ Նրա ընկերուհին՝ դերասանուհի Նինա Սուխոցկայան, Ալիսա Կոոնենի զարմուհին, վստահեցնում էր, որ Մոսկվայի այդ անկյունում օդն ավելի լավն է, քան շվեյցարական  Ալպերում։

 

Հին մուշտակը՝ «ծագումով» Կրեմլից

 

Ռանևսկայայի մյուս ընկերուհին Աննա Ախմատովան էր։ Երկու մեծանուն կանայք քայլում էին փողոցով, և ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրանց։ Եվ դա շատ տեղին էր, որովհետև հաճախ նրանք խոսում էին այնպիսի բաների մասին, որոնց տարածվելը վտանգավոր էր։

Բայց նրանք, այնուամենայնիվ, պահպանում էին գաղտնիությունը և գնում էին Օրդինկայի սկզբում գտնվող փոքրիկ պուրակը: Այնտեղ հանգիստ ու խաղաղ էր․ միայն մայրիկներն ու տատիկներն էին՝ ավազներում խաղացող  երեխաների հետ։ Ռանևսկայան ու Ախմատովան այդ վայրը անվանել էին «Լավրենտի Պավլովիչի պուրակ»…

Ֆաինա Գեորգիևնան երեք Ստալինյան մրցանակ ուներ։ Բայց անձամբ Ստալինին նա երբեք չէր տեսել։ Մի անգամ, ըստ լուրերի, առաջնորդը նրան ազդեցիկ հաճոյախոսություն էր արել։ Իսկ Ռանևսկայան «ի պատասխան» գովել էր մուշտակը, որը ժամանակին պատկանել էր նրա դստերը՝ Սվետլանա Ալիլուևային։

Ավազագույն երանգի այդ հրաշքը՝ բազմաթիվ ձեռքերից ու մարմիններից  ինչ-որ կերպ հայտնվել էր դերասանուհու մոտ։ Երբեմնի գեղեցիկ ու նորաձև մուշտակը, ապրել էր իր ժամանակը․ հնացել ու մաշվել էր։ Բայց այն դեն նետելն ափսոս էր։ Չէ՞ որ այն «ծագումով» Կրեմլից էր և գուցե նույնիսկ անձամբ Ստալինն էր դիպչել դրան, երբ այն հագցրել էր իր դստերը։

 

 

Մոսկվա` հեռու և մոտ

 

Ռանևսկայայի կյանքը վաղուց անցած-գնացած դարաշրջան է։ Բայց անցյալը հեշտությամբ կարելի է վերադարձնել։ Մի քանի հարված համակարգչի ստեղներին, և ահա էկրանն արդեն վերակենդանանում է, ու նրանով հին կադրեր են անցնում։ Դա «Ընկեցիկ»-ն է՝ դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը։ Ֆիլմն  արժեքավոր է  նաև նրանով, որ այն վավերագրել է նախապատերազմյան Մոսկվայի կյանքը:

Ֆիլմում մայրաքաղաքը պայծառ է, ուրախ, ամառային արևով ջերմացած։ Ահա Չիստիյե Պրուդին, իսկ սա՝ Օխոտնի Րյադը։ Երևում  է«Մետրոպոլ»-ը, հաջորդը՝ Աշխատանքի և Պաշտպանության Խորհրդի համար կառուցված մեծ շենքն է։ Այստեղ էր գտնվում Գոսպլանը, իսկ այժմ՝ Պետական դուման։

Ֆիլմի հերոսները՝ Լյալյան (Ռանևսկայա), նրա ամուսին Մուլյան (Պյոտր Ռեպնին) և փոքրիկ Նատաշան (Վերոնիկա Լեբեդևա), քայլում են Գորկու փողոցով։ Հոսում է հետիոտների գետը, լսվում են սուլոցներ ու բացականչություններ, տրամվայներն ու տրոլեյբուսները սլանում են մայթեզրի երկայնքով, այդ թվում՝ զարմանալի երկհարկանիները։

 

 

Տեսախցիկը ցուցադրում է   նաև մայրաքաղաքի այլ անկյուններ՝ Լենինի գրադարանը, Բելոռուսական  կայարանը, Նիկիտսկի բուլվարը, «Կոլիզեյ» կինոթատրոնը, Օգարյովի փողոցը՝ այժմ Գազետնի նրբանցքը, Մանեժնայա հրապարակը…

Հին մեղեդի   է հնչում։ Հեռավոր անցյալից մեզ է ժպտում դերասանուհի Ռանևսկայան, և լսվում է նրա զարմացած ձայնը․ «Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս անցավ կյանքը, իսկ ես նույնիսկ երբեք չլսեցի, թե ինչպես են երգում սոխակները …»

 

 

Թարգմանությունը ռուսերենից ՝  Սեդա Հոգոցյանի

Դիտումներ: 92

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։