Աննա Ախմատովա․ արքայավայել կեցվածք կյանքում և պոեզիայում

11:45 25.08.2026 · Գրական · Աշոտ Գրիգորյան
Կիսվել:

«Ռուսական պոեզիայի թագուհի» հռչակված Աննա Ախմատովայի ստեղծագործության համար առանցքային է անդրադարձը բանաստեղծական ներշնչման, ոգեշնչման, տեսիլքի, հայտնության խրթին ու անմեկնելի դրսևորումներին։ Կյանքի մեծ մասը խորհրդային իրականության` կոլեկտիվիզմի, բռնաճնշումների, արգելքների պայմաններում անցկացրած Ախմատովայի պոեզիան խորապես անձնական է, մինչև իսկ անհատապաշտական։ Նույնիսկ բոլորի հետ դեպի բանտի ընդունարան ձգվող հերթում կանգնած՝ նրա քնարական հերոսուհին («Ռեքվիեմ» պոեմ) մնում է ինքն իր մեջ քաշված, յուրովի է ողբում իրականությունը և իր վիճակը․․․ Ապրումակցում է բոլոր տառապողներին, աղոթում բոլորի համար՝ երբեմն բոլորի անունից («Շատերի անունից եմ հավանաբար խոսում՝ / Խենթերի, վշտոտների, համրերի, ընչազուրկների․․․»), բայց չի միախառնվում ամբոխին, չի դառնում դրա բաղկացուցիչը (ախմատովագետ Ա․ Պավլովսկու խոսքերով՝ նախընտրում է իշխել, ոչ թե ենթարկվել աշխարհին)։ Նրա հիմնական զրուցակիցն էլ Աստված է, աներևույթ ուժերը, գերբնական հյուրերը, մեծ ժամանակակիցներն ու նրանց ստվերները՝ առաջին ամուսինը՝ Նիկոլայ Գումիլյովը, որդին՝ Լևը, Ալեքսանդր Բլոկը, Սերգեյ Սուդեյկինը, ուրիշներ։ Նրա բանաստեղծություններում թևածում է թախիծը, գերիշխում են կորուստն ու ցավը, սակայն դրանցում միշտ անսքող վեհություն կա, մեղավոր հպարտություն, այսինքն՝ դարասկզբի ռուսական պոեզիայի և անտիկ բանաստեղծական ավանդույթների յուրատեսակ համադրություն։ Իր 1914 թ․ երկտող բանաստեղծություններից մեկում դիմելով նույն Բլոկին՝ նա գրել է․

 

Քեզնից էր գալիս ինձ տագնապը

և բանաստեղծելու հմտությունը։

 

Հաճախ հանդիսավոր ու էլեգանտ է նաև նրա բանաստեղծությունների ռիթմը։ 1912-ից Ախմատովային լավ ճանաչած Կորնեյ Չուկովսկին պատմել է, որ դեռ այն ժամանակ նա «նույնչափ քաջասիրտ էր, ինքն իրեն հավատարիմ ու վեհասքանչ»։ Ոչ մի ռուս բանաստեղծուհի այնքան չի բնորդել արվեստագետներին, որքան նա, ու ի՜նչ անուններ են՝ Մոդիլիանի, Պետրով-Վոդկին, Ալտման, Աննենկով, Սարյան և այլն։ Իսկ ավելի ուշ նրա կերպարը ոգեշնչել է նկարչուհիներ Ռեգինա Ղազարյանին ու Դիանա Ուկլեբա-Գրիգորյանին։

Ախմատովայի բանաստեղծական մտածողությունը կոնկրետ է, լակոնիկ, լավագույնս ըմբռնելի, ինչը հազվագյուտ երևույթ է այդ սերնդի բանաստեղծների համար․ պարզությունն ու առարկայականությունն ընդհանրապես առանցքային մոտեցում է բանաստեղծուհու պատկանած գրական ուղղության՝ ակմեիզմի համար (ի հակադրություն խորհրդապաշտությանը հատուկ միստիցիզմին)։ Վահագն Դավթյանի խոսքերով՝ «բացեք ցանկացած էջը, կարդացեք ամենաքնքուշ բանաստեղծությունը և չեք կարող չտեսնել այն պրոզայիկ մանրամասները, որ աննկատելիորեն կենդանություն ու հոգեբանական հավաստիություն են տալիս նրա խոսքին»։ Գրչընկերներն ու գրականագետներն Ախմատովա-բանաստեղծի ծագումնաբանությունը սկսում էին ռուսական արձակից, քանզի «իր բանաստեղծական ձևը՝ սուր և ինքնատիպ, նա զարգացնում էր՝ հետևելով հոգեբանական արձակին» (Օսիպ Մանդելշտամ)։ Մատնանշելով Լև Տոլստոյի, Տուրգենևի, Դոստոևսկու և մինչև իսկ Լեսկովի ստեղծագործությունները՝ Մանդելշտամը գրում էր, որ Ախմատովան «ռուսական քնարերգություն բերեց 19-րդ դարի ռուսական վեպի ողջ վիթխարի բարդությունը և հոգեբանական հարստությունը»։

Ախմատովայի պոեզիայում բացառիկ է նաև իրեն անմիջականորեն առնչված պատմական արհավիրքների վերապրումը․ երկու համաշխարհային պատերազմները, հեղափոխությունները, կարմիր տեռորը, ստալինյան բռնաճնշումներն իրենց անմիջական հետքն են թողել թե՛ բանաստեղծուհու կենսագրության, թե՛ նրա ստեղծագործության վրա։ Ախմատովան այս դառն իրականությունը խտացրել է մեկ հարց-նախադասությամբ․ «Ասացեք խնդրեմ, ինչու՞ էր իմ վիթխարի երկրին այդքան հարկավոր իր բոլոր տանկերով անցնել մի հիվանդ պառավի կրծքավանդակի վրայով»։ Իոսիֆ Բրոդսկուն վերաբերող նրա բանաձևումը՝ «ի՜նչ կենսագրություն են սարքում մեր խարտյաշի համար» միանգամայն կարելի է կիրառել հենց իր՝ Ախմատովայի նկատմամբ․ ավելին՝ առանց ապրված հոգևոր խռովքի ու տառապանքների նա չէր լինի այն, ինչ եղավ։ Նույնը չենք կարող ասել Մարինա Ցվետաևայի կամ նույնիսկ Օսիպ Մանդելշտամի մասին, նրանց դեպքում պատմական իրադարձությունները, «ահեղ դարը» այդ աստիճան չեն արտացոլվել ու միահյուսվել զուգահեռաբար և՛ կենսագրությանը, և՛ պոեզիային։ Անհնար է պատմական փորձառությունից անջատ դիտարկել Ախմատովայի մեծակտավ երկերը՝ «Քառասուն թվին» շարքը, «Ռեքվիեմը» կամ «Պոեմն առանց հերոսի»։ Որպես սիրերգակ էլ Ախմատովան առավելագույնս կոնկրետ է, նա գրում է ոչ թե ընդհանրապես սիրո, այլ ասենք «արծաթե դարի» կամ հետպատերազմյա անուրախ ժամանակների սիրային ապրումների մասին․

 

Մենք հանդիպեցինք ծանր մի տարի,

Երբ որ ամեն ինչ հոգնած էր, հատած,

Երբ որ ամեն ինչ ուժերից վեր էր։

Թոշնած ու դալուկ գրկում խավարի,

Եվ թարմ էին լոկ գերեզմանները: (թարգմ․՝ Մ․ Մարգարյան)

 

Ամեն պատկերի հետևում ժամանակն է, պատմական ճակատագիրը։ Շրջապատի կարծիքով՝ Ախմատովան օժտված էր պայծառատեսական շնորհով․ այսպես, «Մոխրագույն աչքերով արքա» բանաստեղծության (1910) քնարական հերոսի հավանական նախատիպը՝ Նիկոլայ Գումիլյովը երկրորդեց հերոսի ողբերգական վախճանը։

Ախմատովայի բանաստեղծական ընթացքը մեծ վայրէջքներ չի ունեցել, նա մինչև վերջ էլ մնացել է ոչ միայն զգացմունքների, այլև մտքի բանաստեղծ։ Կյանքում էլ հետևել է սեփական սկզբունքներին, հաստատակամորեն է տարել հալածանքները, ատելությամբ չի լցվել չարակամների հանդեպ՝ մահվանից մեկ տարի առաջ գրելով․

 

Եվ չունեմ ոչ մի պահանջ ու բողոք,

Ոչ ընդդեմ դարի, ոչ՝ շրջապատի։

 

Աննա Գորենկո պրոզայիկ անունով աղջնակը ծնվել է Օդեսայի մերձակայքում՝ 1889 թվականին, ինժեներ-մեխանիկի ընտանիքում։ Տարիներ անց այցելելով այդ վայրերը՝ նա ասել է․ «Երբևիցե այստեղ իմ հուշատախտակը կկախեն», ինչին նրա մայրը հակադարձել է․ «Աստվա՛ծ իմ, ի՜նչ վատ եմ քեզ դաստիարակել»։ Սակայն դուստրն իրավացի էր․ հարթաքանդակով հուշատախտակ հետագայում իսկապես տեղադրվեց։

Մեկ տարեկան էր Աննան, երբ հայտնվում է ճակատագրի առաջին նախանշանը․ ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոյե Սելո՝ արքունի գյուղ։ Այստեղ էլ նա արել է առաջին գրական փորձերը։

Հայրը բողոքել է, որ բանաստեղծություններ գրող դուստրը խայտառակում է իր ազգանունը, ուստի հպարտ, անսանձ, իրասածի Աննան վերցրել է նախատատի ազգանունը, որն ըստ մտացածին ընտանեկան ավանդույթի կապվում էր թաթարական խանի անվան հետ։ Իր կենսագրության շուրջ նա հաջողությամբ միֆեր էր ստեղծում, ինչը բնորոշ է անհատապաշտական հայացքներ կրող, տարաշխարհիկ մարդկանց (2007-ին այս թեմայով մի աղմկահարույց և խիստ անարդարացի գիրք լույս տեսավ՝ «Անտի-Ախմատովա»)։

14 տարեկանում ծանոթացել ու մտերմացել է բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովի հետ․ վերջինիս ցնցել է նրա ոգեշնչված գունատ դեմքն ու նուրբ կազմվածքը։ Սակայն «Ցարսկոսելյան զվարթ մեղսուհին» տարիներ շարունակ ընկալել է նրան որպես եղբայրացու, չի փոխադարձել նրա սերը։ Այդ ընթացքում վերապրելով անձնական դրամա՝ փորձել է կյանքին վերջ տալ։ Ի վերջո, հաստատ չիմանալով՝ սիրում է, թե ոչ՝ 1910-ին արել է այդ ճակատագրական քայլը՝ ամուսնացել է Գումիլյովի հետ։ Չնայած խելահեղ սիրուն՝ Գումիլյովը չէր ընդունում կին բանաստեղծներին, քամահրանքով էր արտահայտվում Ախմատովայի տաղանդի հանդեպ, բացառություն անելով միայն իր աշակերտուհու՝ Իրինա Օդոևցևայի համար։

 

Akhmatova

 

Ախմատովան սովորել է տարբեր իգական գիմնազիաներում ու բարձրագույն դասընթացներում, անկանոն կրթությունը լրացրել է ինքնակրթությամբ՝ դառնալով ժամանակի բազմակողմանի կրթյալ անհատականություններից մեկը։

Առաջին ժողովածուների («Երեկո», 1912; «Համրիչ», 1914; «Սպիտակ երամ», 1917 և այլն) հրատարակությունից հետո Ախմատովան լայն ճանաչում է ձեռք բերել։ Բարձրահասակ, բարեկազմ, խիտ ու երկար մազերով, երբեմն՝ երկնագույն կամ կանաչ, երբեմն՝ մոխրագույն թվացող աչքերով բանաստեղծուհին միշտ շրջապատված էր երկրպագուներով․ նրանցից մեկն անպատասխան սիրո պատճառով ինքնասպանություն է գործել։

Բանաստեղծուհու կենսագրությունը փաստերի ու հորինվածքի միախառնում է։ Ըստ նման մի պատմության՝ մի օր գնացքով երթևեկող Ախմատովան ծխելու ցանկություն է ունենում, սակայն լուցկի չի գտնում։ Հարթակում լուցկի է խնդրում այնտեղ հայհոյաբանող կարմիրբանակայիններից, սակայն նրանց մոտ էլ չի լինում։ Ի վերջո, Ախմատովային հաջողվում է վառել ծխախոտը շոգեքարշից թափվող բոսորագույն, հաստ կայծերից։ Տղաները հիանում են. «Սրա նմանը հաստատ չի կորչի»։

Վեհ կեցվածքի ու պահելաձևի պատճառով շրջապատում նրան հաճախ «թագուհի» էին կոչում։ Այսպես է նրան նկարագրել Կ․ Չուկովսկին․ «Ոչ թե գոռոզություն, ոչ թե ամբարտավանություն ու ինքնահավանություն, այլ հենց «արքայական» վեհասքանչություն, մոնումենտալ կարևորության քայլք, ինքն իր, սեփական գրական բարձր առաքելության նկատմամբ հարգանքի անսասան զգացում»։

Կյանքի վայրիվերումներին ու անակնկալներին տոկունորեն դիմակայող բանաստեղծուհին նշում էր, որ ճաշակել է և՛ մեծ փառք, և՛ անփառունակություն, ու համոզվել է, որ վերջին հաշվով դրանք նույն բանն են։ Հայրենիքին պատուհասած ողբերգությունները ցավալիորեն անդրադարձան բանաստեղծուհու ճակատագրի վրա․ կյանքին վերջ տվեց տարագրյալ եղբայրը, գնդակահարվեց առաջին ամուսինը, երկրորդը մահացավ թոքախտից, երրորդը՝ կալանավայրում, այնտեղ էր նաև նրա միակ որդին, հետո  Լենինգրադի շրջափակումն  էր , տարհանումը, ելույթները վիրավոր զինվորների առջև, իսկ 1946-ին կոմկուսի կազմբյուրոյի որոշումից հետո Ախմատովան ու նրա գրչընկեր Միխայիլ Զոշչենկոն ենթարկվեցին նոր հալածանքների ու վտարվեցին Գրողների միությունից։ Ենթադրվում է, որ չարամիտ հետապնդումների նախաձեռնողն անձամբ Իոսիֆ Ստալինն էր․ պատճառը խանդն էր, քանի որ «բեղավոր բռնակալի» սիրելի դուստրը՝ Սվետլանան,  իր սերնդակիցներից շատերի պես Ախմատովայի ստեղծագործության երկրպագուն էր։ Նամակներից մեկում Սվետլանա Ալիլուևան գրել է․ «Պատանեկությունից եմ սիրում Ախմատովայի հատուկ բառերի ճշգրտությունը․․․»։ Ի դեպ, հետագայում գրված բանաստեղծությունում Ախմատովան վերհիշել է, թե «առաջնորդի դուստրը կարդում էր գրքերս / և դառնորեն էր նրա հայրը խոցված»։ Ռուս բանաստեղծության թագուհու ու «ժողովուրդների հոր» հակակրանքը փոխադարձ էր․ ամեն տարի Ախմատովան նշում էր Ստալինի մահվան օրը՝ ընկերների հետ բաժակ բարձրացնելով, ու զուգադիպությամբ ինքն էլ մահացավ նույն օրը՝ 1966 թ․ մարտի 5-ին։

Բանաստեղծուհին Հայաստանում երբևէ չեղավ, սակայն առանձնահատուկ կերպով էր կապված մեր երկրի և գրականության հետ․ «Ոմանք, ինչպես Պաստեռնակը, նվիրվում են Վրաստանին։ Իսկ ես միշտ բարեկամություն եմ արել Հայաստանի հետ»։ Հայաստանից վերադարձած Օսիպ և Նադեժդա Մանդելշտամները նրան կնքել են Անուշ անունով՝ «ի հուշ Հայաստանի»։ Բարձր վարպետության դրոշմն են կրում հայ բանաստեղծներից կատարած նրա թարգմանությունները։ Իսկ իր անձնական ողբերգությանը նա անդրադարձել է՝ ռուսերենի փոխադրելով Հովհաննես Թումանյանի «Երազումս մի մաքի․․․» քառյակը՝ վերանվանելով այն «Նմանություն հայկականին»։ Հայ բանաստեղծներն առանձնակի համակրանքով են վերաբերվել Ախմատովային․ Վահան Տերյանը 1916 թ․ Նվարդ Թումանյանին գրել է. «Ես սիրում եմ այդ բանաստեղծուհուն: Դու էլ սիրի՛ր նրան: Նա արժանի է սիրո` մեր եւ բոլոր արվեստասերների»։ Իսկ Չարենցը կյանքի վերջում նրա մասին արտահայտվել է որպես «մեծ, ինձ վաղուց հայտնի ռուս բանաստեղծուհու»։

1920-ականներից սկսած Ախմատովայի բանաստեղծությունները գրեթե չէին տպագրվում, նրա հետ հանդիպելը չէր խրախուսվում։ Սակայն հատկապես խրուշչովյան «ձնհալի» տարիներին հայ հեղինակներն առիթներ են որոնել նրան տեսակցելու, իրենց հարգանքն ու երախտիքը հայտնելու համար։ Այդ մասին հուշեր գրեթե չեն պահպանվել, փոխարենը Ախմատովայի անձնական գրադարանում (ընդ որում, նա առանձնապես գրքեր հավաքելու հնարավորություն ու սովորություն չի ունեցել) հանդիպում ենք ուշագրավ ընծայագրերի։ Բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանն իր ժողովածուն այսպես է մակագրել Ախմատովային․ «Ի նշան սիրո և հարգանքի՝ ընդունեք իմ համեստ նվերը։ Հ․ Պողոսյան։ Մոսկվա, 12/VI 56 թ․»։ Մարո Մարգարյանն իր «Խոհ» (1956) ռուսերեն ժողովածուն նվիրել է Ախմատովային՝ հետևյալ գրառմամբ․ «Աննա Անդրեևնային՝ հարգանքով ու սիրով։ 19/VI 1956 թ․ Մոսկվա»։ Ուշագրավ է, որ գրքում մատիտով ուղղումներ ու նշումներ են արված։ Գրականագետ Հովհաննես Ղանալանյանն իր գրած դասագիրքն ընծայագրել է․ «Հ․ Տ․ Ղանալանյանից՝ կրթյալ և տաղանդավոր բանաստեղծուհուն ու հայ պոեզիայի խոհուն թարգմանչին՝ Աննա Անդրեևնա Ախմատովային»։ Իսկ Սիլվա Կապուտիկյանն իր բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն (1959) նվիրել է հետևյալ ընծայագրով․ «Աննա Անդրեևնա Ախմատովային՝ խորը սիրով։ Սիլվա Կապուտիկյան։ 9/VI 59 թ․, Մոսկվա»։ Այստեղ ևս մատիտով ուղղումներ ու նշումներ են արված։ Կապուտիկյանը հիացմունքով է արտահայտվել Ախմատովայի մասին՝ ընդգծելով, որ «նա այն նշանակալի կղզիներից մեկն է, որոնք կազմում են համաշխարհային մշակույթի և համաշխարհային պոեզիայի կղզեխումբը»։ Ախմատովան իր հերթին գրքեր ու լուսանկարներ է մակագրել իր վաղեմի մտերիմներ Նիկոլայ Խարջիևին («Իմ լավագույն Ընկերոջը») և գրականագետ Էդուարդ Բաբաևին, իրեն Լենինգրադում այցելող Կամսար Գրիգորյանին, Աննա Սահակյանցին և այլոց։ Նրա հանդեպ փոփոխական վերաբերմունք է ունեցել Մարիետա Շահինյանը, ով, այնուամենայնիվ, 1920-ականների սկզբին բարձր է գնահատել Ախմատովայի «ժողովրդական լինելու կարողությունը», «խստաշունչ պարզությունը և խոսքի անգին ժլատությունը»։ Հայկական ազգանուններ հանդիպում են նաև բանաստեղծուհու նոթատետրերում։ Ախմատովայի բանաստեղծությունները հայերեն տպագրվել են դեռևս նրա կյանքի օրոք։

 

Akhmatova

 

Վառ առանձնահատկություն ունի Ախմատովայի պոեզիան․ տարիների հեռվից այն այսօր էլ արդիական է թե՛ իր ոճով, թե՛ հեղինակի մոտեցումներով՝ անսպասելիորեն անկեղծ, նուրբ և ներդաշնակ։ Նրա հատու, վառ բանավոր խոսքը ևս գրի է առնվել ու դարձել բանաստեղծական առասպելի մասը․ Ախմատովայի հետ կապված պատմություններին ու նրա հնչեցրած թևավոր արտահայտություններին անդրադարձել են Ֆաինա Ռանևսկայան, Լիդիա Չուկովսկայան, Նադեժդա Մանդելշտամը, Իոսիֆ Բրոդսկին, Անատոլի Նայմանը, Սերգեյ Դովլաթովը։ Իսկական թագուհին պետք է շքախումբ ունենա․ դժվարագույն հանգամանքներում Ախմատովան հանդիսացավ իր շուրջը հավաքված երիտասարդ բանաստեղծների ոչ միայն գրական խորհրդատուն, այլև առավելաբար հոգևոր նեցուկն ու հեղինակությունը։ Առաջիններից առաջինը՝ Իոսիֆ Բրոդսկին փաստում էր, որ Ախմատովայից հատկապես սովորել է լինել զուսպ, բարոյապես ամուր ու արժանապատիվ, քանզի «նրանում կար վեհություն, եթե կուզեք՝ կայսերական վեհություն»։

 

 

Աշոտ Գրիգորյան

 

Պատկերներ․ 

1․ Ն․ Ալտման, Ա․ Ախմատովայի դիմանկարը, 1914, կտավ, յուղաներկ, Ռուսական թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

2․ Մ․ Սարյան, Ա․ Ախմատովայի դիմանկարը, 1946, թուղթ, սանգինա

Դիտումներ: 194

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։