Անմոռանալի Մարինա Վլադին
Լինելով մեր ժամանակակիցը՝ Մարինա Վլադին այն եզակի անհատականություններից էր, որոնց անվան շուրջ հյուսվող պատմություններն ու խոսակցություններն իրենց բնույթով ավելի առասպելի էին նմանվում, քան իրականության։ Դա թերևս կարելի է բացատրել նրանով, որ և՛ կինոյում, և՛ կյանքում նրանից անբաժան էին հեքիաթայինն ու արտասովորը։ Մինչդեռ 1950-1990-ական թթ․ նկարահանված ֆիլմերի գեղեցկատես հերոսուհին, Վլադիմիր Վիսոցկու մեծ սերն ու մուսան, ինքնատիպ գրքերի ու հուշագրությունների հեղինակը (որոնցից առաջինը՝ Լևոն Բլբուլյանի հիասքանչ թարգմանությամբ, շատերիս է գերել) կյանքին հրաժեշտ տվեց այս տարվա սեպտեմբերի 24-ին՝ 88 տարեկան հասակում։ Վերջին շրջանում տարիքի բերումով, նաև հիասթափված ինչ-ինչ իրողություններից, նա պակաս աշխույժ դերակատարում ուներ հանրային կյանքում, սակայն առիթից առիթ շարունակում էր շփվել երկրպագուների հետ։
Նրա կինոդերակատարումներից հետխորհրդային երկրների հանդիսատեսը հատկապես առանձնացրեց ու մտապահեց «Կախարդուհի» (ռեժ․՝ Անդրե Միշել, 1956 թ․) մելոդրամայում գլխավոր հերոսուհու՝ Ինգայի առինքնող կերպարը։ Կարելի է ասել, որ շատերիս համար հենց այդ երիտասարդ կախարդուհին ձուլվեց, նույնացավ Վլադիի մարդկային անհատականության հետ, ինչ-որ իմաստով անէացրեց նրա մյուս դերերը, սակայն դա էլ բնական է․ կախարդուհի Ինգայի պես դերակատարումները շատ չեն կարող լինել, դրանք ընդհանրապես հազվադեպ են պատահում ու մեկընդմիշտ մնում են կինոդիտողի հիշողության մեջ, ինչպես Իզաբելա Ռոսսելլինիի Դորոթի Վալենսը («Կապույտ թավիշ», 1986) կամ Տատյանա Սամոյլովայի Վերոնիկան («Թռչում են կռունկները», 1957)։ «Կախարդուհու» մասին Վլադին պատմել է․ «Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել այդ ֆիլմում, ես, իհարկե, արդեն ծանոթ էի Կուպրինի ստեղծագործությանը․ նկարահանումները շատ սրտառուչ էին, քանի որ մթնոլորտն ինձ հոգեհարազատ էր, կարծում եմ՝ դա երևում է կինոնկարում, այն չափազանց գեղեցիկ, մաքուր ու թարմ է, բոլորն այն սիրում էին»։
Կարևոր է նշել, որ Վլադին ինքնադրսևորվել է տարբեր ասպարեզներում՝ հանդես է եկել նաև որպես թատերական դերասանուհի, երգչուհի, գրող, բարեգործ, հասարակական գործիչ և մուսա։ Իր կյանքում ամենակարևոր բանը նա համարել է բեմը․ «Բեմն իմ տունն է։ Ծնողներս արտիստներ էին, ես ծնվել եմ բեմում և այնտեղ ելույթ ունեցել երկու տարեկանից։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ես թատրոնում անցկացրել եմ 70 տարի...»։
Մարինա Վլադին (իսկական անունը՝ Եկատերինա-Մարինա դե Պոլյակոֆ-Բայդարոֆ) ծնվել է 1938 թվականի մայիսի 10-ին՝ Փարիզի մերձակա Կլիշի քաղաքում, ռուս վտարանդիների ընտանիքում։
Մայրը՝ Միլիցա Էնվալդը, բալետի պարուհի էր։ Հայրը՝ Վլադիմիր Պոլյակով-Բայդարովը, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, ապա տեղափոխվել է Փարիզ՝ Ֆրանսիայի կողմից մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հետագայում երգել է Փարիզի օպերայում․ անչափ սիրելի հոր վաղաժամ մահվանից հետո դուստրը նրա անունը վերցրել է որպես ստեղծագործական կեղծանուն։
Մանկության տարիներին Վլադին սովորել է Փարիզի Գրանդ օպերայի խորեոգրաֆիկ դպրոցում։ 11 տարեկանից հմայիչ աղջնակը սկսել է նկարահանվել կինոյում՝ դրանով հոգալով ընտանիքի կարիքները։ Իտալական և ֆրանսիական կատակերգություններում և մելոդրամաներում խաղացել է մի շարք փոքր դերեր, սակայն հանրաճանաչ է դարձել 1954-ին՝ Անդրե Կայատի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմում Լիլիան Նոբլեի դերակատարման համար ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։ Ինքը՝ Վլադին իր առաջին հաջող ֆիլմը համարում էր Ջուզեպպե դե Սանտիսի «Սիրո օրերը» (1954), որում գլխավոր դերում նկարահանվել էր Մարչելո Մաստրոյանիի հետ (ով, ի դեպ, դերասանուհու նկատմամբ անտարբեր չի եղել)։ Ֆիլմը պատմում էր չքավոր երիտասարդ զույգի մասին, որը նույնիսկ ամուսնանալու համար միջոցներ չունի։ Վլադին այսպես է արտահայտվել Մաստրոյանիի մասին․ «Մենք միաժամանակ ենք սկսել նկարահանվել կինոյում։ Նա պարզ, հիասքանչ տղա է»։
Տարբեր երկրներում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում մեծ հաջողություն ունեցավ Ալեքսանդր Կուպրինի «Օլեսյա» նովելի հիման վրա նկարահանված «Կախարդուհի» ֆիլմը (ռեժ․՝ Անդրե Միշել)։ 1956 թ․ այն արժանացավ Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջին»։

Դերասանուհին շատ է ցանկացել խաղալ խորը, լուրջ ասելիք ունեցող ֆիլմերում, նույնիսկ փորձվել է Աննա Կարենինայի դերում, սակայն նկարահանումը չի կայացել, քանի որ կինոինդուստրիայում նախապատվությունը հիմնականում տրվում էր խոշոր եկամուտներ խոստացող կինոնկարներին։
Ծանոթությունը և ամուսնությունը դերասան և ռեժիսոր Ռոբեր Հոսեյնի հետ կարևոր նշանակություն ունեցավ դերասանուհու հետագա կարիերայի համար․ նա նկարահանվեց Հոսեյնի մի քանի ֆիլմերում, որոնք մեծ հաջողություն ունեցան: Ամուսնալուծությունից հետո՝ 1961 թ․ Ժան Դելանուայի «Կլևեի արքայադուստրը» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար Վլադին արժանացավ «Ֆեմինա» մրցանակի՝ որպես տարվա լավագույն դերասանուհի։ 1963-ին Մարկո Ֆերերիի «Ժամանակակից պատմություն» ֆիլմում գլխավոր դերակատարման համար նա արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «լավագույն կանացի դեր» անվանակարգում։
Առանձնապես կապված լինելով թատրոնին և երաժշտությանը՝ Վլադին հանդես է եկել որպես թատրոնի դերասանուհի և երգչուհի։ 1967 թվականին քույրերի՝ Տատյանայի և Միլիցայի հետ խաղացել է Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի բեմադրությունում։ Վերոնիկա Օլմիի «Անցում» պիեսում խաղացել է Մարինա Ցվետաևայի դերը։
Դերասանական վարպետությամբ, ձայնային հնարավորությունների վարժ տիրապետմամբ նա ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով կատարել է տասնյակ (այդ թվում՝ Ժորժ Բրասենսի և Ֆրանսիս Լեյի հեղինակած) երգեր։ 1967-1968 թթ․ քույրերի հետ թողարկել է երկու ձայնասկավառակ, արժանացել է Շառլ Քրոյի ակադեմիայի մրցանակին։ 1973 թ․ «CBS»-ը թողարկել է Վլադիի առաջին մենակատարային երկարանվագ ձայնասկավառակը, որում զետեղված «Ձիագողը» երգը դարձել է ռադիոհիթ։
1967-ին Տագանկայի թատրոնում ֆրանսիական կինոաստղը ծանոթացել է երգիչ, բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հետ։ Հանդիպումը ճակատագրական էր․ «Նրա ձայնն ինձ, իհարկե, միանգամից գրավեց։ Իմ հայրն էլ երգիչ էր՝ նույն ձայնով՝ բարիտոն»։ Ուշագրավ է, որ Վլադին արդեն ծանոթ է եղել Վիսոցկու երգերին, քանի որ պատահաբար տեղեկացել է, որ 1963 թ․ գրված «Դիմակահանդես» երգում հնչում է իր անունը («Տե՛ս, երկու կին ունեմ՝ երկու Մարինա Վլադի»)։ Վլադին պատմել է, որ ծանոթությունից հետո Վիսոցկու հետ քայլել են Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկով ու բազում պատուհաններից հնչել են բարդի երգերը՝ հպարտանալու առիթ տալով նրան։ Սիրող զույգը նույնիսկ բնակվելու տեղ չի ունեցել, պատսպարվել է ընկերների հարկի տակ, գնացքի կուպեներում, Վիսոցկու մոր բնակարանի սենյակներից մեկում։ Դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի բառերով՝ «այդ զույգն այնպիսի փայլով էր ճառագում, որ, կարելի է ասել, եթե աշխարհում իսկական սեր կա, ապա, Աստված վկա, հենց սա էր»։
1969-ին Վլադին նկարահանվում է Սերգեյ Յուտկևիչի «Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար» ֆիլմում՝ Ա․ Չեխովի մտերմուհի Լիկա Միզինովայի դերում։ Նրան հատկապես դուր է եկել այդ առաջարկը, քանի որ 9 ամիս պիտի բնակվեր Ռուսաստանում՝ ծնողների հայրենիքում, սիրեցյալի կողքին։ Չեխովյան կանացի կերպարները հոգեհարազատ էին նրան և՛ թատրոնում, և՛ կինոյում․ «Չեխովին միշտ եմ պաշտել»։
1970 թվականին Վիսոցկին և Վլադին ամուսնանում են։ Համատեղ կյանքն ուղեկցվել է բյուր դժվարություններով, սակայն կինոդերասանուհին հեշտությամբ է գնացել զոհողությունների, քանզի համոզված է եղել, որ սերն ամեն բանից վեր է։ Հետագայում Վլադին իր հուշերում գրել է․ «Բոլորի համար դու կուռք ես, խռովարար, միլիոնավոր մարդկանց ձայնը։ Իսկ ինձ համար դու հիվանդոտ աչքերով հոգնած տղա ես, որն անդորրի ու ջերմության մեծ կարիք ունի»։

Վիսոցկին մի շարք երգեր ու բանաստեղծություններ է նվիրել կնոջը, որոնք սիրային քնարերգության իսկական գոհարներ են։ Վլադին Գեորգի Գարանյանի նվագախմբի հետ ձայնագրել է ամուսնու երգերը, որոնցից հատկապես լայն ճանաչում է ստացել «Դժբախտությունը»․ Վլադիի կատարումից խորապես տպավորված Ալլա Պուգաչովան հետագայում ևս ձայնագրել է այդ երգը։
Խորհրդային գրաքննությունը թույլ չի տվել ամուսիններին միասին նկարահանվել կինոյում, միակ անգամ դա տեղի է ունեցել հունգարական «Նրանք երկուսով» (1977) ֆիլմում։
Վլադիի խոսքերով՝ 12 տարիների համատեղ կյանքը նրան բերել է «ամենամեծ երջանկությունը և ամենաանտանելի ցավը»։ Վիսոցկու վերջին բանաստեղծությունում երախտագիտության այսպիսի տողեր կան․
Կես դար էլ չեմ ապրել՝ քառասունն անց եմ,
Ու ողջ եմ ես՝ քո և Տիրոջ հոգածությամբ։
Կինոդերասանուհին անչափ ծանր է տարել ամուսնու վաղաժամ մահը, փորձել ելք գտնել ծանր ընկճախտից՝ գրելով «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» հուշագրությունը և խաղալով համանուն մոնոներկայացման մեջ․ «Նա այն կատարյալ մարդը չէր, ինչպիսին հիմա շատերը փորձում են նրան պատկերել։ Ինձ համար նա պարզապես Վոլոդյա էր՝ կենսուրախ, տաղանդավոր, տառապող և սիրող»։
Հետագայում Վլադին ամուսնացել է ևս մեկ անգամ՝ բժիշկ-ուռուցքաբան Լեոն Շվարցենբերգի հետ։ Նրանց տանն է իր կյանքի վերջում հանգրվան գտել ծանր հիվանդ Անդրեյ Տարկովսկին։
Վլադին խաղացել է շուրջ 100 կինոդեր։ Դրանցից են Քեյթ Փերսին Օրսոն Ուելսի «Ֆալստաֆ» (1965), Ժյուլիետ Ժանսոնը Ժան Լյուկ Գոդարի «Երկու կամ երեք բան, որ ես գիտեմ նրա մասին» (1966), Մարին Բերնար Պոլի «Ապրելու ժամանակ» (1969) ֆիլմերում, Մարկո Վովչոկը Ստանիսլավ Գովորուխինի «Կապիտան Գրանտի որոնումներում» (1985) հեռուստասերիալում, տատիկը Եվգենի Թաթարսկու «Արյուն խմողները» (1991) ֆիլմում, Մորաքույր Հերցոգուհին Տավիանի եղբայրների «Հարություն» հեռուստաֆիլմում (2001)։

Նա շուրջ մեկ տասնյակ գրքերի («Վենետիկցի հավաքորդը», «Իմ բալի այգին», «Սերգեյ Իվանովիչի ճանապարհորդությունը», «24 կադր վայրկյանում» և այլն) հեղինակ է, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում։ Վլադին կյանքում բազում վերելքներ ու վայրէջքներ է տեսել՝ ոչ միայն վաղ կինոդեբյուտ, համաշխարհային փառք, բարձր պարգևներ և մեծ սերեր, այլև ծնողների, քույրերի, ամուսինների և որդու մահ, հանուն Վիսոցկու հետ համատեղ կյանքի՝ հրաժարում աշխարհի տարբեր երկրներից եկող նկարահանման հրավերներից, դավեր ու անտեսում նախնյաց հայրենիքի պաշտոնական շրջանակների և ամուսնու «մտերիմների» կողմից։
Վլադին ջերմ վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի ու մշակույթի նկատմամբ, ինչը մասնավորապես հայտնի է դառնում նրա հուշագրությունից և ընդհանուր ծանոթների վկայություններից։ Վիսոցկու «քնքուշ ու սիրող» հայուհի մայրացուն նրա այն միակ մոտ ազգականն էր, որի մասին շատ բան տեսած ու հաղթահարած Վլադին իր հուշերում բացառապես լավ է արտահայտվում, քանզի նա մեղմել է որդու պատանեկան շրջանի բարդությունները «համբերատար հոգատարությամբ ու նրանով, ինչը ժառանգել է իր հայրենի հողի՝ Հայաստանի հին մշակույթից»։ Հենց այդ հուշերը երկար տարիներ Վիսոցկու և նրա մտերիմ Դավիթ Կարապետյանի՝ Հայաստան այցելության մասին պատմող (թո՛ղ որ գեղարվեստական հավելումներով, քանզի Վլադին նրանց հետ չի եղել) միակ աղբյուրն էր։ Դրանում այսպիսի տողեր կան․ «Հայաստանը լեռնային տեսարանների խստաշունչ գեղեցկությունն է և հին վանքերը զարդարող որմնանկարների մաքրությունը...» Հուշերում առանձին անդրադարձեր կան Լեոնիդ Ենգիբարյանի և Սերգեյ Փարաջանովի հետ հարաբերություններին։ Մասնավորապես, հայտնի է, որ իբրև ամուսնական նվեր՝ Փարաջանովը «մրգային գորգով» է զարդարել զույգի հյուրանոցային համարի հատակը։ Փարաջանովի մտերիմներից իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցի վկայությամբ՝ թբիլիսահայ ռեժիսորը գրել է սցենար, որում դերերից մեկը նախատեսված էր Վլադիի համար, սակայն վերջինս պատասխանել է, որ խոստացել է չնկարահանվել ԽՍՀՄ-ում։ Ռուբեն Գևորգյանցի և Գրիգոր Համելի «Փարաջանով․ Վերջին կոլաժ» ֆիլմում (1995) Վլադին պատմել է, որ Վիսոցկին բանտ է ուղարկել նամակ և իր լուսանկարը, որպեսզի դրանով օգնի այնտեղ գտնվող հալածյալ Փարաջանովին։
14 տարեկանում Վլադին Շառլ Ազնավուրի հետ նկարահանվել է «Կյանքում ամեն բան կարգավորվում է» ֆիլմում։ Երբ 1989 թ․ տեսաձայնագրվում էր Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգը, Վլադին սիրահոժար մասնակցեց այդ բարեգործական նախագծին․ տեսագրություններից մեկում նա կանգնած է առաջին շարքում՝ Միրեյ Մատյոյի կողքին։ 1994 թ․ նա հայազգի դերասանուհի Ռոզի Վարդի հետ խաղաց «Կապույտ աղբյուրը» ներկայացման մեջ, որի գլխավոր փորձին ներկա էր Ազնավուրը։

Իր ունեցվածքի հիմնական մասը տարեց դերասանուհին հատկացրեց բարեգործությանը։ Ըստ հաղորդագրությունների՝ նա մահացել է տանը՝ «շրջապատված հարազատներով և իր չորքոտանի բարեկամներով»։ Զավակների խոսքերով՝ նա ապրեց «երկար, հրաշալի և իրադարձություններով լի կյանք»։ «Տխրությամբ ենք հրաժեշտ տալիս հիասքանչ ժամանակաշրջանին»,- գրեց մեծ շանսոնյեի դուստրը՝ Սեդա Ազնավուրը։ Իսկ դերասան Ժաքի Ներսեսյանը, նկատի ունենալով Վլադիի նշանավոր ռադիոհիթը, անկեղծացավ․ «Երբ 15 տարեկան էի, ես ուզում էի ձիագող լինել»․․․
Առաջացած տարիքում էլ կանացի հմայքն ու ռացիոնալ դատողություններ անելու կարողությունը չկորցրած դերասանուհին պնդել է, որ ամենամեծ երջանկությունը լիարժեքորեն ապրելն է՝ ոչ միայն իր, այլև այն բոլոր թանկագին մարդկանց, հարազատների փոխարեն, որոնք արդեն հեռացել են կյանքից։ Այդ լիարժեքությունը, հիրավի, բնորոշ է եղել նրա ապրած կյանքին։ Վլադին մի առիթով ասել է․ «Ոմանց համար 70 տարին ասես մեկ ակնթարթ լինի։ Բայց ինձ համար դա շատ-շատ կյանքեր են, որոնցից յուրաքանչյուրը երջանկության և ողբերգության միջև ընկած վիթխարի լայնույթ է»։
Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Մարինա Վլադի
2․ Կախարդուհու դերում, 1956 թ․
3․ Մարինա Վլադի և Վլադիմիր Վիսոցկի
4․ Կադր «Արյուն խմողները» ֆիլմից
5․ Ռոզի Վարդի և Շառլ Ազնավուրի հետ՝ «Կապույտ աղբյուրը» ներկայացման գլխավոր փորձի ժամանակ, 1994 թ․, լուս․՝ Պ․ Պիկո
Դիտումներ: 144
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։