Անմահության հստակությունը
Վլադիմիր Նաբոկով
Նաբոկովի (շատերը ենթադրում են, որ և չափազանց) մեծ վարպետությունը նրա արձակում հիպնոսացնում և մոլորեցնում է մեզ։ Մենք միշտ ուզում ենք նսեմացնել այն, ինչն ակներևաբար մեզանից վեր կդասենք։ Այո, իհարկե, վարպետ, այո, իհարկե, տաղանդ, այո, հնարավոր է` հանճար, բայց․․․ Որքան եմ ես այդպիսի բաներ լսել։ Մեկ պաղ, մեկ անհավատ, մեկ անհոգի, մեկ ցինիկ, մեկ դաժան (կարճ ասած՝ անգաղափար)․․․ Մենք չենք ընդունում մարդու ցավը, զգացողությունը, ողբերգությունն այն բանի համար, որ նրան մեզանից բարձր ենք դասում։ Բայց արդյոք դա պլեբեյություն կամ պարզապես նախանձ չէ՞։ Բայց արդյոք տխրահռչակ վարպետությունը (առավել ևս հավելուրդային) ամաչկոտ, քնքուշ, խոցվող եւ վիրավոր, բռնությունից սարսափող (այդ թվում և մեկնության բռնությունից) յուրատեսակ դիմակ չէ՞։ Ինչո՞ւ ենք մենք ենթադրում, որ մարդն ինքնապաստան, ինքնասիրահարված է, իրեն շրջապատողներից բարձր է դասում (ի դեպ, ինչո՞ւ և ոչ), որ նա հիացած է իրենով և ինքնագոհ է, հենց այն դեպքում, երբ մենք հիացած ենք նրանով։ Արդյոք մենք սիրահարված չե՞նք։ Արդյոք արժանապատվության սրված զգացողությունն ա՞յն է, ինչը մենք ենթադրում էինք որպես մեծամտություն կամ ինքնագոհություն։
***
Մեծ գրող, վունդերկինդ, արքայազն, գիտնական, կորուսյալի փոխարեն իր կայսրությունը հայտնաբերած․․․ Նա ժողովեց ամբողջ մեր նետածը, բոլոր ավելորդ, անկարևոր բաները, ցրված մեր փորձից ընդմիշտ բնավ ոչ կենաց կոպտությամբ և դաժանությամբ, այլ դրա մասին մեր կոպիտ պատկերացմամբ։ Ահա ձեզ և մանրամասնի մեծ վարպետը։ Մենք Նաբոկովի մեջ ճանաչում ենք այն, որ ինքներս ենք մոռացել, մենք ճանաչում ենք մեր իսկ հիշողությունները (առանց նրա չէինք էլ հիշի) ոչ այնքան ապրված, որքան թողլքված կյանքից, կարծես թե մենք մեր մեջ գաղթականներ ենք։ Նաբոկովը մտապահեց ԱՄԵՆԸ և ոչինչ չմոռացավ։ Նա վերահաստատեց իրավունքներում կենաց մանրամասների այնչափ քանակ և որակ, որ այն իրոք կենդանացավ նրա գրչի տակ, այն է թողլքված հար ավելի ու ավելի անուշադիր համաշխարհային գրկանությունից (հանկարծ հիշեցի կորսված ապակիով այն ժամացույցը, որը դեռ աշխատում է նրա պատմվածքներից մեկում)։ Ինչպես ամենայն կայսր, նա ինչ-որ բան յուրացրել է՝ թիթեռը, նիմֆետկան, չհանդիպումը, դիպվածը, համընկնումը, ուշացումը, սխալը․․․ Չհանդիպման բանաստեղծը, նա այդ ամենից սարդոստայն հյուսեց, որի մշուշի միջից մենք տեսնում ենք աշխարհը, չգիտես ինչու, ավելի հստակ, այլ ոչ թե մշուշոտ։
Որպես գիտնական (իսկ նա հենց գիտնական է և այդու միջատաբան, այլ ոչ ընդհակառակը), նա ամեն օր զննում էր աշխարհի կառուցվածքը, իսկ որպես արվեստագետ՝ զննում էր Արարչությունը։ Այդ պատճառով էլ նրա աշխարհը կոպիտ չի, ինչպես մշտապես մեր կողմից անդամատված «գլխավորը», այլ նուրբ է, ինչպես ամբողջություն։ Լոկ նրբին տարբերություններ և սկզբունքային (ինչ «արդյունավետ» օգնեց միջատաբանի փորձը գրողին)։ Աշխարհի նրբինությունը՝ սահման է, շփման ծաղկափոշին կյանքի և անգոյության միջև։ Ինչ-որ դաժանորեն մանկական և անպաշտպան բան կա Նաբոկովի մահվան հանդեպ վերաբերմունքի մեջ, ինչպես «ընդամենը» բաժանման։ Նա հո գիտեր, ինչ է նշանակում այդ «ընդամենը»։ Այդ մրրկող մանկական հետաքրքրությունն առ մահը և այն ընդունելու անհնարինությունը՝ արևին նայելու փորձը՝ Վոլոդյա Պուտյան ամենից երկարը չթարթեց։
***
Կարլ Պրոֆերը, որին Նաբոկովը փոխանցեց ռուսական վեպերի վերահրատարակման իրավունքը (Սիրինի իրավունքը), և որն այդ պատճառով բազմիցս հանդիպում էր նրան, պատմում էր, որ մահվանից քիչ առաջ Նաբոկովի գրասենյակում տիրում էր մաքրությունն ու դատարկությունը։ Ամեն ինչ համակարգված և դասավորված է թղթապանակներում, և ոչ մի, նույնիսկ մաքուր էջ սեղանի վրա։ (Նույնպիսի կարգուկանոն հիշեցին ժամանակակիցները Բլոկի վերջին տարում․․․)։
***
Բայց Նաբոկովի մենությունը դատապարտված չէ, տրտմալի չէ, այլ իր ընտրածը՝ ընտանիքի և աշխատանքի երջանկությունը, ինչին նրա ոգին բավում է։ Դե և ի՞նչ հասարակություն հետմահու։ Նրան բավում է իր Վերան (նրան նա կընծայի բոլոր իր գրքերը), նրա որդի Դմիտրին, նրա թիթեռները, ճատրակը, չընթերցված, չվերընթերցված և միայն իր չգրած գրքերը։
***
Պուշկինի երկուհարյուրամյակը կնշանավորվի Նաբոկովի և Պլատոնովի հարյուրամյակով, ինչպես նաև այնպիսի «փոքր» գրողների, ինչպես Կոնստանտին Վագինովն ու Նադեժդա Մանդելշտամը։
Եվ այժմ, երբ մենք փութանակի արժանին ենք մատուցում Նաբոկովին, թարգմանելով նրան մեկ ռուսերեն, մեկ անգլերեն, մեկ մեր ըմբռնման կենսագրությունների, մենագրությունների, էսսեների և սիմպոզիումների տեսքով, հիասքանչ այդ հեղինակը հեռանում է մեզանից առասպելի տարածության։ Մենք ուզում ենք նրան գրալրել, իսկ նա շարունակում է կրել իր կոչման մտահղացումը։ Ասես թե մենք ուզում ենք վատնել նրան դեռ այս դարում, իսկ նա ձգտում է փախչել մեզանից՝ առ գալիքը։
Ճակատագիրը խլեց Նաբոկովից Ռուսաստանը, և Պետերբուրգը, և տունը Ծովայինի վրա, և կալվածքը Ռոժդեստվենոյում, բայց այլեւս ոչ մեկը չի խլի նրանից նիմֆետկային և թիթեռը։
Ահա և մեծ գրողին ներկայացվող թեսթերից ևս մեկը՝ արդյոք նա ունի անվիճելի, անկապտելի սեփականություն, արդյոք յուրացրե՞լ է կենդանի կյանքը։
Գրողը ծնվում է որպեսզի նկարագրի այն ամենը, ինչը մինչև ինքը չի գրվել։ Իսկ այսօրվա օրով գրվել է ամեն ինչ։ Եվ այդժամ հայտնվում է մարդը, որը կրկին գրում է ամենը, եւ պարզվում է, որ մինչև ինքը ոչինչ էլ չէր գրվել, ամեն ինչ բաց էր թողնվել անուշադիր նախորդների կողմից։ Նաբոկովյան արձակի հյուսվածքը՝ միմիայն լանջաբացվածքներից և կտրվածքներից է, դրա երաժշտությունը՝ դադարն է, դրա գեղանկարչությունը՝ լուսաճառաքն է, դրա ոգին՝ հետմահուն։
Ինչպե՞ս այդ, ադպիսինը, կնկարագրես։
Այդպիսի արձակից չես կառչի, իսկ երբ պոկվես, ապա հենց դրանում կհայտնվես։
Նաբոկովը մի մաթեմատիկոսի մասին պատմվածք ունի, որին մեկեն բացահատվել էր կյանքի կառուցվածքը, և նա խելագարվեց։
Երբեմն ինձ թվում էր, թե Նաբոկովի արձակը կառուցված է ինչպես կյանքը։
Ինքը Նաբոկովը, հավանաբար, այդպես էր ենթադրում Գոգոլի մասին։
Բնավ էլ կյանքը չի նկարագրում գրողը, այլ դրա կառուցվածքը։
Այդու ես ոչինչ չեմ կարող ներկայացնել Նաբոկովի մասին, անձնական հիշողություններից բացի, քանի որ երբեք չեմ տեսել նրան եւ ծանոթ չեմ եղել։
Այդ պատճառով իմ առաջին եւ միակ տեքստը Նաբոկովի մասին այդպես էլ կոչվում էր՝ Անմահության հստակությունը (Չներկայացվածի հիշողությունները)։
Ես, ըստ էության, հավելելու բան չունեմ, ևս մեկ հուշագրությունից բացի։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյանի
Դիտումներ: 193
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։