Ալլա Դեմիդովա. «Զարդանախշ շրջանակ. հիշողություններ Սերգեյ Փարաջանովի մասին»
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, իր 90-ամյակն է նշում խորհրդային, ռուսական կինոյի և թատրոնի մեծագույն դերասանուհիներից մեկը՝ անկրկնելի Ալլա Դեմիդովան: Նրա կերտած էկրանային կերպարները և Տագանկայի թատրոնի բեմում խաղացած հերոսուհիները դերասանական վարպետության և արտիստիզմի բարձրագույն նշաձող են սահմանել, որն անգերազանցելի է առ այսօր: Մեծ դերասանուհու հոբելյանի առիթով հատվածաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնում Ալլա Դեմիդովայի հուշերը Փարաջանովի մասին՝ «Սերգեյ Փարաջանով. Հավերժական շարժում» գրքից:
***
Ռեժիսոր, նկարիչ, միստիֆիկատոր, մարդ-տոնահանդես Փարաջանովը երբեք չկարողացավ «հենց էնպես ապրել»։
Երբ ընկերներդ դառնում են ազգային կուռքեր, նրանց մասին հիշողություններդ փոքր ու աննշան են թվում: Դե, օրինակ, ի՞նչ նոր բան կարելի է ասել Վիսոցկու, Տարկովսկու, Փարաջանովի մասին, որոնց այժմ ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ցանկալի է հարթել բոլոր սուր անկյունները, որոնք անխուսափելի են սերտ շփման ժամանակ: Բայց այնուամենայնիվ...
Երբ յոթանասունականների սկզբին ես նկարահանվում էի Կիևում, Լեսյա Ուկրաինկայի մասին «Գալիս եմ քեզ մոտ» ֆիլմում, մի անգամ նկարահանումներից հյուրանոց վերադարձին, ինչ-որ մեկն ինձ ցույց տվեց անկյունային շենքերից մեկի պատշգամբը: Պատշգամբում կիսանդրի էր դրված։ Ինձ առանձնապես չզարմացրեց կիսանդրին. մենք սովոր ենք պաշտոնական կիսանդրիներին։ Բայց ինձ ասացին. «Դա Փարաջանովն է»։ Պատշգամբում Փարաջանովի կիսանդրին էր դրված։ Դա նրա պատշգամբն ու բնակարանն էր։
Այն ժամանակ մենք հանդիպեցինք միայն մեկ անգամ, հպանցիկ՝ ինչ-որ տեղ ստուդիայում, բայց դրանից հետո ես սկսեցի նվերներ ստանալ նրանից՝ եզակի ասեղնագործ ուկրաինական զգեստներ, երբեմն մի շիշ գինի, գուցուլական ասեղնագործ մորթուց ժիլետ, դարսերով մորեգույն արևելյան կիսաշրջազգեստներ և այլն։ Ընդ որում այդ բոլորը ոչ թե միանգամից, այլ սուրհանդակների միջոցով. ինչ-որ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում էր ինձ և ասում. «Սա Փարաջանովից է»:
Երբ 1979 թվականին թատրոնի հետ հյուրախաղերի էինք Թբիլիսիում, նա ընդունելություն կազմակերպեց մեր Տագանկայի համար։ Ես մի փոքր ուշացել էի, բայց քայլելով Կոտե Մեսխիի հին սալաքար փողոցով, արդեն աղմուկից կռահեցի, թե ուր պետք է գնալ։ Համար տասը տուն:
Երկհարկանի տուն, փոքր՝ շրջապատված ոչ մեծ քարե պարիսպով։ Վերևում, դարպասներից վեր, նստած էին երկու, ինչպես ինձ թվաց, բոլորովին մերկ տղաներ և, բացելով իրենց կողքի ինքնաեռների ծորակները, ջրում էին բոլոր նորեկներին: Թեև ես կարողացա շրջանցել այդ ցնցուղը, երբ բակ մտա։ Բակը նույնպես փոքր էր։ Ես իսկույն ուշադրութուն դարձրեցի կլոր, ոչ մեծ ջրհորին կամ շատրվանին. այն լցված էր գինով, և այդ ջրամբարում խնձոր, նուռ և խաղող էին լողում։ Ջրի մեջ նաև գինու շշեր կային։ Օդում ինչ-որ շատ համեղ բանի հոտ էր գալիս։ Ջրհորի շուրջը կանգնած էին մեր դերասանները, ջրից հանում էին շշերը, լցնում էին և խմում: Բակի մեջտեղում տուփերի վրա մի մեծ քառակուսի տախտակ էր դրված՝ ծածկված գունավոր մոմլաթով ՝ իմպրովիզացված սեղան, որի վրա ափսեներ էին դրված, իսկ մեջտեղում, մեծ կաթսայի մեջ ինչ-որ բան էր բլթբլթում։
Բակի ձախ անկյունում, ճաղերի հետևում, հենց գետնի վրա Փարաջանովի դիմանկարն էր՝ ծածկված ասես գերեզմանի կամ բանտի ճաղավանդակով: «Սա իմ գերեզմանն է», -ասաց նա ինձ: Ճաղավանդակի հետևի դիմանկարը թեքված էր, դիմացը՝ չորացած ծաղիկներ, դարահալվե և ինչ-որ թերաճ ծառ։
Երկրորդ հարկի բոլոր պատշգամբները ծածկված էին գորգերով, իսկ ճաղաշարերից կախված էին լաթակար վերմակներ, ծածկոցներ, նկարներ։ Բակը շարված էր բազմագույն սալիկներով։ Արևը շողում էր, և այդ ամենը գեղեցիկ էր և շատ գունեղ: Թվում էր, թե հայտնվել ես ինչ-որ կախարդական թատրոնում
Իսկ երկնքից ցած էր ձգվում սև ժանյակավոր հովանոց, որը լուսամփոփի պես կախված էր բակի կենտրոնում։ Ես ասացի. «Ինչ հրաշագեղ հովանոց է»: Փարաջանովն անմիջապես այն իջեցրեց, պարզվեց, որ այն պահում էին աչքին անտեսանելի կախաթելերը, կտրեց ու նվիրեց ինձ։ Ես միայն հասցրեցի կմկմալ. «Ափսոս, գոնե մի քիչ էլ կախված մնար գեղեցկության համար»: Բայց Փարաջանովը միայն պատասխանեց. «Տեսնո՞ւմ ես, ինչ բռնակ է, տեսնո՞ւմ ես, ինչ բռնակ է: Սա սաքսոնական աշխատանք է: Կտրիր այն ու որպես հմայիլ կրիր կրծքիդ վրա, որովհետև դա Սևրի վարպետների բացառիկ գործ է։ Սա Սևր է»։
Հետո նա հրամայեց լուսանկարել ինձ և իրեն. Նրան շատ դուր եկավ, որ ես ամբողջությամբ սպիտակ հագուստով էի և սպիտակ ֆրանսիական գլխարկով: Նրան հատկապես հիացրեց, որ ես լայնեզր գլխարկով էի, քանի որ այն ժամանակ ոչ ոք լայնեզր գլխարկ չէր կրում, և նա անընդհատ ասում էր. «Դե, ահա, հիմա մեր կեկելները բոլորը գլխարկներ կկրեն: Որքան գեղեցիկ է դա - գլխարկներ: Ես կստիպեմ նրանց բոլորին գլխարկներ կրել: Գլխարկներ. Գլխարկներ...» Եվ մեզ ամբողջ ժամանակ լուսանկարում էր ինչ-որ տղա, որին Փարաջանովը ներկայացրեց որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենահանճարեղ լուսանկարիչ։ Նա երբեք ժլատ չէր հաճոյախոսություններում։
Երկրորդ հարկում, լաթակտորներից ծածկոցների ճաղաշարի հետևում կանգնած էր Գիա Կանչելիի կինը՝ անասելի գեղեցիկ, նրբագեղ վրացուհի: Ճաղաշարի երկայնքով քայլում էին, ուտում, խմում ու երգում էին Տագանկայի և Ռուսթավելիի թատրոնի դերասանները ու իրենց պատշգամբից, ինչպես թատրոնում, ներքև էին նայում այն ներկայացմանը, որը ներքևում խաղում էր Փարաջանովը։ Ներկա էր նաև մի միլիցիոներ, որին Փարաջանովը ներկայացնում էր բոլորին ինչպես բարձրաշխարհիկ ընդունելությանը: Ավելի ուշ պարզվեց, որ ոստիկանը եկել է գրանցման պատճառով, որը Սերյոժան չուներ։ Կար նաև մի բանտարկյալ, որը նրան հյուր էր եկել։ Վերևում առանձին՝ երկրորդ հարկում, չորացած կարմիր պղպեղների շարանի տակ, նստած էր բայկայից գունավոր խալաթով, կարմիր մազերով հաստլիկ մի կին՝ ականջներին մեծ շափյուղաներով և լուռ հետևում էր այդ ամենին։ Ես հարցրեցի. «Ո՞վ է նա»: - «Ահ... նա իմ քույրն է: Ես նրա հետ արդեն երկու տարի չեմ խոսում», -ընթացքում անփութորեն ասաց Փարաջանովը:
Թբիլիսիում Փարաջանովն ինձ ծանոթացրեց հանճարեղ նկարչուհի Գայանե Խաչատրյանի հետ։ Նրա հին, մութ, հնոտիներով լցված բնակարանը նման էր Փարաջանովի սենյակին, հրաշքի նույն զգացողությունը. ինչ-որ բան անսպասելիորեն փայլում էր, իսկ նրա մուգ նկարներում հանկարծ առկայծում էին կարմիր, կապույտ և ոսկե գույները: Ես ունեմ նրա մի քանի նկարներ, ափսոս, որ այն ժամանակ չկարողացա գնել նրա նկարները՝ բացառիկ, մարդկանց և կենդանիների ուրվական կերպարներով: Այժմ դրանք կախված են ամբողջ աշխարհի թանգարաններում: Բայց շատ տարիներ անց ինձ, այնուամենայնիվ, հաջողվեց գնել Խաչատրյանի մեկ նկար՝ «Թափառող երաժիշտները», որն ինձ հիշեցնում է և՛ Թբիլիսին, և՛ Սերյոժային և իրեն՝ Գայանեին։
Այդ ժամանակից ի վեր ժամանակ առ ժամանակ հայտնվում էին ինչ-որ մարդիկ՝ ասես Փարաջանովից նվերներ լինեին. օրինակ՝ նկարիչ-մուլտիպլիկատոր Ռուսիկոն Թբիլիսիից։ Նա հետո երկար ժամանակ նամակներ էր գրում ինձ ու ուղարկում իր մանկական պարզ, սքանչելի նկարները, ողջույններ՝ Գայանեից ու Սերյոժայից։
Հետո ես նորից եկա Թբիլիսի և մի անգամ Ռուսթավելիի թատրոնում դիտեցի «Ռիչարդ III»-ը։ Նստած էի առաջին շարքում մի անգլիացու կողքին, որը շարունակ լուսանկարում էր։ Նա ամեն անգամ աղմուկով հանում էր կաշվե պատյանը, վերցնում էր լուսանկարչական սարքը, երկար կարգավորում էր, հետո բարձր չխկացնում էր ու նորից նույն կաշվե ճռռոցով ամեն ինչ հետ էր դնում։ Հինգ րոպե անց ամեն ինչ կրկնվում էր: Այդ անգլիացին ինձ շատ էր նյարդայնացնում. ես հասկանում էի՝ նա սարսափելի խանգարում է դերասաններին։
Հավանաբար, ես շատ մռայլ էի նստել։ Ընդմիջմանն անսպասելի ինձ մոտեցան բոլորովին անծանոթ մարդիկ և նվիրեցին թարմ, թարմ վարդերի հսկայական փունջ։ Հարցնում եմ՝ ումի՞ց։
-«Փարաջանովից»:
Ավելի ուշ պարզվեց. Փարաջանովն անցնում էր Ռուսթավելի փողոցով՝ թատրոնի ծառայողական մուտքի մոտով: Ներսում շատ շոգ էր, և ներկայացման տեսարանների արանքում դերասանները դուրս էին գալիս փողոց՝ ծխելու։ Փարաջանովը կանգնել է.
-Որ ներկայացումն է:
-«Ռիչարդ»-ը:
-Ինչպե՞ս է ընթանում:
-Դե, վատ չէ: Բրիտանացիները նկարահանում են Էդինբուրգի համար, և նրանց կողքին նստած է մռայլ Դեմիդովան։ Նրան, ըստ երևույթին, ներկայացումը դուր չի գալիս:
Սերյոժան անմիջապես կանգնեցրել է մի տղայի, նրա ձեռքն է խոթել երեք ռուբլի և ասել. «Այն թմբից՝ բոլոր վարդերը։ Արագ»: Այդ վարդերն են ինձ նվիրել։
Մի անգամ նա իմացել էր, որ Էֆրոսը և ես վերկանգնում ենք «Բալի այգին», և որոշել էր գլխարկներ պատրաստել իմ Ռանևսկայայի համար։ Եվ ահա մի գիշեր, իմ բարեկամ Քաթանյաններին զանգահարում է երիտասարդ, գեղեցիկ վրացի քահանան և ասում, որ Փարաջանովից Դեմիդովայի համար երկու հսկայական տուփ գլխարկ է բերել, որոնք պետք է փոխանցել հենց հիմա։ Եվ թեև այդ գիշեր ամպրոպ էր, ես անհապաղ վազեցի Քաթանյանների մոտ՝ արկղերի համար։
Դրանք գլխարկների բացառիկ տուփեր են։ Երկուսն էլ զարդանախշված են։ Մեկը սև է, մյուսը՝ յասամանագույն։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է առանձին պատմության։
Սև արկղի կողեզրին թռչող ճայ է. Փարաջանովը պարզապես վերցրել է սագի երկու սպիտակ փետուր, որոնք հաստատ ընկած էին ինչ-որ տեղ բակում, դրանք խաչաձև սոսնձել է, աչքի փոխարեն մի փայլուն կոճակ է կպցրել. այսքանը: Ստացվել է թռչող ճայ։ Իսկ լաթը, որը նա կտրել է ինչ-որ մի կապտաճերմակ փեշից, սոսնձել է ներքևից և ստացվել է ծովը: Ճայն ալիքների վրա: Ավելի հետաքրքիր է այս տուփի հատակը, որը նա անվանել է «Սև խավիարի կարոտ»: Բայց ես այդ հանճարեղ կոլաժը «Ձուկ» կանվանեի: «Ձկան» լողակները պատրաստված են սովորական սանրերից, թեփուկները՝ ժանյակի մնացորդներից, իսկ «ձկանը» շրջապատում են թելերից, լաթերից, ժանյակներից պատրաստված ջրիմուռները, և ամեն ինչ սև է ներկված։
Ներսից սև արկղը երեսպատված էր թատերական կյանքից նկարներով։ Իսկ արտաքին կողմից՝ «Կրուպսկայան նստած գրամոֆոնի մոտ» գործի նման նկարներով: Կտրված և մակագրված է՝ «Ներդաշնակ տաղանդ»: Եվ հանկարծ կողքից, միանգամայն անսպասելի՝ մտածկոտ մարդու կերպարանք։ Ընդհանրապես, անսպասելիությունը, պատահականությունը Փարաջանովին բնորոշ ոճն է այս տիպի կոլաժների համար։
Տուփի ներսում սև գլխարկ կար։ Փարաջանովն այդ գլխարկն անվանել է «Աստա Նիլսոն»։ Վերևում սև փետուրներից գագաթն է: Դրա մասին նա հետո ասաց. «Ուշադրություն դարձրու, Ալլա, այս կատարը մորս գլխարկից է»: Ինչին ի պատասխան Վասյա Քաթանյանն անմիջապես նկատեց. «Ստում է, ոչ էլ մայրիկինն է. ինչ-որ տեղ աղբակույտից է վերցրել»։
Մանուշակագույն գլխարկի տուփը կապտաճերմակ ու յասամանագույն էր, և նույնպես ամբողջովին գունազարդված՝ սոսնձված կտորով, ժանյակներով, բայց արդեն այլ ոճով. Փարաջանովն այն զարդարել էր թիթեռնիկներով։ Բանն այն է, որ մի անգամ ես նրան պատմեցի մի պատմություն, թե ինչպես էի թիթեռների փերի եղել իմ ընկերոջ՝ նկարիչ Բորիս Բիրգերի դստեր համար։ Երբ աղջիկն առաջին անգամ եկել էր իմ տուն, որպեսզի ապշեցնեմ նրա մանկական երևակայությունը, ես բնակարանը զարդարել էի փայլուն կտորից թիթեռներով։ Եվ անգամ իմ երկար զգեստի վրա, որը հագել էի այդ օրը, թիթեռներ էին «նստել»։ Աղջկա համար ես հետագա ամբողջ կյանքում այդպես էլ մնացի թիթեռների փերի։ Փարաջանովը չէր մոռացել այդ պատմությունը և ինձ «ողջույն» էր ուղարկել տուփի վրայի թիթեռով։
Տուփի ներսը զարդարված էր ժանյակավոր ծածկոցով, որը, նախկինում, հնարավոր է ինչ-որ սեղանի վրա էր գցված։ Իսկ ամենաներքևում սոսնձված էր փայլուն թղթից մի փոքրիկ հայելի՝ ուղղափառ խաչի նման խաչված ժանյակներով։ Այստեղ էլ խայտաբղետ շատ նկարներ կային, բայց հիմա արդեն դրանք հին գլխարկների լուսանկարներ էին։ Նկարները սոսնձված էին կարմիր շերտագծերով, թվում է թե ինչո՞ւ: Միանգամայն անհասկանալի է, թե ինչու, բայց որքան գեղեցիկ էր:
Երկու գլխարկներին էլ Սերյոժան կցել էր ժանյակավոր շարֆեր, սև գլխարկին` սև, յասամանագույնին` յասամանագույն: Յասամանագույնը ձեռքով նկարազարդված էր դեկադանսի ժամանակի շուշաններով։ Երբ Սերյոժան եկավ, և մենք սկսեցինք փորձել այդ գլխարկները, ես նրան հարցրի. «Իսկ շարֆերն ինչի՞ համար են»:
-Դե տեսեք, Դուք սև գլխարկ եք կրում։ Լավ, բայց դա Դեմիդովան պարզապես սև գլխարկով է կրում: Իսկ երբ Ռանևսկայան հեռանում է, նա հեռանում է՝ վաճառելով իր կալվածքը։ Ուստի ես ուզում եմ, որ Դուք սպիտակեցնեք ձեր դեմքը, դրա վրա կարմիր, թաց բերան նկարեք և Ձեր դեմքը մինչև աչքերը ծածկեք սև ժանյակավոր շարֆով, այն կապելով հետևում, որպեսզի ծայրերը թևերի պես տարածվեն: Ընդ որում, դեմքն ասես փակված է կիսադիմակով, սև ժանյակից երևում են կարմիր բերանն ու գունատ, գունատ մաշկը և վերևում փետուրներով ու սև վարդերով գլխարկն է: Ահա այդ դեպքում դա իմաստ ունի: Ճիշտ նույն կերպ նաև յասմանագույնը. երբ Ռանևսկայան գալիս է Փարիզից, այդ շարֆը՝ թեթև, վառ, ասես փարիզյան կյանքի հիշողությունների պես թռչում է նրա հետևից։
Երբ ես գլխարկներն ու շարֆերը ցույց տվեցի Էֆրոսին, նա թույլ չտվեց խաղալ դրանցով։ Նա ասաց, որ դա կիտչ է: Համաձայն չեմ, դա կիտչ չէ: Կիտչը միշտ անհամապատասխանություն է: Թեև, եթե լավ մտածենք, Փարաջանովի գլխարկներն իսկապես չէին համապատասխանում Էֆրոսի՝ շատ թեթև ու թափանցիկ ներկայացմանը։ Այդ գլխարկները կծանրացնեին ներկայացման պատկերը։ Բայց դրանք ինքնին արվեստի գործեր են։ Արվեստում կա ավանգարդ հասկացությունը։ Կարծում եմ, որ ավանգարդն առաջին հերթին հասարակական ճաշակի էպատաժն է՝ բայց իր իդեալով։ Իսկ Փարաջանովը բացարձակ ճաշակ ուներ:
Բանտից հետո Փարաջանովին արգելել էին մեկնել Մոսկվա։ Այդ քաղաքը փակ էր նրա համար, բայց նա, միևնույն է , երբեմն հայտնվում էր ծպտված և միշտ ապրում էր իմ ընկերների՝ Քաթանյանների մոտ։ Մի օր, երբ նա հերթական անգամ եկել էր մայրաքաղաք, ես զանգահարեցի Քաթանյաններին, որ նրանց հրավիրեմ Վիսոցկու մասին ներկայացման հանրային դիտմանը. Ցավոք, այդ մասին ասել էին նաև Փարաջանովին։ Նա անմիջապես ցանկացավ թատրոն գալ, մանավանդ որ Լյուբիմովն էլ էր նրան խնդրել այդ մասին։ Դիտումից հետո տեղի ունեցավ ներկայացման քննարկում՝ բնականաբար, այնտեղ պետք է լինեին ԿԳԲ-ի աշխատակիցներ, քանի որ այն ժամանակ ներկայացումն արգելված էր։ Գուցե Փարաջանովն այն ժամանակ չգար, բայց Լյուբիմովն օգնություն խնդրեց։ Եվ Սերյոժան, իհարկե, հայտնվեց, իհարկե ելույթ ունեցավ: Եվ նրան նորից տարան՝ Թբիլիսիից դուրս գալու արգելքը խախտելու համար։ Թեև, դա ընդամենը պատրվակ էր։
Հիշում եմ, թե ինչպես էր նա առաջին անգամ պատրաստվում արտասահման՝ Հոլանդիա, մեկնել. մահվանից երկու տարի առաջ էր։ Սերյոժան դարձյալ Քաթանյանների մոտ էր ապրում։ Մի անգամ, այցելելով նրանց, տեսա Փարաջանովի մեծ ճամպրուկները. նա նվերներ էր տանում Հոլանդիա բոլորովին անծանոթ մարդկանց՝ անվերջանալի մետաքսե վրացական գլխաշորեր, ինչ-որ ասեղնագործություններ, վրացական թեյի տուփեր, գորգագործ պայուսակներ, վրացական զարդեր և այլն։ Անմիջապես հանում և այդ գլխաշորերը նվիրում էր եկողներին։ Այդ անգամ ես եկել էի իտալացի ընկերուհուս հետ, և նա նույնպես նվեր ստացավ: Ինձ մոտ դեռ մի քանի մետաքսե գլխաշորեր են մնացել։ Երբեմն ես դրանք նվիրում եմ «Սերյոժա Փարաջանովի անունից»։ Փարաջանովը վստահեցնում էր, որ գլխաշորերը հենց Պարսկաստանից են, իսկ Վասյա Քաթանյանն անմիջապես մեկնաբանում էր. «Ալլա, չհավատաս, պարզապես Թբիլիսիի շուկայից են: Եվ ոչ թե Սերյոժան է գնել, այլ նրան բերել են»։
Հոլանդիայից վերադառնալով՝ Սերյոժան զավեշտով պատմում էր, որ իր ֆիլմի պրեմիերային գնացել է երկար բազմագույն քղամիդով, ուլունքներով նախշակարված հսկայական պայուսակով, որից նա հանել է վրացական թեյի տուփերն ու գլխաշորերը և դրանք ուղիղ դահլիճ նետել։ «Բոլորը հիացած էին», -ծիծաղելով ասում էր Սերյոժան, իսկ հետո, արդեն առանց ծիծաղի, հպարտությամբ ասաց, որ ամբողջ քաղաքով փակցված էին թավշյա բաճկոնով իր դիմանկարի պաստառները, մարդիկ փողոցում ճանաչում էին նրան և բղավում՝ Մաեստրո: Դրանից հետո մենք մեր մեջ նրան այսպես էլ կոչում էինք ՝ Մաեստրո։ Իսկ այն ժամանակ, սթափվելով, Սերյոժան սկսեց պատմել ցուցափեղկերի մասին։ Նա մեկնել էր ուրբաթ օրը, և նույն օրը նախատեսված էին ասուլիսը և այլ հանդիպումներ. նա զբաղված էր, իսկ շաբաթ և կիրակի բոլոր խանութները փակ էին, ուստի Փարաջանովին մնում էր միայն ցուցափեղկերին նայել. «Պատկերացնո՞ւմ եք, ցուցափեղկ-բարձեր, անվերջանալի բարձեր կամ՝ անվերջանալի ծածկոցներ: Եվ ամեն ինչ տարբեր տեսակի: Դա այնպիսի գեղեցկություն է»:
Պատկերացնում եմ նրա «մարմաջը», երբ նա չէր կարող գնել այդ ամենը, չէ որ գնումներ անելը, իսկ հետո նվիրելը նրա կիրքն էր: Ընդ որում, նա կարող էր նվիրել ամենաէժան զարդերը և ասել, որ դրանք անգլիական արքայադստեր եզակի զարդեր են։ Միաժամանակ Փարաջանովը կարող էր բացառիկ ասեղնագործություններ նվիրել բոլորովին անծանոթ մարդկանց, որոնց մասին անմիջապես մոռանում էր։
Այնուամենայնիվ, Սերյոժան Հոլանդիայում չէր դիմացել, պարզվեց, որ գնումների նրա կիրքը փակ խանութներից ուժեղ է: Նա գնացել էր հնոտիների շուկա և գնել այդ ամենը՝ ամբողջությամբ: Երբ նա վերադառնալով ճամփորդությունից՝ եկավ Քաթանյանների մոտ, բեռնատար վերելակում չէին կարող տեղավորվել նրա բերած բոլոր պարկերը։ Ահա նա հանում էր իր գնումները. նույն կույտի մեջ էին արծաթե մատանիներն ու ինչ-որ էժանագին ապակիներ։ «Սերյոժա, ինչի համար են ապակիները»: «Դե, դուք չեք հասկանում, մեր կեկելները կմտածեն, որ դրանք շափյուղաներ են և ադամանդներ»:
Ես պաշտում էի նրա խենթ չարաճճիությունները, ինչպես հիմա եմ հասկանում՝ խենթ հանճարի չարաճճիությունները։
Իհարկե, նա եզակի կինոռեժիսոր էր, բայց հոգով արվեստագետ-միստիֆիկատոր էր։ Սերյոժան սիրում էր իր կյանքից լեգենդներ սարքել։
Նա ձանձրանում էր հենց այնպես ապրելուց։ Փարաջանովը միջին վիճակագրական մարդու տոնուս չուներ. նրա կենսական տոնուսը բարձր էր. այստեղից էլ արագ խոսակցությունը, բարձր խոսքը, ժեստերը, հավերժական հորինվածքները, ծիծաղը։ Ավելին, երբեմն ծիծաղը պարզապես անհամարժեք էր, ոչ «ծիծաղելիի» վրա. նա կարող էր անտարբեր մնալ ակնհայտ ծիծաղելիի հանդեպ և ծիծաղել բոլորովին անսպասելիի վրա։
Այդ ամենով հանդերձ՝ վարքագծի բացարձակ բնականություն, նա միշտ ասում էր այն, ինչ մտածում էր։ Եթե, օրինակ, նրան հարցնում էին այն երեկոյի մասին, երբ նա ընդունում էր Տագանկային Թբիլիսիում, նա պատասխանում էր. «Դե, ի՞նչ երեկո։ Սարսափելի երեկո էր. Եկավ Դեմիդովան, կտրեց հովանոցն ու անմիջապես հեռացավ։ Այսքանը»:
Փարաջանովին հնարավոր չէ մեկ բառով բնորոշել. Նրա մեջ ամեն ինչ միախառնված էր: Նրան լավ ճանաչողների համար դժվար է նրան անաչառ գնահատել։ Նա չէր տեղավորվում սովորական շրջանակների մեջ։ Նրան պետք էր ընդունել այնպիսին, ինչպիսին որ կար, իր պերճախոսությամբ, որում դժվար էր որոշել՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ՝ սուտը, իր տառապանքներով ու տագնապներով, նույն դեպքերի նրա կրկնություններով, ընդ որում՝ տարբեր վարկածներով։
Որն էր այն աղբյուրը, որից նա քաղում էր իր անսպառ էներգիան։ Նախ, կարծում եմ, որ աղբյուրը հենց նրա ճակատագիրն էր, իր առաքելության զգացումը։ Ընդ որում, տարիների հետ այդ զգացումը միայն աճում էր։ Եվ նա նույնիսկ ծառայում էր դրան: Երբեմն ինքն էր ստեղծում առասպելն իր մասին՝ «թաքնվելով լեգենդի թիկնոցով», ինչպես ինքն էր ասում իր մասին։
Փարաջանովը շատ էր սիրում տաղանդավոր մարդկանց: Այդ իմաստով կարելի է ասել, որ նա սնոբ էր։ Բայց դա դասական սնոբիզմ չէ. պարզապես նա չափազանց նուրբ էր զգում տաղանդավոր մարդկանց և երկրպագում էր նրանց բոլորին, նրանց նվերներ էր տալիս, շփվում նրանց հետ: Նա ուզում էր, որ իր հիշատակը պահպանեն հատկապես նրանք, որոնք տաղանդավոր են. չկա, թերևս, մի տաղանդավոր մարդ, որին Սերյոժան ինչ-որ բան չի նվիրել: Օրինակ, Անդրեյ Տարկովսկուն իրենց վերջին հանդիպմանը նա մատանի է նվիրել, իսկ Մայա Պլիսեցկայան, երբ ելույթ էր ունենում Թբիլիսիում, պարզապես ողողված էր Սերյոժայի ֆանտազիաներով:
Տաղանդավոր մարդկանց նա գտնում էր ոչ միայն ստեղծագործական աշխարհում. նրանք կարող էին լինել և գողեր, տարօրինակ անձեր, արկածախնդիրներ. «Արկածախնդի՞ր: Այո՛, բայց նա տաղանդավոր է»: Այն միլիցիոները, որին ես տեսա նրա տանը իմ առաջին այցելության ժամանակ, դարձավ մշտական այցելու. նա «տաղանդավոր միլիցիոներ» էր։ Պարզունակ մարդկանց ես նրա շուրջը չեմ տեսել, Փարաջանովը նրանց պարզապես չէր նկատում...
Հասկանում եմ, որ ժամանակակիցների հիշողությունները լիարժեք չեն ու փոքր-ինչ սահմանափակ են։ Եվ միևնույն ժամանակ, որքան կոնկրետ ու հանգամանալից են ժամանակակիցների հիշողությունները, այնքան ավելի լավ են արձանագրում ժամանակի հոգին։ Առանց ընդհանրացումների և «ընդլայնված ըմբռնման»՝ սա արդեն ինչ-որ մի երկրորդ փուլ է։ Ահա թե ինչու ես ուզում եմ հիշել միայն որոշ կոնկրետ բաներ, որոնք ես տեսնում եմ բացարձակ նյութական՝ աչքերիս առաջ, այն ինչ սեպվել և մնացել է իմ հիշողության մեջ:
Թարգմանությունը՝ Նունե Ալեքսանյանի
Դիտումներ: 235
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։