Ջորջ Ավագյան՝ «մեր մարդն» ամերիկյան ջազում
Այնքան շատ են ամերիկահայ պրոդյուսեր Ջորջ Ավագյանի նորարարական նվաճումները, որ դրանց սոսկական թվարկումը մի ամբողջ հոդված կկազմի, սակայն նրա արածը կարել է ընդհանրացնել ամերիկյան մամուլում հանդիպող ձևակերպմամբ՝ «ժամանակակից երաժշտական ինդուստրիայի ու ջազային պրոդյուսերական գործի հիմնադիրներից մեկը»։ «Նորարարությունները, որոնք Ավագյանը ներմուծել է կամ օգնել է ներդնել ձայնագրման ոլորտում, այնքան հիմնարար են և այսօր որպես այն աստիճան սովորական բաներ են ընկալվում, որ 70 տարեկանից երիտասարդ մարդկանց մեծ մասի համար դժվար կլինի պատկերացնել, թե եղել է ժամանակ, երբ դրանք գոյություն չեն ունեցել»,- 2000 թ․ հայտարարել է «ԴաունԲիթ» ամսագիրը՝ հայազգի պրոդյուսերին մրցանակ շնորհելիս։ Մեծ է եղել նրա դերը որպես ամերիկյան առաջատար լեյբլների՝ «Columbia Records»-ի, «Warner Bros.»-ի և այլ ընկերությունների ղեկավար աշխատողի, երկարանվագ ձայնասկավառակների (մասնավորապես՝ կոնցեպտուալ ալբոմների), դրանց ուղեկցող տեքստերի, կենդանի հնչողությամբ ալբոմների և այլ ձևաչափերի մշակման ու տարածման գործում։
Տասնամյակներ շարունակ որևէ ձայնագրության հիմնական ձևաչափը մնում է 30+ րոպե տևողությամբ ձայնագրությունը կամ դրանց հավաքածուն, որ ալբոմ անվանումն է ստացել։ Ջազ, ռոք, ժամանակակից և փոփ երաժշտության այդ ստանդարտի ակունքներում կանգնած է Ավագյանը։
Նրա պրոդյուսերական մոտեցումները նորարարական էին ու կոնցեպտուալ, նա այն անհատներից էր, որոնք երաժշտական աշխարհ բերեցին ալբոմային մտածողությունը, կառուցվածք ու շարունակականություն հաղորդեցին ալբոմներին։ Ավագյանը կարծում էր, որ ամեն մի ձայնագրության թողարկում պետք է ունենա իր նպատակը․ «Ալբոմը կազմող կոմպոզիցիաները պետք է հաջորդաբար կապված լինեն մեկ թելով, քանզի ես ալբոմը միշտ ընկալում եմ որպես նյութերի մեկ ամբողջություն կազմող հավաքածու։ Եվ, եթե հնարավոր է, այն պետք է պատմական զարգացման ընթացքում իր տեղը զբաղեցնի։ Մյուս բանը, որը ես միշտ շեշտել եմ, արտիստի սեփական կարիերայի մասին է․ ձայնագրությունը պետք է ներկայացնի արտիստի աշխատանքի որևէ կողմը, որը կապում է նրա անցյալն ապագայի հետ։ Այնպես որ, երբ ի մի բերեք արտիստի բոլոր ալբոմները, դրանք լինեն բազմազան, բայց գոյություն ունենա մի ընդհանուր կապող թել, որն անցնում է բոլորի միջով»։
Ավագյանը նաև ջազ և փոփ երաժշտության այն առաջին պրոդյուսերներից էր, որը լիակատար կերպով կիրառեց բազմուղի ձայնագրման և ժապավենային մոնտաժի տեխնիկաները․ այսպես, 1955 թվականին «Դաշույն Մեքը» հիթային սինգլում նա վարպետորեն իրականացրեց Լուի Արմսթրոնգի ձայնի հավելյալ ձայնագրումը (overdubbing)։
Ավագյանի ձայնագրություններն աչքի են ընկնում իրենց հստակությամբ, գործիքների հնչողության ծավալայնությամբ ու հարստությամբ, ամենանուրբ՝ բարձր հնչյունների գրանցմամբ, ինչը, սակայն, միայն հարցի տեխնիկական կողմն է։ Ավագյանը մեծ դեր ունի ձայնագրության համար համապատասխան մթնոլորտի ստեղծման, դրայվի, իմպրովիզացիոն հատվածների, ալբոմի ամբողջ դրամատուրգիայի կառուցման ու ամրագրման գործում․ իզուր չէ, որ նա նախընտրել է իրականացնել նվազագույն քանակի՝ մեկ-երկու ձայնագրման դուբլ։ Ավագյանը հաջողեցնում էր խմբի և նույնիսկ մեծ նվագախմբի կատարումը ձայնագրել այնպես, ասես ունկնդիրը ոչ թե մի կողմից է լսում այն, այլ հենց ակուստիկ կիզակենտրոնում՝ ստանալով ներկայության էֆեկտ։
Ավագյանի ծննդյան անունը Գուրգեն է (տարբեր հայալեզու աղբյուրներում հիշատակվող Գևորգը թյուրիմացության հետևանք է)։ Ծնվել է 1919 թվականին՝ Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Հայրը՝ խստաբարո առևտրական Մեսրոպը, Սալմաստից էր (Ջորջի խոսքերով՝ «Ավագյանների ընտանիքը հեռացավ Պարսկաստանի այդ հատվածից, քանզի ակնկալում էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում թուրքական զորքերն այնտեղով կանցնեն, և հենց այդպես էլ տեղի ունեցավ»), իսկ մայրը՝ Մանուշակը, Ախալցխայից։ 1923 թ․ գործերի բերմամբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք։ Այնտեղ ընտանիքի հետ հաստատվելուց հետո, թատրոնում ու ռադիոյով լսելով ամերիկյան երաժիշտների կատարումները՝ Ավագյանը սիրահարվեց ջազին․ «Ինձ հետաքրքրեց այդ տարօրինակ երաժշտությունը, որ ես լսեցի ռադիոյով՝ ուշ գիշերին։ Այն ինձ մի քիչ հիշեցրեց ժողովրդական երաժշտությունը, որ իրենց հետ բերել էին ծնողներս՝ հայկական ժողովրդական երաժշտությունը՝ կյանքով լի, աշխույժ պարերը և հիասքանչ մեղեդիները»։ Ռադիոհաղորդավարներից մեկը նշանավոր Բենի Գուդմենն էր, որից 17-ամյա երիտասարդը հարցազրույց վերցրեց դպրոցական թերթի համար՝ արժանանալով ընթերցողների հավանությանը։ Ինքը՝ Գուդմենը, հիացած երիտասարդի հարցերով, նրան հրավիրեց իր համերգին ու դարձավ նրա բարեկամը:
18 տարեկանում Ավագյանն արժանացել է դպրոցի լավագույն շրջանավարտի համար նախատեսված ոսկե մեդալին։ 1930-ականների վերջին, երբ նա Եյլի համալսարանի գրականության ուսանող էր, ջազը դեռ համեմատաբար սահմանափակ հասանելիություն ուներ։ Ջազի վարպետներին լսելու նպատակով նա ընկերոջ հետ շրջեց Ամերիկայի տարբեր նահանգներով։ Ծանոթանալով միմիայն աֆրոամերիկացիների համար նախատեսված ձայնասկավառակներին՝ սկսեց տարբեր լեյբլներին առաջարկել, որ զանգվածաբար թողարկեն դրանք։ Ի վերջո, նա համոզեց «Decca Records»-ին, որի համար կազմեց ու 1940 թ․ թողարկեց աշխարհում առաջին ջազային ալբոմը՝ «Chicago Jazz»-ը (քանի որ երկարանվագ ձայնասկավառակներ դեռևս չկային, կոմպոզիցիաները թողարկվեցին վեց ձայնասկավառակների հավաքածուի տեսքով)։ Նորարարություն էր նաև այն, որ ձայնասկավառակներն ունեին ուղեկցող տեքստ (դրա հեղինակը ևս Ավագյանն էր)։ Հետագայում նա հայտնի դարձավ որպես «ջազային ալբոմների անոտացիաների հայր», իսկ 1997 թ․ «Գրեմմի» մրցանակի արժանացավ «Ալբոմի լավագույն անոտացիա» անվանակարգում՝ Մայլս Դևիսի և Գիլ Էվանսի ալբոմների հավաքածուի համար։ Սկսնակ գրող Ջեք Քերուակը «Chicago Jazz» ալբոմի մասին քննախոսական տպագրեց և Ավագյանից հարցազրույց վերցրեց՝ անվանելով նրան «հեղինակություն սվինգի ոլորտում»։
Շուտով Ավագյանն արդեն զբաղվում էր ինչպես նոր, այնպես էլ արխիվային ձայնագրություններով՝ փաստագրելով և կերտելով ջազի պատմությունը, որն աստիճանաբար փոխում էր կարգավիճակը՝ պարզ զվարճանքից վերածվելով արվեստի։ Կարճ ժամանակ անց նա հրավիրվեց «Columbia Records», որտեղ նախաձեռնեց ևս մեկ նորարարություն՝ ջազային կոմպոզիցիաների վերահրատարակումների շարք, որը ներառում էր Լուի Արմսթրոնգի, Դյուկ Էլինգտոնի և Բեսսի Սմիթի ձայնագրությունները, ինչպես նաև նպաստեց ալբոմներում առանձին երգերի այլընտրանքային տարբերակների ընդգրկման պրակտիկայի ներդրմանը։ Նրա ընտրությունը կարևոր էր, քանզի այն ջազի մասին հիմնական պատկերացումների ու գաղափարների ձևավորման վրա նկատելի ազդեցություն ունեցավ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հետևակում ծառայելուց հետո Ավագյանը կրկին աշխատանքի անցավ «Columbia» ընկերությունում, որտեղ ղեկավարեց միջազգային և պոպուլյար ձայնասկավառակների բաժինները։ Ինչպես գրել է «Նյու Յորք Թայմսը»՝ Ավագյանի նախաձեռնությամբ է լեյբլը պայմանագրեր կնքել Դեյվ Բրուբեկի ու Մայլս Դևիսի հետ, որոնք նրա օգնությամբ աշխարհահռչակ երաժիշտներ դարձան։ Նրա ջանքերով «Columbia»-ն դարձավ ջազային և փոփ երաժշտության կենդանի կատարումներ ձայնագրող առաջին խոշոր լեյբլը։ Ավագյանը հայտնաբերել, իր գիտելիքներն ու փորձառությունն է փոխանցել ավելի երիտասարդ պրոդյուսերներին (Թեո Մասերո, Քել Լեմփլի, Իրվինգ Թաունսենդ և այլք)։
Գոյություն ունեցող փոքր տևողությամբ ձայնասկավառակները (սինգլ) թույլ չէին տալիս ձայնագրել ջազային երկարաշունչ իմպրովիզացիաներ կամ իրար հաջորդող կոմպոզիցիաներ։ Ավագյանը նոր ձևաչափի փնտրտուքների մեջ էր և 1940-ականների երկրորդ կեսին ոգևորությամբ ընդունեց «Columbia Records»-ի ինժեներների ներկայացրած երկարանվագ ձայնասկավառակի գաղափարը։ 33 պտույտ/րոպե արագությամբ երկարանվագ ձայնասկավառակի (LP) երկու կողմերում կարելի էր զետեղել ամբողջական ալբոմ: Ավագյանը ձայնագրեց նոր ձևաչափի առաջին հարյուր ալբոմներն ու ունկնդրին ընտելացրեց նոր ձևաչափին, որը կիրառվում է մինչև հիմա՝ մոտ 80 տարի։ Այսպիսով, նա նպաստեց վինիլային երկարանվագ ձայնասկավառակի հաստատմանը՝ որպես երաժշտության ասպարեզի ամենակարևոր նորարարություններից մեկը։ Ավագյանը հետագայում նշել է․ «Ինչ-որ առումով երաժշտական ինդուստրիայի մեջ իմ ամենակարևոր ներդրումը ոլորտում շեշտադրության փոխությունն էր հայտնվող ու անհետացող հիթերից դեպի որակյալ, երկար ժամանակ արդիականությունը պահպանող ալբոմները»։
Շատ երիտասարդ էր, երբ ծանոթացավ Լուի Արմսթրոնգի հետ։ Եյլում ուսանելու տարիներին նա օգնեց հայտնաբերել Արմսթրոնգի՝ 1920-ականների «Hot Five» և «Hot Seven» խմբերի ձայնագրությունները։ Պատերազմից հետո նա կրկին կապ հաստատեց Արմսթրոնգի հետ ու օգնեց նոր թափ հաղորդել նրա խամրող կարիերային։

«Լուին այն արտիստն է, որով ես ամենից շատն եմ հիացել և ում ձայնագրելն ինձ ամենամեծ հաճույքն է պատճառել՝ թեկուզև ուրիշների համեմատ փոքր առավելությամբ, - 2000 թվականին «ՋազԹայմս»-ին պատմել է Ավագյանը։ - Փոքր առավելությամբ, քանի որ հսկայական հաճույք էր աշխատել նաև Դյուկ Էլինգտոնի, Մայլս Դևիսի, Մահալիա Ջեքսոնի, Էրոլ Գարների, Սոնի Ռոլինսի, Դեյվ Բրուբեկի և բազմաթիվ այլ երաժիշտների հետ, որոնք ոչ միայն մեծ արտիստներ էին, այլև երբևէ ունեցածս լավագույն ընկերներից էին»։ Ավագյանը հրապուրված էր Կուրտ Վայլի երաժշտությամբ ու նրա նախաձեռնությամբ Լուի Արմսթրոնգը ձայնագրեց Վայլի և Բրեխթի «Դաշույն Մեքը» երգը՝ մի փոքր փոփոխված տեքստով, ինչից հետո այն շշմեցուցիչ ժողովրդականություն ստացավ ամբողջ աշխարհում։ Ավագյանն է մտահղացել ու ձայնագրել Արմսթրոնգի 1950-ական թթ․ երկու լավագույն ալբոմները, որոնք համապատասխանաբար բնորոշվել են որպես «անհրաժեշտ երաժշտություն ջազային ցանկացած լուրջ հավաքածուի համար» (Allmusic) և «ջազի բարձրակետերից մեկը» («Նյու Յորք Թայմս»)։ Ավագյանը եղել է նաև Արմսթրոնգի կենդանի («Ambassador Satch») և լավագույն կատարումների ալբոմների պրոդյուսերը, դրանց կից տեքստերի հեղինակը, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Արամը, լուսանկարիչը։
Նա հանդես է եկել որպես ջազի այլ անկյունաքարային ալբոմների պրոդյուսեր, որոնց թվում են Մայլս Դևիսի «Round About Midnight», «Miles Ahead» и «Milestones» (առաջինն ու երրորդը՝ Ջոն Քոլթրեյնի մասնակցությամբ), Էրոլ Գարների «Concert By the Sea», Դեյվ Բրուբեկի «Jazz Goes To College» և «Dave Digs Disney», Սոնի Ռոլինսի «The Bridge» (համապրոդյուսեր) և «Our Man in Jazz», Գիլ Էվանսի «New Bottle Old Wine», Դյուկ Էլինգտոնի «Ellington Uptown», Չարլզ Լլոյդի «Forest Flower» ալբոմները․ դրանցից շատերը տեղ են զբաղեցրել ջազի բոլոր ժամանակների թոփ հարյուրյակներում։ Ավագյանը եղել է Քաունթ Բեյսիի, Բաք Քլեյթոնի, Լեոնարդ Բերնսթայնի, Կարլոս Մոնտոյայի և ուրիշների ալբոմների պրոդյուսերն ու թողարկողը։ Նա կարևոր դեր խաղաց Մահալիա Ջեքսոնին ու գոսփել երաժշտությունը նախ՝ համաամերիկյան, ապա՝ համաշխարհային լսարանին ներկայացնելու գործում։

1950-ականներին Ավագյանը ղեկավարել է երկու պատմական նշանակություն ունեցող համերգային ձայնագրությունների թողարկման աշխատանքները՝ Բենի Գուդմենի «The Famous 1938 Carnegie Hall Jazz Concert»-ը և Դյուկ Էլինգտոնի «Ellington at Newport»-ը։ 1950 թվականին թողարկված Գուդմենի համերգային ձայնագրությունը ջազի պատմության մեջ առաջին կրկնակի ալբոմը, առաջին համերգային ալբոմը և ավելի քան մեկ միլիոն օրինակով վաճառված առաջին ալբոմն էր։ Էլինգտոնի 1956 թ․ համերգի ձայնագրությունն իրականում մոնտաժված է ու համատեղված նվագախմբի ստուդիական կատարումների հետ։ Այդ ձայնասկավառակը Էլինգտոնին թույլ տվեց վերականգնել փոքր-ինչ նվազած ժողովրդականությունը։ Որոշ մասնագետների կարծիքով՝ սա «լավագույն կատարումն է Էլինգտոնի կարիերայում»․ որպես կարևոր մշակութային արժեք այն պահպանվում է ԱՄՆ Ձայնագրությունների ազգային ռեգիստրում։

Միաժամանակ, Ավագյանը շարունակում էր ջազի վերաբերյալ հոդվածներ գրել տարբեր ամսագրերի համար, հավաքել ջազի հազվագյուտ ձայնագրություններ, Նյու Յորքի համալսարանում վարում էր ջազին նվիրված առաջին դասընթացներից մեկը։ Նա հանդես էր գալիս որպես ֆիլմերի երաժշտական ղեկավար, Բրոդվեյի դերասանական կազմերի բազմաթիվ ձայնագրությունների, ինչպես նաև երկու նշանակալի թատերական նախագծերի երաժշտական պրոդյուսեր։
1959-ին նա տեղափոխվեց «Warner Bros.» ընկերություն, հիմնեց դրա ձայնագրման բաժանմունքը, հետագայում աշխատեց այլ առաջատար ընկերությունների ղեկավարությունում, այդ թվում՝ «RCA Victor Records»-ի, որտեղ ծանոթացավ Էլվիս Փրեսլիի հետ։
Չնայած հոր հորդորներին՝ զգուշանալ խորհրդային իշխանություններից, «ձնհալի» տարիներին Ավագյանն այցելեց Հայաստան, կապեր հաստատեց տեղի երաժիշտների հետ, կազմակերպեց առաջին խորհրդա-ամերիկյան համատեղ ձայնագրությունը՝ քենու՝ դաշնակահար Մարո Աճեմյանի և օպերային երգիչ Պավել Լիսիցյանի մասնակցությամբ (1960)։
Ավագյանը նաև նշանավոր ջազային երաժիշտների պրոմոուտերն ու մենեջերն էր․ 1962 թ․ նա ծրագրեց Բենի Գուդմենի նվագախմբի աննախադեպ հյուրախաղերը ԽՍՀՄ-ում և ուղեկցեց նրանց։ Նույն թվականին թողարկվեց «Benny Goodman In Moscow» կենդանի հնչողությամբ ալբոմը, որի պրոդյուսերը ևս Ավագյանն էր։ 1967-ին նա ձայնագրեց սաքսոֆոնահար Չարլզ Լլոյդի քառյակի տալլինյան համերգը, մասնակցեց Դյուկ Էլինգտոնի, Թեդ Ջոնսի-Մել Լյուիսի նվագախմբերի խորհրդային հյուրախաղերի կազմակերպմանը։

1960-ականներին Ավագյանը որպես անկախ պրոդյուսեր թողարկեց Չարլզ Լլոյդի, Քիտ Ջարեթի և այլոց ալբոմները։
Ավագյանը համագործակցել է ոչ միայն ջազային երաժիշտների հետ․ նա օգնել է Էդիթ Պիաֆին՝ ճանաչման հասնելու ԱՄՆ-ում, ղեկավարել է նրա ամերիկյան ալբոմների և «La Vie en rose» հիթի ձայնագրությունը։ «Փարիզյան ճնճղուկն» իր հուշերում անդրադարձել է Ավագյանին․ վերջինիս խոսքերով՝ Պիաֆը «ցանկանում էր, որ ես իմ ամբողջ ուշադրությունը նրան նվիրեի, իսկ ես ժամանակս անցկացնում էի նրա հետ եկած ընկերոջ՝ Շառլ Ազնավուրի հետ»։ Ըստ Ավագյանի՝ Պիաֆի երկրորդ ամերիկյան ուղևորության ժամանակ ինքն ու Ազնավուրը շատ մտերիմ ընկերներ են դարձել․ «Այդ շրջանում Ազնավուրն անգլերեն չէր խոսում, բայց դա խնդիր չէր՝ մենք հայերեն էինք խոսում։ Նրա պատմածներից մեկը, որ շատ զվարճալի էր, այն էր, որ Պիաֆը սիրում էր ցերեկը կինո գնալ։ Որքան վատն էր լինում ֆիլմը, այնքան ավելի շատ էր նա այն հավանում, ընդ որում՝ նա սիրում էր ամերիկյան կովբոյական ֆիլմեր»։ Ավագյանի նախաձեռնությամբ է կայացել երիտասարդ Միշել Լեգրանի ամերիկյան դեբյուտը՝ «I Love Paris» ալբոմը (1954), որը շռնդալից հաջողություն է ունեցել։
Պակաս հայտնի է, որ Ավագյանը մասնակցել է ռոքնռոլի հաղթարշավին, մասնավորապես ձայնագրել է Բիլ Հեյլիի երկու ալբոմները (հետաքրքիր է, որ դրանք ավելի հավասարակշռված են և մերձեցված ջազային ու քանթրի հնչողությանը, ի տարբերություն նախորդ շրջանի ճչան, աղմկոտ ձայնագրությունների) և նրա նախաձեռնությամբ «Warner Bros.»-ը պայմանագիր է կնքել «Էվերլի Բրազերս» դուետի հետ, ինչի արդյունքում վերջիններս ձայնագրել են իրենց ամենաշատ վաճառված սինգլը։ Համագործակցել է նաև փոփի և էստրադայի (Ֆրենկ Սինատրա, Ջոնի Մաթիս), ֆոլկի ու էթնիկ երաժշտության (Ռավի Շանկար, Օդետտա) կարևոր դեմքերի հետ։ Ավագյանը Սինատրայի առաջին ալբոմի մեկ ձայնասկավառակով թողարկման (1948) կազմակերպիչն էր. այն համարվում է առաջին 10 դյույմանի փոփ ձայնասկավառակը։ Հետագայում հայազգի պրոդյուսերը պատմել է․ «1950-ականների սկզբին աշխատում էի «Columbia»-ում և Սինատրայի հետ ձայնագրման երկու սեսիաների ժամանակ զբաղվում էի արտիստների և երգացանկի ընտրության որոշ աշխատանքներով։ ․․․Սինատրային ձայնագրելը շատ հեշտ էր։ Նա հստակ գիտեր՝ ինչ է ուզում, և միշտ պատրաստ էր աշխատանքին։ Բավարարվեցինք երեք դուբլով, ինչը հազվադեպ երևույթ է երգիչների մեծ մասի պարագայում»։
Ավագյանը Բոբ Նյուհարթի դեբյուտային ալբոմի պրոդյուսերն էր․ այն դարձավ առաջին կատակերգական ձայնասկավառակը, որը 1960 թվականին արժանացավ «Գրեմմի» մրցանակի՝ որպես լավագույն ալբոմ։
Ժամանակի ընթացքում ունկնդրի նախասիրած երաժշտական ոճերը փոխվում էին, և Ավագյանը՝ որպես պրոդյուսեր և մենեջեր, շարունակում էր հայտնաբերել, աջակցել ու ձայնագրել նոր տաղանդների․ այսպես, նա առանցքային դեր խաղաց 1950-ականներին դաշնակահար Դեյվ Բրուբեկի ու շեփորահար Մայլս Դևիսի, իսկ 1960-ականներին՝ դաշնակահար Քիտ Ջարեթի առաջխաղացման գործում։ Նշանակալի մասնակցություն է ունեցել նաև իր հայրենակից Ալան Հովհաննեսի (Ավագյանը Հայ երաժշտության բարեկամների կոմիտեի անդամ էր) և Ջոն Քեյջի ստեղծագործությունների տարածման գործում, հայերեն «Գուրգեն Ավագյան» անունով ստորագրել նրանց առաջին համատեղ ձայնասկավառակի շապիկին զետեղված տեքստը։

1960-ականներին Ավագյանը ալտ-սաքսոֆոնահար Փոլ Դեսմոնդի՝ «քուլ ջազի» և բոսա-նովայի տարրեր պարունակող ալբոմների լեգենդար շարքի պրոդյուսերն էր։ 1980-ականներին զբաղվել է Հելեն Մերիլի և Տաթևիկ Հովհաննիսյանի մենեջմենթով, 1998-ին թողարկել վերջինիս ալբոմը։
Նա «Գրեմմի» մրցանակաբաշխության կազմակերպչի՝ Ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիայի համահիմնադիրն էր (1957) և նախագահը (1966-1967), 2009-ին իր վաստակի համար արժանացավ «Գրեմմիի» հոգաբարձուների պարգևին։ Երկու տարի անց նրա անունը զետեղվեց «Ջազի փառքի պատին»։ Արժանացել է նաև Արվեստների ազգային հիմնադրամի ջազի խթանման պարգևին, Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչմանը, ԽՍՀՄ բարձրագույն ՝ Լենինի շքանշանին, Մալթայի ասպետությանը (1984), «ԴաունԲիթ»-ի՝ կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար մրցանակին (2000), ջազի ոլորտում ֆրանսիական հեղինակավոր «Django d'Or» մրցանակին (2006), ՀԲԸՄ կենտրոնական վարչության պարգևին (2016) և այլն:
1998 թ․ Ավագյանը Երևանի միջազգային ջազ փառատոնի պատվավոր հյուրն էր։ Կոկիկ հագուկապով այդ առասպելական մարդը կանգնած էր օպերայի շենքի բակում, իսկ հայտնի երաժիշտները մոտենում ու իրենց հարգանքի հավաստիքն էին հայտնում նրան։ Ինքս էլ մոտեցա և խնդրեցի մակագրել փառատոնի ծրագիրը, անգլերենով մի քանի բառ փոխանակեցի հետը․ լավ տպավորվել են նրա համեստ ժպիտն ու բարյացակամությունը։
Հարցազրույցներում Ավագյանը հաճախ է անդրադարձել իր հայկական ինքնությանը, հայոց պատմությանն ու հավատքին, պատմել է, որ ծնողների պահանջով իրենք Նյու Յորքում էլ հայերեն են խոսել ու բնակվել են հայկական եկեղեցուն մոտ։ Նրա կինը ջութակահարուհի Անահիտ Աճեմյանն էր, ունեին երեք զավակ և երկու թոռ։ Թոշակի անցնելուց հետո զբաղվում էր մրցարշավային լծկան ձիերի (դրանց թվում՝ աշխարհի չեմպիոն «Պրեզիդենտ Բոլը») բուծմամբ։
Կյանքի վերջին տարիներին Ավագյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն շարունակում էր հանդես գալ տարբեր միջոցառումներում ու հանդիպումներ էր ունենում լրագրողների ու երկրպագուների հետ՝ պնդելով․ «Եթե երաժշտությամբ չզբաղվեի, հիմա ողջ չէի լինի»։ 2009 թվականին Նյու Յորքում կայացավ Ավագյանի 90-ամյակին նվիրված տոնակատարություն, որին իրենց մասնակցությունը բերեցին երգիչ Թոնի Բենեթը, պարուհի Մերսեդես Էլինգտոնը, սաքսոֆոնահար Վինս Ջորդանոն և ուրիշներ։ Ջորջ Ավագյանը մահացավ 98 տարեկանում՝ 2017 թ․ նոյեմբերի 22-ին, Մանհեթենի իր տանը։
Համաշխարհային մամուլը հանգամանորեն անդրադարձավ հայ պրոդյուսերի վաստակին․ «Նյու Յորք Թայմսը» տպագրեց ծավալուն մահախոսական, իսկ բրիտանական «Ջազվայս» ամսագիրը նշեց, որ «երբևէ չի եղել ջազային ձայնագրությունների ավելի կարևոր պրոդյուսեր, քան Ջորջ Ավագյանը»։ «Բիլբորդը» նրան անվանեց «ամերիկյան երաժշտական ինդուստրիայի ճարտարապետ, որը թողարկեց Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և այլ աստղերի հիմնական ձայնագրությունները»։ «Գարդիան»-ի բնորոշմամբ՝ Ավագյանը «նպաստեց այն երաժշտության ձևավորմանը, որը մենք լսում ենք, և նրան, թե ինչ կերպ ենք մենք այն լսում»։
Պրոդյուսերի մասնագիտությունն իր բնույթով այնպիսին է, որ դրա նույնիսկ վառ ներկայացուցիչնեը որպես կանոն ստվերում են մնում, նրանց լայն հանրությունը չի ճանաչում ու ըստ արժանվույն չի գնահատում։ Սակայն դա չի չեղարկում այն բացառիկ ծառայությունը, որ բերեց Ջորջ Ավագյանը քսաներորդ դարի երաժշտությանը։ Նա ու նրա հետնորդները հարթեցին այն ճանապարհները, որոնք ոչ միայն երաժշտությունը իր բոլոր ելևէջներով հասանելի դարձրեցին յուրաքանչյուրին, ով ձայնարկիչ, ռադիոընդունիչ կամ գոնե համակարգիչ ու բջջային հեռախոս ունի, այլև փոխեցին փոփում և ջազում երաժշտական կոմպոզիցիայի մասին պատկերացումները։

Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Ջորջ Ավագյան
2․ Ջորջ Ավագյանը Լուի Արմսթրոնգի հետ՝ «Satch Plays Fats» ալբոմի ձայնագրման ժամանակ, 1955 թ.
3․ Մայլս Դևիսը և Ջորջ Ավագյանը ձայնագրման ստուդիայում, 1955-1956 թթ․
4․ Ավագյանը և Դյուկ Էլինգտոնը 1957 թ․։ Աջից առաջինը՝ Անահիտ Աճեմյանն է, կողքին՝ երգչուհի Լոթե Լենյան
5․ Բենի Գուդմենը և Ջորջ Ավագյանը Արամ Խաչատրյանի և Տիխոն Խրեննիկովի հետ, ԽՍՀՄ, 1962 թ․
6․ Քիտ Ջարեթի հետ, 1960-ականների վերջ
7. Ջորջ Ավագյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը և Շառլ Ազնավուրը
Դիտումներ: 10
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։