Պարույր Սևակ. «Ի՞նչ կանեի ես, եթե իսկապես Ձմեռ Պապիկ լինեի»

Նոր տարին սևակյան է լինելու. լրանում է Պարույր Սևակի ծննդյան 100 ամյակը: Եվ այս իմաստով խորհրդանշական պիտի դիտվի, եթե 2024 թվականը սկսենք մեծ բանաստեղծի խոսքով: Շարադրանքը, որ ներկայացնում ենք ստորև, գրվել է 58 տարի առաջ: 1965 թվականից Պարույր Սևակը նորաբաց «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի կոլեգիայի անդամ էր: Տարեվերջին նրան խնդրում են Սփյուռքի և Հայաստանի մեր հայրենակիցներին ուղղված շնորհավորանքի խոսք գրել: Ըթերցողներին քիչ հայտնի այդ ամանորյա ուղերձն այսօր էլ արդիական է իր բովանդակային շեշտադրումներով և համազգային մտահոգություններով:

 

Հովիկ Չարխչյան

 

***

«Նոր Տարի է: Սփյուռքի մեր մանուկ-մանչուկները այլևս անհամբեր սպասում են Ձմեռ Պապիկին, որի գոյությանը հավատում են, ինչպես նրանց ծնողներն են հավատում իրենց ազգային իղձերի իրականացմանը:

Ու հանկարծ մեջս արթնացավ մի զուտ մանկական ցանկություն՝ լինել Ձմեռ Պապիկ՝ բարի, նվիրաբաշխ, ամենակարող:

Եվ ի՞նչ կանեի ես, եթե իսկապես Ձմեռ Պապիկ լինեի: Ամենից առաջ, բնականաբար, ես գիրկս կառնեի բոլոր մանչուկ-աղջնակներին, որ իմ եղբորորդիներն են և քեռորդիները:

Այնուհետև ես նվերներ կբաժանեի ոչ միայն փոքրերին, այլև մեծերին: Բոլորին անխտիր կպարգևեի պարգևներից մեծագույնը՝ Հայրենիք, որ ինչքան իմն է, առավել՝ նրանցը, ովքեր ունենալով չունեն: Եվ բոլորին անխտիր կընծայեի նշանաբանը՝ «Հայ մնալ»: Եվ իսկույն էլ կբացատրեի-կհասկացնեի-կներշնչեի, թե ամեն ժողովուրդ ունի իր ճակատագիրը, որ գրված է շրջված տառերով, այս պատճառով էլ թվում է անընթեռնելի: Պատմականության հայելու մեջ այդ տառերը վերաշրջվում են և ստանում իրենց շիտակ տեսքը: Լվացվելուց հետո հայելու օգնությանը դիմելիս նայեցեք ձեր ճակատին և չեք կարող պարզորոշ չկարդալ ձեր իսկ ճակատի գիրը. «Հայ մնալ»:

Իմ բոլոր նվերները, ընծաները, պարգևները փաթաթված կլինեն մի թղթով, որ պիտի պսպղա Արարատյան և Մշո դաշտերի, Սևանա և Վանա ծովակների, Մասյաց և Սասնո լեռների երանգներով, մի թուղթ, որի վրա պիտի դրոշմված լիներ մի քանի տող.

 

Եվ Հայրենիքը ոչ մուրացկան է, ոչ էլ հարկահան,

Մեր սերն էլ տուրք չէ, ոչ էլ գրություն,

Սերը սուրբ ավյուն ու սուրբ արյուն է,

Որ պիտի ծիլ տա

Թե՛ մոր, թե՛ մանկան անկողիններում,

Որտեղ սավանը ճմրթորվում է ոչ սավանի պես,

Այլ իբրև պատանք,

Որ պատառոտվի հենց այդ պատանքը,

Եվ համբարձվելով հառնի նոր ոգին:

Նոր ոգին, նո՛րը....

 

Իսկ դրա համար հարկավոր է նախ և առաջ չխճճվել անձնական և նեղ խմբակային շահագրգռությունների մեջ, ինչպես արջառը իր ոտնակապով: Ես շատ կուզեի, որ տարեմուտի սեղանների շուրջ ամեն հայ ընտանիքում գեթ մեկ անգամ հնչեր մշեցու սարսռազդիկ «Օրորոցայինը» իր արթնացուցիչ կրկներգով. « ԶԱՐՆԹԻ՛Ր, ԼԱՈ, ՄԵՌՆԻՄ ՔԶԻ...»:

Եվ ինչո՞ւ նույն սեղանների շուրջ մեկ անգամ էլ չհնչի այն ճշմարտությունը, որ երանի թե ժխտված լիներ. «ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՔ, ՈՐ ՄՐՐԿԱՒ ԷԻՆՔ ԶԱՏՎԱԾ...»: Բայց ոչ միայն ԷԻՆՔ, այլև ԵՆՔ: Եվ քանի դեռ կա այդ ԵՆՔ-ը, երեխաները կարող են հավատալ Ձմեռ Պապիկի գոյությանը, բայց նրանց ծնողները հազիվ թե նույն անմեղությամբ հավատան իրականացմանը իրենց ազգային իղձերի:

Ես կուզեի նաև «բարձունքներից» իջնել «ստորոտը»՝ հիշեցնելու մի մանրուք, որի մեջ է անդրադարձումը մեծի: Իմ ստացած բազմաթիվ նամակների մեջ ահա ևս մի նամակ, ավելի ճիշտ՝ հրավիրատոմս. «Տիկին Էլմաստ Աւագեան և տիկին Մարգրիտ Սագիսեան կը հրավիրեն Ձեզ... երեկոյեան ժամը եօթին ներկա գտնուելու իրենց զաւակներուն՝ Տիրանի  եւ Վերժինի սբ. պսակի խորհրդին»: Եվ գիտե՞ք որտեղ... Հալեպի սբ. Քառասնից մանկանց եկեղեցում:

Եկեք բոլորս մեկտեղ, միմյանց Նոր տարին շնորհավորելուց առաջ շնորհավորենք Տիրանի և Վերժինի սուրբ պսակը՝ մաղթելով նրանց միածին բախտավորություն ու երկվորյակ զավակ: Բայց եկեք նաև ամենքս միմյանց ցանկանանք մոտալուտություն այն վիճակի, երբ այսօրինակ հրավիրատոմսերը պիտի ոչ միայն թացություն տան մեր աչքերին, այլև փութացնեն մեզ ընդունելու հաճելի և հնարավոր հրավերքը...

Թող գալիք տարին ևս մեկ քայլով մեզ մոտեցնի՝ մեզ տալով երջանիկ հնարավորությունը մասնակցելու մեր հայրենաբաղձ տիրանների ու վերժինների պսակին, նրանց մանչուկների և աղջնակների կնունքին, Նրանց Կաղանդ-Ամանոր-Տարեմուտը իրենց իսկ տանը շնորհավորելու հասարակ բախտին...

Եկող տարին թո՛ղ պակասեցնի մեր սրտնեղությունՆ ու տրտմությունը և ի հաշիվ լայնախոհություն ու շրջահայեցություն տա մեզ, նաև համբերություն, ինչից կուշտ ենք:

Թող Նոր Տարին մեզ մեկ տարով էլ մոտեցնի մեր երազանքներից մեծագույնին...

Նախ՝ ձեր և միշտ՝

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ»: