«Մարդը կարող է իրական գլուխգործոցներ ստեղծել, երբ երկրորդ անգամ երեխա է դառնում»

Ակիրա Կուրոսավայի նամակը Ինգմար Բերգմանին

1988թ. հուլիսին Ինգմար Բերգմանը դարձավ 70 տարեկան: Այդ ժամանակ նա արդեն նկարահանել էր իր լավագույն ֆիլմերը և իր հուշերում գրում է. «Ես շատ եմ ափսոսում, որ այլևս չեմ նկարում»: Այդ ժամանակ արդեն 77-ամյա Ակիրա Կուրոսավան այդ կապակցությամբ նամակ  գրեց Ինգմար Բերգմանին: Այդ նամակն առաջին անգամ հրապարակվել է Chaplin ամսագրում.

«Սիրելի պարոն Բերգման,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ 70-ամյակի կապակցությամբ:

Ձեր աշխատանքները խորապես հուզում են ինձ ամեն անգամ, երբ դիտում եմ դրանք: Դրանք ոգեշնչել են ինձ, և ես շատ բան եմ սովորել Ձեզանից: Ես Ձեզ առողջություն եմ մաղթում, որպեսզի Դուք կարողանաք մեզ համար ավելի շատ հրաշալի ֆիլմեր ստեղծել:

Մեզ մոտ՝ Ճապոնիայում, մի մեծ նկարիչ կա ՝Տեսսայ Տոմիոկան: Նա ապրել է Մեյձիի ժամանակաշրջանում (19-րդ դարի վերջ): Երիտասարդ տարիներին այս նկարիչը բազում լավ կտավներ է նկարել: Բայց երբ լրացավ նրա 80 տարին, նա հանկարծ սկսեց ստեղծել այնպիսի բաներ, որոնք իրենց որակով զգալիորեն գերազանցում էին նախորդ աշխատանքներին: Նա ասես հասավ իր ստեղծագործական գագաթնակետին: Ամեն անգամ, երբ ես դիտում եմ այդ նկարները, հասկանում եմ, որ ոչ ոք չի կարող ստեղծել ոչ մի մեծ բան, քանի դեռ չի լրացել նրա 80 տարին:

Մարդը ծնվում է որպես երեխա, հասունանում է որպես փոքրիկ տղա, անցնում է պատանեկության միջով, հասնում է ուժերի ծաղկմանը և, ի վերջո, նորից դառնում է երեխա: Սա, իմ կարծիքով, կյանքի իդեալական ճանապարհն է: Եվ  կարծում եմ, որ Դուք կհամաձայնեք, որ մարդը կարող է իրական գլուխգործոցներ ստեղծել, երբ երկրորդ անգամ երեխա է դառնում: Հիմա ես յոթանասունյոթ տարեկան եմ և վստահ եմ, որ նոր եմ սկսում իսկապես աշխատել:

Եկեք միասնական լինենք հանուն կինոյի:

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝

Ակիրա Կուրոսավա»:

 

Թարգմանությունը՝ Անի Գաբուզյանի