Մալյան թատրոնի նոր ներկայացումը՝ «Բլրեցի Եփփեն»

Այս տարի Մալյան թատրոնի բեմում արդեն երրորդ պրեմիերան է ներկայացվում, տարբեր ժանրերի երեք ներկայացում՝ «Մենք ենք, մեր Թումանյանը»  թատերականացված հրապարակախոսությունը, մանկական ինտերակտիվ «Դու կարող ես»-ը և՝ «Բլրեցի Եփփեն» կատակերգությունը։

Տասնութերորդ դարի դանիական կատակերգությունը համալրելու է մալյանական յուրատեսակ ոճի լավագույն ներկայացումների շարքը՝ հումորով լուրջ բաների մասին, արագ, հետաքրքիր, սրամիտ, խորիմաստ, հաճելի աչք ու ականջի համար, թեթևաշունչ-խրատական։ Նոր ներկայացումն արտաքին ֆակտուրայով հիշեցնում է թատրոնի «Շրջված երազը», ասես մենք տեսել ենք այս դեմքերը և այս դարաշրջանը, մի տարբերությամբ՝ գլխապտույտ արագությունը չկար։

Ներկայացման բեմադրիչը Նարինե Մալյանն է, միաժամանակ Արսեն Նավասարդի ու Տաթև Մելքումյանի հետ երաժշտական ձևավորման, ոճավորման համահեղինակն է: Իսկ դերակատարները թատրոնի հնաբնակ ու նոր դերասաններն են՝ Վահագն Գասպարյան, Սամվել Թոփալյան, Լևոն Մելոյան, Արման Մաթևոսյան, Քրիստինա Հովակիմյան, Հարութ Բեգ-Վանյան, Լևոն Ղազարյան, Գրիգոր Գրիգորյան, Ինգա Շահբազյան։

Տասնութերորդ դարի փիլիսոփա ու դրամատուրգ Լյուդվիգ Հոլբերգը համարվում է ժամանակակից դանիական ու նորվեգական գրականությունների հիմնադիրը։ Նրա լավագույն կատակերգությունները, որ ստեղծվել են 1722-1723 թվականներին, ներկայացվում էին Կոպենհագենի Գրենեգեյդ թատրոնում։ Սատիրական բնույթի այս կոմեդիաներով էլ Հոլբերգը հռչակվել է իբրև «դանիական Մոլիեր», որի կերտած «համակրելի հիմարները»՝ մշտազբաղ պորտաբույծը, անլուրջ քաղաքագետը, կեղեքվող գյուղացին, ներկայացված են չձաղկող, անքեն հումորով։

Բարոյախոս Հոլբերգը ժամանակին իր գրականությամբ դաստիարակչական խնդիրներ էր բարձրացնում։ «Բլրեցի Եփփեն» ներկայացումը նույնպես պահել է այդ գիծը՝ ինչպես  է արմատապես վերափոխվում մարդու վարքը, երբ փոխվում է նրա դիրքը հասարակության մեջ։ Այդժամ ամենօրյա ռեժիմով մտրակվողը դառնում է անողոք ձաղկող, հարկերից կաշառքով խուսափողը՝ օրինականության պահանջատեր և այլն։

 

Մալյան թատրոնի օազիսում

«Բլրեցի Եփփեն» ներկայացման կերպարները ծանոթ ու ճանաչելի են՝ մոլիերյան դիմակների թատրոնի օրինակով։ Վահագն Գասպարյանի մարմնավորած գլխավոր հերոսը՝ Եփփեն, հարբեցող, չարքաշ գյուղացի է, թուլակամ, նաև՝ խորագետ։

Մինչև նա քնած էր, կինը՝ Նիլեն, արդեն հանդիսականին ներկայացրել էր գլխավոր հերոս-անբանին, իր և տան շուրջ շարունակ պտտվող երիտասարդ, բարձրահասակ սարկավագին պատմելով չպատմվող մանրամասներ։ Նիլեի դերակատար Քրիստինա Հովակիմյանը, անկախ նրանից, գլխավոր դերակատար է («Անունը», «Սիրելի Պամելա»), թե հանդես է գալիս էպիզոդիկ դերում, խաղում է նույն համոզչականությամբ, ներկապնակը՝ հարուստ, բազմագույն, նրբահյուս։ Նա նույն թատրոնի հիմնադիր կազմից  տաղանդավոր ծնողների ավանդույթները զարգացնող դերասանուհի է։ Վահագն Գասպարյան-Եփփեն սկզբում բեմ է մտնում խումհարի մեջ, շփոթված ու վախվորած շարժումներով, ծանրաքարշ, կոպիտ կոշիկներով՝ ասես փայտե սանդալներով ու ծանր քայլքով։ Կոպիտ կտորից, ծանր, լայնափողք միակ տաբատը կոշիկների հետ առաջ գնալու փոխարեն հետ-հետ է քարշ տալիս, ու տպավորություն էր, թե կառավարում էր տիրոջ վարքը։

Անբան տանջահարին տանից հանում է միայն մտրակվելու վախը, սակայն ոտքերը տանում են սովոր արահետով՝ խաբեբա գինեվաճառի կրպակ։ Գինեվաճառ-Լևոն Ղազարյանը հազարումի փորձած հնարներով Եփփեից վերջին շիլինգներն է կորզում, ավելին՝ ինքն էլ հաճախորդի հաշվին է խմում։

«Թող Աստված պահի-պահպանի մեր բարեկամներին, և պատժի լիրբ կնոջն ու սարկավագին»․ անփոփոխ կենացը հետևում էր կուրծքը ծեծող Եփփեի՝ գինուն ապավինելու մշտական բացատրությանը՝ «Դարդերս մոռանամ, դարդե՛րս»։

Շուկա չհասած Եփփեն հանգրվանում է աղբանոցում, և այստեղ մրափած էլ նրան տեսնում են զբոսանքի դուրս եկած բարոնն ու սպասյակներն և որոշում կատակ բեմադրել։

Եվ նա, չարքաշ գյուղացին, անբան տանջահարը դառնում է տանջող՝ իրադրության փոփոխության հետ, արագ հարմարվում է նոր դերին։ Նա՝ մտրակից փախչողն ու ատողը, վերածվում է տանջանքի մեքենայի իր շրջապատի համար, և մեծագույն սիրով բարոնին է գանահարում-ձաղկում։ Ներկայացման այս երաժշտական  տեսարանները հիշեցնում են միջնադարյան ուրախ կառնավալ։ 

Թեթևամիտ բարոնի շքախումբը՝ երեք արբանյակով, հավաքական կերպար է ներկայանում, սակայն ունի իր հստակ դիմակները։

Բարոն-Արման Մաթևոսյանը երես առած, թեթևամիտ, վախկոտ, անտեսակետ զվարճաբան է։ Սամվել Թոփալյանը բոլոր առումներով առաջինն է, ամենից համակրելին, խորագետը, ինքնասիրահարվածը, խորհրդավորը։ Հավատավոր մալյանական Լևոն Մելոյանի կերպարը գունեղ դերակատարում էր՝ զարմանալի թեթևաշարժ, բարեհոգի, չափավոր խորամանկ։ Հարություն Բեգ-Վանյանը ամենից երիտասարդն էր, անճկուն իր վարքագծով, տարիքի բերումով դժվար էր գլխի ընկնում, ինչն է հաճելի իր տիրոջը, և միշտ վրիպում էր։

Ներկայացման մեջ, ասես, երկրորդական ու վատ դերակատար չկա, անգամ եթե խոսք չունեն։ Առանց խոսքի, միայն գլխով հավանություն տվող, ստվերի պես, անգամ լվացք փռելիս, ուրիշի կնոջը հետևող, սարկավագ-Գրիգոր Գրիգորյանը անմեղսունակ հոգևորականի դիմակ է, միաժամանակ մխիթարող-օգտվող երկերեսանիների դասից։

Սրնգահար պարմանուհու դերակատար Ինգա Շահբազյանը թատրոնի նորագույն սերնդի դերասանուհիներից է, բայց անսովոր մերված ոչ միայն ներկայացմանը, այլև թատրոնի գեղագիտությանը։ Անբառ, ակտիվ, նեղացկոտ, քմահաճ, հումորային սարկազմով, ճերմակաեթերային զգեստով աղջնակի ներկայությունը տղամարդկային շքախմբում գեղեցիկ հակադրություն էր։

Ոճական առումով նոր ներկայացումը Նարինե Մալյանի «Պատմություններ գնացքում», «Սիրելի Պամելա, «Անունը», «Շրջված երազ» բեմադրությունների շարքից է. կնշանակի՝ անձանձրույթ, հետաքրքիր, արագընթաց, սարկազմով, նուրբ հումորով և գեղագիտորեն դիտարժան։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

 

... ...