Մահից առաջ

Երբ մահացավ Լուսիկ տատը ես շատ լաց եղա, այնքան շատ, որ մայրս թաց շորերս փոխեց։

Ինձ թվում էր ուր որ է հետ է գալու, կապելու է կապույտ գոգնոցն ու սկսելու է թելին շարել չորացրած կարմիր տաքդեղը, որ ինքն էր ցանել։ Լուսիկ տատն իմ տատը չէր, հորս տատն էր, պապիս մայրը ու մեր բոլորիս բաբոն.

«Ա՜խ բալա, ես որ ջահել էի, թատրոն ու համերգ շատ էի սիրում, բայց իմ մարդը չէր թողնում գնամ, թաքուն էի գնում ամուսնուս քրոջ`Վերգինի հետ», մահից առաջ ինձ պատմում էր բաբոն։

Բաբոն մի տղա ու թոռներ էր ճանապարհել հողի տակ, ինքն էլ էր գնում, բայց հիշում էր ջահել ժամանակ թաքուն գնացած թատրոնն ու համերգը, պատմում էր ու սիրտը ջահելանում էր, աչքերը միանգամից կյանքի երանգ էին ստանում, թվում էր թե էսա ոտքի կկանգնի մի ջահել աղջնակ ու կսկսի երգել, հետո ակնթարթորեն խամրում էր աչքերի փայլը, կյանքը չքվում էր նրա դարդից կնճռոտված դեմքից, ու ամեն ծալքի տակ թաքցնում մի թաքուն գնացած թատրոն ու թաքուն լաց, աղջկական մի անհոգ ծիծաղ ու կանացի կորած երազանք, հետո նորից բաբոն գնում էր…

Գնում էր ու խոսում. «Քո հերն իրա պապին ասում էր`մի աղվես նկարի, հետո ասում էր` դե մի սոված աղվես էլ նկարի, հետո ասում էր`դե մի կուշտ աղվես էլ նկարի, նկարում էր…»։

Նրա երեսին կարծես նորից արևի մի շվաքոտ շողք էր ընկնում, հետո գարնան մռայլ երկնքի նման հանկարծակի մթնում էր երեսն, ու դեմքից կորչում էր կիսատ լույսը։

Չգիտեմ, ի՞նչ են զգում մարդիկ երբ կյանքից հեռանում են, ես չգիտեմ հիշո՞ւմ են նրանք ողջերի մասին, գուցե չեն էլ ուզում մնալ այստեղ, կամ գուցե նրանք նոր սկսում են ապրել, իսկ իրական մեռյալները երկրի վրա են ապրում, իսկ գուցե ոչինչ էլ չեն զգում, գուցե իրականում մարդը մեռնում է ու վե՞րջ, վերջ…

Ես գիտեմ, թե ինչ են զգում ապրող մարդիկ։

Պատուհանի մոտ նստած թեյ էի խմում, վախից թեյս գդալով չէի խառնում, որ չզնգա բաժակը, ու չջղայնացնի պապիս, որի մայրը ոչ այն աշխարհում էր, ոչ էլ` այս։

Գարնան ցուրտ օր էր, այգու ծաղիկները ցրտից սառույց էին դարձել, այդ տարի ծաղկած ծառերը ցրտահարվեցին։ Բաբոյի տնկած «Գիշերային թագուհին» ծաղկել էր ու ծաղկած սառել։

Պապս գլուխը բռնել էր, աչքերը լիքն էին արցունքով, ինձ թվում էր`եթե ուժեղ շնչեմ նա կամ կզայրանա կամ կլացի, իսկ ես գիտեի, որ իմ ներկայությամբ նա երբեք չի ցանկանա լացել ու կբղավի, դրա համար համարյա չէի շնչում։

Կրակը թեժ վառվում էր, կաղնու փայտը ճտճտում էր, ես նայում էի պատուհանից երևացող մռայլ երկնքին ու սառած ծաղիկներին, ուզում էի խոսել, ու չէի համարձակվում։

Ես ուզում էի հարցնել` ինչո՞ւ բաբոյին ջահել ժամանակ թատրոն չեք տարել, բայց վախենում էի, ու հանկարծ պատկերացնում էի պապիս ու իր եղբայրներին փոքր ժամանակ՝ աղքատության մեջ, ու դա պատկերացնելուց լաց էի լինում, ես իմ  պատկերացումների մեջ տեսնում էի թե ինչպես են նրանք մրսում, իսկ այդժամ բաբոն թատրոն էր գնացել, ես իմ պատկերացումների մեջ արդարացնում էի նրանց ու մեղադրում բաբոյին, հետո լաց լինում…

Հետո ես պատկերացնում էի թե բաբոն ի՜նչ սիրուն է եղել ջահել ժամանակ, ու ինչ կլիներ եթե նա դերասանուհի դառնար, ես տեսնում էի նրան երկա՜ր  ու կապույտ զգեստով, փարթամ մազերն ուսերին թափված, երկնային փերու նման, բայց`բեմի վրա։

Բաբոն պատմում էր, որ ջահել ժամանակ յոթ հյուս է ունեցել գլխին, ու մենք բոլորս՝ թոռներով ու ծոռներով, նրան ասում էինք «Դեղձուն Ծամ» ու ծիծաղում։

Ես փորձում էի մի ակնթարթ թատրոն տանեմ բաբոյին, ես ուզում էի մահից առաջ նա ծիծաղի գոնե մի ակնթարթ, բայց ես փոքր էի, երեխա, իսկ նա արդեն գնացել էր…

 

***

«Անպոչ կացին սարքե՞մ, վագր խեղդե՞մ, թե՞ ծովի տակ խորոված անեմ»

 

Բորյան առաջնակարգ սուտասան էր։ Միակ փեշակը՝ 500 դրամով կացնի պոչ սարքելն էր, այն էլ այնքան անորակ, որ մինչև կացնի հետ ամբողջանալը կոտրում էր։

Նախքան կնոջը՝ Մարետին հարս տանելը, Բորյան հասցրել էր ամուսնանալ մի քանի անգամ, ու կանանց բառի բուն իմաստով դուրս անել տնից։

Առաջին կինն ազգությամբ ռուս էր, երիտասարդ տարիների քաղցր խաբկանք, ծանոթացել էր «խոպանում» աշխատելիս, ջահել տարիներին։

Բորյայի խոսքով, Նատաշի պես սիրուն աղջիկ էս մոլորակը չէր ծնել, բայց ավա՜ղ, մի քանի ամիս անց, իմանալով որ կինը «դեֆեկտ» ունի, բաժանվել էր։

Բորյան տերևաթափ եղած ծառի տակ նստած, իր կյանքի վաղ աշնանը՝ երբ արդեն ինքն էլ նմանվել էր տերևաթափի սկզբնական փուլում գտնվող ծառի՝ չորացած տերևները ոտքով առաջ հրելով, ցավով ու կարոտով հիշում էր Նատաշին, և ափսոսանքով ասում.

-Դե հմի իմ բախտն էլ էդ էր, ի՞նչ անեմ, կույրաղիքը հանած չլիներ, կպահեի, թափանցիկ, սիպտակ մաշկ ուներ, երկար շեկ մազեր, -և սահուն կերպով անցում կատարում դեպի երևակայական ծովի խորքեր.

-Ուրեմն ծովի տակ նստած տղերանցով խորոված էինք անում, մեկ էլ մի վագր եկավ բերանը բաց, ես հարձակվեցի էդ վագրի վրա ու երկու կես արի, -ասաց Բորյան և շարունակեց.

-Դե ինչ ասեմ, ցավդ տանեմ, էդ ա վագրի միսը ծովի տակ նստած խրովեցինք, տղերանցով կերանք, դրա հեքսի օրը (հաջորդ օրը) ռաստ եկա էն մի կնգաս, բայց նրա հետ էլ չստացվեց՝ լեզուն շատ երկար էր։

Բորյան պատրաստ չէր ապրել մեկի հետ, որը ոչ միայն կարող է խոսել իրեն հավասար, այլև կարող է համարձակվել չհավատալ իրեն.

-Մի ռավոդ ասի գնամ քու հմար արջ խփեմ, բերեմ, ասավ տո դու ի՞նչ արջ խփող, լենհե պիժամոյով դուս գցեցի, թող գնա, որտեղ իրենը կասի, այնտեղ էլ իմը, -երկրորդ կնոջ վերաբերյալ այլ հարցեր չընդունելու դեմքով, կախարդական ճարպկությամբ գյուղական բարբառից դեպի գրական հայերեն ցատկելով եզրափակեց խոսքը։ Բորյան ջանում էր գրական խոսել, բայց ավա՜ղ գավառական միտքը միշտ առաջ էր ընկնում ու երկու կես անում Բորյայի ցաքուցրիվ բառադարանը։ Ինչպես խոսում էր, այդպես էլ ամուսնանում էր, կիսատ-պռատ, մինչև վերջին կնոջը՝ Մարետին հանդիպելը։

Մարետը, Մարետն ուրիշ պատմություն էր…

Մարետին ուզել էր միանգամից ու հանկարծակի, բարեկամներից մեկն էր տեղը ցույց տվել, գնացել, տեսել ու տուն էր տարել։ Մարետին ու Բորյայի առաջին կնոջը միավորում էր միայն շեկ մազերը, բայց Մարետը ներկում էր, իսկ երկրորդ կնոջ հետ՝ երկար լեզուն, բայց Բորյան այդ լեզուն չէր հասկանում, կինը խոսում էր այլ տարածաշրջանի բարբառով։

Մարետը նրան սիրում էր բոլոր այն պահերին երբ Բորյան հեռվից նայում էր իրեն, կապ չունի դպրոցի հատակն էր լվանում, բահով հողն էր փորում, թե ընկերուհիների հետ բամբասում էր… Մարետը հեռվից էր սիրում, որովհետև Բորյան հեռվից սիրուն էր թվում. խոշոր մարմնով, թիկնեղ մի տղամարդ, որը միշտ շրջապատված էր իր պատմությունները լեսլու ծարավ տարբեր մարդկանցով։

Հեռվից միրաժն իրական էր թվում, և Բորյան ամենևին էլ սովորական սուտասան չէր, այլ տարբեր հայացքներով շրջապատված տղամարդ, որը բաժին էր հասել իջևանցի Մարետին…

Հերիք էր մոտենար իրենց հին (անհայտ մակնիշի) հավանաբար «москвич»-ին, որի ղեկին քիչ առաջ վագր խեղդածի դեմքով նստած էր Բորյան, Մարետը միանգամից արտաբերում էր հարազատ բարբառը, նախատում ու փնովում ամուսնուն, երբեմն ամոթանք տալիս սուտ խոսելու համար։ Բորյան լավ չէր յուրացրել կնոջ լեզուն, երևի թե նրան չհասկանալը՝ փրկում էր հերթական բաժանումից… Ամբողջ ուժով սեղմում էր գազի педаль-ը ու սլանում, մտքում արդարացնելով առաջին կնոջից բաժանվելու պատճառը՝ «կույրաղիքը հանած էր»…

 

Ասպրամ Սարատիկյան