Կյանքի անսովոր գեղեցկությունը, տխրությունն ու ունայնությունը «Համազգայինի» «Մեր փոքրիկ քաղաքը» նախագծում

Թորնթոն Ուայլդերի /1897-1975 թթ/ «Մեր փոքրիկ քաղաքը» պիեսի գործողությունները տեղի են ունենում 1901-1913 թվականներին՝ Նյու Հեմփշիր նահանգի Գրովերս Քորներս գավառական քաղաքում: Պիեսը մտածված է եղել որպես ներկայացում՝ ներկայացման մեջ և, հեղինակի հուշումով, հարկ էր բեմադրել առանց վարագույրի և գրեթե առանց դեկորացիաների։ Պիեսի այս յուրօրինակությունն էլ առիթ է դարձել՝ այն բեմադրել իբրև թատերայնացված ընթերցանություն։

Աշխարհում վաղուց ընդունված այս ժանրը՝ թատերայնացված ընթերցանությունը, սկիզբ է առել Ֆրանսիայից, տարածված է նաև Մոսկվայում, Հայաստանում՝ նոր միայն ընթացք է ստացել։ Չորս տարի առաջ Համազգային թատրոնում, ավանդական ներկայացումներին զուգահեռ, սկսեցին բեմադրել թատերայնացված ընթերցանություններ։ Թատրոնի խաղացանկում արդեն իսկ 14 անուն այսպիսի ներկայացում կա։ Հայ հանդիսատեսը հաղթահարել է անսովորության զգացումը, ավելին, հանդիսականի մի շերտ կա, որ նախընտրում է այս կարգի ներկայացումները: Դերասանների համար ևս տարբերակում չկա, պարզապես շարժումներն են սահմանափակ, սակայն էմոցիան, միմիկան նույնն է՝ ինչ բեմում։

Առանձնահատկություն կամ առավելություն է դիտարկվում նաև այն իրողությունը, որ այս նախագծերը երկար չեն մնում խաղացանկում, թատրոնը հնարավորություն է ունենում գործել շատ ավելի ճկուն, ծանոթանալ նոր պիեսների, ստեղծագործական աշխատանքում ներգրավել ուսանողների։

«Մեր փոքրիկ քաղաքը», նախորդների համեմատությամբ, «բազմամարդ» է, թատրոնի դերասանների հետ նաև ուսանողներ են մասնակցում ներկայացմանը։ Պիեսը թարգմանել է Հասմիկ Մարտիրոսյանը, «դերասանների հետ աշխատել» է հեղինակի ձայնը՝ Տաթև Ղազարյանը, դերակատարներն են՝ Միլենա Ղազարյանը, Հարություն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Քրիստինե Ասրյանը, Սարգիս Ռուստամյանը, Սարգիս Շողունցը, Զարա Հակոբյանը, Լիլի Գալստյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Գևորգ Մարգարյանը:

«Հեղինակ» Տաթև Ղազարյանի խոսքով, 1642 բնակիչ ունեցող փոքր քաղաքը հարմար է ապրելու համար, ավելորդ կառույցներ չունի, ընդամենը փոստ՝ աշխարհի հետ կապի, դպրոց՝ երեխաների համար, և չորս տարբեր եկեղեցիներ։

Թատրոնի փոքր դահլիճում, փոքրաթիվ հանդիսատեսին շատ մոտ, հորիզոնական ձգվող երկու սեղանների շուրջ նստած են քաղաքի բնակիչները, ապրում ու շփվում են միմյանց հետ, ասես չեն նկատում հանդիսատեսին, երբեմն էլ պատասխանում են քաղաքին վերաբերող հարցերին։ Նկատելի մի ընդհանրություն՝ բոլորը կրում են նորաձև ու հարմար վանդակավոր վերնազգեստ։

Սեղանի եզրին երիտասարդ Հոուին է՝ իր անտեսանելի ձիու հետ, որը կամ փնչացնում է, կամ դանդաղում, բայց միշտ  թարմ կաթ ու սերուցք է հասցնում բնակիչներին։ Նրա կողքին պատանի Ջոն է՝ թերթերի ցրիչը։ Հարևանությամբ գեղեցիկ ընտանիք է՝ դպրոցականներ Ջորջն ու Էմիլին, խմբագիր միստր Վեբն ու կինը (Վարշամ Գևորգյան և Ալլա Սահակյան)։ Քաղաքում հայտնի է իբրև արևածաղիկներով տուն։

Մյուս սեղանին դարձյալ ազդեցիկ ընտանիք է՝ դոկտոր Գիփսը (Գագիկ Մադոյան) կնոջ ու երեխաների հետ։ Ամենավերջում եկեղեցու՝ հասարակության կողմից անտեսված խմբավարն է։ Որոշ մարդկանց համար, այդ թվում՝ ալկոհոլի հետ բարեկամացած,  դժվար է ապրել փոքր քաղաքում՝ միշտ բոլորի աչքի առաջ։ Հանդիսատեսին այս իրադրությունը հետաքրքիր թվաց, և ուղիղ հարց հնչեց․ «Շա՞տ են ալկոհոլ օգտագործում ձեր քաղաքում»։

Պարզվեց, փոքր քաղաքում մի երկու հարբածի կարելի է տեսնել, իսկ ընդհանրապես «քաղաքի բնակիչները հաճույքներից գերադասում են հետևել արևին, թռչունների ծլվլոցին»։ Քաղաքի կանանց համար մի հաճույք էլ կա՝ ժողովական եկեղեցու երգչախմբում երգելը։

«Շնորհակալ եմ, տիկնայք»․ եկեղեցում երգելուց հետո, հրաժեշտի պահին էլ հարբած խմբավարի վարքը քննարկող, անհագ ու անվերջանալի զրուցող հարևանուհիներին ընդհատում է «հեղինակ» Տաթև Ղազարյանը։ Այսպես՝ ամեն կիրակի, և կանանց այս հոբին տղամարդկանց անհամաձայն ու երկար քննարկումների առիթ է միշտ։

Այստեղ էլ կանայք ձգտում են ազատվել հին կահույքից, առավել ևս, որ դրա համար գումար են տալիս։ Քաղաքում սկսել են կողպել իրենց դռները, թեև գողեր ու գողանալու բան դեռևս չկա, դառնում են «իսկական քաղաքացի»։

 

Մարդիկ ու բլրի մարդիկ

Երեք տարի կամ հազար օր անց քաղաքում «Սեր և ամուսնություն» խորագրով երկրորդ գործողությունն է։ Հարսանացու Էմիլիի մայրը՝ միսիս Վեբն առավոտյան սուրճի սեղանի շուրջ ամուսնու հետ քննարկում է, որ «հարսանիքներն ահավոր բան են զույգերի համար»։

Տղամարդիկ մի քիչ այլ կարծիքի են․ «Հարսանիքները ստեղծել են կանայք, հանդիսավոր կերպով հանգույցը ձգելու համար»։ Սիրահարված երիտասարդը, պարանն ինքնակամ ընդունելուց առաջ, ընդվզման ևս մի վերջին փորձն է անում․ «Ես չեմ ուզում ամուսնանալ, ուզում եմ հասարակ պատանի լինել»։

Վերջին գործողության ժամանակ, արդեն 9 տարի անց, ձիերի փոխարեն ֆերմերները մեքենաներով են կաթ բերում, դռները բոլորն են կողպում, գերեզմանատունը մեծացել է. «մեծ տառապանք է անցել այդ կողմերով»։

Այդ տառապանքը քաղաքը բաժանել է երկու մասի՝ մարդիկ ու գերեզմանատան «բլրի մարդիկ», միասին՝ մի ամբողջական կյանք։ Այստեղ են եկեղեցու խմբավարը, Ջոն, Էմիլին, որին  հետաքրքրում է, թե «հնարավո՞ր է վերադառնալ ողջերի մեջ»։ Նրան հուշում են, որ «այս վայրը նրա համար է, որ մոռանանք»։

Էմիլին վերադարձի փորձ է անում, երբ ինքը 12 տարեկան է, մայրիկը՝ երիտասարդ ու գեղեցիկ, հայրը՝ սիրագորով, բայց իրեն չեն նկատում, այդ կյանքում ինքը՝ նրանց ամենասիրելին, չկա։

Այս առօրեականության մեջ է երևում կյանքի անսովոր գեղեցկությունը, անցողիկությունը, երբ կյանքի իմաստը կյանքի մեջ է, և էմիլին վերադարձից առաջ մտածում է․ «Մարդ կյանքի օրոք հասկանա, ի՜նչ հրաշք է կյանքը»։

Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր Ուայդլերի կերպարներին բնորոշ փիլիսոփայական ընդհանրացումներն ու ռեալիզմը կանխորոշել են Համազգային թատրոնի «Իմ փոքրիկ քաղաքը» թատերային ընթերցանության տոնայնությունն ու հմայքը։ Այստեղից էլ՝ հանդիսատեսի ապրումակցումը, տխրության ու ունայնության հերթագայող զգացողությունները։

 

Գայանե Մկրտչյան

Թատերագետ

 

 

           

 

 

... ...