Կինոն և Հայոց ցեղասպանությունը. անավարտ պատմություն

1918 թվականը դեռ չէր ավարտվել, երբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը նախաձեռնեց նկարահանել մի ֆիլմ, որը պիտի պատմեր անհավանական ողբերգության մասին, և ինքն էլ ցավագին ճակատագրի պիտի արժանանար: Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն էր`«Հոշոտված Հայաստանը»: Գլխավոր դերակատարը հայ երիտասարդ աղջիկ էր` Արշալույսը, որ ներկայանում էր Ավրորա Մարդիգանյան անվամբ ու պատմում էր իր ու իր ժողովրդի հետ կատարված սարսափի մասին: Ավրորայի մասին ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ մի շարք նահանգներում, իսկ ֆիլմի հասույթը՝ 30 միլիոն ԱՄՆ դոլար, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի միջոցով ուղղվեց հայ որբերի կարիքներին։ Կինոդիտումներից հետո Ավրորան բարձրանում էր բեմ և խոսում Հայոց ցեղասպանութան մասին, սակայն ելույթներից մեկի ընթացքում գիտակցությունը կորցնելուց հետո նա հրաժարվում է հրապարակային հանդիպումներից: Ավրորան հոլիվուդյան կինոաստղ չդարձավ, իսկ «Հոշոտված Հայաստան» գիրքը և կինոնկարը քաղաքական իրավիճակով պայմանավորված 1920-ականներին աստիճանաբար մոռացության մատնվեցին։ Ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորավ, փրկվել ու մեզ է հասել նրա շատ  փոքր մի հատված:

Հետագայում նույնպես Ցեղասպանության և կինոյի առնչակցության  պատմությունը բարդ ու խճճված զարգացում ունեցավ: Այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Խորհրդային Հայաստանում «Հայֆիլմն» ավելի խորհրդանշորեն և զգուշավոր էր ներկայացնում ոճիրի պատմությունը: Բնականորեն այլ հայացք ունեին Սփյուռքում ապրող հայ կինոգործիչները, որոնց կյանքի պատմությունը և օտար երկրում հայտնվելու ճանապարհը ուղղակիորեն առնչվում էր Ցեղասպանության իրողությանը: Ֆրանսահայ Անրի Վերնոյը Ցեղասպանության ողբերգությունը ներկայացրեց իր ընտանիքի պատմությամբ. նրա «Մայրիկը» դարձավ աշխարհասփյուռ հայության ամենասիրելի ֆիլմերից մեկը: Կանադայում բնակվող և ստեղծագործող հռչակավոր հայազգի ռեժիսոր, կանադական կինոյի բարձրագույն՝ «Ջինի» մրցանակի բազմակի դափնեկիր Ատոմ Էգոյանն ավելի բարդ ու հոգեբանական բազմաշերտ մեկնաբանություններով լեցուն կինոպատում ստեղծեց`«Արարատը»: Այս երկու ֆիլմերն էլ Ցեղասպանությանը կինեմատոգրաֆի անդրադարձերի ոչ հարուստ շղթայում իրապես առանցքային նշանակություն ունեն: Մեր հայացքը, սակայն, ուղղվելու է թուրքական ծագումով  գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմին և հոլիվուդյան խոշոր կինոնախագծին՝ «Խոստումը» կինոնկարին:

Լուռ վերքը` «Սպին»   

«Ազգությամբ թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը նկարահանել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին»: Այս վերնագրից հետո թվում է, թե անհնար է խուսափել արտարվեստային հարցերից, թե ի՞նչ գաղափարական հենք ունի ֆիլմը, ի՞նչ տեսակետ ունի այս խնդրի վերաբերյալ հենց ռեժիսորը:   

Իսկ Աքինը ժամանակակից եվրոպական կինոյի կարևոր և հնչեղ անուններից մեկն է: Եվ նա չի հավակնում անգամ ներկայացնել Ցեղասպանության ամբողջական պատկերը: «Ես չեմ ստեղծել ֆիլմ Ցեղասպանության մասին: Ես պատմում եմ մարդինցի մի դարբնի մասին, որը տեղեկացված չէ քաղաքական անցուդարձից: Ես դեպքերին նայել եմ նրա տեսանկյունից: Նրա համար ամեն ինչ սկսվել է 1915 թվականին, դա է պատճառը, որ այդտեղից եմ սկսել»,- իր մոտեցումն այսպես  է ձևակերպել ռեժիսորը:

Գլխավոր դերակատար Թահար Ռահիմը (դարբին Նազարեթ) նույնպես եվրոպական կինոյում հայտնի անուն է: Պատերազմի առաջին օրերին Նազարեթն ապրում է  հանգիստ կյանքով, ինչպես միշտ անում է իր ամենօրյա աշխատանքը և միայն Զեյթունում կատարված ողբերգությունն է օդի մեջ վախ տարածում: Այս ֆիլմում աղետը փոթորիկի պես է ներխուժում, և Նազարեթի կյանքը շրջվում է հիմնովին. ֆիլմում այլևս արևի շողեր չեն երևում: Ցեղասպանությանն անմիջականորեն առնչվող դրվագները ֆիլմում քիչ են: Բայց այդ սակավաթիվ տեսարաններում Աքինը հասել է ցնցող հավաստիության, ասես վերաստեղծել է Ցեղասպանության լուսանկարիչ Արմին Վեգների լուսանկարները: Ֆիլմի այն հատվածում, երբ պատմվում է Ցեղասպանությանը հաջորդող տարիների մասին, Նազարեթի կյանքը վերածվում է սևեռուն որոնման.  նա փնտրում է հրաշքով ողջ մնացած երկվորյակ դուստրերին:  

Իսկ ինչո՞ւ է Նազարեթը համրանում: Ռեժիսորի խոսքով, ինքն էլ հետագայում է միայն գիտակցել, թե որքան սիմվոլիկ էր գլխավոր հերոսի համրությունը, որը խորհրդանշում է, որ երկար տարիներ թեման մոռացության է տրվել: Ինքը՝ Աքինն ընդունում է, որ ինքն էլ, հավաբանար, «կհամրանար», եթե ծնված չլիներ Գերմանիայում և այլ մշակույթի կրող  չլիներ: Մյուս կողմից էլ բացառիկ են օրինակները, երբ Ցեղասպանությունը վերապրածները խոսել են, ինչպես Ավրորա Մարդիգանյանը: Ավելի հաճախ այդ աննկարագրելի սարսափներն ապրած մարդիկ   ինքնապահպանման բնազդով լռել են և շա՜տ երկար են լռել:

Աքինն իսկապես իր առջև քաղաքական բանաձևումի խնդիր չէր դրել, ոչ էլ ցանկացել էր փաստագրական ֆիլմ ստեղծել Հայոց ցեղասպանության մասին: Նա պարզապես ձգտել է, որ և՛ հայ, և՛ թուրք հանդիսատեսը կարողանա դիտել ֆիլմը` հետևելով մարդկային պատմությանը: Աքինը կարծես նպատակ է ունեցել իր խոսքն ուղղել թուրք հանդիսատեսին, բայց «Սպին» ունակ է խոսել ոչ թե կոնկրետ ազգի, այլ առանձին մարդու հետ: Ֆիլմի ստեղծմանը մասնակցություն են ունեցել նաև հայ պրոդյուսերներ, հայ սցենարիստ ու դերասաններ: Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ֆիլմը բնութագրել է որպես ձեռակերտ կինոէպոս, այնպիսի ֆիլմ, որն  այլևս չեն նկարում, և որը, շատ առումներով, իր համար թանկ է:

Հոլիվուդյան արշավ`«Խոստում»

«Հոշոտված Հայաստանից» գրեթե մեկ դար անց Հոլիվուդը դարձյալ իր հայացքը հառեց Հայոց ցեղասպանության թեմային: Եվ այս դեպքում էլ նույնպես անհնար էր խուսափել արվեստից դուրս խնդիրներից:
«Խոստումը» հայ բարերար Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Սըրվայվըլ Փիքչըրզ» («Վերապրումի ֆիլմեր») ընկերության նախաձեռնությունն է: Հայազգի գործարարը և ռեժիսոր Թերի Ջորջը որպես կարևորագույն խնդիր ընտրել էին Հայոց ցեղասպանության մասին ամբողջ ճշմարտությունը ներկայացնելը. պատմական փաստերին անծանոթ հանդիսատեսին պատմել իրադարձությունների ճշմարիտ ընթացքը և նրանց ապրումակցելու հնարավորություն տալ: Թերի Ջորջը ֆիլմին տալիս էր կրթաճանաչողական նշանակություն, համարելով, որ, օրինակ, ամերիկյան ավագ դպրոցներում հենց այս ֆիլմի միջոցով կարող են ճանաչել Ցեղասպանության պատմությունը: Նաև այդ պատճառով նա փորձել է պահել մի նուրբ սահման`պատմել մարդկության պատմության խոշորագույն ոճիրներից մեկի մասին ու խուսափել դաժան, ցավեցնող բռնության տեսարաններից:

Ֆիլմի բովանդակությունը կառուցված է արդեն հայտնի և շատ ծանոթ սիրային եռանկյան շուրջ: Գլխավոր դերակատարներն աշխարհահռչակ դերասաններ Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շառլոտ Լը Բոնն էին: Այզեքի մարմնավորած կերպարը` Միքայելը, գալիս է Կոստանդնապոլիս բժշկություն ուսանելու նպատակով, և սա ֆիլմի ստեղծողներին հնարավորություն է տալիս վերակերտել մեծ քաղաքի պատկերը ու այնտեղ տիրող հասարակական-քաղաքական մթնոլորտը: Իսկ մյուս կերպարի`մեծ հեղինակություն վայելող լրագրող Քրիսի հավատարմությունն ազատ խոսքին, հեղինակներին թույլ է տևել մտորել ճշմարտությունը լռեցնելու խնդրի և ազատ մամուլի կարևորության մասին:

«Խոստումը» ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի կինոաստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը: Նման բարձրակարգ դերասանների ընտրությունը նույնպես նպատակ ուներ հանդիսատեսի մեծ շրջանակ ներգրավել: Ինչպես մեկ դար առաջ Ավրորայի մասին պատմող ֆիլմը, այնպես էլ «Խոստումը» բարեգործական արշավ էր իրականացնում`վարձույթի ամբողջ հասույթն ուղղելով մարդու իրավունքների և փախստականների հարցերով զբաղվող կազմակերպություններին: Այս ամենն, անշուշտ, մեծացնում է «Խոստումը» ֆիլմի դերը որպես տեղեկատվական, սոցիալական արշավ, բայց նվազեցնում է նրա գեղարվեստական նշանակությունը որպես կինոերկ:

Անկախության տարիներին և հատկապես Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայ հասարակությունն ուներ դեռևս հստակ չձևակերպված պահանջ՝ էկրանին տեսնել Ցեղասպանության մասին բարձրարվեստ ֆիլմ, որի միջոցով աշխարհին հասկանալի լեզվով կպատմեին ճշմարտությունը 1915-ի ոճիրի, համահայկական ցավի ու հիշողության մասին: Հետագա զարգացումներն ու հատկապես 44-օրյա պատերազմի հարվածն ազգային նոր առաջնահերթություններ ձևավորեցին՝ նոր խնդիրների ստվերում թողնելով Ցեղասպանության մասին պատմող մեծակտավ ֆիլմի պահանջը: Եվ թե հետագայում ազգային կինոյին ինչ նոր պահանջ կառաջադրի հանրությունը՝ ցույց կտա ժամանակը:

 

Լիլիթ Երանյան