Խոստովանանք
100 տարի առաջ՝ 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում ծնվեց 20-րդ դարի կինոհսկան՝ Սերգեյ Փարաջանովը և ճիշտ 34 տարի առաջ՝ 1990-ի հուլիսի 20-ին, տևական բուժումից հետո, նրան անգիտակից վիճակում Փարիզից տեղափոխեցին Երևան: Ժամեր անց Փարաջանովը վախճանվեց: Նրա հիշատակի օրը «Art Collage»-ն իր ընթերցողներին առաջարկում է կարդալ Փարաջանովի «Խոստովանանք» ֆիլմի սցենարից մի հատված: Այս ֆիլմի սցենարը նա մտահղացել էր դեռ 1969-ին և տարիներ շարունակ այն լրացրել ու հարստացրել էր իր մանկության Թիֆլիսի գունեղ պատկերներով: Մահվանից առաջ Փարաջանովը նկարահանեց ապագա ֆիլմի միակ դրվագը, որը մնաց անավարտ ֆիլմից որպես հուշ: Այդ դրվագը նրա ծնողական տան նույն բակում ապրող աղջնակի՝ Վերայի մահվան տեսարանն էր: Առաջարկում ենք ընթերցել փարաջանովյան սցենարի հենց այդ հատվածը՝ «Ակտուալ արվեստ» հրատարակչության Փարաջանովի պատմվածքների և սցենարների ժողովածուից՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ:
***
Թբիլիսին (մի ժամանակ Թիֆլիսը) տարբերվում եւ տարբերվում է բոլոր մյուս քաղաքներից նախապաշարմունքներով
Եթե հավը կանչում է աքաղաղի պես, մահվան նշան է։
Եթե ձմռանը սպիտակ գույնով ծաղկում է բալենին, մահվան նշան է։
Անիչկա մորաքույրը` խպիպով կինը, սեւ սատինից զգեստով, վրա էր հասնում սեւ թխսկանին, որ աքաղաղի պես էր կանչում։
Սպիտակ ձյան վրա մնացել էր կարմիր բիծը, որի վրա օրորվում ու վեր էր թռչում սեւ բմբուլը։
Հետո Անիչկա մորաքույրը ճանկեց կացինը։
Պատշգամբներում կանգնած էին հարեւաններն ու պահանջում էին հատել բալենին։ Բալենին ձմռանը ծաղկել էր սպիտակ գույնով։
Մորաքույր Անիչկայի ամուսինը` Վասո քեռին, ծխոտած դերձակը, ջանում էր նրանից խլել կացինը։ Թափվում էին, տարօրինակ ձայներ հանելով, ցինկապատ լագանները։ Անիչկան նզովում, արտասվում, արցունքներից խեղդվում էր, դուրս էր պրծնում դերձակ Վասոյի ձեռքերից։
Վերան` նրան ժամանակ առ ժամանակ Աբասթուման էին տանում։ Դպրոց նա հազվադեպ էր գնում։ Վերան բարձրահասակ էր, գեղեցիկ, դասարանում ամենքից բարձրահասակը, աչքերի տակ խորունկ կապույտ ստվերներով։ Վերան լաքապատ տափակ կոշիկներով, պայուսակն ուսին, հայտնվում էր փողոցում, եւ նրան երկար ուղեկցում էր Վերայի մոր` Անիչկայի տագնապալից հայացքը։ Երեխաները դպրոցում համառորեն տարածում էին անհեթեթությունը, թե իբր Վերան շուն էր կերել (Հավատալիք գոյություն ուներ, որ շան միսը բուժում է թոքախտը)։ Դասարանում Վերան նստում էր միատեղ նստարանի վրա։ Սեւ մեծ ռիպսե ժապավենակապը շեշտում էր նրա դալկություն ու գեղեցկությունը։
Այժմ Վերան նայում էր պատուհանից։ Մրոտած ժանյակավոր վարագույրները տարուբերվում էին։
Անիչկան հատում էր բալենու բունը, նզովում էր, լալիս էր։
Բալենու սաղարթը տապալվել է` ծակելով փայտե ցանկապատը։
Կիպ կպած բակերին հատած բալենին տարածություն էր հավելել։ Շնչելն ավելի հեշտ էր։ Ամեն ինչ մեկեն մերկացավ եւ անշարժ դարձավ։ Սեւ մորթած հավին ոչ մեկը չէր դիպչում։ Այն հոտոտում էին շները, ինչ-որ մեկը նրանց վրա փայտեր է նետում, եւ շները վնգստոցով փախչում էին աքաղաղի պես կանչած հավից։
Բոլորն ինչ-որ բան էին սպասում։ Թբիլիսիիում` նախապաշարմունքների քաղաքում, նախապաշարմունքները հաստատվում են փաստերով...
Վերան մահացավ։ Անիչկան ժամանակ առ ժամանակ գիտակցությունը կորցնում էր։
Ժվանիան` քաղաքի լավագույն լուսանկարիչը, ռետուշ էր անում հանգուցյալի դիմանկարը։ Վերան նայում էր ուղիղ մեզ. նրա ետեւում` որպես երկու սեւ թեւ, ցցվել էր տափակ ժապավենը։ Աչքերի տակի կապույտ ստվերները ռետուշ անողը վերացրել էր եւ հավելել էր ժպիտ, որը ոչ մեկը չէր տեսել ողջ Վերայի դեմքին։ Ժպիտը Վերայի դեմքին հայտնվեց եւ դագաղում։
Անիչկայի սեւազգեստ քույրերը գալիս էին դեպի մեր տուն։ Մայրս զարմացած ու վշտացած էր։ Սգավոր կանայք մտան մեր տուն։ Մայրս դուրս բերեց վարագույրի սպիտակ մետաքսե շղարշը, չափեց երկարությունը Վերայի հասակով, հավելեց ճակատի վրայի բոլորածալի համար, կտրեց սուր մկրատով, շշնջալով` «Շվիդոբաշի» (ի երջանկություն)։
Փող էին առաջարկում։ Մայրս կտրուկ հրաժարվեց։ Սեւազգեստ կանայք ծալեցին գլխաշորերը, եւ սեւ գլխաշորերի ետեւում անհետացավ սպիտակ հարսնաքողը։
Բոլորը լուռ օրորվում էին տեղում։
Մայրս սեղանի վրայից վերցրեց հարսնաքողի մնացուկն ու բոլորից թաքուն խաչակնքվեց։ Հետո ինձ պառկեցրեց թախտի վրա, ասեղն ամրացրեց գորգի վրա ու ինչ-որ սկսեց լացուկոծել։ Մայրս շեշտված հորանջում էր` հորանջոցով վարակելով ինձ։ Ես հլու հորանջում էի ու չէի ուզում քնել։
Առավոտյան մայրս` լավ հագնված, բանալիով դուռը վրաս փակեց եւ, դիմափոշու ու օծանելիքի բույրը տարածելով, գնաց Վերային թաղելու։
Բակերում կուտակվում էր ժողովուրդը, բոլորը ներս էին թողնում ծանրակշիռ կանանց ու պսակները շենք, աթոռներ էին բերում, դրանք գլխների վրա պահած, պսակները կախում էին ցանկապատերի, հատած բալենու վրա, հետո հանում ու տալիս էին տափակ լաքապատ կոշիկներով ու տափակ ժապավենակապերով աղջիկներին։ Աղջիկներին զույգ-զույգ շարք էին կանգնեցնում, պսակներով միավորում էին։ Ես ավելի ու ավելի վեր` պատուհանի վրա էի բարձրանում` ջանալով տեսնել տեղի ունեցողը։ Ամեն ինչ լռության մեջ զեռում էր. բերում էին աթոռներն ու պսակները, դագաղի կափարիչը մի պատից դեպ մյուսն էին տանում։ Հետո զրնգացին ապակիները սրահներում, հնչեց փողային երաժշտությունը։ Սեւ ամբոխի վրայով տանում էին Վերային «Աստծու հարսնացուի» տեսքով։
Վերան` մեր հարսնաքողով, ժպտում էր։ Սեւ ժապավենակապը փոխարինել էին սպիտակով։ Ինչ-որ մեկը փակում էր դռները, ինչ-որ մեկը գոռում էր. «Շենի պեխի մդզիմե իկոս» (Թող քո ոտքը ծանր լինի)։
Գեր, լավ հագնված տիկնայք սեղմում էին իրենց զգեստների կլյոշները ձեռնապայուսակներով, միմյանց թեւանցուկ էին անում եւ փորձում էին ողջ ամբոխով Բեթհովենին համահունչ քայլել։
Տիկնանցից այն կողմ, բաց գլուխներով, գնում էին Վասոյի շուրջը կովերկոտե շալվարներով գեր տղամարդիկ (Վասոն շալվար կարող էր)։
Անիչկան բակերի ու պատշգամբների ամֆիթատրոնում մեկ անգամ էլ ուշագնաց եղավ։ Ինչ-որ մեկը նրան անուշադրի սպիրտ էր հոտոտել տալիս։
Սպիտակ հարսնաքողը տարուբերվում էր։
Արեւն արտացոլվում է Վերայի ռետուշած դիմանկարում։ «Աստծու հարսնացուն» ժպտում էր։
Դա այն ամենն է, ինչ ես հիշում եմ Վերայի մասին։
Իմ առաջին ողբերգությունը` «Ժանյակների թաղումը, ռետուշ անողի ժպիտը։ Եվ մորս օծանելիքի ու դիմափոշու բույրը»։
Այո... Դա վաղ գարնանն էր։
Թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի