Խելագարության բոլոր եզրերը. Ջեք Նիքոլսոնը և հոգեգարի կերպարը կինոյում

Այսօր ամերիկյան կինոյի մեծ արտիստը, Հոլիվուդի «վատ տղան» նշում է ծննդյան 85-ամյակը: Վերջին տարիներին Ջեք Նիքոլսոնն առողջական խնդիրներ ունի, թողել է կինոն, բայց նրա արվեստի սիրահարները շարունակում են գնահատել ամերիկյան կինոյի  աննահանջ ըմբոստին ու նրա անմոռանալի դերերը: «ArtCollage»-ը ներկայացնում է դերասանին նվիրված Եվգենյա Բաշուրինայի հոդվածը, որը հրապարակվել է ռուսական «SALT» կայքում 2020-ի ապրիլի 22-ին:

***

Ջեք Նիքոլսոնը փորձում է դեմքը խցկել դռան մեջ կացնով փորված ճեղքի մեջ և չարագուշակորեն բացում է ատամները. «Փայլատակում» ֆիլմի այս տեսարանը դարձավ Ջեքի կարիերայի նկարազարդումն իր խենթ հերոսներով: Դերասանի ծննդյան օրը պատմում ենք, թե ինչ է թաքնված նրա դերերի հետևում։

Ջեք Նիքոլսոնի կարիերան սկսվել է Նոր Հոլիվուդի ծնունդով։ 60-ականների կեսերին երիտասարդներին այլևս քիչ էին հետաքրքրում հնաոճ պատմական ֆիլմերը, որոնք գործնականում ցուցադրվում էին դատարկ կինոդահլիճներում։ Բոլորի հայացքներն ուղղված էին եվրոպացի համարձակ նորարարներ Տրյուֆոյին և Գոդարին, իսկ նրանցից հետո՝ ԱՄՆ նոր կինեմատոգրաֆի առաջին ծիծեռնակներին: Նրանք անտեսում էին գրաքննությունը և Հոլիվուդի՝ տասնամյակներ շարունակ պահպանված կանոնները, չէին  վախենում ցույց տալ մերկ մարմիններ և կասկածի տակ առնել ընտանիքի ու ամուսնության մասին պուրիտանական գաղափարները: Երիտասարդ ամերիկացիներին գրավում էր այդ ըմբոստ ոգին և որ կինոն վերջապես խոսում է իրենց լեզվով: Ռեժիսորների նոր սերունդը թողեց դարակներում փոշոտվելու հին դրամաներն ու բազմահատոր վեպերը որոնք շատ էին սիրում նկարահանել իրենց նախորդները՝ և սկսեց ֆիլմեր նկարահանել այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ և հիմա:

Դա բացարձակ ստեղծագործական ազատության և Հոլիվուդը կործանող ամբողջ բարոյական գրաքննության վերացման դարաշրջանն էր: Հենց այդ ժամանակ Սկորսեզեն կնկարահանի «Տաքսիստը» և «Չար փողոցները», Կոպոլան՝ «Կնքահայրը», իսկ Հոփերը՝ «Անհոգ հեծյալը»։ Պրոդյուսերները նոր Հոլիվուդի ֆիլմերում ներուժ կտեսնեն, իսկ հանդիսատեսը՝ իրականության մարմնավորումը: Կինոն վերջապես տաղավարներից դուրս կգա փողոց, կինոյում կհնչի ռոք երաժշտություն, և նրա հերոսները կդառնան ժամանակակից Ամերիկայի իրական բնակիչները։ Բոլոր այս խենթ ապստամբները, հիպիները, բայքերները և Վիետնամի վետերանները կկենդանանան էկրանին Ռոբերտ դե Նիրոյի, Դասթին Հոֆմանի և էլի տասնյակ այլ դերասանների, այդ թվում՝ Ջեք Նիքոլսոնի շնորհիվ:

Նիքոլսոնը հիանալի ներդաշնակվեց ամերիկյան նոր կինոյի հյուսվածքին: 1950-ականների վերջին նրան դեր բաժին հասավ անսովոր և, հետևաբար, քիչ հայտնի «Լացող մարդասպանը» ֆիլմում, որում Ջեքը խաղում էր խելաագարվող երիտասարդ տղայի՝ Ջիմի Ուոլեսի դերը, որը հասարակության ճնշման տակ բռնության ուղին էր ընտրել: Դեռևս անփորձ Նիկոլսոնը հեշտությամբ ցույց տվեց հանդարտության և կատաղության սահմանագծին հազիվ հավասարակշռող մարդու, որն ի վերջո ատրճանակ թափահարելով պատանդ էր վերցնում ճամփեզրի սրճարանի այցելուներին:

Տասը տարվա ընթացքում նա կհասցնի նկարահանվել գրեթե երեք տասնյակ ֆիլմերում, մինչև 1969 թվականին էկրան կբարձրանա Դենիս Հոփերի «Անհոգ հեծյալը»։ Այստեղ Նիքոլսոնի հերոսը՝ իրավաբան Ջորջ Հանսոնը, միանում է երկու հեծանվորդների, որոնք ճանապարհորդում են Ամերիկայի հարավով։

Այդ ժամանակ արդեն ամերիկյան կինոյում կար իրավաբանի քրեստոմատիկ կերպար՝ ի դեմս ամենաներողամիտ և իմաստուն Ատտիկուս Ֆինչի՝ «Սպանել ծաղրասարյակին» վեպի էկրանավորումից։ Իր ժամանակի համար Ատտիկուսը հեղափոխական էր, որն ի հեճուկս ամեն ինչի պաշտպանում էր սևամորթների իրավունքները և քարոզում մի պարզ ճշմարտություն. «Մարդուն հասկանալու համար հարկավոր է մտնել նրա մաշկի մեջ»: Եվ ահա էկրանին հայտնվում է Ջորջ Հանսոնը՝ բանտախցում գիշերելուց հետո վիսկիի շիշը ձեռքին, որը մարդկությանը որևէ հնարավորություն չի տալիս։ Նրա կարծիքով՝ մարդկանց ո՛չ ուրիշի տեսակետն է պետք, ո՛չ էլ ուրիշի մաշկը՝ երբ ազատ մարդ են տեսնում, դա նրանց վախեցնում է։ Նա ցատկում է «Հարլիներից» մեկի վրա և գնում բայքերների հետ ճանապարհորդելու Հարավում։

Այդ արարքը շատ հարազատ է հենց Ջեք Նիքոլսոնի ոգուն։ Նա մտերիմ էր «Դժոխքի հրեշտակները» հեծանվային ակումբի լավագույն ընկերոջ՝ Հանթեր Թոմփսոնի հետ և սիրում էր զվարճանալ, ինչի մասին Հոլիվուդում լեգենդներ էին շրջում։ Մալհոլենդ Դրայվին, որտեղ Նիքոլսոնը ապրում էր Մառլոն Բրանդոյի և Ուորեն Բիթիի հարևանությամբ, բլուրների մյուս բնակիչները վատ տղաների փողոց անունն էին տվել։ Ասում էին, որ Նիքոլսոնի և Բիթիի առանձնատների տակ գաղտնի ստորգետնյա թունելներ կային, որոնք տանում էին ուղիղ դեպի «Playboy»-ի առանձնատուն, և որ անգամ «The Rolling Stones»-ի Քիթ Ռիչարդսի ուժերից վեր է եղել Ջեքի հետ հարբերցողությունը։

Մինչև Հոլիվուդում ավելանում էին պատմությունները դերասանների մասին, որոնք թմրանյութերի և ալկոհոլի հանդեպ սիրո պատճառով հաջողացրել էին կորցնել և՛ աշխատանքը, և՛ իրենց տաղանդը, Նիքոլսոնը նման սխալներ չգործեց: Զվարճանքը՝ զվարճանք, բայց երբ հորիզոնում նոր դեր էր հայտնվում, նա ֆանատիզմով սկսում էր նախապատրաստվել։ Ջեքի կառուցած տան հիմնաքարը դարձավ նրա դերակատարումը  Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի էկրանավորման մեջ:

Մինչև նկարահանումները Ջեքը կարծում էր, որ խելագարները ֆիլմերի նույն մարդիկ են, որոնք տառապում են հալյուցինացիաներից և ընկնում կատաղության վայրի նոպաների մեջ, բայց դերին նախապատրաստվելը նրա համար բացահայտեց խելագարության բոլորովին այլ կողմեր: Օրեգոն նահանգի Սալեմ քաղաքի հոգեբուժական կլինիկայում նա տեսնում էր հիվանդների, որոնք քիչ էին տարբերվում սուպերմարկետի այցելուներից. բարեհամբույր տղայի, որը դանակի 20 հարված էր հասցրել իր զոհին, ճերմակահեր և հաճելի արտաքինով ծերունու, որը խեղել և մի քանի բռնաբարություններ է արել: Ջեքին վերջնականապես ջախջախեց մի տղամարդ, որը ռումբերն այնպիսի տենչանքով էր քննարկում, ասես խոսում էր կանանց մասին: Հենց այդպիսին ստացվեց Նիքոլսոնի կերպարը՝ Պատրիկ Ռենդլ ՄըքՄերֆին, որը ձգտում է խարխլել կլինիկայի ներսում ձևավորված համակարգը: Նա խելագարության մեջ կյանքի կոչ է անում և կարծում է, որ կլինիկայի հիվանդները ոչնչով չեն տարբերվում նրա պատերից դուրս գտնվող մարդկանցից։

Նիքոլսոնին միշտ հետաքրքել է չարը և նա միշտ հետաքրքրված է մարդկանցով. «Ես սիրում եմ լսել բոլորին։ Ինձ համար դա կյանքի իսկական էլիքսիր է: «Խելագար Ջեքի» կարգավիճակը վերջնականապես ամրապնդվեց «Փայլատակումից» հետո։ Ինքը՝ Սթենլի Կուբրիկը, վստահ էր, որ Նիքոլսոնը ծնվել է Ջեք Թորենսի դերը կատարելու համար։ «Նա կատարյալ է՝ դեմքի արտահայտությունից մինչև քայլվածքը։ Ջեքին խաղալու համար նա կարիք չունի որևէ բան ավելացնել՝ նա ամեն ինչ ունի », -ասում էր Կուբրիկն իր օգնական Էմիլիո Դ'Ալեսանդրոյին, որը հետագայում հիշում էր, որ Նիքոլսոնն անբաժան էր իր կերպարից, Ջեքը հենց նա էր:

Նոր Հոլիվուդի դարաշրջանի վերջում, երբ Սթիվեն Սփիլբերգի թեթև ձեռքով ստուդիաների և հանդիսատեսի հետաքրքրությունը փոխվեց դեպի բլոկբաստերները, Ջեք Նիքոլսոնը ջանում էր հավատարիմ մնալ իր ամպլուային: «Խանդ» ֆիլմում նա խաղաց հմայիչ լրագրող Մարկին, որը կարծես թե ի վիճակի է կարեկցել, բայց միևնույն ժամանակ չի խորշում դավաճանել հղի կնոջը:

«Ի՞նչ եք կարծում՝ մենք բոլորս ներքուստ փտա՞ծ ենք: Դուք, օրինակ, ընկերներ ունեք, ու հոգու խորքում վստահ եք, որ նրանք ընդունակ են վատ արարքների։ Դրանով հանդերձ, դուք չեք կարծում, որ նրանք փչացած մարդիկ են։ Մարկի նման կերպարներ խաղալով՝ ես մի տեսակ ճնշում եմ գործադրում նյարդերի վրա: Դերասանական վարպետության իմ առաջին ուսուցիչը՝ Ջեֆ Քորին, ասում էր, որ ամբողջ արվեստը կարող է միայն խթանող մեկնարկային կետ լինել: Դուք չեք կարող փոխել աշխարհը, բայց կարող եք ստիպել աշխարհին մտածել»:

Հետո սատանայի դերն էր «Իսթվիքի վհուկները» ֆիլմում, և շրջապատում բոլորը կատակում էին, որ Նիքոլսոնն իր ամբողջ կյանքում պատրաստվում էր դրան:

Նա երկար ժամանակ ձեռնպահ էր մնում թանկ բյուջետային բլոկբաստերներում նկարահանվելուց, մինչև նրան առաջարկեցին դարաշրջանի գլխավոր չարագործի՝ Ջոկերի դերը Բեթմենի հերթական էկրանավորման մեջ։ Նրա թեկնածությունը պնդում էր կերպարը ստեղծողներից մեկը՝ Բոբ Քեյնը, և Նիքոլսոնը սակարկելուց հետո համաձայնեց։ Հանցավոր աշխարհի ծաղրածու արքայազնի դերը գաղափարապես մոտ էր դերասանին. նա այդքան էլ անուղղելի անարխիստ չէր, բայց դեռ դպրոցում սիրում էր ըմբոստանալ և ամեն ինչին դեմ գնալ։ Բացի այդ, Նիքոլսոնը մի անգամ արդեն հրաժարվել էր խաղալ Մայքլ Կորլեոնեին «Կնքահայրում»՝ պատճառաբանելով, որ այդ դերը պետք է ստանա իտալական արմատներ ունեցող դերասանը, իսկ Ջոկերի դերով նա հնարավորություն ստացավ գանգստեր խաղալ։ Նիքոլսոնի կատարմամբ Ջոկերը և՛ դաժան է և՛ եսակենտրոն, մամուլի ուշադրության և թանկարժեք վառ զգեստների սիրահար։ Իսկ Ջեքի դասական ժպիտն էլ ավելի խենթացնում է դիմահարդարման շնորհիվ։

Ջեք Նիքոլսոնը միայն խելագարների չի խաղացել, բայց հենց նրանք են դերասանի անունը գրել պատմության մեջ։ Իհարկե, Ջոկերը կապիտան Ամերիկան ​​չէ և Ջեք Թորենսն էլ գրող Փոլ Շելդոնը չէ, որը տուժել է Էննի Ուիլքսից։ Նրանց դժվար է կարեկցել, այդուհանդերձ, անհնար է նրանց հանդեպ զայրույթ և օտարացում զգալ, ինչպես մյուս հակահերոսների դեպքում է։ Հենց սա է Ջեք Նիքոլսոնի կախարդանքը. իր հերոսների համար նա սատանայի փաստաբանն է, որը համակրում է նրանց մեջ եղած չարին:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի