Կանանց ծեծկռտուք` հանուն Ֆրունզիկի

-Фрунз, Фрунз, это же Фрунз,- վանկարկումները, որոնք հնչում էին 1977-ին Ռուսաստանում պարզապես ամեն քայլափոխի, մինչև հիմա էլ ֆիլմի դիմահարդար Անահիտ Աղաջանյանի ականջներում են: Այս լուսանկարում Մհեր Մկրտչյանի հետ աջից հենց ինքն է`Անահիտը, իսկ ձախից դերասանի դուստրն է` Նունե Մկրտչյանը: Պահն անմահացրել են Սովետսկ քաղաքում, որտեղ նկարահանվում էր «Զինվորն ու փիղը» ֆիլմը: Աղջիկները ֆիլմի նկարահանող անձնակազմի հետ հանգրվանել էին քաղաքի  հյուրանոցներից մեկում: Լուսանկարն այդ օրերի հետ կապված բազմաթիվ ջերմ հիշողություններ է արթնացնում, որոնցից մեկն էլ Անահիտ Աղաջանյանի պատմածն է: Այն իրողությունը, որ Մհեր Մկրտչյանի հետ նկարահանման ամեն օրը պետք է տոնի վերածվեր, դժվար չէր կանխատեսել, բայց այն, ինչին այդ օրերին ականատես եղան աղջիկները, հետո արդեն կատակերգական ինչ-որ ֆիլմից մի դրվագ էր հիշեցնում ու կրկնող ժապավենի նման հաճախ էր անցնում նրանց աչքի առջևով: Կասկածից վեր էր, որ այդ «ֆիլմի» գլխավոր հերոսը ևս պետք է Մհեր Մկրտչյանը լիներ:

«Նունեն ու ես մեր սենյակում նստած էինք, մեկ էլ Վահագը` Ֆրունզի չորսամյա որդին, վազեց մեզ մոտ ու ասաց, որ հյուրանոցի աշխատակիցը շտապ կանչում է ներքև: Իջանք հյուրանոցի ռեստորան, մեկ էլ այդ մարդն ասաց. «Վազե´ք, թե չէ ձեր հորը (շատերին թվում էր, թե Անահիտը ևս Մհեր Մկրտչյանի դուստրն է -հեղ.) դրանք կսպանեն»:  Մտանք ռեստորան ու ի՞նչ տեսնենք` երկու ռուս կին Ֆրունզին ձեռքից ձեռք են խլում ու իրար ծեծում են: Մեկն ասում է. «Ի´մն է», մյուսն ասում է. «Չէ’, իմն է»: Ֆրունզն էլ մեկ մեկին է նայում, մեկ` մյուսին: Դուք պետք է տեսնեիք նրա շփոթահար, բայց միաժամանակ ինքնագոհ դեմքը: Դա իսկապես կարող էր ֆիլմի կադր լինել», -ծիծաղելով հիշում է Անահիտ Աղաջանյանը:

Արդյունքում աղջիկները փրկում են Մհեր Մկրտչյանին երկու կանանց ճիրաններից, բայց  դա, արի ու տես, ամենևին էլ դերասանի սրտով չէր. «Կռվի ընթացքում ընկել էր գետնին, բռնեցինք, որ հանենք` փնթփնթում էր, ասում էր. «Ինչո՞ւ ինձ հանեցիք այնտեղից, ախր ինձ համար կանայք կռիվ էին տալիս...»: Ինքն էլ բավական ծանր էր, մեծ դժվարությամբ դուրս բերեցինք ռեստորանից: Ի դեպ, Ֆրունզի կինը`Դոնարա Մկրտչյանն էլ էր այդ օրերին հյուրանոցում, ու բոլոր այդ պատմություններից տեղյակ էր», -հիշում է Անահիտը:

Գուցե հենց իրեն այդ «էպիզոդիկ ուրախությունից» կտրելու համար էր, որ Մհեր Մկրտչյանը որոշեց աղջիկների գլխին մի լավ խաղ խաղալ: Նույն այդ օրերին Անահիտն ու Նունեն հաճախ էին զբոսնում Սովետսկում, և այնպես էր ստացվել, որ այնտեղ ապրող գնչուներից մեկը սիրահարվել էր Անահիտին, հետևել էր աղջիկներին ու իմացել հյուրանոցի տեղը: Դա էլ բավական չէր, գնչուն բարոնի հետ եկել էր հյուրանոց`աղջկա  հետ ծանոթանալու: Հենց այստեղ էլ Մհեր Մկրտչյանը որոշում է իմպրովիզ անել ու ոտքի վրա խաղալ իր ամենակոմիկ դերերից մեկը:

«Ֆրունզը Դոնարային ուղարկել էր մեր հետևից, ասել էր`թող շուտ իջնեն ներքև: Իջանք, ինձ ասաց. «Սուս, ինչ ասեմ` ձայն չհանես, ոչ մի բան չխոսես»: Մեկ էլ տեսնեմ` բարոնին հարցնում է. «Сколько вы даёте?»: Ու ի՞նչ, խոսակցությունից հասկանում ենք, որ Ֆրունզը ոչ ավելի, ոչ պակաս, ինձ վաճառում է գնչուներին: Դոնարան նայեց մեր դեմքին, զգաց, որ գլխի չենք ընկնում`ինչ է կատարվում, Ֆրունզին ասաց. «Դե լավ, վերջացրու, երեխեքը լուրջ են ընդունում»: Բայց ինքը, միևնույն է, կանգ չէր առնում, մեկ էլ թե. «Բայց ես լուրջ եմ ասում, էս մարդիկ լիքը փող են տալիս...»: Մենք, իհարկե, հետո հասկացանք, որ հոգիներիս հետ է խաղում, ես ասացի, որ գնչուները վտանգավոր են, իրենց հետ չի կարելի նման կատակներ անել, մեկ էլ Ֆրունզն իրեն բնորոշ կտրուկ ձևով ասաց. «Молчи!», հետո շրջվեց բարոնի կողմը, ասաց. «Я её убю, она сказала, что любит другого»:

Ու հենց Մհեր Մկրտչյանը մի կերպ համոզում է գնչուներին, որ գնան, շրջվում է աղջիկների կողմն ու ասում. «Էս ձեզ նրա համար, որ փողոցները չընկնեք, հետևներիցդ մարդ չբերեք...»: Հետո, երբ օպերատորներն այնքան էին ծիծաղել, որ հազիվ էին ոտքի վրա կանգնում ու նույնիսկ Մհեր Մկրտչյանին կատակով ասում էին. «Իրոք, ծախեիր էլի Անահիտին, փողի մեջ կլողայինք...», արդեն պարզ էր, թե որն էր լինելու առաջիկա շաբաթների թոփ թեման: Այսպիսով` բացառաիկ միջավայրը կար, պատմությունները` կային, և, բարեբախտաբար, այդ պահերն անմահացնող լուսանկարներ էլ կան: Ներկայացնում ենք ևս մի նկար, որտեղ ֆիլմի անձնակազմն է, այս անգամ «գլխավոր դերում» փիղն է, իսկ ահա հետևի ֆոնին այն նույն հյուրանոցն է, որտեղ հանգրվանել էին մեր պատմության հերոսները:

 

Բացառիկ լուսանկարները` Անահիտ Աղաջանյանի և Լևոն Աթոյանցի արխիվից:

Աննա Բաբաջանյան

 

 

 

 

 

...