Ինքնամերժումի խիզախությունը

«ArtCollage»-ի  ընթերցողներին ենք ներկայացնում Լիտվայի մեծ պոետ Էդուարդաս Մեժելայտիսի «Իմ կրկնակի Արարատը» գրքից մի հատված՝ նվիրված  Համո Սահյանին: Գրքի կազմողն ու առաջաբանի հեղինակը գրող, գրականագետ և թարգմանիչ ֆելիքս  Բախչինյանն է, որի թարգմանությամբ էլ հայերեն ներկայացվում է Սահյանին նվիրված հոդվածը:

 

***

Ինձ համար միշտ էլ և զարմանք, և հիացմունք է առաջացրել շփումը հայ գրականության և հների, և նորերի հետ։ Դա շփում է մեծ կորուստներ ու հայտնություններ տեսած մի ժողովրդի հետ, որն ի սկզբանե լինելով մեծ քաղաքակրթությունների խաչմերուկում, բախտի և ճակատագրի դաժան բերումով, միշտ էլ թարմ է պահել կյանքի, արվեստի ու լույսի նկատմամբ իր զգացողությունը։ Եվ այդ ամենաբարձյալ ու մեծ կորուստների շնչահեղձության հասնող սթափ գիտակցումը երգի ու արվեստի նկատմամբ իր մշակներին տվել է դասեր, որոնք զգալու և հասկանալու համար հարկ է այդ ժամանակահատվածը շերտատել ըստ լայնության ու խորության կտրվածքի, որից հետո միայն կարելի է պատկերացում կազմել տվյալ դարաշրջանի, նրա արվեստագետների, ներհակությունների, խիզախումների և նաև թերությունների մասին։ Եթե ժամանակները և նրա վավերագրերը նրա համար են, որ իրենցով բացահայտեն տվյալ ժամանակի մեծ անհատներին, ապա մեծ անհատներն էլ նրա համար են, որպեսզի իրենցով բացահայտեն իրենց ապրած ժամանակները և նրա վավերագիրներին։ Ինձ համար այդպիսի ազնիվ մշակ է հայ բանաստեղծ Համո Սահյանը։

Նրա մասին առաջին անգամ լսել եմ 70-ական թվականներին, մեր ամենախիզախ բանաստեղծներից մեկից՝ Պարույր Սևակից։ Նա ինձ համար անհասկանալի երկյուղով ու հպարտությամբ էր տալիս նրա անունը՝ շեշտելով նրա զուլալ ու անսպառ ակունքների մասին։ Թվում է՝ վարպետ Սևակի և Սահյանի ստեղծագործությունների զուգորդումը կարող է ժխտել այս պնդումը, բայց ներքին խորքերի գիտական ու ազնիվ քննությունը նրանց իրենց բոլոր աղերսներով մերձեցնում է միմյանց՝ ի մի բերում ինքնամերժումի՝ արվեստի համար դժվարին մի կետի վրա։ Այստեղ սկսվում է արվեստի մեծ կյանքը կամ կյանքի մեծ արվեստը։ Ապագա տարիները ցույց տվեցին, որ իմ բարեկամ Սևակը երիցս իրավացի էր։ Հայաստանում (ըստ իս) այն թյուր կարծիքը կար, թե Համո Սահյանը սոսկ բնության բանաստեղծ է։ Սակայն բնությունը Սահյանի մոտ պոեզիայի, ցավի, ուրախության ու հրճվանքի վերածված այնպիսի միագումար է, որին պետք է ոչ թե պահանջներ ներկայացնել, այլ՝ ենթարկվել։ Այդպես հնազանդվում ես ուսերիդ իջնող ջրվեժին, հայրական հոգնած աջին, հոգսի՝ քո հասանելիք բեռին։ Նրա համար մետաֆորը, յամբը և ալեգորիան այդ բնությանը օժտում են մի պատրանքով, որ որքան անհավանական է, նույնքան հավաստի, որքան անբնական, նույնքան՝ անառարկելի։

Իհարկե, առանձին թեմա են նրա հայրենասիրական, սիրո, մանկության վերաբերող բանաստեղծությունները։ Նաև հայրենի բնության վերաբերյալ սքանչելի ու անպաճույճ բանաստեղծությունները, որոնցում դժվար է տարբերել իրականի և պատրանքի հասնող վերացականության սահմանները։ Արժեքավորը, կարևորն ու գնահատելին այն է, որ նրա նույնիսկ սոսկ բնության վերաբերյալ բանաստեղծությունների հիմքում Մարդն է՝ բնության պես մեծ, բարեհոգի ու լայնաշունչ մարդը՝ իր բոլոր կորուստներով, հայտնություններով, ցնծություններով ու հոգու մաքուր ծփանքներով։ Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում։ Իսկ էլ ավելի ճիշտ՝ մինչև այդ օրերը հասցնում մարդու զգացմունքի, կարոտի, սիրո ու ցավի երկարակեցության պարամետրերը, լայնացնում նրա կենսագրության սահմանները։ Հենց դրանով է Սահյանը ընթերցողների մեջ ավելացնում գույնի, տարածության ու անաղարտության նոր շերտեր։ Հենց դրանով է նա մեզ մասնակիցը դարձնում բոլոր ու բոլոր ժամանակների, կրճատում մարդու մարդկայնությամբ հարստանալու այն ժամկետները, ինչը արվեստի նպատակն է եղել ի սկզբանե։ Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ (և ոչ միայն հայ) պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում.

Ախր, ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր, ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր, ուրիշ տեղ հայրեններ չկան,

Ախր, ուրիշ տեղ հորովել չկա,

Ախր, ուրիշ տեղ սեփական մոխրում

Սեփական հոգին խորովել չկա։

Ախր, ուրիշ տեղ

Սեփական բախտից խռովել չկա։

...Ախր, ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

Ախր, ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,

Ախր, ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։

Սրանք առաջին հայացքից դյուրին, բայց հենց դրանով անթարգմանելի բանաստեղծական տողեր են, որոնք ծնվում են միայն մեկ անգամ՝ պարզ, ինչպես հենց ինքը բնությունը՝ իր նման իրական, հիացկոտ ու կենսական։

Իմ արցունքների հատիկները տաք

Ես թաղել էի

Գերեզմանոցի սալերի վրա։

Մազարմատներ են արձակել նրանք,

Ծլել են նրանք սև սալերի մեջ.

Եվ կանաչ-կանաչ մամուռ են դարձել

Իմ արցունքների հատիկները տաք՝

Գերեզմանոցի սալերի վրա

Եվ սալերի տակ...

Սա ռոմանտիզմի և ռեալիզմի, մահվան և անմահության հաշտեցման տխուր ու հիասքանչ մի ձոն է, որի կատարման վարպետությունն իսկ գերազանցում է իր իսկ թեմայի բերած ողբերգությունը, կյանքն իր անմերժելի վախճանով հանդերձ դարձնում ոչ այնքան զարհուրելի, որին մեզ հաշտեցրել են արվեստի սառը դպրոցները։

Մեծ բնության հետ այսպիսի մեծ երկխոսությունը մեզ ազատում է այն հարցից, թե բանաստեղծը արվեստի ինչ սկզբունքով է աշխատում (դասական, մոդեռնիստական), որ դարաշրջանում է ապրել (հին վեդաների՞, Վերածննդի՞, թե՞ սիմվոլիզմի)։ Նրա համար կարևորը նյութի հաղթահարումն է՝ ազնիվ դիմադրության այն ճանապարհը, որ մեզ հասու է դարձնում այլ լեզուներով ու դարաշրջաններում ստեղծված պոեզիայի պտուղներին։

Օրը մթնեց, ժամն է արդեն

Իրիկնահացի,

Տխրությունը կամաց-կամաց

Փոխվում է լացի։

Այնուհետև մենք սրընթաց կերպով տեղափոխվում ենք իդիլլիկ, մաքուր ու պանթեիստական մի աշխարհ, ուր քեզ զգում ես ազնիվ ու տոհմական գերդաստանում, զգում քո երազների երկնքի մեջ, բարձր՝ քեզնից, քո միֆերից ու քո քաղաքակրթությունից։ Սա փախուստ չէ այսօրվա մեզ շրջապատող կյանքից, այլ այդ շրջապատը առավել մաքուր տեսնելու ձգտում։ Սա ետդարձ է՝ առավել անսխալ և համարձակ առաջ գնալու նախաքայլ։ Այստեղ է Սահյանը ժամանակակից, նոր՝ և ձևով, և բովանդակությամբ։

Բանաստեղծի հիշողությունը մեր աչքի առաջ կարծես խախտում է չափման երեք միավորները՝ հենց դրանք մի անգամ ևս հաստատելու նպատակով, խախտում վարպետորեն, նույնիսկ մեր համաձայնությունը չհայցելով։

Մամուռներում կորան

Արահետ ու կածան,

Էլ խնկահոտ երկինք

Ու շաղոտ հող չունեմ։

...Լռած զանգ է կյանքս,

Ես՝ ավերակ վանքս,

Էլ աղոթող չունեմ։

Հիշողության բաց դարպասների միջով է նա ուղեկցում բանաստեղծական այնպիսի աշխարհներ, ինչպիսիք են «Նաիրյան դալար բարդի», «Ժամանակները խառն են ու խրթին», «Գալիս է հոտը», «Յոթ ձիավորի բալլադը» և այլ բանաստեղծություններ։ Դրանք սոսկ բանաստեղծություններ չեն. դրանք մի-մի պատմություններ են հայ ժողովրդի մասին, որոնք առանց վարպետության ռիթմի ու հանգերի էլ նույնքան գեղեցիկ կլինեն, արվեստով ու կյանքով լեցուն։ Որովհետև՝ գալիս են կյանքից ու արվեստից, հիշողությունից ու ցավից, որ իսկական արվեստի մայրն է՝ գեներ կրող այն ֆենոմենը, որ ոչինչ չի կորցնում այլ սերունդներին ու գրականություններին փոխանցվելիս։ Նույն զգուշությամբ ու քնքշանքով ես վերաբերվում նաև բանաստեղծի կորուստների, զղջման ու ցավի նկատմամբ։

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,

Սովոր եմ, կդիմանամ,

Թող կուրծքս մի քիչ ցավի,

Որ սրտիս տեղն իմանամ։

Սա Ցավն է, ուրիշի ցավը մեղմացնող ցավը, պոեզիայի այն քաղցր սուտը, առանց որի իրականությունը կդադարեր գոյության պարզագույն իրավունքից։

Դա արվեստագետի միակ անթաքույց պարգևն է իր կրած անխոս տառապանքների ու անպատասխան սիրո դիմաց։ Դա պարգևներից մեծագույնն է, քանի որ ձեռք է բերվել մեծագույն տվայտանքների գնով, ձեռքի մեջ այրվող մոմի դաժան լույսի գնով։ Պոեզիայի գնով։

Այդպիսի պոեզիա է մեզ ուսուցանում հայ քնարերգության այսօրվա վարպետը՝ Համո Սահյանը։ Նա իր բանաստեղծություններից մեկում գրում է.

Եվ ինչ է տվել ինձ բնությունը.

Հավիտյան նորոգ իր հնությունը,

... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ...

Ինքնամերժումի խիզախությունը,

Ինքնության պատիվն ու թանկությունը,

Ինքն իր մեծությամբ չպարծենալու

Երջանկությունը...

«Ինքնամերժումի այս խիզախության» մեջ է, բանաստեղծի խոսքերով ասած, «իր իսկ էության փախած բևեռներն իրար բերելու» կարողությունը, որի պոետիկ հաստատումը Հ. Սահյանի բանաստեղծական ընտրանին է, որ ոչ միայն հայ, այլև սովետական գրականության հպարտությունն է, հարստությունը։

 

Լիտվերենից թարգմանեց

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

1984 թ.